RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016



90-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2016-09-08 21:44:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2805, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՒԹԱԿԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Ռոզա ՔԱՐԱՄՅԱՆ

Վարպետի արվեստը միշտ էլ առաջացնում է խորհրդածություններ, որոնք այնքան ավելի խորն են, որքան ուժեղ եւ ինքնօրինակ է ձիրքը: Դրանք անտարբեր չեն թողնում, դրանք համակում են, շշմեցնում, գերում:

Անահիտ Միքայելի Ցիցիկյանը բարձրագույն կարգի, ապշեցուցիչ տեխնիկայի ու ոգեղենության ջութակահար էր, մանկավարժ, գիտնական եւ երաժշտական-հասարակական գործիչ: Ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Լենինգրադում, ճարտարագետ Միքայել Ցիցիկյանի եւ ակնաբույժ Էրսելիա Մալխասյանի ընտանիքում:

Այս տարի նշվում է նրա ծննդյան 90-ամյակը: Նա երիտասարդ հասակից աչքի էր ընկնում ակտիվությամբ, հաստատուն կենսադիրքորոշմամբ, ամեն ինչում իր համարձակությամբ, մանավանդՙ երաժշտության եւ կատարողական արվեստի մեջ, մանկուց դրսեւորում էր տաղանդավոր երեխաներին բնորոշ ընդունակություններ: Երեւույթի հիմքը կազմում են դաստիարակությունը, աշխատասիրությունը եւ որոշակի խորհրդավորությունը:

Արդեն 1940 թվականի սկզբներին աղջնակը փայլուն կատարեց Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: «Ես շատ հուզված եմ Հայաստանում իմ կոնցերտի տաղանդավոր կատարումից եւ անկեղծորեն ապշած եմ պատանի կատարող Անահիտ Ցիցիկյանի հասունությունից ու վարպետությունից: Տա Աստված, որ մեր վաստակավոր արտիստները նվագեն այնպես, ինչպես այդ աղջնակը», ասում էր Արամ Խաչատրյանը :

Ինձ թվում էՙ մարդու ամենամեծ շնորհքներից մեկը հմայքն է: Անահիտի մեջ դա զարմանալիորեն շատ էր: Անշուշտ, ճշմարիտ տաղանդը չի պահանջում բարձրագոչ խոսքեր. նրա ստեղծագործական անհատականությունը, բարձր վարպետությունը զարմացնում, գերում եւ հիացնում էին ունկնդիրներին: Սակայն արվեստագետի մեջ, տաղանդից ու հմայքից բացի, կարեւոր է անհատականությունը: Յուրաքանչյուր կատարման մեջ Անահիտի անհատականությունը ոչ միայն շողարձակում էր, այլեւ այրվում վառ բոցով: Ինչպես յուրաքանչյուր երաժշտի, նրան եւս վիճակվում էր լսել շատ խոստովանություններ:

Նա բարետես էրՙ սլացիկ, վայելչակազմ, նրբագեղ: Ձեռքերը զարմանալիորեն գեղեցիկ էին, իսկական ջութակահարուհու ձեռքեր: Նրա մեջ ներդաշնակ էր ամեն ինչ, սկսած անունից, բացսիրտ, բարեկամությանը հավատարիմ բնավորությունից: Անահիտի դեմքը ուշադիր էր եւ կենտրոնացած, մեկը այն դեմքերից, որոնց կողքով անտարբեր չես անցնի, իսկ ավելի ուշադիր նայելիս հմայվում ես նրա ծածուկ համեստությամբ: Իսկական հրաշք էին թվում խիտ թարթիչների տակից երեւացող արտասովոր մուգ, խոշոր, թավշային, ճաճանչափայլ աչքերը, որպիսիք հազվադեպ կտեսնես, եւ թավ ու փայլուն մազերի դեզը: Նրա աչքերում այնքա՜ն շատ բան էր արտացոլվում: Դրանցում փայլում էին սերը, խելքը, քնքշանքը, իսկ տարիքի հետ դրանք լցվում էին իմաստնությամբ եւ թախծով:

Ջութակին երգեցնելու եւ լացացնելու կարողությունը կազմում էր Անահիտ Ցիցիկյանի վարպետության էությունը. չէ՞ որ ջութակը նրա իսկական կոչումն էր: Ջութակը առհավետ մտել էր նրա կյանքի մեջ, դարձել գլխավոր իմաստ, եւ մինչեւ իր օրերի վերջը նա ապրում էր հանուն իր արվեստի: Ունկնդիրները խորասուզվում էին նրա երաժշտության կախարդական աշխարհի մեջ:

Պատկերացրեք լույսերով ողողված հանդիսասրահ: Եվ ահա նա բեմի վրա է, մարդկային գլուխների ծովի վերեւում: Սեւ գանգուրները ընկնում են ուսերին, աչքերը վեհությամբ նայում են առաջ: Լռություն է: Առաջին ակորդներ: Մարդու սիրտը ինչ-որ քաղցր սպասման մեջ նվաղում է, երբ հնչյունները քնքշորեն ներխուժում են այնտեղ: Այլեւս չկան պայծառ դահլիճ, շրջակա մարդիկ. մնում են միայն հնչյունները... Մերթ ներշնչված, մերթ կրքոտ, մերթ հրավառ:

Նրա հաջողությունը մեծ ձիրքի միջազգային ճանաչումն է: Ջութակահարուհու մանկավարժներն էին Գրիգորի Գինզբուրգը, Լեւ Ցեյտլինը, Կոնստանտին Մոստրասը, Կարպ Դոմբաեւը: Նրանք ձեւավորեցին աղջկա կատարողական ոճը, որտեղ ռուսական դպրոցի նրբությունն ու քնարականությունը միահյուսվել են արեւելյան վառ գունագեղությանը: Նրա արտիստական գործունեության մեջ մեծ դեր խաղացին դիրիժորներն ու կոնցերտմայստերները: Նա բազմիցս նվագել է Կոնստանտին Սարաջեւի, Օհան Դուրյանի, Ռաֆայել Մանգասարյանի, Միքայել Մալունցյանի, Վահան Այվազյանի, Ալգիս Ժյուրայտիսի, Իգոր Բլաժկովի, Դավիթ Խանջյանի, Մաքսիմ Շոստակովիչի եւ շատ ուրիշների հետ:

Նրա մասին ահա թե ինչ է գրում դիրիժոր Մաքսիմ Շոստակովիչը . «Ես կուզենայի մեծ գոհունակության զգացում արտահայտել հիանալի ջութակահարուհու հետ ստեղծագործական շփման առնչությամբ: Նրա հետ նվագելը շատ հաճելի է: Գործիքի հրաշալի հնչողություն, ֆրազի կառուցվածքի նրբություն եւ նվագի թափ, կատարման մասշտաբայնությունՙ այս բոլոր որակները մատչելի են մեծ տաղանդով օժտված կատարողին»:

«Ի՞նչ կարող է կիսել իսկական ստեղծագործողը, եթե ոչ ամենանվիրականըՙ սեփական աշխատանքի պտուղները», գրել է Ա.Մ. Ցիցիկյանը: Իրոք, արարման ունակությունը բարձրագույն շնորհ է, որով բնությունն օժտում է մարդուն, բայց միայն աշխատանքը հոգու, ժամանակի, ամբողջ կյանքի ներդրվածությամբ կարող է հասցնել հաջողության: Նման հաջողության հասցրեց ջութակահարուհու երկարամյա եւ արգասավոր ուղին: Առանց երաժշտության նա պարզապես կյանք չուներ: Նա կարողանում էր ոչ միայն ինքնամոռաց աշխատել, այլեւ անկեղծորեն սիրել, բացահայտել նվիրականը, դասականի մեջ գտնել արդիականը, կարողանում էր ընկերություն անել, եւ դա նրան հաջողվում էր առանց հատուկ ջանքերի: Օգնում էին բնավորությունը, բնատուր կրթվածությունը եւ այն, ինչն անվանում են դյուրահաղորդություն, հմայքի անվիճելի մագնիսականություն, լոկ ընտրյալներին տրված ձգողականության ինչ-որ հազվագյուտ ձիրք: Նա զրուցակիցներին շարունակ զարմացնում էր բարեկամների, գործընկերների հետ մշտական ստեղծագործական շփումներով անցնող իր կյանքի հետաքրքրական պատմություններով:

Երեւանում դեռ շատ են այն մարդիկ, ովքեր հիշում են, թե իրենք ինչպիսի վայելք էին ապրում նրա կատարումը ունկնդրելիս: Նա ոչ թե զարմացնում, այլ հուզում էր բոլոր ունկնդիրներին. ոչ ոք անտարբեր չէր մնում նրա նվագի հանդեպ: Անահիտ Ցիցիկյանի ստեղծագործության մասին շատ են գրել, ընդգծելով ամեն տեսակ գործունեությունից գեղեցկություն կորզելու նրա մեծ հմտությունը: «Ինձ քանիցս վիճակվել է Ա. Ցիցիկյանի նվագը ունկնդրել Երեւանում, Մոսկվայում: Բայց այստեղՙ Կահիրեում, Անահիտը միանգամայն վերափոխվել է: Նրա ջութակն ասես շնչում էր, թրթռում, հեծկլտում եւ ծիծաղում: Կնտնտոցը լարերի վրայով սահում էր մերթ ցասումով ու տագնապով, մերթ էլ թախծով ու քնքշանքով...», գրել է Սիլվա Կապուտիկյանը :

Լինելով հազվագյուտ քնքուշ, բարի էակ, որը չէր կարողանում զգացմունքները թաքցնել բեմի վրա եւ կյանքում, նա իր գեները փոխանցել է դուստրերինՙ իր բնավորությունը, ստեղծագործական եռանդի լիցքը, ոգեղենությունը, արվեստի եւ կյանքի սերը: Նա սերունդներին թողեց իր հոգու, մտքի, զգացմունքի պոռթկումները:

Անահիտ Ցիցիկյանի մասին գրելը դժվար է եւ հեշտ, քանի որ նա բազմակողմանի երաժիշտ է, ում գործունեության մեջ միավորվել են ջութակահարուհին, մանկավարժը եւ գիտնականը: Միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին շրջել է աշխարհի կեսը: Նրա նվագացանկը ծավալուն էր. դասական եվրոպական, խորհրդային եւ մանավանդ հայկական երաժշտություն: Նա մշտապես ջանում էր ուշադրությունը բեւեռել եվրոպացի վարպետների այն ստեղծագործությունների վրա, որոնք չէին հնչում Հայաստանում, իր համար գլխավոր գործ էր համարում նաեւ ազգային երաժշտության տարածումը: Հայկական մեղեդիներով նա գերում էր աշխարհը: Իր հայրենասիրությունը ենթակա չէր քաղաքական տրամադրություններին, եւ արտերկրում նա մշտապես հանդիպում էր հայրենակիցների հետ: «Ես միշտ երազել եմ աշխարհին պատմել հայերի երաժշտության, իսկ հայերինՙ աշխարհի երաժշտության մասին», գրել է Ա.Մ. Ցիցիկյանը: Հայկական երաժշտության տարածումը նրա ամբողջ կյանքի գործը դարձավ: «Մոցարտ եւ Բեթհովեն նվագում են բոլորը: Իսկ ո՞վ պետք է նվագի հայկական երաժշտություն, եթե ոչ մենք», ասում էր նա: Իր ջութակի լարերից ծորում էր աշխարհի պես հին հայոց վիշտըՙ հյուսված ազգային մեղեդիների թախծոտ գույներով: Այդ ժամանակ ամենքին հաղթում էր երգելու ցանկությունը: Իզուր չեն ասում, որ «մշակույթն ու կրոնը միշտ փրկել են ազգը»:

Իր համերգային ելույթների ժամանակ նա պատմում էր երաժշտության, կոմպոզիտորների եւ կատարողների, մշակույթի պատմության, արտերկրում հայկական մշակույթի մասին: Անահիտ Ցիցիկյանը նվագում էր եւ խոսում դպրոցներում, թանգարաններում, դեսպանատներում, հանրապետության հյուրերի, երեխաների եւ մեծահասակների համար: Հայաստանում առաջին անգամ նա կիրառեց համերգ-դասախոսություն ժանրը, երբ երեկոյի ընթացքում ինքը հանդես էր գալիս կատարողի եւ միաժամանակ պատմողի դերում: Նա նշանակալի ավանդ ներդրեց արդի երաժշտական արվեստում, իսկ իր վառ անհատականությամբ եւ ստեղծագործական գործունեությամբ արժանավոր տեղ զբաղեցրեց Հայաստանի մշակութային կյանքում:

Իր գրչին պատկանող «Հայկական աղեղնային արվեստը» գիրքը նվիրված է հայկական աղեղնային արվեստի ծագմանն ու ձեւավորմանը, մասնավորապես հին գործիքների հարցերին եւ կատարողական արվեստի պատմությանը: Գրքի այժմեականությունը պայմանավորված է նրանով, որ լուսաբանում է հայկական երաժշտական մշակույթի առայժմ չլուսաբանված ոլորտը: Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Կ.Գ.Մոստրասը գրել է. «Ա.Մ. Ցիցիկյանի գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում արդի երաժշտագետի համար եւ մանավանդ արժեքավոր է նրանով, որ հաստատում է Հայաստանի հին ու բարձր երաժշտական մշակույթի գոյությունը»:

Հեղինակը գրքում հետազոտել է կնոջ հաղորդակցումը երաժշտարվեստին: Նա գրում է. «Երաժշտության մեջ կնոջ դերը գալիս է դարերի խորքից: Դեռ հեթանոսության հեռավոր ժամանակներում երաժիշտների մեջ կային նաեւ կանայք, ինչը վկայում են պատմաբանները եւ նյութական մշակույթի հուշարձանները: Նրանց պատկերները քանիցս հանդիպում են հայ միջնադարյան մշակույթի հուշարձաններում: Պահպանված տեղեկությունների համաձայն, նրանք եղել են հրաշալի երաժիշտ-կատարողներ ու երգչուհիներ, իրենք հորինել են երաժշտություն եւ ներշնչանքով կատարել են այն: Հին Հայաստանում կին գուսաններին անվանում էին վարձակ: Մովսես Խորենացին հիշատակում է առավել հայտնիներից մեկինՙ վարձակ Նազենիկին»:

Նա հետազոտել է 19-րդ դարի հայ ջութակահարների ստեղծագործությունը, հոդվածներ գրել Գրիգոր Սինանյանի, Միհրան Տարենդելյանի, Դավիթ Դավթյանի, Տիրան Ալեքսանյանի, Հայկ Քյութենյանի, Հովհաննես Նալբանդյանի, Բարսեղ Կանաչյանի եւ շատ ուրիշների մասին: Վերջինիս հետ ծանոթությունը տեղի է ունեցել Բաղդադում, ուր Անահիտ Ցիցիկյանը մեկնել էր հյուրախաղերի: Քչերը գիտեն, որ այսօր Հայաստանում նրա անունը հայտնի է Ա. Ցիցիկյանի շնորհիվ: Նրանց հանդիպումը հուզիչ էր եւ անմոռաց մնաց երկուսի հիշողության մեջ:

Անահիտ Ցիցիկյանի կերպարը ամբողջական չի լինի, եթե չասենք, որ բեմի վրայի հպարտ ու վեհաշուք երաժիշտը, իսկական թագուհին նաեւ սիրող, նվիրված, քնքուշ դուստր էր, կին, մայր, տատիկ եւ մեծ հայրենասեր: Հայաստանից հեռու ծնված լինելով, նա թանկ էր գնահատում իր պատմական հայրենիքը եւ անմնացորդ սիրում էր այն: Արտերկրում նա ասես իր երկրի «երաժշտական դեսպանը» լիներ, փառաբանում էր հայրենիքը «խոսքով, գրչով եւ կնտնտոցով»:

Անահիտ Ցիցիկյանը Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի էր: Որպես երաժշտական-հասարակական գործիչ, նա Հայկական ԽՍՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի գործերի կոմիտեի, արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության, Հայաստանի ժուռնալիստների միության, ԽՍՀՄ կանանց միության, Հայաստանի թատերական ընկերության, ԽՍՀՄ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, ԽՍՀՄ ԳԱ «Համաշխարհային մշակույթի պատմություն» համալիր խնդրի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի երաժշտական հնագիտության հետազոտական խմբի անդամ էր:

Ա.Մ. Ցիցիկյանի մասին պատմող հոդվածն ավարտելովՙ ուզում եմ նշել, որ նա անչափ պատասխանատու եւ պատվավոր տեղ է զբաղեցրել համաշխարհային երաժշտարվեստում, եւ որ իր հաջողությունը նաեւ ոգու, տաղանդի, կամքի ու վարպետության հաղթանակն է: Նրա նվագի հմայքը արվեստագետի ներաշխարհի, «նրա անկեղծության եւ խառնվածքի հարստության» արտացոլանքն էր: Ահա այսպիսին է Անահիտ Միքայելի Ցիցիկյանըՙ ջութակահարուհին, իր ստեղծագործությամբ հարազատ Հայաստանին փառքի արժանացրած ճշմարիտ հայուհին, ով սքանչելի է տաղանդի, գեղեցկության, իմաստնության ներդաշնակությամբ:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