ԻՏԱԼԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՙ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Իտալիան ակնհայտորեն գերակշիռ մաս ունի: Որեւէ ժողովրդի մշակույթը նրա ազգային հիմնինքնությանՙ լեզվի արտահայտության դրսեւորումն է տարբեր ձեւերի մեջ. այդ պատճառով աշխարհում կարեւոր երեւույթ է նկատվում մայրենի լեզվի շաբաթի անցկացումը: 2001 թվականից աշխարհում անց կացվող «Իտալերեն լեզվի շաբաթը» այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 18-ից 24-ը: Հայ-իտալական վաղեմի առնչություններն ու մեր հետաքրքրությունները իտալական մշակութի հանդեպ մեզ անմասն չեն թողնում ողջ աշխարհում նշվող այս իրադարձությունից: «Իտալերեն լեզուն եւ ստեղծագործական առանձնահատկությունները, ապրանքանիշեր, ավանդական հագուստներ, նորաձեւություն եւ դիզայն» խորագրով անցնող իտալերեն լեզվի այս տարվա շաբաթվան նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Երեւանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ վաղուց կապեր են հաստատվել Իտալիայի գեղարվեստի մի քանի ուսումնական հաստատությունների հետ, իսկ վերջին չորս տարիներին բուհում ուսուցանվում է իտալերեն. ուսանողները մեկնում են Իտալիա, ամառային մեկամսյա դասընթացների մասնակցում Պերուջայի մշակույթի եւ լեզվի համալսարանումՙ դեսպանատան կողմից ստանալով կրթաթոշակ: Հայաստանում Իտալիայի դեսպանատնից ստացածՙ «Աշխարհում իտալերեն լեզվի 16-րդ շաբաթը» ծրագրի մասնակցության առաջարկին Գեղարվեստի ակադեմիայի միջազգային կապերի բաժինը արձագանքեց հետաքրքրական ու բովանդակալից միջոցառումներով: «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Սարո Գալենցիՙ արդեն ընթացող ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվեց իտալերեն սովորող ուսանողների աշխատանքների ցուցադրությունՙ իտալական մոտիվների, տրամադրությունների արտահայտություններով: Միջոցառմանը հյուրընկալվել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ներկա էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը: Ողջունելով հյուրերինՙ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցասրահը ներկայացրեցՙ նախեւառաջ որպես ուսանողական աշխատանքների ցուցադրության վայր, դրվատանքով խոսեց իտալերենի եւ այլ օտար լեզուների ուսուցումն ակադեմիական դասընթացներում ընդգրկելու մասին: Անդրադառնալով հայ-իտալական մշակութային կապերինՙ նա ասաց. «Իտալիան, ինչպես աշխարհի թերեւս բոլոր երկրների, այնպես էլ մեր երկրի համար, արվեստի մի հավաքական կենտրոն է, որ ոգեւորության, ներշնչման աղբյուր է հանդիսանում աշխարհի արվեստասեր հանրության եւ մեզ համար մասնավորապես: Իտալական մշակույթը առանձնահատուկ կարեւորություն ունի. նա Վերածննդի հայրենիքն է»: Դեսպան Ջովաննի Ռիչուլլիին գոհունակություն հայտնեց գեղակադեմիայում արվեստի հետ կապված բոլոր առարկաների ուսուցման առիթով, խոսեց իտալերենի եւ իտալական մշակույթի հանդեպ հայաստանյան բուհերի ակտիվ հետաքրքրության մասին: Ըստ վիճակագրության, աշխարհում 2 մլն. երիտասարդ ուսումնասիրում է իտալերեն լեզուն. նրանց մի մասը ճակատագրի անհրաժեշտությամբ է դա անում: Նա նկատի ուներ աշխարհում այսօր լայնորեն տարածված էմիգրացիան, բայց աճում է մշակութային եւ այլ հետաքրքրություններով պայմանավորված իտալերենն ուսումնասիրող երիտասարդների քանակը, ինչպես դա նկատվում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում: Իտալերեն լեզվի դասախոս Անահիտ Մկրյանը ներկայացրեց իտալերենն ուսումնասիրող ուսանողների գործերը, սրահում երկու ուսանողի կողմից հընթացս կատարվող նկարչական աշխատանքը, երբ կտավի ճերմակը աստիճանաբար ծածկվում էր Մուրանոյի հայտնի գույներովՙ դրան մասնակից դարձնելով ներկաներին, դեսպանին, հյուրերին: Ջովաննի Ռիչուլլիի տպավորությամբ, երիտասարդների նկարներում նկատելի է կյանքի հանդեպ ակտիվ վերաբերմունք եւ հետաքրքրություն: Նա տպավորված էր Սարո Գալենցի աշխատանքներովՙ պատկերների ծավալային խորքայնությամբ, դրանց իմաստային շարժերով: Միջոցառման երկրորդ մասում Ֆլորենցիայից հրավիրված արվեստաբան Լեոնարդո Ֆիլաստոն դասախոսություն կարդաց «Իտալական ավանդական հագուստների համառոտ պատմությունը նկարների միջոցով» թեմայով: Անդրադառնալով իտալական միջնադարի եւ Վերածննդի նորաձեւության առանձնահատկություններինՙ հագուստի յուրաքանչյուր դետալ, դրա նկարագրությունը, նշանակությունը, կրելու անհրաժեշտությունը նա ներկայացրեց Վերածննդի իտալացի վարպետների նկարների տպավորիչ օրինակներով (Ռաֆայել Սանտի, Սանդրո Բոտիչչելի, Լեոնարդո դա Վինչի եւ ուրիշներ): Միջոցառման ընթացքում հնչող իտալական երաժշտությունը, ճաշակով ձեւավորված, համեղ հյուրասիրությունըՙ «Կոնգրես» հյուրանոցի «Ռաֆաելլո» ռեստորանի կողմից կազմակերպված, ավելի հյուրընկալ էին դարձնում սրահի մթնոլորտը: Հյուրանոցի ուտեստեղենի եւ խմիչքի մենեջեր Կառլո Բենեֆորտին համառոտ ներկայացրեց իրենց համագործակցությունըՙ ինչպես Իտալիայի դեսպանատան, այնպես էլ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների եւ միջազգային կառույցների հետ: Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությանՙ հինգերորդ եւ հյուրասիրություն կազմակերպելու երկրորդ տարին էՙ Իտալիայի ազգային տոնի եւ «Աշխարհում իտալերեն լեզվի 16-րդ շաբաթվա» առիթներով: Խոհանոցը բազմատեսակ է, հարուստՙ իտալական, նաեւ տարբեր ազգերի կերակրատեսակների ու համերի յուրահատուկ համադրումով. իհարկե եւՙ հայկականի: |