ՍՊԻՏԱԿ ԹՂԹԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Փարիզաբնակ հայ նկարչուհուՙ Ասիլվայի երեւանյան վերջին ցուցահանդեսըՙ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, փակեց էջերը: Նախընթաց տարիներին ազգային պատկերասրահում եւ Նկարիչների միության սրահում անհատական ցուցահանդեսներից նրա ոճին արդեն ծանոթ երեւանցի արվեստասերը, այս անգամ եւս պատկերագունային ներդաշնակ ու խնամքոտ գեղեցկության հանդիպեց: Նախորդ ցուցահանդեսներից մեկում նկարչուհին նորույթ էր մատուցելՙ նկարների դիտումն ուղեկցելով դրանց դիմաց տեղադրված խոշոր հայելիների միջոցով, որոնց անդրադարձումները իլյուզիայի, խաղի պատրանք էին ստեղծում: Ասիլվան իր գաղափարների, խոհերի արտահայտման ձեւ ընտրել է երկրաչափական պատկերները, նկարչական այս ոճըՙ ուղղանկյուն կամ քառակուսի պատկերներից կառուցված, գույնից զգացողական վիճակներ առնելովՙ կյանքային տպավորությունների յուրօրինակ անդրադարձումներ են. առաջին հայացքից աբստրակտ, այսպես ասած, մտքին դեռ չբացված նկարները, շատ չանցած խոսում են արդեն: Գույնի ընտրության մեջ հեղինակը համարձակ է, նա կողք-կողքի դնում է ամեաակտիվ գույներՙ վառ կարմիրը, կապույտը, դեղինը, կանաչը, որոնց ուղղակիորեն հարաբերակցելը միմյանց, թվում է «անհանգիստ», լարված մթնոլորտ պիտի որ ստեղծեն, մինչդեռ ճիշտ հակառակըՙ սրահը գույնի ներդաշնակության մեջ է: Գտնված են եւ մի առանձին հմայք են հաղորդում հատկապես մոխրագույնի փափուկ երանգները, իսկ արծաթափայլի ուղեկցումը մի տեսակ տոնականություն է հաղորդում կտավներին: Երբ հարցնում ես, թե ինչպես է հաջողվել երկրաչափական «պասիվ» պատկերների եւ գունային ակտիվ տոների հարաբերակցումը դարձնել այսքան մեղմ, նա ժպտում է, ասում է, թե ոսկե հատումի օրենքով է նկարում: Ապա նկարագրում, բացատրում էՙ ինչ է ընկած դրա հիմքում, որ այն առաջին անգամ կիրառվել է Քեոփսի բուրգի շինարարության ժամանակ, ավելի ուշ անցել է իտալական վերածննդի մեջ. միջնադարի տաճարաշինության հիմքում ընկած է եղել այդ հաշվարկը, որի գաղտնիքը գծի հարմոնիկ կետը գտնելն է: «Իմ գեղանկարչությունը հիմնված է ոսկե հատման մաթեմատիկական կանոնների վրա: Ես աշխատում եմ, որպեսզի յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր ձեւ, յուրաքանչյուր գույն միմյանց միջեւ գտնեն ներդաշնակությունՙ տեսողական հաճույք պատճառելու նպատակով: Ոսկե հատման կիրառումը իմ արվեստում ինձ վստահեցնում է, առաջնորդում իմ ներշնչանքները», - կարդում ենք ցուցահանդեսի առիթով տպագրված կատալոգի էջերում: Նրա նկարներից յուրաքանչյուրն ունի պատմություն: Դիմացի պատին մյուսներից բավական տարբերվող «Հայերը» գործը մեր ժողովրդի երկփեղկված ճակատագրի դրամատիկ վիճակի արտացոլումն է. սեւի գունային բաժանումըՙ Հայաստան եւ Սփյուռք զույգ գոյություներիՙ որպես հետեւանք 1915-ի ցեղասպանության, չնայած անցած ճանապարհի դժվարագույն, անասելի վիճակների, ներկայացված է հույսի միասնական գունապնակում, ետեւի դեղինըՙ արեւի, հուսադրող ապագայի ակնարկ է: Այս կոմպոզիցիան նախապես մտահղացվել էր որպես քանդակ: Ասիլվան քանդակագործ է նաեւ, փորագրող եւ ինստալյացիոն աշխատանքներ է անում: Քանդակը մետաղից էր նախատեսված, փայլաթիթեղների արծաթավունը մտածված էրՙ լույսի ազդեցությամբ առավել փայլ ստանալու համար: Մի քանի մակետներ արդեն արվել էին, սակայն իրագործումը չի հաջողվել: Ասում էՙ տունը Փարիզում վաճառել է, որ այդ գումարով քանդակն անի, սակայն արգելքների է հանդիպել. մտահղացումն իրագործել է նկարի տեսքով: Մեկ այլ աշխատանքՙ չնայած դրամատիկ բնույթին, աչքի է ընկնում գունային առավել պարզ մթնոլորտով: «Սպիտակ էջեր», Պատմական պղծուն էջեր, այսպես են խորագրված կտավներից երկուսը.