RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016



ԹԱՏՐՈՆ

Տեղադրվել է` 2016-10-13 21:08:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2560, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ ԱՅՐ ՄԻ` ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆ

Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ

Թատրոնի մարդկանց խոսակցության թեման է նա իր բեմադրությամբ, որ օրերս իրականացրել է Համազգային թատրոնի բեմում...

...Բաց բեմի գորշությունը միանգամից լուսավորում է ու անցած դարասկզբի ֆրանսիական քնքուշ ու հոգեվին մեղեդիների հետ թափանցիկ շղարշների միջից` հին Փարիզն է` կառքերով ու փոքրիկ մեքենաներով: Բեմադրիչն ու բեմանկարիչն իսկույն իրենց խաղաղիկ ու տաք մթնոլորտն են առնում հանդիսատեսին առաջին իսկ պահից, մի անխորամանկ պատումով մատուցում սիրո հեքիաթ. վերստին նախապատրաստվելով քնարական տրամադրությունն ու հումորը, մեղմ ու աչքուականջ շողող ձայներն ու հնչերանգները... Սա, ի հակադրություն ուրիշ բեմադրիչների, որոնք ցնցող մեքենական աղմուկով են լցնում բեմը, Փափազյանը նախընտրում է հանդիսատեսին գրավելու մեղմ, մարդկային կերպերը: Նրա ընտրած պիեսն էլ «անմեղ» ու շատ սովորական, բայց մարդկային պատմություն է, որ ֆրանսիացի հայտնի դերասան եւ թատերագիր Սաշա Գիտրին գրել է իր եւ կնոջ համար` ինքը խաղալով գլխավոր հերոսի դերը: Ուղիղ հարյուր տարի առաջ` ֆրանսիացիների համար, բայց պարզվում է այն գրավիչ ու համահունչ է այսօր եւ ....: Լրագրողներն իրենց հատուկ շտապողականությամբ անմիջապես գրում ու այս համեստ բեմադրությանը վերագրում են չափազանցված արժանիքներ եւ կարելի է ասել, անտեսելով այս թատրոնի քառորդ դարյա պատմությունը, որ աղքատ չէ հրաշալի հեղինակներով (Սարոյան, Դե Ֆիլիպպո, Բրեխտ) եւ հետաքրքրական, թատրոնի ճանապարհն ու որոնումներն ուղղորդող բեմադրություններով: Մեր տաղանդավոր հայրենակիցը, որ սրտի ու հոգու թելերով է կապված իր հայրենակիցների հետ ու շատ լավ գիտե նրանց տրամադրությունները, ջանացել է այս անգամ զվարթ ու գրավիչ մի պատմությամբ ցրել նրանց առտնին հոգսերը: Բայց քանի որ մամուլոււմ այս բեմադրությունը հորջորջվում է Փափազյանի առաջին բեմադրությունը` աղճատելով ոչ միայն արվեստագետի կենսագրությունը, այլեւ մոռացության տալով մեր մշակույթի հիշարժան իրադարձությունները, ուստի վճռեցինք նախքան խնդրո առարկա բեմադրության մասին խոսելը, այնտեղյակներին շատ սեղմ իրազեկել Փափազյանի իրագործումներից մի քանիսին:

Երբ սրանից ուղիղ 40 տարի առաջ հեռուստատեսությամբ` ամենամեծ բեմում Ժիրայր Փափազյանը ավարտական բեմադրությունն իրականացրեց այդ տարիներին չխրախուսվող արտասահմանյան պիեսով (Բերնարդ Շոու, «Ճակատագրի ընտրյալը») ես ընդդիմախոս էի որպես, ընդհատեցի «գերազանցով»` խորհում էի, թե ուրիշների պես նա էլ կավարտի եւ կհեռանա` մոռանալով Երեւանն ու ինստիտուտը: Այդ օրվանից այս հայրենասերն ու երախտագետ զավակը իր կյանքի ու գործունեության կետ նպատակը դարձրեց հայրենի մշակույթին ծառայելը: Քանի՜-քանի անգամ եղավ Երեւանում` մշտապես տեսնելու եւ ոգեշնչվելու, նաեւ նյութեր հայթայթելու: Չէ՞ որ իր ծննդավայր Եգիպտոսում մայրական կաթի հետ նա ներծծել էր թատրոնի բույրն ու թովչանքը (մայրըՙ Նորա Իփեքյանը, հայ թատերախմբի սիրված դերասանուհի էր եւ ասմունքող), որպեսզի այնուհետեւ նվիրվի իր համար ամենաթանկ գործին` թատրոնին: Երկար ժամանակ է, որ նա նշանավոր Իրինա Բրուքի թատրոնի դերասան է, շրջում է աշխարհով մեկ, սակայն հասցնում է հայ թատերախմբերով շրջել ու ազգի բառնուբանը հասցնել նրանց: Լրջորեն ու հետեւողականորեն զբաղվում է Հայ օպերայի` մասնավորաբար Չուխաջյանի` եղեռն ապրած ու կորած ստեղծագործությունների հավաքմամբ: Ավելին. աշխարհի մեծագույն օպերային թատրոնների բեմում (Դետրոյթ, Լոնդոն, Սան Ֆրանցիսկո) հնչեցնում է մեր «Անուշը», «Արշակ 2-րդը», «Կարինեն»: Չգիտեմ, մենք, մեր ազգը ինչպե՞ս կարող է վարձատրել այդ արվեստագետին, ով տարիների տառապալի պրպտումով հայտնագործել է Չուխաջյանի օպերաների իտալերեն բնագրերը...

