ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Հողմով մեղանաց իմոց... ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ
Եղիշե Չարենցի «Requiem aeternam Կոմիտասի հիշատակին» երկը առանձնակի երեւույթ է ոչ միայն Չարենցի գրական ժառանգության, այլեւ նորագույն ժամանակների հայ գրականության մեջ ընդհանրապես եւ հարկ է երբեւիցե այն ենթարկել մանրակրկիտ եւ հանգամանալից քննության: Չարենցի այս երկը պոեմ են համարում: Թերեւս: Ես էլ եմ այն պոեմ անվանելու: Իրականում այն պատարագ է, հոգեհանգստի բանաստեղծական ծավալուն խոսք, մանավանդ որ հեղինակը այն խորագրել է «Requiem aeternam» («Հավերժական հանգիստ»), ասել է, թե կաթոլիկական պատարագային աղոթքի առաջին բառերովՙ «Requiem aeternam dona eis, Domine, et lux perpetum luceat eis» («Հավերժական հանգիստ տուր նրանց, Տեր, եւ թող մշտական լույս իջնի նրանց վրա»): Պոեմի ամբողջական քննական բնագիրը հրատարակվել է Անահիտ Չարենցի կազմած եւ խմբագրած «Անտիպ եւ չհավաքված երկեր» (Երեւան, 1983) փառահեղ հատորում (էջ 305-344): Անահիտ Չարենցը այս հրապարակումը օժտել է հմուտ եւ բովանդակալից բնագրագիտական ուսումնասիրությամբ եւ անհրաժեշտ ծանոթագրություններով: Բանաստեղծը պոեմը գրել է երկարՙ «30.V.1936-30.XI.1936», ստեղծել է մի քանի տարբերակ: Արագագիր եւ սրընթաց Չարենցը այս երկը գրել է յոթ ամիսՙ անվերջ հղկելով ու մշակելով այն: Եվ արդեն միայն այս հանգամանքը պետք է գրավի մեր ուշադրությունը, պետք է համոզի մեզ, թե որքան կարեւոր եւ նշանակալից է եղել այն Չարենցի կյանքում եւ մանավանդ 1936 թվականինՙ բանաստեղծի կյանքի թերեւս ամենաողբերգական տարում: Յոթ ամիս շարունակ Չարենցը ապրել է իր պատարագի սրբազան եւ զգայացունց մթնոլորտում: Եվ բնական է, որ այդ ծավալուն բնագրում (141 ութնյակ, 1128 տող) ամենայն խորությամբ ու ծանրածանր թանձրությամբ, իբրեւ ստորջրյա հոսանք, արձանագրվել է նաեւ իրՙ Եղիշե Չարենցի անձնական-անհատական դրաման: 1936 թվականը Չարենցի կյանքում եղել է ծանրագույն տարի: Բանաստեղծի այդ տարին, այսինքն` այդ տարվա կյանքը, գործը, ժամանակը մանրամասն եւ հանգամանալից, հիմնավոր ու փաստարկված ներկայացնելու համար կպահանջվեր մեծ ծավալ եւ հսկա տարածություն: Ովքեր լավ ծանոթ են գոնե Անահիտ Չարենցի կազմած եւ հրապարակած «Անտիպ եւ չհավաքված երկեր» հատորին, ինչպես նաեւ Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի հրապարակած «Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի» (Երեւան, 1997) ժողովածուի նյութերին, մանավանդ այն նյութերին, որոնք վերաբերում են 1936 թվականին, կարծում եմ, հստակ պատկերացում կունենան բանաստեղծի հոգեվիճակի, իր շուրջը ստեղծված անբարենպաստ ու անբարյացակամ մթնոլորտի, գրական միջակությունների եւ ոչնչությունների ստեղծած թունավոր ու թշնամական վերաբերմունքի եւ դրա ողբերգական ու ճակատագրական