- կիսաճերմակ, թույլ մոխրավուն, խոնարհված թղթերի արանքումՙ շարժում կա, գաղտնիք: «Մեր չգրված էջերի պատմությունն է, աղտոտված էջեր ալ կան», ասում է: «Ես Պոլիս ծնած եմ, հետո Իտալիա գացած եմ, անկե վերջըՙ Փարիզ: Միշտ կյանքս փոխված է, մեկ տեղ չեմ մնար: Այս էջերուն պես կդարձնեմ կյանքս, ամեն օր նոր էջ կդարձնեմ: Իմ նկարներս ալ այդպես են», հետո ավելացնում է. «Դիտողին երջանկություն տալու համար կգծեմ: Կյանքը արդեն նեղություններով լեցուն է, գոնե մի քիչ ուրախություն կրնամ տալ իմին շարժումներովս»: Աբստրակցիանՙ որպես նախընտրած ուղղություն եւ ճարտարապետական կանոնիկ, շարժուն ոճը Ասիլվային տալիս են ազատ մանեւրելու հնարավորություն. պատկերային սիմվոլները խոսուն են, հաճախ կարելի է թեմատիկ, սյուժետիկ գիծ տեսնել նկարներում. ահավասիկՙ «Նրանք ընկան» գործը, որ 90 - ականների կացնահարված ծառերի ճիչն է: «Բաժանում», «Համբույր», «Հույս», «Երախտագիտություն» կտավներում մարդկային հարաբերությունների, զգացումների վերարտահայտումները, վերապրումներըՙ չնայած թաքցված, բայց բացվում են նրբորեն, երբ հայացքը ներս ես ուղղում: Ազգային, հայկական թեմաներով արված գործերում եռագույնի եւ Արարատի ներկայությունը խորհրդանիշ չէ զուտ, այլեւ բովանդակության կարեւոր մաս: Արարատըՙ նկարներում կիրառվող ուղղանկյուն - քառանկյուն հիմնական ձեւերից տարբեր է, ներդաշնակված սակայն ընդհանուր ոճին: Փոքր չափսի այս մեկ «Արարատը» հետաքրքրական պատմություն ունի. դպրոցական շենքի շինարարության համար: Փարիզի Դպրոցասիրաց ընկերությունից դիմել եմ իրենՙ նկարներ ստալու: Մի շարք գործերի հետ Արարատն էլ է տվել: Երբ ավելի մեծ չափսի նկար են ուզել, ասել էՙ «Աս մեկը ավելի շատ դրամ պիտի բերե: Երեկոյան տղաս տուն եկավ, տեսավ նկարը չկա, հարցուցՙ ու՞ր է Արարատը: Պատմեցի: «Ես կուզեմ ունենալ», ըսավ: Աճուրդի գացիք: Կարգը եկավ աս պուճուրիկին: Գին մը ըսին: Տղաս ավելցուց, ուրիշ մեկն ալ ավելցուց: Տղաս նորեն ավելցուց, անՙ ալ: Գինը վեր ելավ, վեր ելավ, մինչեւ մյուս մարդը ձգեց, գնաց: Տղաս վերցուց, աս ձեւով գոնե օգտակար եղանք, որոշ գումար մը գնաց դպրոցին»: Նկարչուհու հայացքը Արարատինՙ Խոր Վիրապից է, փոքր է վանքը, հեռվում է, բայց հայտնի էՙ Արարատը ամենախորհրդավոր ու ազդեցիկ Խոր Վիրապի բարձունքից է երեւում... Նկարչական այս աշխարհի մեջ գույնը սիրո հետ է շաղախվածՙ թեթեւություն եւ ուրախություն տարածող. այդպիսին են նրա գույներըՙ ճերմակը, մոխրագույնի բազմաթրթիռները, անգամ սեւը, որ այնքան էլ սեւ չէ («Նայվածք 4», «Սեւ քառակուսի»), իսկ կանաչն այստեղ ավելի կանաչ է... Հ. Գ. Ասիլվան «ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ» ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարը, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ, ՄԱԿ-ի ազգերի գիտության եւ մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկեր: Ռեմբրանտի եւ Սորայի ստեղծագործությունների վերաբերյալ նրա ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում: Ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներումՙ Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Հայաստան, Դանիա, Չինաստան, Թայվան, Ճապոնիա, Իսրայել, Միացյալ Նահանգներ, նրա աշխատանքներից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի թանգարաններում եւ պատկերասրահներում, անձնական հավաքածուներում: Նկար 1. Սպիտակ էջեր |