RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 21:11:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2687, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԲԻՍԱԾԻՆ

Հովիկ ԱՖՅԱՆ

Գալիք երկուշաբթի օրը, նոյեմբերի 7-ին, տեղի կունենա մի բան, որը շատերի համար ավելի կարեւոր է, քան այն, որ Շառլ Ազնավուրը Հոլիվուդի ճեմուղու վրա իր անունով աստղ է ստացել: Էջմիածին քաղաքի Իսակով փողոցը կվերանվանվի մի այլ կարգի մեծանուն հայ երգիչՙ Արամ Ասատրյանի անունով: Որոշումն արդեն կա, Էջմիածնի նորընտիր ավագանին իր անդրանիկ նիստում քննարկման է դրել այս հարցը, ընդունել է որոշում, որը ուժի մեջ կմտնի երգչի մահվանից տասը տարի անց: Արամ Ասատրյանն էլ, քանի որ մահացել է 2006-ի նոյեմբերի 7-ին, ուրեմն Էջմիածնի Իսակով փողոցը 2016-ի նոյեմբերի 7-ին կվերանվանվի նրա անունով: Չի բացառվում, որ արձանն էլ դնեն (առանց արձան ի՞նչ փողոց), կամ առնվազն կիսանդրին, պատվանդանին էլ մակագրեն մեծանո՜ւն երգչի` թուրքերից գողացած ստեղծագործություններից ինչ-որ մեկից մի քառատող, օրինակ սաՙ «Հայ եմ ես, հայ ես դու, վախ քո ցավը տանեմ ես», կամ սաՙ «Կապույտ-կապույտ-կապույտ աչերդ, սիրուն աղջիկ, ես եմ քո սերդ...»: Մի խոսքովՙ մակագարության առումով ընտրությունը բազմազան է. Արամ Ասատրյանը բեղուն գրիչ է ունեցել, եւ ամեն օր մի երգ է գրել, օր է եղելՙ մեկի տեղը մի քանի երգ է գրել. երգ գրելուց էլ հեշտ բա՞ն... Ինչեւէ:

Անկեղծ ասած այս պատմության մեջ ինձ համար գոնե կարեւորը ոչ թե այն է, որ Էջմիածինն ունենալու է Ասատրյանի անվան փողոց, իսկ, օրինակ Հոլիվուդըՙ Ազնավուրի անվան աստղ, այլ այն, որ փողոցըՙ Ասատրյանի անվան դարձնելը եղել է Էջմիածին քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ընդունած առաջին որոշումը: Այսինքն, քաղաքում էլ ուրիշ խնդիր չի եղել, էջմիածնեցիք, ինչպես բոլորիս է հայտնի, ընտիր ապրում են, անգամՙ ճոխ, ոչ մի բանի, մանավանդ աշխատատեղերի, աշխատավարձի, առհասարակՙ ապրուստի, տուն-տեղի, կամ էլ ենթադրենքՙ աղբահանության, քաղաքն իսկապես հոգեւոր կենտրոն դարձնելու առումով որեւէ խնդիր չունեն, երկնքի սրբերի պեսՙ արդար եւ երկրի սրբերի պես հարուստ միջավայրում ապրում են, իրենք էլՙ սուրբ են եւ մնում էր միայն մեծանուն, Ասատրյանի անվան փողոց էլ ունենային եւ վերջ. կատարյալ երջանկություն. վախ քո ցավը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես...

Լավ, այդ ավագանու մեջ մեկը չի եղե՞լ, որ ասի, տղերք, նույնիսկՙ տիկնայք, այս ի՞նչ եք անում, եւ որն ավելի ցավալի էՙ այս ինչ ենք անում: Հասկացանք, Արամ Ասատրյանը մեր քաղաքի տղա է, երգել է, անգամ երգեր գրել է, շատերը սիրում են, շատերըՙ շատերին կարող են սիրել, բայց ախր Էջմիածինն ուրիշ քաղաք է, այնտեղ լիքը խնդիրներ կան, ընդ որումՙ հեշտ լուծելի: Սա կաթողիկոսանիստ քաղաք է, ի՞նչ Ասատրյան, այ ձեր ցավը տանեմ ես, Սուրբ Սարգիս ես կգնամ, երկու հատ մոմ կվառեմ ես:

Փաստորեն նման մի հոգի չի եղել, ու խնդիրը, կարեւորը դա է, դա ավելի մեծ խնդիր է եւ ավելի կարեւոր է, քան այն, որ նոյեմբերի 7-ին էջմիածնեցիք եւ քաղաքի հյուրերը, այդ թվումՙ օտարերկրացի, քայլելու են ոչ թե Իսակովի, այլՙ Արամ Ասատրյանի փողոցով:

Անվանափոխության հարցերը սերունդները կլուծեն, երեւի, ճիշտ այնպես, ինչպես մեր սերունդը լուծում է ծովակալ Իսակովի հարցերըՙ դարձնելով Ասատրյան, այնպես էլ հաջորդները, գուցե, լուծեն Ասատրյանի հարցերըՙ դարձնելով փողոցը Սերյոգ Էջմիածինսկու անվան: Ի դեպ ճանաչո՞ւմ եք, ո՞նց, Արամ Ասարյանին ճանաչում եք, Սերյոգին չեք ճանաչո՞ւմ: Նոր է վերադարձել Ռուսաստանից, այնտեղ երգել էՙ ռեստորաններում, այստեղ բեմերում է ուզում երգել, լավ էլ երգում է, անգամ կիթառ է նվագում, հաշվի առեք, Էջմիածնում էլի փողոցներ կան, չէ՞:

Ծիծաղում եք, բայց Բոբ Դիլանին Նոբելյան հանձնաժողովն այս տարի Գրականության ոլորտում մրցանակ է տվելՙ «ամերիկյան գրականությանՙ պոեզիայի մեջ նորարարությունների համար», եթե ճիշտ եմ հիշում: Է, մեր Ասատրյանն էլ հայ գրականությանՙ պոեզիայի մեջ է նորարարություններ արել, իր անվան փողոց էլ ունի, արձան էլ կունենա շուտով, կիսանդրի ունի, ես անձամբ տեսել եմ: Ինքն էլ չկա, որդունՙ Արտաշին, կարող եք հանձնել Նոբելը, հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես... Ի դեպ, երբ Արտաշ Արամի Ասատրյանին ասել են, թե ի՞նչ է մտածում, ճի՞շտ է, որ իր հորը դրել են նույն հարթության մեջ, ինչ Շառլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին եւ էլի շատ մեծերի, մի քիչ մտածել է ու պատասխանել, որ իր գուսան հայրը, ով 700 երգի հեղինակ է, որոնցից 400-ը հիթ են, վերոհիշյալներին ոչ մի բանով չի զիջում...

Իրականումՙ հազար ողորմի Արամ Ասատրյանին էլ, Արամ Խաչատրյանին էլ,...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