RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016



ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-10-13 21:08:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2874, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԴԻՊՈՒՄ SAINT RAPHAEL-ՈՒՄ «ՊՃԵՂ ՄԸ ԱՆՈՒՇ ՍԻՐՏ»-ԻՆ ՀԵՏ

Գոհար ԱՃԷՄԵԱՆ

Մեր ծերանոցը կը նմանի zoo-ի, քան թէ Lourdes-ի (*), ինչպէս դուն կը կարծես: Անցորդ հայերու թիւը կարեւոր է, մասնաւորաբար ամառային tourisme-ի եղանակին, բայց ես կը մերժեմ այդ zoo-ին տարաշխարհիկ կենդանին ըլլալ:

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

Շատ տարիներ են ետեւումՙ 1972 թուականի նոյեմբեր ամիսն է, վերջապէս հիւանդ-տառապած Շահան Շահնուրը հանգրուանել է Միջերկրականի ափինՙ Բարեգործականի հանգստարանում, Սէն-Ռաֆայէլ կոչուող հայկական ծերանոցում:

Սակայն Շահնուրի վերը եղած խօսքերը չխանգարեցին, որպէսզի ֆրանսացի կինոռեժիսոր Նադին Ռոբիի, իր մայրիկի եւ դստերսՙ Մարինէի հետ ուղեւորուենք Սէն Ռաֆայէլՙ հանդիպելու մեծանուն գրողին:

Երեւի աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ծովի ալիք այդպէս մեղմիւ ու երգեցիկ չի զարնւում իր ափերին, այնպէս չի հառաչում, ինչպէս այստեղՙ Ֆրանսիայի հարաւում գտնուող Սէն-Ռաֆայէլում գտնուող «Home arme՛nien» ծերանոցի պատերի տակ: Ալիքներն այստեղ հեռացումի երգեր են յօրինում կեանքի վերջալոյսին ապաւինած ծերունիների համար: Այստեղ ծովը չի փոթորկում... աւելի ճիշտՙ է՛լ չի փոթորկում: Փոթորիկներն անցել են: Հիմա ալիքներն են գալիս վրայ-վրայ ու ծովի հեռուներից երգեր են բերում:

Ծովափին արմաւենիներ կան, որոնց կանաչ, փարթամ մարմինները դաջուել են մուգ կապոյտ երկնքի ֆոնին: Կանաչ-կանաչ է ամենուր, որը անզուսպ դուրս է ժայթքել հողի ընդերքից եւ ուրախութեամբ լցրել Սէն-Ռաֆայէլը: Ու այդ կանաչ շատրուանների մէջ գեղեցիկ ու յարմարաւէտ մի տուն կայ, որը կոչւում է Home arme՛nien:

- Ծերանոցը բա՞նտ է, պապա՛,- հարցնում է Ջոնինՙ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսը: Ու հիմա այդ մի հատիկ նախադասութիւնը, որտեղից-որտեղ, եկել մեխուել է ուղեղիս մէջ ու անվերջ հնչում է դերասանուհի Վարդուհի Վարդերեսեանի աստուածային ելեւէջներով:

- Ծերանոցը բա՞նտ է, պապա՛:

- Ծերանոցը բանտ է...

- Ծերանոցը...

Ինչո՞ւ է ինձ այսպէս տանջում այդ մի հատիկ նախադասութիւնը: Ի՞նչ է ուզում նա ինձանից, ու ես ոչ թէ Ջոնիի, այլ ինձ հանգստացնելու համար ճչում եմ.

- Ո՛չ, ծերանոցը բանտ չէ՛... բանտ չէ... համբերի՛ր...

Սէն-Ռաֆայէլը Փարիզից հեռու է ութ հարիւր քսան կիլոմետրով: Մենք գնում ենք Սէն-Ռաֆայէլ. այնտեղ է ապրում Շահան Շահնուրը... Սա իր վերջին հանգրուանն է...