հետեւանքների մասին: Ժամանակակիցները (Ռուբեն Զարյան եւ ուրիշներ) վկայում են, որ Կոմիտաս վարդապետի աճյունին վերջին հրաժեշտը տալու եկած Չարենցը հիվանդ էր, գունատ, ճնշված ու ընկճված: Պոեմում ինքն իր մասին ասում է «բեկված», ասել է, թե` կոտրված, ասել է, թե` հոգեպես ջախջախված ու ոչնչացած: Ըստ ամենայնի, բանաստեղծն այդ հոգեվիճակում է եղել ամբողջ տարվա ընթացքում: Իհարկե, նաեւ հետո, իր վերջին տարում, 1937 թվականին: Եվ այսպես ուրեմն, միայնակ ու մենակ, մերժված ու լքված անգամ երեկվա ընկերներից, մտերիմներից ու բարեկամներից, հուսահատ ու անօգնական բանաստեղծը 1936 թվականի մայիսի 30-ին սկսում է «Կոմիտասի հիշատակին» պոեմը եւ ուղղակի սուզվում-մխրճվում է Կոմիտաս վարդապետի ճակատագրի ողբերգության խորքերըՙ Կոմիտաս վարդապետի վերադարձը ընդունելով իբրեւ փրկարար լույսի շող իր մռայլ ու դաժան իրականության մեջ: Պոեմի գրության առիթը Կոմիտաս վարդապետի աճյունի փոխադրումն է Փարիզից Երեւան 1936 թվականի մայիսի վերջին օրերին, համաժողովրդական հրաժեշտը Երեւանում եւ հուղարկավորությունը այսօր իր անունը կրող զբոսայգում: Բայց Չարենցի համար դա այն առիթն է, որ պատճառ արժի: Պոեմը բովանդակային երկու հիմնական գիծ, երկու հիմնական թեմա ունի` վերադարձ եւ ճանաչում: Կոմիտաս վարդապետը վերադառնում է «հայրենի հող»: Պոեմի նախնական վերնագրի քանի տարբերակներում եւ պոեմի ամբողջ ընթացքում կրկնվում-հոլովվում է «վերադարձ» բառը. ուրեմն, ըստ էության, սա, նախ, վերադարձի պոեմ է, պոեմ դարձի ու վերադարձի մասին: Կոմիտաս վարդապետի վերադարձը առթում է մի ուրիշ վերադարձ, բայց սա բոլորովին այլ վերադարձ է, իրՙ բանաստեղծի վերադարձը: Խոսքը Եղիշե Չարենցի դարձի ու վերադարձի մասին է: Կոմիտաս վարդապետը վերադառնում է իբրեւ հայ ժողովրդի ողբերգության եւ ճակատագրի մարմնացում: Չարենցի պոեմում նա վերադառնում է նաեւ իբրեւ հայ ազգային մշակույթի եւ արվեստի, հայ ազգային էության բարձր գիտակցություն, ինչը սովետահայ իրականությունից դուրս էր մղված ռեժիմի եւ մանավանդ կատաղի լենինյան ու ավելի կատաղի ստալինական Նաիրի Զարյանի եւ իր գիշատիչ ոհմակիՙ զանազան հրաչյաքոչարների, արտաշեսոսկերչյանների, հովիկմելիքյանների, սուրենվահունիների եւ այլ միջակությունների ու գրական ոչնչությունների համառ ջանքերով: Չարենցը դարձի իր այս ճանապարհին կանգնել էր դեռեւս 1933 թվականին եւ մատնանշել-ընդգծել էր դա իր նշանավոր պոեմի խորագրով` «Դեպի լյառը Մասիս», դեպի «լյառը հերոսության», դեպի խորապես ազգային էությունն ու գիտակցությունը, դեպի բարձունքը Ոգու: Ակներեւ ու ակնհայտ է, որ «Դեպի լյառը Մասիս» պոեմում Աբովյանի կերպարը նախ եւ առաջ իրՙ Չարենցի կերպարի այլացումն է, Չարենցի էության ու նկարագրի փոխաբերություն-այլաբանությունը: Խաչատուր Աբովյանին համակած հուսահատ ու սարսափելի կասկածները իրՙ Չարենցի կասկածներն են իր անցած գրական ուղու, արժեքի ու նշանակության շուրջ: Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է բարբառում, Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը. Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն Մի թիարան վատթար- եւ այդ գիրքըՙ Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով, Իր վերջին ճիգով հորինած- Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունքՙ Սերունդների երթին ի վնաս... Աբովյանի ներքին մենախոսությունը փաստորեն իրՙ Չարենցի խոսքն է եւ բացահայտում է Չարենցի ապրած դրաման: Եվ, իհարկե, «Գիրք ճանապարհի»-ով, որ բանաստեղծի ցանկությամբ նախապես պիտի կոչվեր «Գիրք ճանապարհի եւ ընթացքի»... Բայց չեղավ, չթողեցին: Սա խորապես մտածված ու մշակված սկզբունք էր, մտածողական ամբողջական համակարգ ու հայեցակետ այն նզովյալ ժամանակներում: Հայ ժողովրդի հոգեւոր կյանքի ու պատմության, հայ մշակույթի ու արվեստի ի՜նչ խորունկ շերտեր եւ արծարծումներ կան պոեմում, ի՜նչ ջրեր ու վտակներ, ի՜նչ հզոր ջրվեժներ ու շառաչուն հեղեղներ են գալիս-միանում պոեմի հորդ ընթացքը գոյացնելու: Եվ, այո, պոեմի բնագիրը հոսում է իբրեւ գետ, եւ բնագրի ամեն մի հատվածում, դեպի Հայաստան-Երեւան-հայրենի հող վերադարձի ճանապարհի ողջ ընթացքում Կոմիտաս վարդապետը անվերջ վերաբնութագրվում է: Նրա պայծառ ու լուսավոր կերպարը գնալով ահագնանում եւ բարձրանալով առնում-ծածկում է հայոց մթամած ներկայի երկինքը: Վարդապետի կերպարը, ինչպես որ մյուս անվանյալները պոեմում, դառնում է իրականությունը գաղափարի եւ մտածումի վերածող փոխաբերություն: Եվ այդ լուսափայլ կերպափոխությունների մեջ հայ երգի, հայ ոգու եւ էության մարմնացում Կոմիտաս վարդապետը բանաստեղծին պատկերվում է նաեւ իբրեւ մի ամբողջ երկրի, անօգնական ու անպաշտպան մի ողջ ժողովրդի հայր, ինչպես իր զավակներին կորցրած Հավերժական Հայրըՙ Արքա Լիրը. Անհանգրվան, ինչպես նոր, Հալածական Արքա-Լիրՙ Սրտում քոՙ սո՜ւրբ մի ցնորքՙ Անէացած մի երկիր,- Զգեցած մահ ու սարսափ, Տեսած ե՛ւ ահ, ե՛ւ դժոխք,- Ինչպես կարող էր անսալ Ոգին քո կյանք ու ցնորք... (ԻԳ) Պոեմում Չարենցը իր բանաստեղծական, ընթացքի ողջ ճանապարհին, իր հալածական ու բեկված կյանքի թելադրանքով, անվերջ մղվում է դեպի Կոմիտաս վարդապետը: Անվերջորեն կրկնվող, բայց միշտ նորովի ու տարբեր, միշտ իմաստալից ու խորունկ պատկերումներում բանաստեղծը պարզապես նույնանում է իր հերոսի կերպարի հետ, ձուլվում-միասնականանում է նրան, ձուլվում է նրա ողբերգությանը. այնքան խորն է իր անձնական ողբերգությունը եւ այնքան ծանրՙ իր հոգեվիճակը: Կոմիտաս վարդապետի կերպարը, որ, կրկնում եմ, բազմիմաստ եւ խորունկ փոխաբերություն է, դառնում է Չարենցի կերպարի, Չարենցի էության բանաստեղծական բացահայտումն ու բնութագրումը: Բայց այս պահին ինձ առավել հետաքրքրողը պոեմի վերջնամասի հատվածներն են` ՃԷ-ՃԻԴ ութնյակները, պոեմի 849-984-րդ տողերը: Չարենցի կենսագրության ուշագրավ պահերից մեկը, անշուշտ, պատանի բանաստեղծի փոխհարաբերություններն են ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների հետ: Ըստ հուշագրողների վկայությունների եւ մանավանդ բանաստեղծի կենսագրության փաստերի, նա վաղ տարիքից եղել է շատ ազատ, շատ ինքնակամ եւ ինքնուրույն անձնավորություն, չափազանց ազատ` իր վճիռներով ու որոշումներով եւ երբեք կաշկանդված չի եղել ընտանեկան առտնին կապերով եւ հարաբերություններով: Հուշագրողներից շատերը (Միքայել Մազմանյան, Գեւորգ Աբով եւ ուրիշներ) մանավանդ արձանագրել եւ մատնանշել են պատանի Չարենցի եւ հորՙ Աբգար աղայիՙ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի միջեւ եղած սառն եւ նույնիսկ անբարյացակամ հարաբերությունները: Ահա, օրինակ, թե ինչ է գրում Գեւորգ Աբովը իր հուշերում. «Գեղարվեստական գրականությամբ խանդավառվելն էր եղել պատճառ Չարենցի ժխտական վերաբերմունքիՙ ոչ միայն դեպի բիլիարդ խաղացող հարբած ուսանողները, այլեւՙ դեպի ռեալական դպրոցը, որ լքել էր նաՙ տարվելով ստեղծագործությամբ. Եվ որոշեցՙ որ ինքը դառնալու է կյանքում... Մի հանճարեղ պոետ: Մինչդեռ Աբգար աղանՙ նրա գորգավաճառ հայրը, տղայի համար նախատեսում էր ա՛յլ ապագա- հարուստ ու գործարար մի միջավայր- եթե ոչ վաճառականՙ գոնե, առնվազն, բժիշկ, իրավաբան կամ ինժեներ: Իսկ տխրադալուկ աղջկան նվիրված «Երեք երգ»-ը առավել դուր չեկավ Աբգար աղայի քիմքին եւ մինչեւ իսկ վարկաբեկիչ էր իր շատ բացահայտ «շառլատանական» միտումով: Ահա թե ինչու գժտվեցին Աբգար աղան եւ իր «բեդովլաթ» որդինՙ վերջինի դեռեւս պատանի հասակից: Ահա թե ինչու գորգավաճառ աղայի որդին հաճախ իր օրերն անց էր կացնում Կարսի այգում գիրք թերթելով. Ու կարդում էր անվերջ, մինչեւ հոգնեց, Զգաց քաղցած է քիչ, իսկ գրպանում... Ընդամենը ուներ... երկու կոպեկ: Աբգար աղա. այսպես եւ միայն այսպես էր անվանում Չարենցն իր հորը միշտ էլ որոշ ցավով ու ասես քմծիծաղով: - Նա ինձանից բոլորովին ձեռք քաշեց, երբ առանց իրեն հարցնելու ֆրոնտ գնացի»: Աբգար աղան իր մահկանացուն կնքում է 1918 թվականին (մի այլ տեղեկությամբՙ 1919 թվականին) Հյուսիսային Կովկասի Մայկոպ քաղաքում: Հոր մահը ժամանակին տող անգամ չի թողել Չարենցի երկերում: Եվ հիմա, տասնյոթ տարի անց, «Requiem aeternam» պոեմի ավարտին, Կոմիտասի ցնցող ճակատագրի բանաստեղծական անկրկնելի արծարծումի եւ իր անձնական անչափելի ողբերգության մեջ ժամանակների խորքից, մոռացության մշուշի միջից, իբրեւ հոգեկան պաշտպան եւ միակ նեցուկ, դուրս է լողում, հստակորեն գծագրվում եւ բանաստեղծին է պատկերվում հորՙ խոժոռ ու խստասիրտ Աբգար աղայի կերպարը: Իրեն միայնակ եւ անօգնական երեխայի պես զգացող Չարենցի մեջ (հիշո՞ւմ եք` «Մենք բոլորս, բոլորս / Մանուկներ ենք որբ...») հանկարծ արթնանում է վաղուց հեռացած հոր կարոտը: Սա, այս հանգամանքը, պետք է իր բացատրությունն ու իր հիմնավորումը ունենա: Եվ հոր պա կասը, հոր կարոտը սրբազան երկյուղ է ներշնչում բանաստեղծին, բացում է նրա ներաշխարհի անհուն ողբերգությունը` լեզվի վրա կսկիծ եւ ջերմություն. Կարոտով խոր իբրեւ վերք Եվ երկյուղով սրբազան - Խոնարհվել եմ ահա ես Աճյունիդ դեմ երգաձայն,- Սիրտն ու հոգին իմ ահա Նույն ափսոսանքն են հորդումՙ Օ՜, իմ անդարձ ննջած հայր, Որ չտեսար քո որդուն... (ՃԷ) Հենց այստեղից էլ սկսվում է բանաստեղծի դարձը, դարձը դեպի այլեւս կորսված ժամանակը, անդարձ հեռացած հայրը, ավերված հայրենական տունը: Համարձակվում եմ մտածելու, որ պոեմի ներքին, թաքուն իմաստը, բանաստեղծի հիմնական ասելիքը հենց սա՛ է եւ այստե՛ղ է, այս եւ հետեւյալ-հետագա տողերի մեջ: Անցումը թվում է անակնկալ ու անսպասելի: Ստորջրյա հոսանքի պես այն մինչեւ հիմա տեսանելի չէր եւ հիմա դուրս է գալիս մակերես: Պոեմի այս մի քանի ութնյակը, եթե ուշադիր դիտենք, ուշադիր կարդանք, փաստորեն կրկնում է անառակ որդու վերադարձի այնքան ողբերգական եւ քրիստոնեաբար այնքան սիրառատ ու լուսավոր պատմությունը, որ Չարենցի գրչով ստանում է խոստովանանքի անկասկածելի անկեղծության եւ թողություն հայցողի պաղատանքի շեշտ: Անարժան զավակի իր աններելի վարքը, ավելի ճիշտ` իր վարքի հիշողությունը, ինչպես տեսնում ենք, հետապնդում է բանաստեղծին: Հիմա նրան իր սեփական անցյալը պատկերվում է բոլորովին ուրիշ լույսի ներքո: Բայց այն, ինչ ասում է Չարենցն իր անցյալի մասին, իրականում ներկայացնում է բանաստեղծի ապրած կյանքի նոր ու անակնկալ բանաձեւումը, իր ստեղծագործությանը տրված դաժան ու խստահայաց գնահատականը. Այդպես բռնած ձեռքը ծեր Հալածական իմ հորՙ ես Հաց եմ լեղի մուրացել Հեռուներում աղեկեզ.- Ցուրտ բակերում ժամերի Հիվանդ հոր հետ իմ պառկածՙ Երազել եմ ես մեր հին Տունն հեռավոր, ինչպես հաց... (ՃԺ) Բանաստեղծը ամենեւին չի էլ թաքցնում հոր հանդեպ անցյալ տարիների իր ունեցած սառն ու անհաղորդ վերաբերմունքը: Եվ այդ սառնության եւ օտարության, հոր եւ զավակի ողբերգական այդ փոխհարաբերության հանգամանքը վերածվում է ավետարանական լուսավոր փոխաբերության: Բանաստեղծը իրեն առաջին անգամ երջանիկ է զգացել, երբ հայրը ժպտացել է իրեն: Այդ ժպիտը սիրո վկայությունն է, Որդուն ուղղված Հոր սիրո շողը. Եվ հեռավոր մի ժամի Պատերի տակ ցրտահարՙ Ես առաջին անգամ ինձ Երջանիկ եմ տեսել, հա՛յր:- Հա՛յր, առաջին անգամ ես Կյանքում ժպիտ տեսա քո Շրթունքներին, երբ որ քեզ Մի բաժակ թեյ տվի գոլ... (ՃԺԱ) Շատ գրավիչ եւ անկեղծ է վերջին տողը: Այս «Մի բաժակ թեյ տվի գոլ» տողը չի՞ հիշեցնում Դոստոեւսկու այնքան խոսուն ու նշանավոր «մի կանաչ սոխ»-ըՙ Ավետարանի հայտնի «քար»-ի պատկերի այդ ինքնօրինակ փոխակերպումը: «Մի բաժակ թեյ տվի գոլ» տողը, ենթադրում եմ, իրական որեւէ մանրադեպի ու միջադեպի ծնունդ է եւ խոսում է հոր եւ որդու միջեւ եղած իրական հարաբերությունների մասին: Մարդ արարածը Աստծու հետ անշուշտ կապվում է իր հոր միջոցով. Հայրն է, որ Որդուն ուղարկում է մարդկանց երկիրը, ուղարկում է խաչ ելնելուՙ հանուն բոլոր մեղավորների. «Եւ ո՞վ է, որ մարդ իցէ եւ ոչ մեղիցէ»: Արդեն երկու հազար տարի որդուն կորցրած մոր վիշտը տեւում է ամեն մի քրիստոնյայի մեջ: «Stabat mater dolorosa...» - «Կանգնած է մայրը վշտահար...»: Վշտահար մոր ողբը ցնցել եւ ցնցում է բոլորին, բայց ո՞վ գիտի, ո՞վ է տեսել ողբացյալ Հոր տառապանքը, Հոր անամոք վիշտը: Հայրը եւ Որդին, Որդին եւ Հայրըՙ մարդկային թերեւս ամենաթաքնաթաքուր եւ խորախորհուրդ հարաբերությունը... Հիմա, ահա, 1936 թվականին Կոմիտասի առիթով - Կոմիտասի օգնությամբ, որդի Չարենցը հոր հեռացումից տարիներ անց, հայտնագործում է հոր երեւույթի, հոր գոյության մոգական խորհուրդը: Եվ հոգեկան այդ պայծառացումից, հայրական սիրո խորունկ զգացումից, իր դարձից հետո, թվում է, Չարենցը շնչահեղձ է լինում հոր բացակայությունից, հոր կարոտից: Եվ տենչում է հասնելու, միանալու հորը: Այսպես, Կոմիտաս վարդապետի նկարագիրը որոշ հատվածներում նույնանում է Աբգար աղայի կերպարի հետ, եւ երբեմն նույնիսկ դժվար է դառնում տարբերելը, թե ո՞ւմ է դիմում, ո՞ւմ է խոսք ուղղում բանաստեղծըՙ Կոմիտաս վարդապետի՞ն, թե՞ իր հորը: Մի՞թե իրոք դու այն բիրտ Ծերունին չես ննջած հար, Որ անունով միայն իր Կոմիտաս չէր, այլ Աբգար:- Ինչպես մեռած մարգարե Քարաքանդակ իր նաշում, Մի՞թե դու չես երկարել Այն իրիկվա մշուշում... (ՃԺԳ) Հետո, իհարկե, հոր կերպարը զատվում-առանձնանում է Կոմիտաս վարդապետի կերպարից: Մինչեւ այս երկը Աբգար աղայի կերպար-ներկայությունը կա «Երկիր Նաիրի» վեպի «Առաջաբանում» (տառացիորեն երեք տող) եւ «Չարենց-նամե»-ում, այն էլ շատ հպանցիկ, թեթեւ ճեպանկար-մատիտանկարի պես, ընդամենը հինգ տող եւ, իհարկե, առանց ջերմության, առանց որդիական սիրո եւ ակնածանքի. Ահա հայրսՙ հագին կապա... Նրա դեմքըՙ արծաթե ափսե, Վրան քիթըՙ կեռ մի դանակ, Թափել է ժամանակն անսեր Մազերին - ճերմակ նիրվանա... Իսկ հիմա, 1936 թվականին, հայրը բանաստեղծին պատկերվում է բոլորովին այլ կերպ, ուղղակի «արքայական վեհությամբ». Եվ վայրկյանին ահա այդ, Երբ որպես սուրբ մի նաշից, Արքայական վեհությամբ Նայեց նա խեղճ իր փոսից,- Ես հասկացա, որ այդ խիստ, Այդ մռայլ մարդն աշխարհում Բարի մի հայր էր միայն Եվ տխրությունն էր սիրում... (ՃԺԷ) Հաջորդ երկու-երեք ութնյակում բանաստեղծը Աբգար աղային պատկերում է այնպես, ինչպես ժամանակին նրան ընկալել է ինքը, ինչպես նրան հիշել ու նկարագրել են Չարենցի ընկերներն ու բարեկամները իրենց հուշերում: Ինչ ողբերգություն է, որ ոչ ոք, անգամ հարազատ որդին, ժամանակին չի հասկացել արտաքուստ խիստ ու խոժոռ այդ մարդուն: Ինչպես Կոմիտաս վարդապետը, Աբգար աղան նույնպես իր մեջ ամփոփել է հայ կյանքի ծանրությունն ու դառնությունը, մշտնջենական հայի կերպարը: «Կյանքից ահաբեկված» եւ «զրկանքից քարացած» Աբգար աղան մշտատեւ տառապանք ապրած հայ մարդն է, կյանքի հարվածների տակ կորացած, լռակյաց դարձած, ինքն իր մեջ փակված-ամփոփված մարդը: Աբգար աղայի ծանր կյանքը նրա հոգում պարզապես տեղ չի թողել ընտանեկան ջերմության համար. ...