1988-ին, երբ մենք անկախության գործընթաց էինք սկսել` մեծ տերության այպանումներին էինք արժանանում, մեր մշակույթի նշանավորները` Խորեն Աբրահամյանն ու Պերճ Զեյթունցյանը 1991-ին վճռեցին հակընդդեմ մասշտաբային իրադարձությամբ ապացուցել, որ հայերս ոչ ագրեսոոր ենք, ոչ կռվարար, այլ արարիչ, գեղեցիկի սիրահար ժողովուրդ ենք: Ծնվեց Սփյուռքահայ թատրոնների փառատոնի գաղափարը. առաջին անգամ հայրենիք եկան աշխարհի տարբեր ծագերից խմբեր: Այդ փառատոնը արտասովոր արարումով նշեց Ժիրայր Փափազյանը: Նա առաջին անգամ մի հզոր գրական-դրամատիկական կոմպոզիցիա ստեղծեց` առատորեն օգտագործելով ազգային երգուտաղ, տարազ ու պատկեր, դրամատիկական հատվածները շաղախելով նահատակ գրողների համապատասխան տողերով: Այդ թեման մեր բեմում դեռեւս չէր հնչել: Եվ երկու հերոսներին` հային ու հայուհուն մեծ տաղանդով ու ոգեշնչումով ներկայացրին երիտասարդ ու վառվռուն ամուսիններըՙ Ժիրայրն ու Նորա Արմանին... Բեմադրությունը մեծ մրցանակ ստացավ, տեսագրվեց ու քանիցս ներկայացվեց էկրանում... Իսկ հետո այդ ներկայացումը զույգի ջանքերով երեք լեզվով շրջեց աշխարհով մեկ: Եվ դա այն ժամանակ, երբ մենք վախենում էինք ծպտոււն հանել... Ժիրայր Փափազյանի ազգանպաստ ծրագրերն ու գործերը վերջ չունեն: Մի քանի տարի առաջ նա համոզեց Իրինա Բրուքին իր թատրոնի ներկայացումները բերել Հայաստան. Շեքսպիր եւ Սերվանտես: «Դոն Քիխոտ»-ում առաջին անգամ տեսանք նրան դժվարագույն ժանրի տրագիկոմիկական մի կերպարում, որ Սանչո Պանսան է...

Այսքանից հետո միայն խնդրո առարկա ներկայացման մասին: Գիտրին ասես յուրօրինակ մարտահրավեր է նետում դրամի մոլուցքով տարված բուրժուային, հնչեցնում սիրո ու երջանկության կարոտը: Նման պիեսներն ստեղծվում էին դերասանական փայլուն արտիստների համար: Հենց ինքը` հեղինակը, երկար ժամանակ խաղացել է այդ պիեսը: Գաղտնիք չէ, որ դերակատարները պետք է օժտված լինեն ոչ միայն հոգեկան ապրումները հաղորդելու տաղանդով, այլեւ բեմական մեծ հմայք ու գրավչություն ունենան: Բարեբախտաբար ե՛ւ Մխիթար Ավետիսյանը, ե՛ւ Նարինե Գրիգորյանը բեմական են, դյուրաթեք, ճկուն ու հետաքրքիր: Բեմադրիչը առատորեն իրավիճակները լցրել է հոգեվիճակ արտահայտող միզանսցենով, բեմական լուծումներով: Մենք ակնդետ հետեւում ենք տղամարդու շարունակ հեռախոսից` դուռը եւ հակառակը ձգվող վազվզոցին ու անվերջ քրտինքը սրբելու եւ իրեն հույս ներշնչելու ջանքերին: Հեռախոսի հետ տղամարդու խաղը, շարունակ հուսալու եւ հուսալքվելու, վերստին սիրելիի գալուստը երազելու պահերն ու անցումներն հագեցած են ե՛ւ շարժումով, ե՛ւ հույզով, ե՛ւ հումորով: Բեմադրիչի ներկայությունը կա ամեն մեծումանրուքում: Հագուկապը, տնային խալաթը, անկողնային պարագաները. ամեն ինչում դերակատարին նպաստող բեմական իրեր, աթոռներ, սեղանիկ, մատուցարան, ծաղիկներ, որոնք ոչ միայն կենցաղ են բնորոշում, այլեւ ազատ ու օրգանական բեմական միջավայրի զգացողությանն են նպաստում: Տարակույս չկա, որ մեր ուշադրության առանցքում սիրահար զույգն է. Կինն ու Տղամարդը: Երկուսն էլ գրավիչ են եւ գեղեցիկ, բաներՙ որոնք չափի զգացումով մատուցվում է կիսամերկ տեսարաններում: Այստեղ ամեն ինչ ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ պատշաճության սահմաններում, որը նույնպես ճաշակի ու տակտի նշան է: Նարինե Գրիգորյանի հերոսուհին արժանապատիվ ու առաքինի կին է, եւ ինչպես համոզվում ենք հենց տղամարդու խոսքիցՙ պատվարժան անձնավորություն: Բայց միմիայն դրամի մասին խոսխոսող Ամուսնու վարքը նրան կարող էր ձանձրացնել եւ մղել կանացի երազանքի: Զուսպ է, բայց պոռթկուն: Նա հայտնվում է տղամարդու հուսախաբ ու ապարդյուն երազանքի պահին` եւ նրա շրթունքին դրոշմում համբույրը: Միմյանց հասկացան, բայց դեռ ինչե՜ր պետք է հաղթահարել. կախված ապագայի հետ:

Վերջին տեսարանն ասվում է, որ չի խաղացվել: Փափազյանը այն հավելում է, ոչ միայն երջանիկ ավարտի համար, այլեւ կնոջը հոգեպես առավել հարուստ դրսեւորվելու նպատակով: Այդ տեսարանը բավականաչափ երկար է եւ պատկերում է կնոջ տառապանքը, որը մղել է հրաժեշտի նամակ գրելուն: Դժվար է պահել հանդիսատեսին եւ կարելի է ասել, որ դերասանուհու հմայքի շնորհիվ է տեսարանը դիտվում: Վերստին բեմադրիչը խնդիրներ է տվել` շատ գեղեցիկ հագուստը ընդգծում է դերասանուհու կանացիությունը (հենց միայն այդ հագուստի գույների համադրությունը եւ ձեւը բավական են բեմանկարիչի` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի ճաշակի մասին պատկերացում ունենալու համար): Կինը մի քանի անգամ հագնում ու միտքը փոխելովՙ սրտնեղած հանում եւ մի կողմ է նետում: Նրան բզկտում է տղամարդու խոսքը` թե դեռ ամուսինը զբաղված է եւ իրենք երջանկանալու երկու ժամ ունեն: Առաքինի կինը, որ մեղանչել է, ոչ մի կերպ չի համակերպվում «երկու ժամի» մտքին: Նամակը հենց դրա համար է գրում: Պարզվում է, որ տղամարդը եւս լուրջ զգացումներ ունի եւ դժվարին պահին նրա հայտնվելը այնպիսի երջանկությամբ է ողողում կնոջ էությունը, որ երկուսի համբույրը երաշխիք է դիտվում սիրող սրտերի միությանը:

Ամուսնուն Արման Նավասարդյանը օժտել է առնետային կերպարանքով: Նա զգում է, որ կինն ավելի արժանավոր է եւ ջանում է բարեհաճ զույգ լինել, բայց դա նրան այնքան էլ չի հաջողվում: Արտիստը հաղորդում է իր հերոսի մտավոր խեղճությունը, դյուրահավատությունը, հետո, երբ նա վերադառնում է սիրուհու մոտից եւ համարձակություն չի ունենում կնոջը երեւալ` ճարպիկ տղամարդը օգտագործելով նրա թուլությունն ու միամտություննը` ուղարկում է Փարիզից դուրս, որպեսզի ոչ մի բան չխանգարի իր վայելքին:

Պատումի չորրորդ գործող անձը տղամարդու սպասավորն է: Նրան շարժուն ու ճկուն է մատուցում Նարեկ Բաղդասարյանը, հաճելի ամբողջություւն դառնալով այս զվարթ ներկայացման հետ: Անհամապատասխան ամուսինների ճակատագրի բնականոն զարգացում, որ Գիտրիի ու մեր տաղանդավոր արվեստագետների համար ստեղծագործության նպաստավոր նյութ է դարձել եւ մեր այսօրվա հոգսաշատ հանդիսատեսին հաճելի ժամանցի, նաեւ օգտակար խրատի առիթ կծառայի:

Վերջում բարի խոսքով հիշենք այս բեմադրության կայացմանը նպաստած թատրոնի վեհանձն տնօրեն Վարդան Մկրտչյանին եւ ներկայացման աջակիցներ Բորիս ու Քաթրին Հայրապետյաններին, Արա Խանջյանին եւ Հովհաննես Չիլինկիրյանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