«ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱԼԵՏՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ՏԱՆՋԱՆՔ Է» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հարցազրույց ավստրալաբնակ պարուհի-պարուսույց Աննա Հարությունյանի հետ - Աննա, քո սկիզբը մեր օպերայի եւ բալետի թատրոնում շատ խոստումնալից էր: Անցել էին համեմատաբար դժվար տարիները, եւ պարարվեստի ուսումնարանի նորավարտ շրջանավարտին, 1997-ին «Ամադեուս» պարային մրցույթի բրոնզե մեդալակրին, միանգամից վստահվեց Ժիզելի դերապարը: - Այո՛, 2000 թվականին ավարտելով մեր ուսումնարանըՙ ես տասնյոթ տարեկանում աշխատանքի անցա մեր օպերայի եւ բալետի թատրոնում ու «Ժիզելում» բեմ բարձրացա մեր հիանալի արտիստների հետ. Հանսն ընկեր Հովիկն էրՙ Հովհաննես Դիվանյանը, արքայազնը Արմեն Գրիգորյանն էր, Միրտանՙ Մարիա Դիվանյանը, իսկ մի պա-դե-դեն կատարում էր Արսեն Մեհրաբյանը: Նրանց հետ հանդես գալը պատիվ ու հպարտություն էր ինձ համար, կյանքի մեծ դաս: - Այնուհետեւ քեզ հիշում եմ Հռիփսիմեի դերումՙ «Տրդատ Մեծ եւ Հռիփսիմե» բալետում: - Դա մեր վաստակաշատ բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությունն էր, որը նա մեծ դժվարությամբ իրականացրեց Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Ոչ թե իմ մասնակցության համար, այլ օբյեկտիվորեն կարող եմ ասել, որ դա մի հզոր աշխատանք էր, որ ներկայացվեց ընդամենը երեք անգամ, ինչը շատ քիչ էր կատարված հսկայական աշխատանքի, ստեղծված դեկորացիաների, հագուստների համար: Ցավոք, այն չմտավ թատրոնի երկացանկ: - Այո, ցավոք, քանի որ շատ հետաքրքրական եւ արդիական խորեոգրաֆիա էրՙ Լորիս Ճգնավորյանի եւ Մելիք Մավիսակալյանի երաժշտությամբ, Վլադիմիր Աբաջյանի ասմունքով... - Կարծում եմ, որ եթե հիմա պարելու լինեի Հռիփսիմեՙ ավելի խորը կուսումնասիրեի նրա կերպարը: Դրանից հետո մեր թատրոնում մասնակցեցի նույնպես Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրած «Հավերժություն» բալետումՙ Երկրորդ ջութակի դերով (նվիրված էր Արամ Խաչատրյանի 100-ամյակին) եւ «Դոն Կիխոտ»-ումՙ որպես Կիտրիի ընկերուհիներից մեկը: - Ինչո՞վ ես բացատրում, որ մեր բալետի տղաների մեջ շատ են վառ արտիստական անհատականությունները, իսկ դրսում հաջողության հասած աղջիկներ շատ քիչ ունենք: - Նախ եւ առաջՙ բրավո մեր տղաներին, խոնարհվում եմ նրանց առաջ, շատ հպարտ ու երջանիկ եմ, որ նրանք միշտ գալիս են Հայաստան եւ ելույթներ են ունենում: Միջազգային բալետում առհասարակ աղջիկների պահանջը մեծ չէ, պետք է այնքան եզակի ու յուրահատուկ լինես, որ կարողանաս աչքի ընկնել: Իսկ բալետում տղաների պահանջ, կարծում եմ, մի՛շտ կլինի: Մեր տղաները գուցեեւ ավելի վաղ տարիքում