«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԴ ԿԱՙ ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆԸ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՌԸ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ժամանակակիցների վկայույթամբՙ հռչակավոր պարուհի Այսեդորա Դունկանը մի առիթով ասել է. «Մոսկվայում երկու գեղեցիկ մարդ կաՙ Սերգեյ Եսենինը եւ Սուսաննա Մառը»: Եսենինը, հայտնի է, Դունկանի ամուսինն էր, այնպես որ վերջինս կարող էր նրան գեղեցիկ համարել: Իսկ ո՞վ էր այդ Սուսաննա Մառը, որին մեծանուն պարուհին նման հաճոյախոսություն է շռայլել: Նա հայազգի բանաստեղծուհի եւ թարգմանչուհի էր, որը թեեւ գրեթե հետք չի թողել ռուսական պոեզիայում, սակայն եղել է բավական հետաքրքրական, աչքի ընկնող անհատականությունՙ ոչ ստանդարտ նկարագրով: Նրա անունն առաջին անգամ մեզ հանդիպել էր Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանում»... Կաթիլ-կաթիլ հավաքված տեղեկատվությունից հնարավոր եղավ ամբողջացնել Սուսաննա Մառի կերպարը: Ծնվել է Նոր Նախիջեւանում (այժմյան Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանում), 1900-ին, դուստրն է ազգային նշանավոր գործիչ, իրավաբան եւ գրող Գրիգոր Չալխուշյանի (1861-1939) եւ ռուս մորՙ Սոֆյա Անդրեեւնա Չալխուշյանի (Տիտրովա, 1864-1947): Գրիգոր Չալխուշյանը հեղինակ է մի շարք ռուսերեն գրքերիՙ «Սիրո տեսության փորձ» (1883, Մոսկվա), «Հայ բանաստեղծությունն ի դեմս Ռափայել Պատկանյանի» (Դոնի Ռոստով, 1886), «Ֆրանսիական փաստաբանության իդեալները» (1891), «Հայկական հարցը Ռուսաստանում» (1905), «Կարմիր գիրք» (1919), նաեւ «Մտքեր, խոհեր, դեմքեր» հայերեն հատորի (Թիֆլիս, 1914): Հետմահու, 1999-2003 թթ., «Դոնսկոյ վրեմեննիկ» հանդեսում լույս է տեսել նրա «Դոնի Ռոստով քաղաքի պատմությունը» աշխատությունը, որը 1886 թվականին հատուկ մրցանակի էր արժանացել Ռուսաստանի քաղաքների պատմության վերաբերյալ աշխատությունների մրցույթում: Հատկապես կարեւոր է, որ 1918-1919 թթ. Գրիգոր Չալխուշյանը եղել է Հայաստանի Հանրապետության փոխդեսպանը Դոնում: Սուսաննա Չալխուշյանը վաղ տարիքից մուտք է գործել գրական աշխարհ: Չփայլելով հանդերձ բանաստեղծական ձիրքովՙ գեղեցիկ արտաքինը եւ ազատ պահվածքը նրան դարձրել են միանգամայն փափագելի մեկը գրական շրջանակների համար: Նատալյա Միլոնովան Եսենինի շրջապատի վերաբերյալ իր հուշերում այսպես է հիշել Սուսաննային. «Մեզնից ոչ հեռու նստած էին երկու տղամարդ եւ մի գեղեցիկ կինՙ սեւ, կարմրով ողողված մազերով եւ (օ՛ սարսափ) տղամարդու տաբատով: «Ինչպես Ժորժ Սա՛նդը»: Դա, ինչպես ես հետո իմացա, բանաստեղծուհի Սուսաննա Մառն էր»: 1920 թվականին նա ընդունվել է «Նիչեւոկի» գրական խումբ, որը