Փարիզը չես կարող սպառել, եթէ զբօսաշրջիկ ես, նա անսկիզբ է ու անվերջ:

Բայց Փարիզը ծանօթ է մեզ նաեւ վաղուց, շատ վաղուց: Բալզաքն ու Հիւգօն, յետոյ Անդրէ Մորուան մեր դէմ բացել են Փարիզի շատ ու շատ բակերի դարպասներ, տների դռներ, նկարագրել այն փողոցները, որոնք իրար են կապում Փարիզի անցուդարձը, պատմել շքեղակուռ պալատների ու դղեակների ստեղծման մասին, ու մենք Փարիզը չտեսած մեր երեւակայութեան մէջ ստեղծել ենք նրա խորհրդաւոր ու վեհ, անամօթ ու ցոփ, թշուառ ու ըմբոստ կերպարանքը:

Բայց ո՛չ, այդպէս չէ, դա միայն երեւակայութեան մէջ է: Փարիզը այն չէ, ինչ ծնուել է մեր երեւակայութեան արգանդի մէջ ու կերպարանափոխուելով ապրել է իր ուրոյն կեանքով, որը ոչ մի կապ չունի հազար ինն հարիւր եօթանասուն երկու թուականի նոյեմբեր ամսուայ իմ տեսած Փարիզի հետ, որի փողոցներում շրջում եմ եմ ու ջանում գտնել իմ երեւակայած Փարիզից գէթ մի փշրանք: Չկայ: Փարիզը պէտք է տեսնել, որպէսզի յետոյ կարողանաս նկարագրել... բայց ինչպէ՞ս. ինչպէ՞ս նկարագրել, ինչպէ՞ս բացատրել այն լոյս ու ստուերները, որ խաղում են տաճարների քանդակազարդ պատերի ու քիւերի վրայ: Ինչպէ՞ս նկարարգրել այն փարիզուհիներին, որ ժպտուն ու մտախոհ անցնում են քո կողքով ու քեզ չեն նկատում: Ի՞նչ ասել աշխարհի չարն ու բարին տեսած այն ծերունիների մասին, որոնք նստած են Սենայի ափերն ի վար ու վեր, ու թւում է թէ հեռացող գետի հետ իրենց կեանքի հաշիւներն են մաքրում...

Փարիզից Սէն-Ռաֆայէլ ութ հարիւր քսան կիլոմետր է, եւ ես խնդրել եմ, որ Նադին ինձ տանի Սէն-Ռաֆայէլ, որտեղ գտնւում է Հայկական բարեգործական ընդհանուր միութեան հայկական ծերանոցը:

Սպորտային «Սիթրոյէն» մակնիշի աւտոմեքենան, որի ղեկը Նադին Ռոբիի ձեռին է, կուլ տուեց ճանապարհի վերջին մետրերը ու անաղմուկ կանգնեց ծերանոցի բակում: Նորից ուղեղիս մէջ արձագանքով հնչեց Վարդուհի Վարդերեսեանի ձայնը.

- Ծերանոցը բանտ է, պապա՛:

Ես ակամայից նայեցի ծերանոցի պատուհաններին երկաթէ ճաղեր ու զինուած պահապաններ տեսնելու վախով:

Բայց ոչ: Սէն-Ռաֆայէլում գտնուող այս ծերանոցը բարեկարգ ու գեղեցիկ եռայարկ մի շինութիւն է պարուրուած կանաչութեան եւ փարթամօրէն աճած ծառերի ու թփերի մէջ:

Հազար ինն հարիւր յօթանասուն երկու թուականի նոյեմբեր ամիսն է: Արեւոտ ու պայծառ օր է: Ծովից աղահոտ զեփիւռ է թափւում ծառերի ու մեր դէմքերի վրայ: Ես, աղջիկսՙ Մարինէն ու ֆրանսիացի մեր բարեկամները կանգնած ենք ծերանոցի բակում, ուր ամէն ինչ բարեկարգ է ու մաքուր: Դեռ չէի հասցրել շուրջս զննել, երբ մեզ իրենց օղակի մէջ առան... Ես հիմա չեմ ուզում գրել «ծերունիները», չեմ ուզում օգտագործել այդ բառը, որովհետեւ նրանք ծերունիներ լինելուց բացի ուրիշ մի էութիւն էին, ուրիշ մի բան, որ մինչեւ հիմա ոչ ոք դեռ համապատասխան չի գտել... Երբ փակում եմ աչքերս, կոպերիս տակ յայտնւում են նրանց դէմքերը, աչքերը, ձեռքերը, շրթուքները... Ոչ, ես հրաժարւում եմ նրանց ծերունիներ կոչելուց, նրանք նման չեն այն պապիկներին ու տատիկներին, որոնց ես տեսել եմ Երեւանի զբօսայգիներում ու փողոցներում, նրանք նման չեն աշխարհի ոչ մի ազգի ծերունիների... Նրանք ոչ թէ ծերացել են, այլ հիւանդացել են մի հիւանդութեամբ, որը կարօտ է կոչւում կամ գուցէ կարօտախտ: Նրանց տարիների կարօտը չի ծերացրել, այլ իրենց հեռաւոր, իրենց չքնաղ հայրենիքի կարօտը... Օ, նրանց աչքերը, ներսում թաքնուած տառապանքների պատուհաններ էին, որտեղից երեւում էր բզկտուած հոգիները:

- Ո՞ւմ կ ուզէք:

- Ո՞վ էք: Ուրկէ՞ էք:

- Ազգականնե՞ր կը փնտռէք:

Ամէն կողմից հարցնում են նրանք իմանալու համար արդեօք ո՞ւմ ենք եկել այցելութեան եւ ո՞ւմ պիտի գտնենք այստեղ...

Յոյս, յոյս, յոյս... Յոյսի կանթեղներ են մարմրում նրանց աչքերի մէջ, նրանք ամէն օր սպասում են ինչ-որ մէկին, մօտիկ եւ հեռաւոր մի ազգականի կամ մի հարազատի, որին կորցրել էին ինչ-որ ժամանակ ու հիմա սպասում են... ու հիմա մարում են նրանց յոյսի կանթեղները...

Չէ, յոյսը չի մեռնում: Երբեք: Ոչ մի օր յոյսը չի լքում մարդուն: Անպայման ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով կը յայտնուի եղբայրը, քոյրը, հօրեղբայրը, մօրաքրոջ տղան կամ թոռը... ինչ որ մէկը կը գայ ու իրեն կը տանի այդ տնից, որը թէեւ ապահով է ու յարմարաւէտ, բայց... ծերանոց է: Ութսունին մօտ մի ծերունի, հայերէնով, որը աւելի շատ հին երգի նման է, քան պարզ, խօսակցական հայերէնի, ասաց.

- Չմշկածագից եմ, ազգականներս կը փնտռեմ, ահա քանի տարի է ի վեր անոնց կը սպասեմ... բայց ինծի օգնող չկայ: Ես անոնց տեղը գիտեմ... Չէ, ա՛լ չեմ ուզեր հոս կենալ... երթալ, երթալ կ՚ուզեմ: Է, ո՞վ ինձի կը լսէ... Յետոյ հին երգի նման հայոց լեզուն կախուեց օդում, բառերը սկսեցին պղնձաձայն ղօղանջել:

- Չմշկածագցի եմ, ազգականներս կը փնտռեմ... արդեօք կորա՞ն. Բոլորը կորան... ինչո՞ւ կորան, ո՞ւր կորան...

Շրթունքները դողում են, աչքերը այրուած վանքի խորաններՙ ծխասեւ, հանգած մոմերով:

- Հայրի՛կ, հո՞ս կ ապրի գրագէտ Շահան Շահնուրը,- հարցնում եմ ես:

Ծերունին երկար նայում է ինձ: «Հայրիկ» բառը նրան յուզել է: Ո՞վ գիտէ, գուցէ ոչ ոք նրան երբեք «հայրիկ» չի ասել:

- Զի՞նք կ ուզէք տեսնել: Ես կրնամ առաջնորդել:

- Եթէ նեղութիւն չէ:

- Սիրով կ առաջանորդեմ:

Ես խնդրեցի բարեկամներիս ու Մարինէին սպասել ինձ, իսկ ինքս հետեւեցի չմշկածագցի հայրիկին, որը չնայած իր առաջացած տարիքինՙ աշխոյժ ելնում էր սանդուղքներն ի վեր: Նա կանգ առաւ երկրորդ յարկի սենեակներից մէկի առջեւ ու թակեց դուռը:

- Ո՞վ է,- լսուեց դռների ետեւից:

Ծերունին համարձակօրէն բացեց դուռը:

- Ո՞վ է,- կրկին լսուեց նոյն ձայնը:

- Հիւր ունիք,- պատասխանեց ծերունին եւ նոյն փութկոտութեամբ էլ հեռացաւՙ ինձ մենակ թողնելով Շահան Շահնուրի սենեակի բաց դռների շէմին:

-Ո՞վ էք,- նորից լսուեց տղամարդու նոյն խրոխտ ձայնը:

Շփոթուեցի: Ի՞նչ ասել: Ի՞նչ պատասխանել: Բոլոր բառերը դուրս են թռել գլխիցս, ու թւում է կորցրել եմ խօսելու ընդունակութիւնս:

Իրօք, ո՞վ եմ ես եւ ի՞նչ եմ ուզում Շահան Շահնուրից, այն մարդուց, որը բազմաթիւ գրքերի հեղինակ է, որի կեանքը մաքառումներով լեցուն, տառապանքները յաղթելու հերոսական մի պայքար է յանուն այն հոյակերտ ստեղծագործութիւնների, որոնց ամէն տողի մէջ տրոփում է նրա ըմբոստ ոգին ու բորբոքուն սիրտը... Ու ահա հիմա շուարած կանգնել եմ դռների մէջ ու չեմ իմանում ի՞նչ ասել. մանաւանդ լսել եմ, որ կարող է չընդունել հիւրին, եթէ չի ցանկանում:

- Ո՞վ էք,- նորից լսուեց նրա ձայնը:

Այս վերջին հարցը սթափեցրեց ինձ ու ես քիչ հումորիկ մի երանգով ասացի.

- Հայ մըՙ Հայաստանէն...- բայց դեռեւս դռան մէջ եմ ու սպասում եմ այն յոյսով, որ դռները չեն փակուելու իմ առջեւ:

- Ներս եկէք, խնդրեմ,- հնչեց նոյն ձայնը:

Ներս մտայ: Նկատեցի, որ սուրճը թանձր չէ, եւ նա խմում էր այնպէս, ինչպէս թէյն են խմում, թէյի բաժակով: Սենեակի միակ պատուհանը այնքան էլ մեծ չէր, այդ իսկ պատճառով սենեակը լուսաւոր չէր: Մահճակալի ուղղութեամբ կանգնած էր զգեստապահարանըՙ ձուաձեւ հայելիով, որում գտնւում էին նաեւ նրա գրքերը: Գրքերի մեծ մասը տեղաւորուած էր միջանցքի լայնքով գտնուող պահարանում: Միւս պատի տակ, որտեղ ես նստեցի, ճաշի սեղանն էր, հաւանաբար եւ աշխատասեղանը:

Խոշոր ակնոցի տակից ինձ էին նայում շատ խոժոռ աչքեր այնպիսի արտայայտութեամբ, որը հասկանալն այնքան էլ դժուար չէր. ո՞վ է այս տիկինը, ինչո՞ւ է եկել, ի՞նչ է ուզում: Անթիւ հարցականներով լեցուն հայեացքը կախուել էր վրաս:

- Ես հայ եմ,- թոթովեցի ես յուզմունքս չափաւորելով:

Շահան Շահնուրը դանդաղօրէն մահճակալից վեր ելաւ, կանգնեց իմ դիմաց: Ես տեսայ միջահասակ, լայն թիկունքով, արտայայտիչ դիմագծերով, առնական կեցուածքով Շահան Շահնուրին, որի մասին կարդացել էի, լսել ու երեւակայութեանս մէջ ստեղծել նրա կերպարը: Շահան Շահնուրը շատ նման էր ինքն իրեն:

- Ի՞նչ կ ուզէք,- հարցրեց նաՙ աչքերիս մէջ նայելով:

- Ես հայ եմՙ Հայաստանից,- պատասխանեցի ես,- այժմ հիւր եմ Փարիզում, եկայ հոս, որպէսզի հանդիպեմ Ձեզ:

- Նստեցէ՛ք, խնդրե՛մ,- սեղանի մօտ աթոռ առաջարկելով ասաց նա:

Նստեցի: Մի պահ լռութիւն տիրեց: Շահնուրը նայում էր ինձ:

- Շուտով Երեւանի հեռուստատեսութեան ստուդիան բեմադրելու է ձեր «Պճեղ մը անուշ սիրտ»-ը, հաւանաբար դուք այդ մասին արդէն լսած կը լինէք Հայաստանի ռադիոյից: Ահա թէ՛ այդ, եւ թէ՛ Նոր տարուայ առիթով ուզում եմ ձայնագրել ձեզ: Արդեօք թոյլ կը տա՞ք: Գիտեմ, փոքր-ինչ տկար էք, դրա համար չուզեցի վեր բարձրացնել ձայնագրիչը մինչեւ ձեր համաձայնութիւնը չստանամ:

- Իմ խօ՞սքս կ ուզէք ձայնագրել... Ո՛չ, չեմ ուզեր,- կտրականապէս մերժեց նա այնպիսի տոնով, որ համոզելը, կամ խնդրելը անիմաստ կը լինէր:

- Բակում են իմ դուստրը եւ ֆրանսիացի ռեժիսոր եւ օպերատոր Նադին Ռոբին, որը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին:

- Այո՛, տեսած եմ, անցեալ տարի, Փարիզ. եւ շատ ալ հաւնեցայ, բայց չեմ ուզեր, որ ինքը հոս գայ...- նա մի պահ դադար տուեց, յետոյ քննախոյզ հայեացքը յառեց վրաս եւ ներողութիւն հայցող երանգով ասաց.- ես քիչ մը խենթ եմ եւ երբեմն ծայրայեղ:

Համոզելու վերջին հնարաւորութիւնն օգտագործելով ասացի.

- Փարիզում ես եղայ պրոֆէսօր Սիրարփի Տէր-Ներսէսեանի մօտ, նոյնպէս ձայնագրեցի, առանց նեղութիւն պատճառելու: Հայաստանում դուք շատ գնահատուած գրող էք, երիտասարդ ստեղծագործողները հետաքրքրւում են ձեզանով, ձեր գործերը կարդացւում են ռադիոյով, հետաքրքրական կը լինէր նաեւ ձեր խօսքը Նոր տարուայ առիթով ուղղուած երիտասարդութեանը:

- Ես շատերէ կը ստանամ իրենց նոր տպագրուած գրքերը եւ կը պատասխանեմ, բայց ոմանք իրենց հասցէները չեն գրեր... ինչո՞ւ չեն գրեր,- զայրացած տոնով ասաց նա:

- Կարծում եմ անփութութիւն է,- ասացի ես:

- Կարծո՞ւմ էք...

- Այո՛... բայց լաւ կը լինէր, որ դուք ձայնագրուէիք,- երբեմնի ռադիօժուռնալիստի յամառութեամբ պնդեցի ես:

- Ձայնագրուիլ չեմ ուզեր... մի վրդովիք, կը խնդրեմ: Ես ասանկ բաներ չեմ սիրեր: Կ ուզեմ, որ աւելի շատ ինծի գրեն, եւ ես անոնց գրաւոր պատասխանեմ: Բացի ատկէ, նաեւ պատրաստ չեմ. տկար եմ...

Իմ պնդումներն աւելորդ էին. Շահնուրը յամառ էր ու վճռական:

- Այն ժամանակ պիտի խնդրեմ, որ թոյլ տաք, աղջկաս հրաւիրել ձեզ մօտ, քանի որ շատ մեծ ցանկութիւն ունի ծանօթանալ ձեզ հետ:

Եւ առանց սպասելու խնդրանքիս պատասխանինՙ սլացայ ներքեւ. լուսանկարչական ապարատը, յուշանուէրները վերցրեցի եւ Մարինէի հետ բարձրացայ վեր:

Շահնուրը երբ տեսաւ Մարինէինՙ բոլորովին փոխուեց, դարձաւ մեղմ ու բարի, կարծես քիչ առաջուայ Շահնուրը չէր իմ դիմաց կանգնած:

Երբ պատրաստուեցի իրեն լուսանկարելու, անմիջապէս վրայից հանեց գորշ փուլովերը եւ սպիտակ մաքուր վերնաշապիկով կանգնեց Մարինէի կողքին պատրաստ նկարուելու: Նա սիրով նկարուեց նաեւ ինձ հետ, յետոյ առանձին: Երբ հայաստանեան յուշանուէրները դրեցի սեղանինՙ կոնեակ, սեւ խաւիար եւ փայտի վրայ քանդակուած դիմանկարը, յուզուեց:

- Բայց ինծի արգիլուած է խմելը:

- Հոգ չէ, հիւրեր կ ունենաք,- ասացի ես:

Կոմիտասի քանդակը շատ ուրախացրեց նրան, պայծառացաւ, խոհուն ու երկար նայեց արձանին, յետոյ այն տեղաւորեց սեղանի վրայ եւ կարծես ինչ-որ հաճելի զգացողութիւն իջաւ վրան:

- Անունդ ի՞նչ է, անուշի՛կ աղջիկ,- Մարինէի մազերը շոյելով հարցրեց նա:

- Մարինէ,- պատասխանեց աղջիկս:

- Ամուսնացած չէ՞ տակաւին,- հարցրեց ինձ Մարինէից հեռանալով:

- Ոչ, դեռ ժամանակը չէ,- ասացի ես:

- Ժամանակը չէ... ժամանակ...- խոշոր աչքերը խոնարհեց ու շարունակեց խօսել.- ես կրնամ ըսել միայն, որ տղամարդը պէտք է ամուսնանայ մինչեւ քսանըՙ առաջին անգամ, այնուհետեւ մինչեւ քառասունըՙ երկրորդ, եւ երրորդ անգամ քառասունէն վերջը:

- Բայց կարծեմ դուք այդպէս չէք վարուել, այդպէս չէ՞,- ինչ-որ մի համարձակութեամբ ասացի ես ու յետոյ անյարմար զգացի իմ հարցից: Նա զգաց այդ, ժպտաց ու կրկնեց քիչ առաջ ասած նախադասութիւնը.

- Ես խենթ եմ եւ երբեմն խենթութիւններ կ ընեմ:

Ես սպասում էի, որ նա ահա ուր որ է խօսք կը բացի իր ստեղծագործութիւնների եւ գրականութեան մասին ընդհանրապէս, կը սկսի ինձ հարցեր տալ, թէ իր գրքերից որն եմ կարդացել, որ հերոսին եմ հաւանում, որինՙ ոչ: Բայց նա ուրիշ բաների մասին էր մտածում, միտքը զբաղուած էր յուզող մի հարցով, որն անհանգստացնում էր իրեն:

- Տիկին Աճէմեան, նախ կ ուզեմ իմանալՙ ազգակցական կապ ունի՞ք Գուրգէն Մահարիին հետ:

- Ո՛չ, իմ ծնողները Խարբերդից են, իսկ նա վանեցի է:

- Ծնողներ ունի՞ք:

- Հայր, մայր, երկու եղբայր եւ քոյր:

- Շատ լաւ է: Հարազատներ ունենալը երջանկութիւն է,- ասաց նա ու նորից խորասուզուեց մտքերի մէջ, յետոյ դարձաւ ինձ:

- Սիրելի տիկին, մեր այս տունին տնօրէնը շատ ազնիւ կին մըն է, որուն հետ մի քանի ամիս առաջ շրջան ըրինք ամբողջ Ֆրանսան, որպէսզի հայկական ոճով յուշարձան մը գտնենք, ընդօրինակենք զայն եւ կանգնեցնենք մեր ծերանոցի գերերզմանատունը: Հայկական յուշարձան մը պէտք է հայկական ծերանոցի գերեզմանոցին համար,- ասաց նաՙ աչքերիս մէջ նայելով խոր ցաւով:- Կրնա՞ք օգտակար ըլլալ,- շարունակեց նա: Յետոյ յոյսի մի ժպիտ խաղաց դէմքին, ու համոզուած ասաց:- Հայ ճարտարապետներու գիրքեր, ալբոմներ ղրկեցէք ընտրութեան համար:

- Սիրով, անպայման կ՚ուղարկեմ,- խոստացայ ես, ու այնպիսի մի տխրութիւն իջաւ վրաս, որ ես ակամայից խոնարհեցի գլուխս:

- Գիտէ՞ք արդեօք,- նորից շարունակեց Շահան Շահնուրը,- մեր ծերանոցին մէջ վեց ռուս կայ: Անոնք ալ ոչ ոք ունին: Ուրիշ ազգի ծերանոցներ չընդունեցին զիրենք, բայց մեր տնօրէնուհին սիրով ընդունեց զանոնք: Կը խնդրեմ յուշարձաններու ալբմոները չմոռնաք...,- ասաց Շահնուրը ու հայեացքը յառեց դէպի պատուհանը, որտեղից երեւում էր կապոյտ-կապոյտ մի բուռ երկինք, որի մէջ փշրուել էր արեւը:

Ես հասկացայ, որ Շահնուրը յոգնել է, որ մենք պէտք է հրաժեշտ տանք: Ես ու Մարինէն ոտքի ելանք: Շահան Շահնուրը ուղեկցեց մեզ մինչեւ դուռը:

Վերադարձայ Երեւան: Մինչ պատրաստւում էի ծանօթ ճարտարապետների օգնութեամբ գտնել ու Շահնուրին ուղարկել հայկական յուշարձանների ալբոմը, Փարիզից Երեւան հասաւ ողբագին լուրը:

...Հայրենի հողէն եւ իր ծննդավայրէն շատ հեռու, Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ ցուրտ հողին յանձնուեցաւ հիւծուած մարմինը հայ գրողի մը...

Ցաւօք Երեւանում ես չունեցայ նաեւ այն լուսանկարները, որոնք արուել էին մեր հանդիպման ժամանակ, որովհետեւ լոյսը բաւարար չէր այն տարիների «Կիեւ» կոչուած լուսանկարչական գործիքի համար:

Տարիները յաջորդեցին միմեանց, հրատարակուեցին Շահնուրի ստեղծագործութիւնները ամբողջութեամբ: Լոյս աշխարհ եկաւ նաեւ Շահնուրի նամականինՙ 3 հատորով, որ պատրաստել էր գրականագէտ Գրիգոր Քէօսէեանը:

Եւ ահա նամականիի առաջին հատորում 1972թ. 8 նոյեմբերին Saint-Raphael-ից գրում է Շահնուրը.

«Սիրելի Քէօսէեան, երէկ այցելութիւնը ստացայ անծանօթ կնոջ մը, որ կու գար Երեւանէն: Ըստ իր վկայութեան, խորունկ ցանկութիւն կայ զիս ունենալ Հայաստանի մէջ, գէթ կարճ ժամանակով: Բերած էր հայաստանեան քօնեակ եւ ձկնկիթ, բաներ որ ուրախացուցին իմ դրացի ռուս կինը:»

Հաճոյքով կարդացի այս տողերը եւ ակամայից անդրադարձայ հեռաւոր տարիների ծերանոցին եւ իմ յանդուգն քայլինՙ առանց նախազգուշացնելու գրողին մուտք գործելով Saint-Raphael:

Ակամայից յիշեցի Սէն-Ռաֆայէլի հայկական ծերանոցը, յիշեցի այն ծերունիներին, որոնք շրջապատել էին մեզ ու մրմնջում էին.

- Դուք հայ էք, Հայաստանէն էք:

- Մենք ալ հայ ենք, մենք ալ տուն կ ուզենք երթալ:

- Համբուրեցէք սուրբ երկիրը:

- Օ՜, ինչպէս չկրցայ ես տուն դառնալ... ախ, էրգիր, էրգիր...

Յիշում եմ նրանց աչքերըՙ ծխասեւ խորաններ, հանգած մոմերով ու այդ բոլորի մէջ տեսնում եմ Շահան Շահնուրին, երգով նահանջողին, որ պարփակուել էր իր փոքրիկ սենեակի մէջ, եւ ո՞վ գիտէ ինչ էր խորհում, ի՞նչ էր երազում իր տարաբախտ քոյրերի ու եղբայրների մասին, որոնց համար այլեւս նահանջելու տեղ չկար:

*) Լուրդ, կաթողիկէ աշխարհի ուխտագնացութեան վայր հարաւային Ֆրանսիայում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