RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2641, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՐԶԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹ»

Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ

Այսպես պատկերավոր բնորոշեց օրերս մեկնարկած ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը նախարար Արմեն Ամիրյանը: Նա եւ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանն այս շաբաթ ստորագրեցին համագործակցության Հուշագիր, որով հիմնադրամը 73 մլն դրամ կհատկացնի հիշյալ ծրագրինՙ դառնալով դրա գլխավոր հովանավորը:

Դժվար է գերագնահատել սույն բազմաբաղադրիչ ծրագրի նշանակությունը մեր մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու առումով: Դրա համաձայն, ընթացիկ տարում անխտիր մեր բոլոր մարզերում եւ Արցախ աշխարհում թվով 426 մշակութային այցելություններ կկատարեն պետական բոլոր երաժշտախմբերն ու համույթներըՙ դասական, ժողովրդական, ազգագրական եւ այլն: Այսպես. Կոմիտասի անվան լարային քառյակն արդեն հասցրել է 2 համերգով հանդես գալ Արտաշատում եւ Վեդիում, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլըՙ Փարաքարի Մշակույթի տանը, իսկ «Ակունք» ազգագրական պետական համույթըՙ Էջմիածնում: Երաժշտական ու արվեստի դպրոցներում կայանալիք ելույթները կոչված են նպաստելու տեղի աշակերտության գեղագիտական դաստիարակությանն ու նորահաս սերնդի մոտ բարձր ճաշակի ձեւավորմանը:

«Մշակութային ինտերվենցիայի» մաս կկազմեն նաեւ մեր թատրոններըՙ ներառյալ Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը: Որպես մշակութային հարթակներ կծառայեն գյուղական բնակավայրերի մշակույթի տներն ու առկա բոլոր հարմարությունները: Նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, իր նախադեպը չունեցող այս ծրագրի անցկացումը թույլ կտա «հաշվառել մեր ունեցած մշակութային հարթակները, տեղերում գնահատել մարդկային գեղարվեստական ներուժը եւ հետագայում ճիշտ կազմակերպել նախարարության օժանդակությունը»: Նշվածներն, անտարակույս, խիստ կարեւոր գործոններ են մշակութային թիրախային քաղաքականություն ծավալելիս:

Մարզային արվեստասերն անմասն չի մնա նաեւ կինոցուցադրություններից, որոնք շուրջ 200-ն են լինելու եւ իրականացվելու են «Փյունիկ» հիմնադրամի տրամադրելիք շարժական կինոթատրոններով: Խոստացվում է այս ծիրում ընդգրկել նաեւ շրջիկ ցուցահանդեսներ: Ընդհանուր առմամբ, մշակութային միջոցառումների թիվը հատելու է 600-ի սահմանը, որն, այո՛, գեղարվեստական պատշաճ միջավայր է կազմավորելու եւ որակական պատկեր փոխելու:

Անշուշտ, անչափելի ու անկշռելի է լինելու այն հետագիծը, որն իր ետեւից թողնելու է «Մշակութային կանգառ» ծրագիրը: Վերջինս, ի թիվս շատերի, ոգեւորել էր նաեւ մշակութասեր բարերարին: Գաբրիել Չեմբերջյանը սիրով է ստանձնել հովանավորչությունը, քանի որ դրանում «սրտին խոսող» բան է նկատել:

Կարծում ենք, որ համարժեք արձագանքը չի ուշանա նաեւ մարզերում, որոնց բնակիչներն ամենատարբեր պատճառներով, իրոք, հեռացել են արվեստից: Մշակութային այս հզոր արշավը կնպաստի նաեւ համայնքներում մշակութային միջոցառումներ կազմակերպելու ենթակառուցվածքների ստեղծմանը: Այսպես. ներկա պայմաններում կարծես մոռացվել է տոմս գնելու մշակույթը: Այս անգամ, խորհրդանշական գին է սահմանվելՙ 300 դրամ, որպեսզի արվածը չհամարվի բարեգործություն եւ այցելուն սիրահոժար հաճախի իր նախասիրած միջոցառմանը: Դրանց ձեռք բերումը յուրատեսակ ցուցիչ կլինի նաեւ տեղական արձագանքները ճշգրտելու առումով:

Հուշագիրն ստորագրված է: Մեզ մնում է «Մշակութային կանգառ»ին անկանգ ընթացք ու բարի երթ մաղթել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