համարվում էր 1920-ական թվականների ռուսական պոեզիայի չորս ամենանշանակալից խմբակցություններից մեկը, բնույթովՙ ամենից սկանդալայինը: Խումբը վերջնականապես ձեւավորվել էր 1920-ի օգոստոսինՙ Դոնի Ռոստովի բանաստեղծների միությանը կից: Խմբի մյուս անդամներն էին Սերգեյ Սադիկովը, Բորիս Զեմենկովը, Աէցի Ռանովը, Լազար Սուխարեբսկին, Ելենա Նիկոլաեւան, Դենիս Ումանսկին, Կոնստանտին Էբերգը, իսկ ղեկավարըՙ բանաստեղծ Ռյուրիկ Ռոկը (Գերինգ, 1898-1932), որը եղավ Սուսաննայի առաջին ամուսինը: Խմբում Սուսաննայից բացի կար մեկ այլ հայազգիՙ Մովսես Աղաբաբովը, որը թիֆլիսյան «Խոբո» հրատարակչության ներկայացուցիչն էր Մոսկվայում (1918-ին Թիֆլիսում հրատարակել էր «Ձիերի ետեւիցՙ հեծանիվներով» ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուն): Գրականության պատմաբանների կարծիքովՙ թեեւ «Նիչեւոկին» եղել է դադաիստների արձագանքը Ռուսաստանում, նրանք իրականում եղել են ժամանակի մեկ այլ գրական հոսանքիՙ իմաժինիստների սոսկական նմանակողները, որոնց անդամները գրեթե հետք չեն թողել ռուսական պոեզիայում: Դոնի Ռոստովում նրանք երեկոներ են կազմակերպել «Բանաստեղծների նկուղ» բոհեմական սրճարանում: Օլգա Մոչալովան «Արծաթե դարի բանաստեղծները. բանաստեղծը բանաստեղծների մասին» հուշագրության մեջ հիշել է Ռոստովի «Բանաստեղծների միությունում» այդ տարիներին տարածված քառյակներից մեկը. «Сусанна Мар. В жизни — бабочка, в стихах — комар» («Սուսաննա Մառ. Կյանքում թիթեռնիկ, բանաստեղծություններումՙ մոծակ»), իսկ բանաստեղծուհուն հիշել հետեւյալ կերպ. «Սուսաննա Մառ: Գեղեցիկ հայուհի, «նիչեւոկների» խմբի անդամ, որոնք հպարտանում էին դատարկությամբ: Հիշում եմ նրա տողերըՙ «От зорь зазорных звон в глазах»: «Նիչեւոկին» ունեցել է երեք տարվա կյանք. 1923 թվականի սկզբին Ռյուրիկ Ռոկը ձերբակալվել է, որից հետո դադարել է խմբի գոյությունը: Ինքըՙ Սուսաննան, այդ խմբում մնացել է երկու տարի, որից դուրս գալովՙ մտել է «Իմաժինիստների օրդեն» խումբ: Բաժանվելով Ռյուրիկիցՙ նա երկրորդ անգամ ամուսնացել է նույնպես բանաստեղծ, գրաքննադատ, արվեստաբան եւ թարգմանիչ Իվան Ակսյոնովի (1884-1935) հետ: Հիշվում է նաեւ, որ Սուսաննայի ամուսինն է եղել նաեւ դերասան Մարկ Էգոն: Ռուս բանաստեղծ, իմաժինիստ Անատոլի Մարիենգոֆի հետ ունեցած սիրավեպը ծնունդ է տվել Մառի միակ բանաստեղծական ժողովածուին (Մառ գրչանվան արմատը նույնպես Մարիենգոֆն է): Այն լույս է տեսել 1922-ին, Մոսկվայում, ձոնված է Մարիենգոֆին եւ վերնագրված է «Աբեմ»: Մասնագետներն այս բառը վերծանում են որպես «Անատոլի Բորիսովիչ Եսենին-Մարիենգոֆ», քանի որ 1920-ականներին Սերգեյ Եսենինը եւ Մարիենգոֆն անբաժան ընկերներ են եղել եւ ճամփորդել են Ռուսաստանի