ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՍԱՐՈՒԽԱՆԻ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Օրերս Կահիրեի Զամալեք մեծահարուստների թաղամասի «Էլ-Մասսար» պատկերասրահում բացվել է Եգիպտոսում քաղաքական երգիծանկարչության առաջամարտիկ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: «Քաղաքական կատակերգություն» ընդհանուր խորագրի ներքո ներկայացվել են մինչ օրս չցուցադրված սեւ ու սպիտակ եւ գունավոր եզակի տեսարաններ Եգիպտոսի 1950-70-ական թվականների քաղաքական կյանքից: Եգիպտոսը նրան է պարտական «էլ-Մասրի էֆենտի» (Եգիպտացին) եւ «էլ-Արաբ էֆենդի» (Արաբը) աշխատասեր եւ անզիջող հայրենասերների օրինակելի տիպարները: Ալեքսանդր Սարուխանը ծնվել է 1898-ի հոկտեմբերի 1-ին պատմական Հայաստանի Արտանուշ ավանում: Երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Բաթումի: Այնուհետեւ Պոլիս անցնելով ուսումը շարունակել է Բանկալթիի վիեննական Մխիթարյան հայրերի լիցեում: 1922-ին, Քեմալական շարժման ծավալումի պատճառով մեկնել է Անվերս (Բելգիա), որտեղից երկու տարի անց 1924-ին վերջնականապես հաստատվել Եգիպտոսում: Այնտեղ գծագրության այցելու ուսուցչի պաշտոններ է ստանձնել տեղի Գալուստյան ազգային վարժարանում եւ Բերբերյան քոլեջում: Ապա 1927-ից սկսել է աշխատակցել «Ռոզ էլ-Յուսուֆ», «Ախբար էլ-յոմ» եւ «Ախեր սաա» արաբական պարբերականներին: Օժտված լինելով բնատուր տաղանդով, նուրբ դիտողականությամբ ու խորապես յուրացնելով հյուրընկալ երկրի բարքերը, Սարուխանը շատ շուտով արժանացել է տեղացի ժողովրդի բարձր գնահատականին: Երգիծանկարչությանն առընթեր նա եղել է տեղի հայ համայնքի հասարակական ակտիվ գործիչ, փնտրված հրապարակագիր ու բանախոս, գրքերի անգերազանցելի նկարազարդող (Ե. Օտյանի «Ընկեր Փանջունին» եւ Հ. Պարոնյանի «Մեծապատիւ մուրացկանները»), նաեւ մի քանի գրքերի հեղինակ («Այս պատերազմը», «Տե՛ս խօսքերդ», «Մենքՙ մեր ակնոցով») եւ թատերագիր («Մենք հայերէն չենք գիտեր», «Ուրբաթ կը հասնիմՙ թաղումս պատրաստեցէք»): Ալեքսանդր Սարուխանը վախճանվել է 1977-ին: Նրա հատկապես քաղաքական երգիծանկարները այսօր էլ այժմեական են եւ գնահատված ոչ միայն հայ, այլեւ արաբ եւ օտարազգի լրագրողական հասարակության կողմից: Ի նշան հարգանքի նրա անունով փողոց է բացվել Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում: |