RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 21:51:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2391, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԵՌՈՒՍՏԱԱՍՏՂԻ ՄԵԿՆՈՒՄԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մայք Քանըրզ (1925-2017)

Հունվարի 26-ին Թարզանայում (Լոս Անջելես) 91 տարեկան հասակում մահացավ ամերիկյան կինոյի եւ հեռատեսիլի հայազգի դեմքերից մեկըՙ ժամանակին մեծ համբավ վայելած դերասան Մայք Քանըրզը: Նա հռչակվել էր հատկապես «Մենիքս» հեռուստատեսային ֆիլմաշարի գլխավոր հերոսի դերակատարմամբ: Այս հեռուստասերիալը ցուցադրվել է աշխարհի ավելի քան ութսուն երկրներում, իսկ Քանըրզը որպես լավագույն դերասան պարգեւատրվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակով...

Ֆրեզնո հայաշատ քաղաքում 1925-ին աշխարհ եկած Գրիգոր Օհանյանըՙ ապագա Մայք Քանըրզը, հիրավի բախտավոր աստղի տակ է ծնվել: Դերասանի հայրըՙ իրավաբան Գրիգոր Օհանյան ավագը, եղել է Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, աշխատակցել հայ մամուլին: Նրա կինըՙ Ալիս Օհանյանը (Սուրապյան), աշխարհ է բերել չորս զավակ: Օհանյանների տան բարեկամներից է եղել Ուիլյամ Սարոյանը, որին երեխաները «Արամ քեռի» են անվանել: Սարոյանը գրել է «Ես ձեզ կասեմ, թե ով է Ջո Մենիքսը» նովելը այն մասին, թե ինչպես է մի անգամ փաստաբան Գրիգոր Օհանյանը շահել այգեպան Մկրտչյանի դեմ օտարների բաց արած դատը: Սարոյանը գրել է նաեւ «Ժպտերես զավակը» պատմվածքը Մայք Քանըրզի մասին...

Ապագա դերասանը մանկուց պարապել է ծանրամարտ, բասկետբոլ, բեյսբոլ, ֆուտբոլ, դահուկավազք, թեթեւ աթլետիկա, լող, գոլֆ, թենիս, սովորել ինքնաթիռ եւ ինքնաշարժ վարել: Հետագայում ճարպիկ եւ քաջառողջ մարզիկը դերասանական ասպարեզում միշտ ինքն է կատարել վտանգավոր հնարքներըՙ երբեք չդիմելով կրկնորդի: Հետեւելով հորըՙ Գրիգոր Օհանյանն ուսանել է Լոս Անջելեսի համալսարանի իրավաբանական բաժնում: Կատարել է տարբեր աշխատանքներՙ աշխատել իրավաբանական դպրոցում որպես փաստաբան, զբաղվել առեւտրով, պատերազմի ժամանակ ծառայել է օդուժում: Միաժամանակ ուսանել է Լոս Անջելեսի համալսարանի թատերարվեստի բաժնումՙ «Փասադենա փլեյհաուզ» թատրոնում հանդես գալով «առաջին սիրահարի» դերով: Մի անգամ համալսարանի բասկետբոլի խաղին ներկա է եղել կինոբեմադրիչ Վիլյամ Վելմանը, որը նկարահանվելու համաձայնագիր է կնքել թիմի լավագույն խաղացողիՙ Գրիգոր Օհանյանի հետ:

Ճակատագիրը նրա հանդեպ եղել է բարեհաճ, իսկ բնությունըՙ շռայլ: Մեկ մետր 91 սանտիմետր հասակով, մկանուտ, գեղադեմ այս հայորդին, որը, լրագրողներից մեկի բնորոշմամբ, այլոց կարող է բարդույթավորել, տասնամյակներ շարունակ եղել է բազմահազար աղջիկների ու կանանց կուռքը: Նախապես Թաչ Քանըրզ անունը որդեգրած դերասանի առաջին կինոդերը Քիրնին էրՙ Դեյվիդ Միլերի «Հանկարծակի վախ» շարժանկարում (1952), որի համար արժանացել է մրցանակի: Եվ այդ օրվանից ի վեր, ընդհուպ 2007 թվականը, Մայք Քանըրզը նկարահանվել է 109 կինո եւ հեռուստաֆիլմերում: Նրա մասնակցությամբ նկարահանված լավագույն շարժանկարներն են Փոլ Հենրիդի «Ապրել արագ, մեռնել երիտասարդ» (1958), Սեսիլ Բ. դե Միլի «Տասը պատվիրանները» (1957), Էդուարդ Դմիթրիքի «Ուր արդեն սեր չկա» (1964), Դեյվիդ Սվիֆթի «Լավ հարեւան Սեմը» (1964), Գորդոն Դուգլասի «Հարլոու» (1965) եւ «Բեմահարթակի մարզիչը» (1966), Գոթֆրիդ Ռեյնհարդի «Դրությունն անհույս է, բայց ոչ լուրջ» (1965), Հենրի Լեւինի «Համբուրիր աղջիկներին, ու թող հետո մեռնեն» (1966), Մարկ Ռոբսոնի «Ավալանշ ճեպընթացը» (1979) եւ այլն:

Այն հարցին, թե ծնողները քաջալերե՞լ են իրեն դերասանական ասպարեզում, Քանըրզը քմծիծաղով ասել է. «Քաջալերե՞լ: Ավանդական հայկական ընտանիքո՞ւմ: Մենքՙ հայերս, շատ զգացական եւ դրամատիկ ժողովուրդ ենք, բայց հակառակ դրան, չլսված բան էՙ հայ մանուկի համար դերասանական ուղին ընտրելը»: Մեկ այլ առիթով էլ ասել է. «Ոչ մի իրական բանաձեւ չկա դերասան լինելու համար: Գլխավորը պատրաստ լինելն է: Պարզապես մնալով նկարահանման խցիկի առջեւՙ չես կարող խաղալ: Պետք է, որ կերպարդ լինես, մտքումդ հստակորեն գիտակցես, որ ամեն ինչից ավելի սա՛ ես ուզում, ջանաս աշխատել դրա համար ու բնավ չհուսալքվես»:

