RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016



ՆՈՐ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2016-09-08 21:44:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2582, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔԻ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու

Ֆելիքս Բախչինյան De'ja` vu

Անցած 2015 թվականը որոշիչ էր հատկապես մեզ` հայերիս համար, ինչպես որոշիչ էր նախորդ` 20-րդ դարի սկզբի 15 թիվը: Համահայկական եւ համապետական միջոցառումներով նշվեց 1915-ի` նախորդ` 20-րդ դարի որոշիչ թվականի մեկդարյա տարելիցը, հրատարակվեցին բազմաթիվ գրքեր, որ գալիս էին եւս մեկ անգամ մարդկությանը հիշեցնելու, թե ոճիրների, առավել եւս ցեղասպանություների շարունակականության հիմնապատճառներից մեկը, թերեւս ամենակարեւորը, դրանց չճանաչվածության մեջ է: Մեծ ոճիրի ճանաչելիությանն է միտված նաեւ Ֆ. Բախչինյանի De՛ja vu (Հալեպ` սիրո եւ մահվան հովիտ) գիրքը, որի նպատակը` նույնն է Ցեղասպանությանը նվիրված գրքերի մեջ, բայց տեսակի մեջ ` էապես տարբեր նրանցից:

Հայոց ցեղասպանությունը (այսօր արդեն վստահորեն կարելի է պնդել) բաժանարար գիծ է մեր հազարամյակների պատմության զարգացման համար, եւ դա` մի քանի առումներով:

Ամենից առաջ պատմական հայրենիքի կորուստն է կապարի ծանրությամբ ճնշում հայության ողնաշարն ու վերածվում դժվարին հիշողությունների անդադրում խթանիչի:

Ֆ. Բախչինյանի գիրքը ծանր հիշողությունների գիրք է:

Ապա` նոր ժամանակի փիլիսոփայության հաստատումը: Նկատի չունեմ զուտ հիշողության ճնշիչ ներկայությունը, թեեւ դրա տարրերն անպայման առկա են: Այլ այն, որ խաթարվեց անցյալ-ներկա-ապագա ժամանակային ընկալումը, այսինքն` անցյալը մնաց ներկայի մեջ ու շարունակվում է տեւել, ու մեր ներկան միշտ անցյալակիր է` դարձնելով մեզ մի տեսակ անանցյալ ժողովուրդ` կառչած մոտ ժամանակի հետ միայն, որով միշտ վտանգվում է նաեւ մեր գալիքը:

Ֆ. Բախչինյանի գիրքը մեր անցյալի բնաջնջումի, ավելի ճիշտ` անանցյալացման տարեգիրքն է: Ժանրային պատկանելության առումով եւս De՛ja vu-ն դժվար բնութագրելի գիրք է: Այն վիպակի ժանրին միտող էսսեների ժողովածու է, եւ այդ կառուցվածքի շնորհիվ էլ հեղինակին հաջողվել է ներկայացնել ներկան` միշտ իր մեջ ներառված աննահանջ անցյալով:

Ֆ. Բախչինյանը նկատում է մի ճշմարտություն, որ հասու չէ շատերին, մանավանդ` շահարկելու միտում ունեցողներին: Խոսքը անհատի եւ ազգի կեցության ընդհանրությունների եւ տարբերությունների մասին է: Հայտնի ճշմարտություն է` անձն ապրում է իր անհատական կյանքով, եւ անհատների կյանքի ընդհանրությունների հիմքով ձեւավորվում է ազգայինը: Եվ, դիմելով Բրոնի Ուերիի մի դիտարկումին, թե` «Կուզենայի քաջություն ունենալ` ապրելու մի կյանք, որը ճիշտ էր ինձ համար, եւ ոչ թե այն կյանքը, որ ակնկալվում էր ինձանից», հաստատում է իրենը` զուտ հետեղեռնյան հայինը, թե` «....ես այլեւս անզոր եղա ազատվել մի հոգեվիճակից, երբ մարդ զգում է, որ իր մեջ ապրել է եւ ապրում է մեկ այլ մարդ»: Ահա թե ինչու այս յուրահատուկ գրքում խեղված ճակատագրերի` զինագործ Թադեւոս պապի, Բեթղեհեմի, Վարդերի, հայտնի եւ անանուն մյուս զոհերի մասին պատմություններն ավելին են, քան զուտ խեղված ճակատագրերի պատմություն: Դրանք թեեւ մեր մեկուկես միլիոն նահատակների շարքում են, բայցեւ նրանցից տարբեր: Երբ խոսվում է ոճիրի մասին ընդհանուր` մեկուկես միլիոն զոհերի ընդգրկումով, կորչում է անհատի ճակատագրի ողբերգականության զգացողությունը, մնում է մի տեսակ «մեղմված» կորցրածի զգացում, մինչդեռ անհատը, նրա դրամայի ընդգրկումների շրջանակի գիտակցումը անհամեմատ ավելի խորն ու ազդեցիկ է դարձնում ոճիրը, ավելի տեսանելի դարձնում այն: Ֆ. Բախչինյանը հասել է գեղարվեստի այն մակարդակին, որ արտասովոր պարզ ու ազդեցիկ, տեսանելի է դարձրել ապրումի եւ զգացումի այն ահավոր սոսկանքը, որ ապրել է եղեռնազարկված մեր նախնիներից յուրաքանչյուրը` առանձին վերցված:

Ֆ. Բախչինյանը հրաշալի է տիրապետում խոսքի ազդեցության արվեստին, որովհետեւ ասելիքը ներկայացնում է «անարվեստ», մի տեսակ «անտարբեր» շեշտելով միայն իմաստնությունը: Միայն մի օրինակ. նրա զինագործ պապը, որի ոչ միայն ապրուստի հիմնական միջոցը, այլեւ կոչումը զենքեր պատրաստելը կամ նորոգումն էր, չի ուրախանում, որ պատերազմների ժամանակ ավելանում է զենքի պահանջը, հետեւաբար եւ` իր շահույթը: Որովհետեւ իբրեւ ստեղծող, արարող, դավանում է մարդասիրական, ճշմարիտ փիլիսոփայություն. «Պատերազմի ժամանակ մեռելներն էլ շատ են լինում, բայց բոլորն իրենց մեռելներին առանց դագաղի են թաղում»: Որքան էլ գրքում խոսվում է մարդկության պատմության համար աննախադեպ ու ահավոր մահերի, դրանց անսահմանության, ոչնչացումի մասին,այդուհանդերձ, ինչպես վայել է ճշմարիտ գրողին, Ֆ. Բախչինյանին հաջողվել է հաստատել մի կարեւոր, անհրաժեշտ ու մարդասիրական ճշմարտություն` մեր ազգային կենսասիրությունը, ապրելու եւ արարելու համառությունը եւ սերը, մեծ ու հարատեւ սերը կյանքի ու մարդու, այս «կանաչ, կարմիր աշխարհ»-ի հանդեպ: Նրա գիրքը, մեծ հաշվով, վերածվում է Կյանքի օրհնության. «Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ ձեզ, բայց ասում եմ` այս ի՞նչ եք անում աշխարհի ազնիվ հոգիների հետ, մարդիկ... Ինչպե՞ս եք կարողանում նրանց նեղացնել, վիրավորել, դավաճանել, ծաղրել, տանջել ու սպանել... Նրանք խռովում են ձեզնից, մարդիկ, ու սիրում են ձեզ... Ու կվերադառնան միայն այն ժամանակ, երբ կխաղաղվի ձեր փոթորկված հոգին, երբ դուք էլ իրար ու ազնիվ հոգիների կկարողանաք պարգեւել մի բան` պարզ ու մաքուր ներդաշնակություն... Եվ այդ ժամանակ մարդկային կյանքը կլցվի երկրային եւ երկնային օրհնություններով»:

Այս պարզ ու մաքուր ներդաշնակության պայծառ տեսիլի, բարձր ու ազդեցիկ արվեստի, արդիականության եւ դասականության համամասնության արժեքներով էլ իրավունք է վերապահվում, որ Ֆ. Բախչինյանի գիրքն արժանի է ամենաբարձր գնահատանքի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