հարավում: Ըստ գրականագետներիՙ իմաժինիզմի ազդեցությամբ գրված այդ բանաստեղծություններում կան տեքստային փոխառություններ Մարիենգոֆից եւ մոտիվներ Ախմատովայից, որոնք ընթերցողին հաճախ էպատաժի (գայթակղալից, գրգռիչ վարք) են ենթարկել դրանցում առկա էրոտիզմի պատճառով: Գրքի ձեւավորողը հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովն էր: Մառի բանաստեղծություններն ընդգրկվել են նաեւ 1924-ին տպագրված «Մեր օրերի պոեզիա» ժողովածուում: Հետագայում Սուսաննան լիովին նվիրվել է թարգմանական գործունեությանը: Ռուսերեն ներկայացրել է անգլիացի բանաստեղծներիՙ Քիփլինգ, Յեթս, Հաուսման, Դելամար, Չեսթերթոն («Նոր անգլիական պոեզիայի անթոլոգիա», 1937), լատիշների («Խորհրդային Լատվիայի բանաստեղծները», 1948), լեհ դասականների (Սլովացկու «Մազեպա», 1952, Միցկեւիչի «Պան Թադեուշը», 1955), շատ է թարգմանել հատկապես լիտվացիներին (Մեժելայտիս, Ներիս, Դեգուտիտե), նաեւՙ մոլդավացի եւ ուզբեկ բանաստեղծների: Հայ բանաստեղծներից նա թարգմանել է Տերյանին: Մասնագետների գնահատմամբՙ Սուսաննա Մառի թարգմանությունները կատարված են անհավանական անփութությամբ եւ նույնքան նրբագեղությամբ, որոնցից, սակայն, վերահրատարակվում են ամենաանհաջողները: Սուսաննա Մառը գրեթե միակ անձն է եղել, որի մասին Նադեժդա Մանդելշտամն իր «Երկրորդ գիրքը» հուշագրքում արտահայտվել է բարեհոգաբար: Ըստ նրա, Սուսաննան «թեթեւամիտ էր եւ վայրի... ոչ մի տեղ չէր գրավում խորհրդային գրականության մեջ եւ չէր վախենում հիմքեր ցնցելուց, ինչպիսին է, օրինակ, Մանդելշտամի բանաստեղծությունները տպագրելը: Նա վաղ մահացավ եւ, ասում են, գրում էր կենդանի եւ իրական բանաստեղծություններ»: Մեկ այլ տեղ էլ գրել է. «Գեորգի Իվանովի եւ Խոդասեւիչիՙ գործնական եւ եռանդուն կանանց իմաստուն տեսության առթիվ ես, Մանդելշտամի ներկայությամբ, պատմեցի Սուսաննա Մառի (Չալխուշյան)ՙ չարաճճի «նիչեւոչկայի» մասին, որն ուներ դասական գեղեցիկ գլուխ եւ մի քիչ կարճ ոտքեր, ինչպիսիք ունենում են հայուհիները: Սուսաննան անդադար դատարկաբանում էր, բայց նրա բարբաջանքը խորհրդավոր կերպով ոչ թե քանդում, այլ ամրապնդում էր մարդկային հարաբերությունները: Նա ինձ ձեռ էր առնում, որ Օսկան (Օսիպ Մանդելշտամը - Ա. Բ.) ինձ փակի տակ է պահում ու ոչ մի տեղ բաց չի թողնում, եւ ինքն էլ (հայտնի չէՙ ի՛նչ հնարքով) համոզում էր չհակաճառել եւ լսել մեծերին: ....Սուսաննան ընտրեց ամենաաղքատ ամուսնունՙ Իվան Ալեքսանդրովիչ Ակսյոնովին, խելոք եւ մաղձոտ մի մարդու, կուբիզմի եւ Շեքսպիրի մասնագետի: Նա երբեք Իվանին չվիրավորեց, իսկ նրանք ապրում էին մի սենյակում, որի առաստաղը փուլ չգալու նպատակով կցմցված էր չորսուներով: Վառվռուն եւ շատախոս Սուսաննան եզակի կանանցից մեկն էրՙ անտարբեր տնարարության եւ բարեկեցության հանդեպ»: Իսկ բանաստեղծուհի Նինա Գրացիանսկայան իր «Իմ կյանքի վիպակը» հուշագրքում նրա մասին գրել է, որ Սուսաննայի հետ իր ընկերությունը եղել է «...