1959-ին մուտք գործելով հեռատեսիլՙ Մայք Քանըրզը մեկ տարի խաղացել է «Ձգված պարան» շարքում: Նրա մեծագույն հաջողությունը, ինչպես նշվեց, Ջո Մենիքսի դերակատարումն էր «Մենիքս» արկածային հեռուստաշարքում, որը ներկայացրել է 1967-1975 թթ.ՙ դառնալով տիրական դեմք Ամերիկայում եւ միլիոնատեր: Մենիքսը գաղտնի ոստիկանության խիզախ խուզարկու է, վավերական գերմարդ, ժամանակակից ասպետ, իսկական հերոս, որն ունեցել է բոլոր տվյալներըՙ գեղեցկություն, ուժ եւ ուշիմություն: Բացի այդ, Քանըրզը նրան օժտել է ազգային որոշակի նկարագրովՙ հայությամբ: Շարքի դրվագներից մեկում Ջո Մենիքսը դաշտում զրուցում է ներգաղթածների հետ, որոնց հայերեն ասում է. «Ես ալ հայ եմ...»: Մենիքսի դերը նա կատարել է նաեւ երկու այլ հեռուստաշարքերումՙ «Ահա Լյուսին» (168) եւ «Ախտորոշումըՙ սպանություն» (1993): Քանըրզի դերակատարումներին կարելի է հանդիպել նաեւ «Բարձր կեսգիշեր» (1970), «Մուրա, փոխ առ կամ... գողացիր» (1973), «Վրեժ բռնաբարության համար» (1976), «Օշըն Վյու Փարքի մահը» (1979), «Կազինո» (1980), «Այսօրվա ՀՖՍ-ն» (1981-1982), «Դարի հանցագործությունները» (1989), «Պատերազմ եւ հիշողություններ» 1988) եւ այլ հեռուստատեսային ֆիլմերում ու շարքերում:

Մայք Քանըրզը 1971-ին հռչակվել է տարվա լավագույն հեռուստատեսային դերասան: Իր կարիերայի ընթացքում պարգեւատրվել է երեք «Էմմի» մրցանակով: Ժամանակ է եղել, երբ իր երկրպագուներից օրական մինչեւ 50 նամակ է ստացել: Իսկ երբ այցելել է Պուերտո Ռիկոՙ նրան ծափողջույններով դիմավորողների թիվը եղել է... 50 հազար հոգի:

Փառքը եւ հարստությունն այդպես էլ չեն շփացրել Քանըրզին: Գեղադեմ հսկայի ներկայությունը նկարահանման հրապարակում մշտապես հաճելի մթնոլորտ է ստեղծել, նա միշտ էլ ժամանակ է գտելՙ օգնելու նյարդային սկսնակներին: Քանըրզը սիրել է զբաղվել լողով, գոլֆով, որսորդությամբ, այգեգործությամբ (հատկապես խաղողաքաղով), ավտոմեքենաներով եւ... հյուսքով («Միայն հյուսելն է հանգստացնում նյարդերս»,- խոստովանել է նա): 1974-ին նա ոսկու հանք է գնել Քալիֆորնիայումՙ դառնալով աշխարհում իր ժամանակվա միակ ոսկու հանքատեր դերասանը:

Մեզ համար առավել հետաքրքրական է այն, որ այս նշանավոր դերասանի նկարագրում, թե՛ կյանքում եւ թե՛ արվեստում, էական տեղ է գրավել հայկական ինքնությունը: Մի քանի ֆիլմում նա խոսել է հայերեն, հնչեցրել հայկական երաժշտություն: «Օհանյան» կամ «Մարդասպանը, որը չէր մեռնում» հեռուստաշարքում (1976) մարմնավորել է նախկին ոստիկան Կառլ Օհանյանին (Արայի դերումՙ Գրեգուար Ասլան), իսկ «Արմեն եւ Բուլիկ» դետեկտիվումՙ լեյտենանտ Ջո Արմենին: Չլինելով երգիչՙ 1989 թ. Քանըրզը մասնակցել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի անգլերեն տարբերակի կատարմանը: Սահուն խոսել է հայոց լեզվով, որպես խոսնակ հանդես է եկել «Հայկական հարցը», «Կոչ Արարատին», «Մոռացված եղեռնը», «Հայաստանՙ դառն ու քաղցր ազատություն» եւ այլ վավերագրական կինոնկարներում: 1976-ի մայիսի 30-ին Լոս Անջելեսի հայերը կազմակերպել են Քանըրզի մեծարման երեկո, որին ներկա են եղել Քալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը: Հանդիսության ժամանակ Քանըրզին է հանձնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության հուշամեդալը: 1986-ին Ջորջ Դոքմեջյանը Քանըրզին նշանակել է նահանգի կինոարվեստի խորհրդի անդամ...

Վերջին տաս տարում Մայք Քանըրզի անունն այլեւս չէր երեւում լուրերում: Նա հայտնի էր որպես չափազանց փակ անձնավորություն... Կինոդերասանը կյանքից հեռացավՙ թողնելով 66 տարվա իր կյանքի ընկերուհունՙ Մերի Լու Քանըրզին (Ուիլի) եւ երկու զավակներինՙ Մեթյու Գուներ Օհանյանին եւ Դանա Լի Քանըրզին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