RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017



ԳՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-02-23 21:51:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2351, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԷ՞Ս ԾՆՈՒԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ «ԱԶԱՏՆ ԿՈՄԻՏԱՍԸ»

ԱՐՄԷՆ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, 29.10.2016

...Հիմաՙ տարիներ, տասնամեակնե՜ր ետք, ահա մնացեր է ինքը նոյնը - անհաւատալի, անկարելի Շահան Շահնուրը, որը կը յորդի հին օրերու եռանդով:

Ինքն ամենատաղանդաւորը բազմատաղանդ այն սերունդին, որ թէեւ արմատախիլ եւ ճղակոտոր, կրցաւ վերազօդել մեր դպրութեան ոսկեայ շղթային այն օղակը, որ փշրուեր էր Տասնհինգի Ապրիլին:

Ինք որՙ դեռ քսանհինգամեայ երիտասարդՙ փոթորկեց մեր Անդաստանը վարար ստեղծագործութեամբ եւ նուաճեց հոնՙ կատար մը, որ ցայսօր, կիսադար մը ետք, կը մնայ այլապէս չգերազանցուած բարձունքՙ Հայոց գրականութեան մէջ:

Արմէն Դարեան


Սկսենք փոքր ինչ հեռուից: Հանրածանօթ բանաստեղծ Վահագն Դաւթեանը Բէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթում կարդալով Շահնուրի «Ազատն Կոմիտասը» եւ կարծելով որ այն գրողի նոր գործն է, շտապ արձագանքում էՙ Շահնուրին համարելով «սեփական ժողովրդից հեռացած, նրա գիրն ու լեզուն ուրացած մարդ», իսկ յօդուածի վերջում աւելացնումՙ «կարծում եմ, որ հայ գրականութիւնը ոչինչ չի կորցնի, եթէ իր միջից Շահնուրը չքանայ, անհետանայ, կորչի վերջապէս, բայց...»: Այդ «բայց»-ին հետեւում է հետեւեալ գնահականը. «Հայ գրականութիւնը կը շահի, եթէ Շահնուրը մնայՙ հայ ժողովրդի ազգային արժանապատւութեանն ու հաւաքականութեանն ի նպաստ գործելու»:

Այս միջադէպը տեղի է ունեցել 1970 թուականի յունուարի 20-ին: Շահնուրը պատասխան նամակում գրում է. «Գալով «Ազատն Կոմիտասին», ան գրուած է թուականէս երեսուներկու տարի առաջ ռամկավար «Ապագայ»ի համար: Այդ թուականին (Դուք ծնա՞ծ էիք) մամուլը կը պատրաստէր բացառիկ թիւ մը ի պատիւ Կոմիտասի, «Ապագայ» յօդուած չունէր»:

Մեծ պահանջ զգացուեց վերահրատարակելու Սփիւռքում «Ազատն Կոմիտասը»:

«Յառաջ» օրաթերթը, Արփիկ Միսաքեանի օգնութեամբ, ստիպուած է եղել երեք անգամ վերահրատարակել այն:

Ահա այդ աղմկայարոյց միջադէպից շատ տարիներ անց, խորհեցայՙ ինչո՞ւ ոչ Երեւանում եւս վերահրատարակել «ԱԶԱՏՆ ԿՈՄԻՏԱՍԸ»ՙ «Վաղը» յաւելագրով:

Ինձ օգնութեան ձեռք մեկնեց հայ ականաւոր եկեղեցական, գիտնական, աստուածաբան Շահէ արք. Աճէմեանը:

Երկու խօսք Շահէ արք. Աճէմեանի մասին:

Շահէ արք. Աճէմեանը եկաւ եւ հաստատուեց Հայաստանում 1994-ին, երազուն, սակայն խրոխտ, սպիտակափառ Արարատի տակ ջերմացնելու, յոյսի, հաւատի կոչելու իր ժողովրդին:

Բազմաթիւ հանդիպումներ եմ ունեցել իբրեւ լրագրող սրբազանիՙ Շահէ Աճէմեանի հետ: Ահա այդ հանդիպումներից մէկում նա պատմել է, թէ ինչպիսի դժուարութիւններ է ունեցել Երեւանի պետական համալսարանում Աստուածաբանական ամբիոն ունենալու համար:

«Համալսարանի գիտական խորհուրդին մէջ բաւական վիճաբանութիւններ եղան, ըսի որ, «Աստուած» բառէն պէտք չէ վախնալ, քանի որ աթէիզմն ալ Աստուած է, միայն թէ ժխտական: Մենք կ ուզենք խօսիլ Աստուծոյ մասին եւ ոչ Աստուծոյ դէմ: Վերջապէս որդեգրեցին «Աստուածաբանութիւն» բառը: Ֆակուլտետի բացումը կատարեցինք 1995 թուականի սեպտեմբերի 1-ին:

Իմ այն հարցին, թէ ընթերցողը ի՞նչ կարող էր հասկանալ եկեղեցական արուեստի դասընթաց ասելով, եղաւ կարճ պատասխան.

