«ԿԱՐԴԱ՛»... ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ Հոկտեմբերին Երեւան կատարած իր այցելության ժամանակ մեր թերթի ազգային եւ միջազգային քաղաքական եւ հասարակական կյանքի մշտական վերլուծաբան Երվանդ Ազատյանը ընդառաջելով մեր խնդրանքին` մի ամբողջ մեծ փաթեթ «TLS» էր բերել խմբագրություն: «TLS-ը» The Times Literary Supplement-ն էՙ Անգլիայում հրատարակվող Times թերթի շաբաթական գրական հավելվածը, որ տարեկան 50 համարով է ներկայանում ընթերցողներին, հավանաբար բազմահազար օրինակ տպաքանակով եւ Ամերիկա ու այլ երկրներ է առաքվում բավարարելու համար այդ վայրերի գրականությամբ զբաղվողների հետաքրքրությունները: Իսկ հետաքրքրական նյութերի պակասը չկա այդ հանդեսի 36-40 էջ պարունակող յուրաքանչյուր համարում, ընդ որում ոչ միայն անգլիական կամ ամերիկյան, այլ համաշխարհային գրականության վերաբերյալ: Բայց նախքան այդ նյութերից որեւէ մեկին անդրադառնալը, ցանկանում եմ հասկանալ. այդ ինչպե՞ս է, որ մեր ներկա, ընթերցանության հետզհետե պակասող դարում այդ պարբերականը շարունակում է այդպիսի ծավալով լույս տեսնել եւ պահանջարկ ունենալ ընթերցողների շրջանում: Հարցի պատասխանը մտավորականության ակտիվության մեջ է: Նախ մտավորական խավը, գրողները, պրոֆեսորներն են կարդում լույս տեսած որեւէ գիրք ըստ իրենց մասնագիտության, դրանց մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում հանդեսի էջերում, ընթերցողն էլ այդ հանդեսը կարդալով հետաքրքրվում է այս կամ այն գրքով: Այսինքն գրողների, հեղինակների, դասախոսա-պրոֆեսորական շրջանակների, հրատարակչությունների ակտիվությունը կարեւոր դեր է խաղում ընթերցանության խթանման գործում: Գրքեր մեր երկրում էլ են հրատարակվում, այն էլ բավական մեծ թվով: Բայց խոսքը դրանց նկատմամբ վերաբերմունքի մասին է: Դրանք, այո, հրատարակվում են, բայց... մնում են գրախանութների դարակներում, շատ հաճախ, որովհետեւ վերաբերմունք չկա դրանց նկատմամբ: Դրանք պատշաճ ձեւով չեն ներկայացվում հանրությանը: TLS-ի յուրաքանչյուր համարում առնվազն 30 գիրք է գրախոսվում: Եթե նկատենք, որ երբեմն նույն թեմայի շուրջ 2-3 գիրք միաժամանակ է ներկայացվում մեկ հոդվածում, ապա առնվազն 20-25 մտավորական մասնակցում է քննարկումներին: Դա նշանակում է, որ այդ թերթը կարդալով միայն, ընթերցողը գաղափար կարողանում է կազմել այդքան նոր գրքերի մասին: Ակտիվ է մտավորականությունը, ակտիվ է նաեւ ընթերցողը: Դրանից էլ ընթերցանությանը խթանելու ավելի լավ միջո՞ց, ձե՞ւ: Իսկ ինչպե՞ս է խթանելու դրությունը մեզ մոտ ընթանում: Մենք ընթերցողների, ուսանողների, պատանիների, երեխաների ընթերցանությունը խթանում ենք փողոցների երկայնքով տեղադրված հսկայական ցուցանակներում «Կարդա՛» հրամայական եղանակով գրված միակ բառով: Կօգնի՞ արդյոք այդ բառը, որ մարդկանց մղի գիրք կարդալու: Գրախոսականները մամուլի էջերում կա՛մ շատ հազվադեպ են, կա՛մ իսպառ չկան: Պատահում է, որ հետաքրքրական գիրք է լույս տեսնում, բայց եթե չես այցելում գրախանութ, ապա չես իմանում այդ մասին: Գիրքը տպագրվելուց անմիջապես հետո պետք է, թեկուզ ոչ երկար, ընդհանուր նյութը ծանոթացնելու սահմաններում ներկայացվի ընթերցողին, որպեսզի գրավի նրա հետաքրքրությունը, որն իր հերթին կմղի նրան նախ գիրքը գնելու եւ ապա այն կարդալու: Ոչ շատ երկար ժամանակ առաջ Գրողների միության մոտ բացված գրախանութը լավ ավանդույթ էր սկսել ձեւավորել, հրավիրելով գրողներին իրենց նոր գիրքը ներկայացնելու եւ ստորագրելու: Ուսանողներ, աշակերտներ այդ ձեւով կապվում էին գրախանութին, ծանոթանում գրողի հետ, հարցեր ուղղում, պատասխաններ ստանում: Այդ եւս վերացավ: Մնաց հսկա ցուցանակը «Կարդա՛» հրամայական բառով: |