Ո՛չ մի անգամ չժպտաց Նա հոգնատանջ իր կյանքում:- Տեսա ամպի պես մթնած Ես նրա դեմքը մանկուց:- Գոց մնաց դուռն երկաթե Մինչեւ վայրկյանը մահվան,- Եվ միայն մայրս գիտեր, Որ այնտեղ սերն է պահված: ...Չհամբուրեց աշխարհում Զավակներին նա երբեք,- Եվ ժամերով նստած լուռՙ Չպատահեց, որ արբեր:- Մարդու հանդեպ չարացածՙ Ո՛չ խոհերի, ո՛չ հացի Նա չունեցավ բարեկամ, Լռությունից իր բացի: (ՃԻ-ՃԻԱ) Ինչպես վերեւում ասացի` «Կոմիտասի հիշատակին»-ը նաեւ ճանաչումի պոեմ է: Միթոսային գիտակցության տարբեր դրսեւորումների, ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշների, ինչպես նաեւ համաշխարհային գրականության մեծաթիվ նշանավոր երկերի մեջ ճանաչումը, ճանաչման երեւույթը առանձնակի իմաստ եւ նշանակություն է ստանում: Օրինակները այնքան շատ են եւ այնքան հայտնի, որ մատնանշելը կամ հիշելը անիմաստ է: Պոեմում բանաստեղծը ճանաչում է ոչ միայն Կոմիտաս վարդապետի սրբազան էությունը, այլեւ իր հորը, որին ժամանակին չի ճանաչել, որի էությունը չի տեսել, չի հասկացել: Հիմա ամեն բան փոխվում է, ամեն բան դառնում է այլ. «Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես քեզ ծանեայ...» (Յովհ., ԺԷ, 25: - «Արդա՛ր հայր, եւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի»): Բանաստեղծը հիմա արդեն հասկանում է հորը, հասնում է նրան տուն վերադարձած անառակ որդու պես, ցնցոտիապատ ու բոկոտն, «արդեն բեկված, արդեն լուրջ», փլվում է նրա առջեւՙ գլուխը թաղելով հոր սիրագորով թեւերի մեջ, ինչպես Ռեմբրանդի հայտնի կտավում, որ եվրոպացի արվեստաբաններից մեկը արդարորեն անվանել է «Ավետարան ըստ Ռեմբրանդի»: Ի վերջո, բանաստեղծը փաստորեն պայծառատեսություն է ունենում, հասնում է իր էությունը իմաստավորող բարձր ու վսեմ ճշմարտության. «Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք ճանաչէ զՈրդի` եթէ ոչ Հայր, եւ ոչ զՀայր ոք ճանաչէ եթէ ոչ Որդի...» (Մատթ., ԺԱ, 26-27: - «Ամենայն ինչ տրվեց ինձ իմ Հորից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ` Հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ` Որդին...»): Այստեղ է, որ արդեն հասնում է գերագույն պահը` որդին միանում է հորը, որդին եւ հայրը նույնանում են, դառնում են մի, մեկը շարունակվում է մյուսի մեջ. ...Եվ տարիներ միայն վերջՙ Արդեն բեկված, արդեն լուրջՙ Նոր հասկացա միայն ես, Երբ նրա պես դարձա լուռ - Որ երգերում բոլոր իմ Եվ խոհերում այնքան վեհՙ Ինչ կա անհուն ու խորին, Այդ միայն նա՛ է տվել... ...