բերկրալից հրաշք: Ես արդեն վաղուց նայում էի Սուսաննային, նրա դրվագված հռոմեական կիսադեմին եւ ոսկեգույն-սեւ աչքերին: Երբ նա «Մայակովսկու ոճի» երկար վառ դեղին թավշյա կոֆտայով քայլում էր Սադովայա փողոցով, իրեն սիրահարված պատանիներով շրջապատված, ես պատկառանքով կանգ էի առնում: Եվ ահա նա դարձավ իմ ընկերուհին եւ «հովանավորուհին»: Նա ինձ «մարդամեջ» դուրս բերեց, տանում էր Թատերական արվեստանոցի ներկայացումներին, որտեղ խաղում էր իր ամուսին Մարկ Էգոն: Մենք նրա հետ զբոսնում էինք ծառուղիներով եւ նույնիսկ հաճախում էինք Տրապեզոնցեւի սրճարան-կաթնատունը»: Սուսաննա Մառին հիշատակել է նաեւ Մարինա Ցվետաեւանՙ «Նամակագրության ընթացքում հիշեց եւս երկուսիՙ վրացի իշխանուհուն, գեղեցիկ, ոչ վատ բանաստեղծություններով եւ ոմն Սուսաննայիՙ գեղեցկուհու, առհասարակ, ոչ բանաստեղծություններով»: Սուսաննային ամենից անբարեհաճ կերպով հիշել է մեկ այլ հայտնի գրողՙ Վադիմ Շերշենեւիչը. «Նա անխղճորեն թլվատում էր եւ լիովին մտադիր էր դառնալ իմաժինիստուհի Աննա Ախմատովա»: Իսկ մեր օրերում ռուս գրող Արկադի Մացանովը, որը մանկության տարիներին ապրել է Հայաստանում եւ ունի հայությանը նվիրված ստեղծագործություններ, իր «Նախիջեւանցին» վիպակում հիշել է Սուսաննա Մառին, թե ինչպես նա մի անգամ հյուրերի ներկայությամբ իր «Աբեմ» գրքից կարդացել է Մարիենգոֆին նվիրված բանաստեղծությունը եւ առաջարկել է խմել նրա կենացը: 1938 թվականը ծանր է եղել Սուսաննայի եւ ծնողների համար. ստալինյան ռեժիմը գնդակահարել է Չալխուշյան երեք եղբայրներինՙ Լեւոնին, Սերովբեին եւ Ռուբենին: Հայրը մահացել է հաջորդ տարի, իսկ մայրըՙ ինը տարի անց: Սուսաննան մահացել է 1965-ի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում, աճյունասափորն ամփոփվել է մոր գերեզմանի կողքին, Դոնի Ռոստովի հայկական գերեզմանատանը... Թեեւ ոչ բարձրարվեստ գրական ժառանգությանըՙ Սուսաննա Մառի կերպարըՙ որպես գրական մոդեռն հոսանքներին տրված համարձակ կնոջ, որը սիրավեպեր է ունեցել առնվազն երեք ռուս բանաստեղծների հետ, շարունակում է այսօր էլ հետաքրքրել: 2008-ին Մոսկվայում լույս տեսած «Արծաթե դարի պոեզիա» ժողովածուում 56 այլ հեղինակների կողքին տեղ են գտել նաեւ նրա բանաստեղծությունները, իսկ Համացանցում ռուսական պոեզիայի տարբեր հոսանքների, ռուս բանաստեղծուհիների, անցյալի գունագեղ անհատների վերաբերյալ քննարկումներում հաճախ հիշվում է նաեւ Սուսաննայի անունը... Նկար 1. Սուսաննա Մառ Նկար 2. Սուսաննա Մառը Իվան Ակսյոնովի հետ |