դուրս եկան մեծ աշխարհ, մասնակցեցին միջազգային մրցույթների, մինչդեռ աղջիկները... հաստատ չեմ կարող ասելՙ նյութակա՞նն է պատճառը, ավելի ո՞ւշ դրսում հանդես գալը... - Իսկ ազգային առանձնահատկություննե՞րը, գենետիկա՞ն: - Մեր ուսումնարանի տնօրենըՙ երջանկահիշատակ Թերեզա Հրաչեւնա Գրիգորյանը, միշտ ասում էր. «Մեր հայ մայրերը բալերինաներ չեն ծնում» (ծիծաղում է): Հպարտ եմ, որ սովորել եմ նրա տնօրենության ժամանակ, նա ուրիշ կերպ էր պահում ուսումնարանը: Նաեւ հպարտ եմ, որ եղել եմ Աննա Մարիկյանի սանը, որի պես մանկավարժ չի եղել ու չի էլ լինի: - Ի դեպ, դու սովորել ես ուսումնարանի պատմության ամենադժվարին ժամանակներում: - Այո, չկար ջեռուցում, լույս, մրսած տեղ էինք հասնում, տրենաժ էինք անում, որ տաքանայինք, բայց ոտքի մատների ծայրերը այդպես էլ սառն էին մնում: Պարային կոշիկների խնդիր ունեինք, ծանոթների միջոցով ռուսաստաններից էինք ճարում: Բայց ամեն դժվարություն էլ հաղթահարեցինք, չնայած ավարտեցինք ընդամենը հինգ աղջիկներով, որոնցից այսօր միայն երկուսն են աշխատում բալետում: Ի դեպ, մեր համակուրսեցի տղաներից ոմանք լավ կարիերա արեցին դրսում, Արսեն Մեհրաբյանը եւ Վահե Մարտիրոսյանըՙ Եվրոպայում, Լուկաշ Աբրահամյանըՙ ԱՄՆ-ում: Հպարտ եմ, որ նրանց հետ տարբեր պա-դե-դեներ եմ պարել: - Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Ավստրալիայում: - Անձնական կյանքի բերումով: Ինչպես բոլորի մոտ, ես էլ այնտեղ դժվարություններ ունեցաՙ լեզվի, միջավայրի հետ կապված, որոնք հաղթահարեցի: Երկու անգամ պարապել եմ «Ավստրալական բալետի ընկերություն» պարախմբի հետ, իսկ Սիդնեյի Երիտասարդական բալետում հանդես եմ եկել «Մարդուկ-Ջարդուկը», «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ «Ժիզել» բալետներում: - Ինչպե՞ս կբնութագրես ավստրալական բալետը: - Ավստրալիան ունի շատ ճշգրիտ պարող արտիստներ, որոնք, սակայն, չունեն հոգի: Հետո. մենապարուհիները շատ խոշոր են. այն նրբությունը, ձգվածությունը, որ բնորոշ է բալետի ռուսական դպրոցին, բացակայում է: Վերջերս կրկին դիտեցի իրենց «Ժիզելը»: Կարող եմ ասել, որ Ժիզելի խելագարության եւ մահվան տեսարանները չեն հուզում: Նրանց մոտ ստույգ ժամային, ռոբոտային աշխատանքն էՙ առանց հոգու: Ամեն ինչ ճշգրիտ է, ոչ մի շեղում, մի ոտքն այտեղ է, մյուսնՙ այնտեղ, կեցվածքները, թռիչքներն անթերի են, իսկ ո՞ւր է հոգին, ո՞ւր է էներգիան: Դրսում հայ լինելդ այլ կերպ ես գնահատում, հասկանում ես, որ դրսի սառնության դեմ դու ունես քո հայկական կրակը: - Հիմա ավելի պարո՞ւմ ես, թե՞ դասավանդում: - Ավելի դասավանդում եմ: Սիդնեյի «Դընիզ Ութց» եւ «Սենթըր սթեյջ» պարի ակադեմիաներում: Պարապմունքներից հետո աշակերտներիս