RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016



Տեղադրվել է` 2016-10-13 21:08:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2869, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՆԱՉՎԱԾԸ. ԱՇՈՏ ԶՈՐՅԱՆ

Նաիր ՅԱՆ

Գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանն օրերս է Ամերիկայից ժամանել Հայաստան: Նա հատուկ առաքելություն ուներՙ Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնել եգիպտահայ գեղանկարիչ Աշոտ Զորյանի կտավները: Նախքան գրականագետ, հրապարակագիր, արվեստաբան Երվանդ Ազատյանի հետ հարցազրույցը, արվեստի ներկայացուցիչների շրջանում հարցուփորձ արեցիՙ արդյո՞ք ճանաչում են Աշոտ Զորյան գեղանկարչին: Պարզվեցՙ քչերը գիտեն նրան, թեեւ Զորյանը Մերձավոր Արեւելքում հզոր գործունեություն ծավալած հայ արվեստագետների փաղանգի կենտրոնական դեմքն է եղել: Երվանդ Ազատյանը դեռ գեղանկարչի կենդանության օրոքՙ 1960-ականներին, ծավալուն ուսումնասիրությամբ գնահատել է Աշոտ Զորյանի վաստակըՙ անդրադառնալով եղեռնը վերապրած գեղանկարչի կենսագրության ողբերգական էջերին ու դեպի արվեստի բարձունքներ տանող ստեղծագործական ճանապարհին: (Առաջիկայում «Ազգ»ը կվերահրատարակի այդ հոդվածը: Ծ.Խ.):

Հոդվածագրի հետ հարցազրույցը նպատակ ունի մեր հանրությանը ծանոթացնել Աշոտ Զորյան գեղանկարչի հետ, արժեւորել համաշխարհային մշակույթի անդաստանում նրա թողած հետքն ու այն ակոսը, որի միջով հոսել է եղեռնին ու մահվանը հաղթած հայ գենի անհաղթելի ուժը:

- Պարոն Ազատյան, ե՞րբ են դրսեւորվել Աշոտ Զորյանի նկարչական հակումները եւ ինչպե՞ս է նա փրկվել գեհենից:

- Աշոտ Զորյանը մանկուց ծառի կոճղերի վրա փորագրություններ է արել: Իր կոչումն արվեստն է եղել. սոված մնալու, նահատակվելու գնով նա արվեստին է ծառայել միշտ: Բնությունն է եղել Աշոտի առաջին ու միակ ուսուցիչը:

Զորյանը հարուստ ընտանիքից է եղել. հայրը փաստաբան էր: Պատանին հիշում է, թե ինչպես են թուրքերը հորը առոք-փառոք նստեցրել ձիու վրա ու տարել. իբր թե որպես հեղինակավոր փաստաբանիՙ խնայում, փրկում են նրա կյանքը, բայց հետո, իհարկե, սպանել են: Զորյանը պատմում է, որ երբ հայրը վերջին անգամ տեսել է իրեն, ասել էՙ զիս չմոռնաս: Սարսափներով լի մանկություն ու պատանեկություն է ունեցել Զորյանը: Մի քուրդ ընտանիք է որդեգրել նրան ու քրոջը: Աշոտին հովիվ են դարձրել, իսկ քրոջըՙ աղախին: Հետո թուրքերն են որդեգրել, անունը Հյուսեին դրել ու թրքացրել: Զորյանը պատմում էր, որ մայրը ոսկի է տվել իրեն ու ասելՙ պետք կգա, որդիս: Գեղանկարիչն անգամ կյանքի մայրամուտին դրամները գրպանում էր պահում ու վախենում, թե թուրքերը կգան ձեռքից կվերցնեն. ուղեղի մթագնում ուներ: Այդպիսի ծանր ապրումներով էլ նա մահացավ 1970-ին:

- Որբություն, գաղթ, դեգերումներ. ի՞նչ դիպվածով է նա հասել Եգիպտոս ու ի՞նչ ճանապարհ է անցել մինչեւ պրոֆեսիոնալ գեղանկարիչ դառնալը:

- Երբ աշխարհի տարբեր անկյուններում սկսեցին հայ որբերին հավաքել, Իրաքի, Եգիպտոսի, Եվրոպայի հարուստներն անմիջապես արձագանքեցին, թեՙ գումար կտրամադրեն, որպեսզի տաղանդավոր որբերին ուղարկեն Եվրոպա: Այդպես Ալեքսանդր Սարուխանին, Օննիկ Ավետիսյանին, որը եղել է Հակոբ Հակոբյանի ուսուցիչը, Արա Սարգսյանին, Աշոտ Զորյանին, Բյուզանդ Կոջամանյանին, Օննիկ Սյուրմելյանին, որին ընդունում էին որպես Կոմիտասին փոխարինողի, եւ շատ ու շատ տաղանդավոր որբերի տարբեր մանկատներից Եվրոպա են ուղարկել: Նրանք դարձել են Վիեննայի, Հռոմի բարձրագույն կրթօջախների աղքատ ուսանողները: Ուսանելուց հետո նրանց մեծ մասը եկել է Եգիպտոս, եւ հարուստ ընտանիքները դարձյալ որդեգրել են նրանց: Այդ երիտասարդներն ուսուցչությամբ, նկարչությամբ, իրենց շնորհքի ու տաղանդի շնորհիվ կամաց-կամաց ոտքի են կանգնել: Եգիպտոսում, երբ պետական մակարդակով ցուցահանդեսներ էին լինում, հազիվ մեկ-երկու արաբ նկարչի անուն կլսեիք. նրանք էլ Աշոտ Զորյանի աշակերտներն էին, մնացած բոլորը հայեր էին: Զորյանը նրանց մեջ ամենից տաղանդավորն էր:

- Այդ տարիներին եգիպտահայ արվեստագետների սերունդ էր հասունանում, որը նաեւ իրենից մի առանձին դպրոց, մշակույթ ու ձեռագիր էր ներկայացնում: Եգիպտահայերի այդ սերունդն ի՞նչ աղերսներ է ունեցել Եվրոպայի հետ:

- Աշոտ Զորյանը, հիրավի, եգիպտահայ գեղանկարչության մեջ գագաթնակետին է հասել, մշտապես եղել է ոչ միայն հայկական, այլեւ ամբողջ եգիպտական մամուլի ուշադրության կենտրոնում: Եգիպտոսի հայ գաղութը բազում տաղանդներ է տվել, ոմաքՙ մեծ ճանաչում ձեռք բերած, ոմանքՙ ոչ այնքան: Աշոտ Զորյանը եգիպտահայ գեղանկարչության ռահվիրան է, որը ճանապարհ է բացել նաեւ հաջորդ սերնդի համար: Նրա արվեստանոցը շատ մեծ հեղինակություն ուներ: Եգիպտոսի նախկին թագուհին Ֆարուք թագավորից բաժանվելուց հետո Աշոտ Զորյանի արվեստանոցում կերպարվեստի դասեր է առել: Ֆրանսիական պետության կողմից մեծ գնահատանքի, պարգեւների արժանացած գեղանկարիչ Էդմոն Քիրազն Աշոտ Զորյանի աշակերտն է եղել:

- Փաստորեն, Եգիպտոսի թագուհին է անգամ աշակերտել Աշոտ Զորյանին:

- Ոչ միայն թագուհին. նրա աշակերտներից են եղել Յասմինը (Հասմիկ Բալլարյան), որն աբստարկտ արվեստով էր զբաղվում, մամուլն էլ միշտ հետեւում էր նրա գործունեությանը, Ռոզ Բաբազյանը. բոլորն էլ շատ տաղանդավոր եւ, ի դեպ, շատ գեղեցիկ կանայք: Ատոմ Էգոյանի հայրն ու մայրըՙ Ջոզեֆ եւ Շուշան Էգոյաններըՙ երկուսն էլ գեղանկարիչներ, նույնպես Աշոտ Զորյանին են աշակերտել Կարպիսը (Էդվարդ Յաղջյան), Նորա Իբեկյան-Ազատյանը, որ համաշխարհային ճանաչում ունեցող աշակերտ ունիՙ Շանթ Ավետիսյանը, որի գործերը Ամերիկայի, Բրիտանիայի թանգարաններում են ցուցադրվում:

- Այսքանից հետո զարմանալի չէ՞ արդյոք, որ Աշոտ Զորյանն այնքան էլ ճանաչված չէ, ավելինՙ նրա աշակերտներն ավելի մեծ համբավ ունեն, քան ինքը:

- Թեեւ Զորյանը 1950-70-ականներին Նյու Յորքի ցուցահանդեսներին է մասնակցել, ցուցադրվել Մերձավոր Արեւելքում, մրցանակներ շահել, բայցեւայնպես, նրա համբավը մեծ չէ, հատկապես արվեստի շուկայում, աճուրդներում մեծ գին չեն տալիս Աշոտ Զորյանի գործերին: Իմ խորին համոզմամբՙ ճանաչումն ու թանկ գնով վաճառվելը նկարչի ճարպկության հետ է կապված: Որքան արվեստագետը ճարպիկ է, արվեստի մակարդակը այդքան ցածր է: Այդպիսիք կարողանում են շատ լավ կազմակերպել իրենց քարոզչությունը, գովազդը, իսկ Զորյանն այդ առումով անզոր մեկն էր: Բնավ իր արվեստի, ճանաչման մասին չէր մտածում ու այդ ուղղությամբ չէր աշխատում, սակայն արվեստի քննադատները նրա ստեղծագործությունները միշտ շատ բարձր են գնահատել:

- Իսկ ինչպե՞ս ու ե՞րբ եք ծանոթացել Աշոտ Զորյանի հետ:

- Եգիպտոսում եմ ծանոթացացելՙ 1959 թվականին: Բավականին մոտիկից եմ ճանաչել. մտերիմ ընկերներ էինք: Իր արվեստանոցում ինձ վարպետության դասեր է տվել: Բավական լրջորեն հետեւել եմ նրա արվեստին ու առհասարակ գեղանկարչական ուղղություններին: Հաճախ էինք միասին ճաշում, զբոսնում:

- Հետագայում Զորյանն այդպես էլ ոչ մի հարազատի չգտա՞վ: Ստեղծագործական ճանապարհից բացի, ի՞նչ ճակատագիր է ունեցել նա:

- Զորյանն Ամերիկայում գտել է իր քույրերին: Որբանոցում գտնվելուց ի վեր տեղեկություն չէր ունեցել, թե որտեղ են, ինչ է կատարվել նրանց հետ: Հարազատներին գտնելուց հետո Ամերիկայում տեւական ժամանակ ապրել է նրանց հետ: Բոստոնում էլ հենց աշխատել է, բավականին նկարներ է ստեղծելՙ իր քույրերի դիմանկարերը, բնության տեսարաններ: Բայց այդ ժամանակվանից նա արդեն իսկ վատառողջ էր:

Երբ քույրերը հասկացան, որ իրենց եղբայրը շուտով մահանալու է, դիմեցին ինձ: Գնացի Եգիպտոս, փաստաթուղթ պատրաստեցինք. Աշոտի համաձայնությամբ ու ստորագրությամբ 100 գործ պետք է տեղափոխվեր Հայաստան, բայց այդ թուղթը կտակի ուժ չուներ: Փաստաթուղթը հանձնեցի սովետական դեսպանատուն, նրանք կարեւորեցին այն ու Մոսկվային համոզեցինՙ լավ նկարիչ է, արժե նրա գործերը տեղափոխել Սովետական Հայաստան: Այս բոլորը նախաձեռնվեց 1970-ին, բայց վերջնականապես իրականացվեց միայն 1974 թվականին, որովհետեւ Եգիպտոսն էլ Սովետական Միությունից ոչ պակաս բյուրոկրատական երկիր էր: Փաստորեն, նրա մահից հետո 4 տարի պահանջվեց, որպեսզի Հայաստանին կտակած նկարները տեղ հասնեն:

- Տեղյակ եմ, որ օրերս Զորյանի նկարների նոր խմբաքանակ է տեղափոխվել Հայաստան, որը Դուք հանձնել եք Ազգային պատկերասրահին: Ի՞նչ գործեր են դրանք եւ ի՞նչ պատճառով են հանգրվանել այստեղ:

- Զորյանի քույրերը գիտեին, որ իրենց եղբոր հետ շատ մտերիմ եմ եղել: Քրոջ դուստրըՙ Սոնա Հյուսիսյանը, որ բնակվում էր Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում, անցյալ տարի զանգեց ինձ ու ասաց. «Ես ծերանոցում եմ ապրում, եւ մեծ քեռուս նկարները, որ պատկանում էին մորս ու մորաքրոջս, ինձ են մնացել: Ես ուզում եմ դրանք կտակել Հայաստանի ազգային պատկերասրահին: Իմ մահից հետո թող դրանք տեղափոխվեն Հայաստան: Ես կտակ կգրեմ»: Այն ժամանակ պատկերասրահի տնօրենը Փարավոն Միրզոյանն էր: Դիմեցի նրան, որպեսզի նկարների տեղափոխությունը նախաձեռնվի: Փաստաթուղթ պատրաստվեց եւ նամակի հետ ուղարկվեց, որ եսՙ որպես վստահված անձ, զբաղվեմ այս հարցով: Այս տարի զանգ ստացա, թեՙ «Այստեղ մեր ձեռքին կտակ կա, որտեղ գրված է, որ նկարները պետք է ուղարկվեն Հայաստան, բայց մենք Հայաստանի տեղը չգիտենք: Կտակում Ձեր անունն է նշված. կարո՞ղ եք մեզ օգնել»: Անմիջապես կապվեցի Հայաստանի պատկերասրահի հետ, եւ Աշոտ Զորյանի 58 ստեղծագործությունների տեղափոխումն արագ կազմակերպվեց: Այն օրը, երբ Հայաստան եկա, նույն օրն էլ նկարները հասան:

- Փաստորեն, Հայաստանի ազգային պատկերասրահն Աշոտ Զորյանից արդեն 158 նկար ունի: Իսկ Ձեր տեղեկություններովՙ անհատական հավաքածուներում նրա գործերից կա՞ն:

- Շատ կան, հատկապես Միջին Արեւելքում: Բեյրութում, Կահիրեում բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել, ներկայացվել է նաեւ Ամերիկայում: Իմ տանն էլ Աշոտ Զորյանից 20-25 նկար կա: Ինքը սակավախոս էր, բայց քիչ բառերով ամբողջ արվեստի փիլիսոփայությունը հրաշալի փոխանցում էր: Շատ իմաստուն, սրամիտ, արվեստով լի մարդ էր: Վատագույնն էր տեսել իր կյանքումՙ եղեռն, գաղթ, տարագրություն, դեգերումներ. դրանից վատ էլ ի՞նչ պիտի տեսներ: Այդ բարձրության վրա էլ ապրեց նաՙ իրեն մինչեւ վերջ նվիրելով արվեստին:

Աշոտ Զորյանի արվետը խոպան ու պարարտ հող է, որի հավանակությունները ոչ այլ ինչ են, քան ուսումնասիրվելը, գնահատվելն ու արժեւորվելը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 14-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