Որ իր ամբողջ կյանքում լուռ Ի՛նչ չէր վատնել նա երբեք, Ի՛նչ չէր այրել իբրեւ հուր Եվ չէր երգել իբրեւ երգ,- Երազներում իր տխուր, Պահած անգամ իրենից.- Թաքցրել է այնքան խոր, Որ իբրեւ գանձ բաշխի ինձ... (ՃԻԲ-ՃԻԳ) Ահռելի ցավ, մեղքի ու հանցավորության դառն ապրում կա պոեմի այս ութնյակներում: Այնուհետեւ գալիս է բարձրագույն զգացումը, հոգեկան ապրումի վսեմական վիճակը. ինչ-որ մի տեղ եւ ինչ-որ մի պահի նույնանում եւ միասնականանում են Կոմիտաս վարդապետը, Աբգար աղան եւ ինքըՙ բանաստեղծը: Եվ ահա, հենց այդ ժամանակ էլ հասնում է բաղձալի, ըղձյալ ներքին խաղաղությունը, հոգեկան անչափելի խռովքը փոխարինվում է իմաստուն ու խոր հանդարտությամբ: Եվ հաջորդ չորս տողը արդեն հավասարապես վերաբերում է ե՛ւ Կոմիտաս վարդապետին, ե՛ւ Աբգար աղային, ե՛ւ իրենՙ Եղիշե Չարենցին: Այլեւս անհուն տառապանքը` ավերակյալ ու խորշակյալ երկրի խոհն ու շողն են լուսավորում եւ լուսավորելով վեհացնում նրանց. Կա տառապանք անվեհեր Նայիրական քո դեմքինՙ Խոհն աշխարհի այն ավեր, Շողն հանճարի աներկիր... (ՃԻԳ) Հիմա բանաստեղծը, Երեմիայի պես, կարող է ասելՙ «Ես այն մարդն եմ, որ տառապանքը տեսա»: Եվ դա իհարկե սովորական տառապանք չէ, այլ մաքրող, վեհացնող, սրբագործող զգացում, իր բառով ասածՙ «անվեհեր տառապանք»: Բանաստեղծի «անվեհեր տառապանքը» ծնվում է սեփական մեղքի ու մեղավորության, ավելին` հանցավորության խոր զգացումից, մեղք ու մեղավորություն հորից ու ընտանիքից հեռանալու, հայրական տունը լքելու, ի վերջո, առակի մեղավոր որդու նման «անհատնելի իր ձիրքը» վատնելու եւ փոշի դարձնելու համար: Եվ այդ ամենի հետեւանքը հիմա իր ներկա կյանքն է, իր ներկա հոգեվիճակը` մենակ, լքված ու մերժված, անսփոփ ու անօգնական: Մեղքի եւ մեղավորության խոր զգացումի նախահիմքը, անշուշտ, միայն իր անձնական-ընտանեկան հարաբերությունները չեն: Վկայությունները շատ ստույգ են եւ բազմաթիվ: Բավական է հիշել միայն հայտնի «Ի խորոց սրտի խոսք ընդ Անստուծո («Տետրապտիքոս»)» դաժան խոստովանությունը եւ մի քանի այլ գործեր: Կարծում եմ` ընթերցողը իրավունք ունի բնագրի տողերի խորքը կարդալու եւ եզրակացություն անելու: Եվ ես կարծում եմ, ավելին` համոզված եմ, որ «Requiem aeternam Կոմիտասի հիշատակին» պոեմը գրված է բանաստեղծի ներքին ողբերգությունը արձանագրելու եւ իր մարդկային, որ նույնն է, թեՙ քրիստոնեական դարձը պատմելու համար: Ես նաեւ համոզված եմ, որ պոեմը գրված է իբրեւ սեփական մեղքի ու մեղավորության պայծառ ու լուսավոր խոստովանություն եւ նաեւ իբրեւ մեղքի ու մեղավորության բարդույթի հաղթահարում: Այս պոեմում եւ այս պոեմով Չարենցը ազատագրում է իր անհատականությունը անցյալ ծանր կյանքի համար հանցավորության զգացումից` դրա դիմաց առաջադրելով ազգային մտածողության եւ ազգային գիտակցության բարձր, լուսավոր, արդար եւ ճշմարտացի զգացումը: Նկար 1. Եղիշե Չարենց, 1921 Նկար 2. Չարենցի հայրը` Աբգար Սողոմոնյանը |