«Հայ եկեղեցական արուեստը դասընթաց մըն է, որ կ ուսուցանէ մանրանկարչութիւն, ճարտարապետութիւն, իսկ հին մատենագրութեան մէջ ունինք ամբողջ մեր գրականութիւնը»:

Աստուածաբանական ամբիոնում երբ սկսուեց գործել նորագոյն համակարգիչների կենտրոնը, որն իրականացնում էր հրատարակչական աշխատանքներ, բազում արժէքաւոր գրքեր հրատարակուեցին: Հրաչ Բարթիկեանի «Հայ-բիւզանդական հետազօտութիւններ», Խրիմեան Հայրիկի «Եկեղեցու օրացոյցը», Կոստան Զարեանի «Գիրք դիւցազներգութեան» հետեւեալ առաջաբանով. «Սիրելի ընթերցող, ձեզի կ ընծայենք այս գիրքը եւ կ՛ըսենք` կարդա զայն սպասելով այն օրուան, երբ նոր Կոստան Զարեան մը պիտի գովերգէ մեր օրերու դիւցազներգութիւնը, Արցախի ազատագրութիւնը եւ հայ ռազմիկին սխրագործութիւնը»:

Ալեք եւ Մարի Մանուկեան հիմնադրամի օժանդակութեամբ եւ Շահէ սրբազանի տնօրինութեամբ ընթացք է տրւում Մատենադարանում եւ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի հայագիտական հաստատութիւնների պատմութեան, գրականութեան, տարբեր գիտութիւնների գիտնականների պատրաստած աւելի քան երկու տասնեակ հայագիտական գրքերի հրատարակութեանը:

Շահէ սրբազանի վերադարձը զուգադիպեց մեր անցեալի արժէքների վերագնահատման, վերաարժեւորման ժամանակների:

Եւ ահա այսպէս, Շահէ արք. Աճէմեանի հետ ունեցած իմ բարեկամական կապը պատճառ դարձաւ Երեւանում վերահրատարակելու Շ. Շահնուրի աղմկայարոյց այն փոքրիկ գրքոյկը, որը կոչւում է «ԱԶԱՏՆ ԿՈՄԻՏԱՍ»:

Այս ամենին հնարաւոր է աւելացնել միայն հանրայայտ բանաստեղծ, ժամանակի հետ առնչուող Արմէն Մարտիրոսեանի խօսքը, որը դարձաւ գրքի առաջաբանը.

Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» յօդուածը, որ գրուել է եւ «Ապագայ» թերթում հրատարակուել է 1935-ին, այդ օրերին հեղինակին համակած տխուր յածումների արձագանգ է, անյայտ, անորոշ մի ժամանակաշրջանի արտայայտութիւնը, երբ Մեծ եղեռնից յետոյ հայութեան մազապուրծ մի հատուածը, պանդուխտի ցուպ առած, անհայրենիք դեգերում էր օտար ափերում, իսկ միւսըՙ կովկասահայութիւնը, տառապում էր ստալինեան բռնապետութեան ճիրաններում: Եւ կենսականօրէն առաջնային էր դառնում «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում» հարցադրումը, որը շնչելի օդ էր հանապազօրեայ, ապրելու ու շարունակուելու կարեւորագոյն նախապայման եւ տխուր, երբեմն յուսահատ տրամադրութիւնների աղբիւր: Բնական էր հայրենասէր գրողի թախծոտ ապրումների յորձանքըՙ անհեռանկար ներկան, տեսած-զգացածը օղակող:

Այդպէս պայծառ երկինքն է պատւում ամպերով, եւ յորդահոս անձրեւ է տեղումՙ ողողելու երկիրը, Շահան Շահնուրի դառն մտորումների դէպքումՙ կենարար, ապրեցնող եւ հոգիներ մաքրագործող անձրեւ, որի տակ առանց աւելորդ յուզումների ու քնարական զեղումների, թաքնուած է մեծ գրողի սէրը առ կորուսեալ հայրենիք եւ ակամայ գաղթական դարձած հայութիւն:

«Ազատն Կոմիտաս» յօդուածը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպում արծարծուած հարցերի տրամաբանական շարունակութիւնն էր, շահնուրեան իւրօրինակ մասունք, որի առողջ դրոյթները դժբախտաբար ճիշտ չընկալուեցին առաջին հրատարակութեան ժամանակ եւ յետագայումՙ ոչ Սփիւռքում, ոչ էլ Մայր Հայրենիքում: Այնինչ վաղուց հասունացել էր ժամանակը, որ մասունքը եւս յանձնուի ժողովրդինՙ ի պահ եւ ի սեփականութիւն, որ Շահնուրի խոր սիրով շաղախուած կենարար անձրեւը շարունակի հոգիներ մաքրագործելու իր աստուածային ընթացքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