միշտ պատմում եմ իմ ուսուցիչների եւ դասընկերների մասին, ցույց եմ տալիս լուսանկարները: Նրանց հետ նաեւ փոքր բեմադրություններ եմ կատարում: - Համագործակցե՞լ ես ավստրալահայ համայնքի հետ: - 2004-ին, երբ նոր էի մեկնել, Սիդնեյում գործում էին «Նաիրի» եւ «Համազգայինի» պարախմբերը: Վերջինի հետ երեք տարի աշխատել եմ որպես պարուհի եւ պարուսույց: Չէի ասի, թե ամենաճիշտ հայկական պարն էր, որ նրանք կատարում էին, բայց ինչեւէ, շատ համայնքներում դրվածքն այդպիսին է: - Կարո՞ղ է պատահիՙ մի գեղեցիկ օր վերադառնաս: - Հավատացեք, երազում եմ: Երբեմն ինքս ինձ ասում եմՙ պե՛տք է մնայիր Հայաստանում, բայց մեջս համոզմունք կա, որ դեռ գալու եմ, որպեսզի նորից ճախրեմ մեր բեմում: Երբեմն ինձ ասում ենՙ դե լավ, ի՞նչ կա մեզ մոտ: Ո՛չ: Մեր բեմից լավ բեմ աշխարհում չկա. գուցե կա ինչ-որ տեղ, «Լա սկալա», չգիտեմ ինչ, բայց չէ՛, չկա՛: Մեր բեմը, մեր կուլիսներն ուրիշ բույր ունենՙ յուրահատուկ, բալետային բույր: Բայց արի ու տես, որ մեր բալետի արտիստները ստիպված հեռանում են: Ինչի՞ պիտի ստիպված լինենք գնալ ուրիշ երկրներ. միգուցե բալերինան չպիտի նման բաներ խոսի, բայց ինչո՞ւ մեր պետությունը ռեստորանների, սրճարանների, գիշերային ակումբների մասին կարող է մտածել, իսկ արվեստը, բալետըՙ մոռացության մատնել: Ինչո՞ւ օպերային թատրոն չեն հրավիրվում արտիստներ, ինչո՞ւ չեն վերանորոգում մեր պարարվեստի ուսումնարանը... - Ես միշտ ասում եմ, որ ճիշտ քաղաքականության դեպքում մենք կարող էինք ունենալ աշխարհի լավագույն բալետային խմբերից մեկը: - Միանգամայն համաձայն եմ: Մեր բալետային կրթության դպրոցն ուժեղ է, պարարվեստի ուսումնարանը շատ ճիշտ է դասականի հիմքը դնում, մեր ուսուցիչները հիանալի են. այսօր աշխարհում փայլող բոլոր հայ արտիստների առաջին պլիեն, առաջին բատըման տանդյուն ծնվել են այստեղ, զարգացվել են դրսում, ինչպես դու սովորում ես տառերը գրել, իսկ հետագայում աշխատում ես ձեռագրիդ վրա: Մեր դպրոցը դրսում գնահատում են, իսկ ներսում... Ինչո՞ւ պիտի ես հեռավոր Ավստրալիայում օտարազգիների համար աշխատեմ, իսկ գալով իմ հայ երկիրը, որտեղ ստացել եմ այդ կրթությունը, հասկանամ, որ իմ մասնագիտությունը պետք չէ... - Իվետ Շովիրեի «Ես բալետի պարուհի եմ» գիրքն ավարտվում է այս նախադասությամբ. «Բալետի պարուհու մասնագիտությունը հրաշալի մասնագիտություն է»: Համաձա՞յն ես: - Լիովի՛ն: Մեր գործը դաժան է, բայց միաժամանակ ամենագեղեցիկն է, եթե, իհարկե, ճիշտ տեղում ես: Մեր գործից լավը չկա. թե՛ մարզվում ես, գտնվում ես թե՛ երաժշտական, թե՛ արտիստիկ աշխարհում: Մի խոսքովՙ բարձրագույն արվեստն է, որից ավելի գեղեցիկ բան գոյություն չունի: Աշխատանքը բալետում գեղեցիկ տանջանք է: |