RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-02-23 21:51:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 3371, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԻԼԻՍՈՓԱ ՌԵԺԻՍՈՐԸ ԿԱՄ ՌԵԺԻՍՈՐ ՓԻԼԻՍՈՓԱՆ

Նաիր ՅԱՆ

Երեկո է. Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկ ժամից Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումն է լինելու: Բոլորին է հայտնի, որ այս թատրոնում միայն մանկական բեմադրություններ չեն ներկայացվում, լինում են նաեւ ռոք-համերգներ, փառատոներ, ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, պիեսներՙ մեծերի համար: Թատրոն, կրթական ու մշակութային տանիքՙ բոլորի համար. գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի ձգտումն է:

Բեմը պատրաստվում է հերթական ներկայացմանը. Ռուբեն Բաբայանը սովորականի պես իր աշխատասենյակում է, որի կահավորանքի անբաժան մասը տիկնիկներն ենՙ անշուշտ, ուղղակիորեն կապված տանտիրոջ մասնագիտության ու ներաշխարհի հետ: Տիկնիկներով բեմադրված սովետական մուլտֆիլմեր կան. անկեղծ ասածՙ դրանց որոշ հերոսների նմանեցնում եմ Ռուբեն Բաբայանին: Մեր հանդիպման ժամանակ մոռացա սրա մասին ասել իրեն: Երբ իմանա, երեւի չի նեղանա ինձնից. հումորով մարդ է:


- Առաջին անգամ ե՞րբ եք ձեռքներդ տիկնիկ առել, հիշո՞ւմ եքՙ որ տարիքում էիք:

- Մայրս պատմում էր, որ երեխա ժամանակ մի փայտփորիկ եմ ունեցել, որի կտուցը մի լավ կրծել եմ: Դե նաեւ մեքենաներ, ատրճանակներ... Հայրս Բելգիայից խաղալիք ավտոմատ էր բերելՙ լույսերով, ձայներով. 1960-ականներին դա շքեղություն էր: Ես այդ ավտոմատը փոխանակեցի մի տոպրակ արեւածաղկի սերմի հետ:

- Իսկ հետո գիտակցական տարիքում պատահակա՞ն եք հայտնվել տիկնիկների աշխարհում, թե՞ ինքներդ եք ընտրություն կատարել:

- Թատերական ընտանիքում եմ ծնվել: Ամեն ինչ շատ դասական ընթացք ունեցավ. ինստիտուտ, դիպլոմային աշխատանքիս թեման Տոլստոյի «Հարություն» վեպն էր, հետոՙ բանակ, թեկնածուական, զուգահեռաբար սկսեցի աշխատել տիկնիկային թատրոնում: Ու այս աշխարհն ինձ սկսեց գրավել: Տոլստոյն ասել է. «Մի գրիր, երբ ուզում ես գրել, մի գրիր, երբ շատ ես ուզում գրել. գրիր, երբ չես կարող չգրել»: Եթե կարող ես ինչ-որ բան չանել, մի՛ արա, ուրեմն դա քո ներքին պահանջը չէ: Ու ես հասկացա, որ կարող եմ եւ թեկնածուական ատենախոսությունս չգրել, ու... չգրեցի: Բեմադրելու ցանկությունս մեծ էր: Ուսուցիչսՙ Երվանդ Մանարյանը, «Սասնա ծռերից» «Ջոջ Մհերն» էր բեմադրում: Ես էլ սկսեցի ուսումնասիրել այդ թեման: Մի անգամ նա ասաց. «Մենք մեր թշնամուն տվել ենք Իսմիլ Խաթունի պես կերպարՙ մի կին, որն ամուսնու մահից հետո տեր է կանգնում իր երկրին: Ի՜նչ մեծ հարգանք պետք է ունենալ թշնամու հանդեպ, որ այս տեսակ հզոր կերպարին նվիրես ախոյանիդ»: Հետոՙ 1984-ին, Երվանդ Մանարյանը Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» հիման վրա բեմադրեց «Ծաղկի փողոց թիվ 2» պիեսը: Ես վերահսկում էի տիկնիկներ պատրաստելու գործընթացն ու ամբողջ օրը դուրս չէի գալիս արտադրամասից: 35 կերպար ստեղծեցինք: Ու ես տեսա, թե ինչպես է պատրաստվում տիկնիկի բիբը, կաշին կրակի վրա տաքացվում է, որ համապատասխան չափն ստանա, հետո տեղադրվում աչքի մեջ. ու դու ստանում ես հայացք: Տիկնիկը ձեռքիդ մեջ կենդանանում է: Դու քեզ համարում ես աստվածային մասնագիտության տեր, որ արարում, շունչ է տալիս:

- Ձեր դիտարկմամբ տիկնիկային թատրոնի դերասաններն առանձնահատո՞ւկ, ուրի՞շ պետք է լինեն:

- Տիկնիկային արվեստն ի սկզբանե թատերական է ու պայմանական: Գաղտնիք չէ, որ դերասանն ընդհանրապես սիրում է երեւալ մարդկանցՙ կինոյում կլինի, թե թատրոնում: Տիկիկայինի դերասանը, որպես կանոնՙ չի երեւում, նրան հանդիսատեսը չի տեսնում: Ուրեմն պատկերացրեքՙ նա ինչքան պիտի սիրի թատրոնն ու արվեստը, որ հոժարակամ համաձայնի մշտապես հետին պլանում մնալ: Սա յուրօրինակ աշխարհ է: Որեւէ մեկը մանկուց չի երազում զբաղվել տիկնիկային թատրոնով: Տիկնիկային թատրոնը կարելի է սիրել այստեղ հայտնվելուց հետո միայն: Ու այստեղ հայտնվում են շատ պատահական. խոսքս ոչ միայն հայ, այլեւ առհասարակ համաշխահային տիկնիկային արվեստի մասին է: Ես միշտ ասել եմՙ սա պատահական արվեստ է:

- Դուք մշտապես գործ ունեք երեխաների հետ: Մանկական ներկայացումը երեւակայության արդյունք է, ու միշտ պետք է նկատի ունենալ, որ դահլիճում նստածները պակաս երեւակայություն չունեն:

- Բոլոր երեխաները շատ վառ երեւակայություն ունեն. սյուժեներ են հորինում, տիկնիկ, զանազան իրեր պատրաստում: Բայց մեկ էլ հանկարծ երեխայի երեւակայությունը կորչում է, անհետանում, բայց ո՞ւր: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ծնողն ասում է. «Դու այլեւս երեխա չես, ամոթ է, հերիք է խաղաս, լուրջ գործով զբաղվիր, գնա դասերդ արա»: Ֆիննական կրթական համակարգն աշխարհում լավագույնն է համարվում, որովհետեւ ուսուցումն անց է կացվում խաղի միջոցով: Կրթությունը խաղից անջատվում է, եւ ուսման նկատմամբ ատելություն է ծնվում, որովհետեւ խաթարվում է երեխայի օրգանական պահանջը: Սա նշանակում է դեմ գնալ բնության օրենքներին: Սերմը պիտի բնականոն աճի, ծառ դառնա, եթե այն ճզմես, ձեւախեղված, անճոռնի ծառ կաճի: Ինչը բնական է զարգանում, հրաշալի է:

- Հիմա մենք բնակա՞ն ենք զարգանում:

- Համընդհանուր գավառացում է տիրում, եւ գավառը տիրում է մեր ուղեղում: Մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում պետություն ունենալ: Շատերը պետությունն ու ռեզերվացիան նույնացնում են: Գծել ենք 29.000 քմ. սահմանը ու ոչ մի բան ներս չենք թողնում, որ մեր ազգային գենը հանկարծ չկորչի: Բարդույթներով ենք տառապում, մեր ինքնությունը կառուցում ենք նեղ հենակների վրա, վախենում ենք պատուհան բացել, որ հանկարծ մաքուր օդ ներս չմտնի: Իսկ նրանք, ովքեր բացում են պատուհանը, տեսնում են, որ աշխարհն ամենեւին էլ վախենալու չէ: Ու հասկանում ենք, որ մենք մեր մշակույթով, գիտությամբ կարող ենք աշխարհում արժանի տեղ զբաղեցնել:

- Մեր ներկան միայն ռեզերվացիայի, նեղ հայացքի՞ հետեւանք է:

- Այն, ինչ կատարվում է հատկապես վերջին տարիներին, կրթության հանդեպ անտարբերության հետեւանք է, անտարբերությունՙ հատկապես իշխանությունների կողմից: Ի վերջո եկավ մեր ցանածը հնձելու ժամանակը: Չէ՞ որ երկար ժամանակ մենք կրթության առջեւ խնդիր չէինք դրելՙ ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում: Եկեք սա փորձենք, հիմա էլՙ այս մեկը... Կրթված հասարակություն ունենալու խնդիր մեր առջեւ այդպես էլ չդրեցինք:

- Չկրթված հասարակությանը ղեկավարելն անհամեմատ հեշտ է:

- Եթե մարդն իրեն երկրի տերը չի զգում, նրան հեշտ է ղեկավարելը: Իրականում երկիրը կարող է պաշտպանել միայն երկրի տերը: Երկիրը չի պաշտպանում ո՛չ բանակը, ո՛չ խելոք դիվանագիտությունը. երկիրը պաշտպանում է իրեն երկրի տեր զգացող ու համարող հասարակությունը: Ղարաբաղցիներն իրենց համարում են իրենց երկրի տերը, դրա համար էլ պաշտպանում են իրենց երկիրը, ու ոչ մի ուժ նրանց չի կարող հանել իրենց հողից:

- Բայց մենք էլ էինք ընտրել մեր երկրի տերը դառնալու ճանապարհը: Ու հիշո՞ւմ եքՙ ինչ հաստատակամ էինք. հանրաքվեներով ամրագրեցինք Հայաստանի ու Արցախի անկախությունը: Աշխարհը մեզ հետ հաշվի էր նստում, մեզ ճանաչում: Պետականաշինության հնարավորությունը մեզ տրված էր: Ինչո՞ւ չստեղծեցինք:

- Անկախ պետություն ստեղծելը երկար պրոցես է, բայց պրոցես է: Եվ առաջին քայլը պետք է լիներ մեր հոգեբանության փոփոխությունը: Պետք էր հասկանալ, որ պետություն ստեղծվում է ոչ թե խոսքերով, երգ ու բանստեղծություն ձոնելով, այլ կոնկրետ հաշվարկներովՙ այս քայլից հետո սա եմ անելու, հետոՙ նա: Մենք անկախ պետություն ստեղծելու ճանապարհին տառապանքների միջով անցած միակ ժողովուրդը չենք: Հրեաներն ինչպե՞ս պետություն ստեղծեցին: Հասկացան, որ պիտի ունենան իրե՛նց տունը: Կարեւոր չէ, որ այն լինի քո դարավոր հայրենիքը, կարեւորը, որ դու վերաբերվեսՙ որպես քո տան, ու այդ վերաբերմունքն ամեն տեղ, ամեն ինչում արտահայտվի: Երբ ավտոմեքնայի վրա գրված էՙ հիշում եմ ու պահանջում, ու այդ նույն ավտոմեքենայի պատուհանից դուրս է շպրտվում սիգարետի մնացորդը, ես ասում եմ. «Հիշելու իրավունք դու միգուցե ունես, բայց պահանջելուՙ երբեք»: Մինչեւ այս հողը չդարձնես քո տունը ու այդ տունը դրախտ չդարձնես, դու իրավունք չունես անգամ մեկ սանտիմետր հող պահանջելու ուրիշից: Օրինակՙ ես ոչ մի կտոր հող չէի տա, կասեիՙ գնացեք վեր ընկեք ձեր տեղը, ձեր տունը կարգի բերեք, որ խոզանոց, աղբանոց եք դարձրել, հետո նոր հող պահանջեք:

- Ե՞րբ սկսեցինք կորցնել, նահանջել:

- Երբ դադարեցինք հավատալ սեփական ուժերին: Մենք հաղթեցինք արցախյան պատերազմումՙ դուրս գալով Խորհրդային պետություն կոչված հզոր կառույցի դեմ, որից աշխարհն էր սարսափում: Աշխարհը կանգնեց մեր կողքին, որովհետեւ մեր նպատակն արդար էր ու ազնիվ, որովհետեւ առաջնորդվում էինք միջազգային հանրության կողմից խրախուսվող ճիշտ գաղափարովՙ ազատ ապրելու իրավունքով: Հետո սկսեցինք չհավատալ մեր ուժերին ու այսույնտեղ փրկիչներ, հովանավորներ փնտրել: Մինչդեռ մեր լավագույն հատկանիշները, արժեքները պետք է դնեինք մեր պետության կառուցման հիմքում: Լենինը բոլշեւիկ էր ու ծրագրված կերպով ոչնչացրեց մտավորականներին: Մյասնիկյանն էլ էր բոլշեւիկ ու ծրագրված կերպով հավաքեց, Հայաստան բերեց աշխարհում սփռված հայ մտավորականներին, որպեսզի պետություն ստեղծի, մշակույթ, գիտություն, ճարտարապետություն, տնտեսություն հիմնի:

- Ամեն կառույց մի տնտեսություն է. թատրոնն էլ: Նկատել եմ, որ տիկնիկային թատրոնի ներկայացումները հաճախ չեն թարմացվում: Երկար տարիներ նույն ներկայացումներն են խաղացանկում:

- Խաղացանկում կա 32 ներկայացում: Նոր բեմադրություն անելը կարգին բարդ գործ է ու տեւում է շուրջ մեկ տարի: Ես հասկանում եմ, որ կան ներկայացումներ, որոնք արդեն մաշվել են, հնացել: Բայց ես դժվարությամբ եմ ուրիշի արած գործը հանում խաղացանկից: Երբ դարձա թատրոնի գեղարվեստական ղեկավար, առաջին գործը, որ արեցի, խաղացանկից իմՙ «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ներկայացումը հանելն էր: Կան ներկայացումներ, որ բեմադրվել են 40 տարի առաջ. ոչ ռեժիսորն է ողջ, ոչ նկարիչն ու կոմպոզիտորը, բայց բեմադրությունը դեռ կա: Երիտասարդներն էլ են նոր գործեր բեմադրում: Անցյալ տարի լրացրեցինք տիկնիկային թատրոնի մեր բաց տեղը եւ բեմադրեցինք «Մատնաչափիկ» ստվերների թատրոնը:

- Բայց այս թատրոնի նկատմամբ հասարակության, երեխաների պահանջն ավելին է:

- Այն, ինչ ուզում սպասում են մեզնիցՙ թարմ խաղացանկ, ռեալ հնարավոր չէ: Վերջին վեց ամսում մեր թատրոնի պետական ֆինանսավորումը պակասել է ինը միլիոն դրամով: Բայց սա միայն ֆինանսի հարց չէ, այլեւ ծավալի, ժամանակի, նաեւ դրամատուրգիայի: Թեւ կարծում եմՙ հատուկ տիկնիկային թատրոնի համար նախատեսված դրամատուրգիա չկա ու չպիտի լինի: Եթե դու պատկերացնում ես, որ այս թեման կարող է ներկայացվել տիկնիկների միջոցով, ուրեմն կանես, որովհետեւ դա քո ընկալումն է:

- Որեւէ թեմա երեխաների համար հետաքրքրական դարձնելն ավելի բարդ է: Երախային գրավելը, չխաբելը, խաղը համոզիչ դարձնելը, սովորեցնելըՙ առանց ցույց տալու, որ այս պահին դու ինչ-որ բան ես սովորեցնում, հատուկ ջանքեր է պահանջում:

- Չկա մեծահասակներին հուզող մի թեմա, որ չհուզի նաեւ փոքրերին: Երեխաները տառապում են միայնությունից, չհասկացված լինելուց, դավաճանությունից: Թատրոնը պետք է անկեղծ երկխոսություն հաստատի: Ներկայացումները երեկու տեսակի են լինումՙ սպառողական եւ ստեղծագործական: Սպառողականի դեպքում ինչքան մասսայական լինի ընկալումն, այնքան հեշտ: Ստեղծագործականի դեպքում ինչքան անհատական ու անձնականացված լինի մոտեցումը, այնքան լավ: Դահլիճուն նստած յուրաքանչյուր ոք, առավել եւս երեխա, պետք է հասկանա, որ բեմից միայն իր հետ են խոսում:

- Թա՞նկ չեն ձեր թատրոնի տոմսերը:

- Ամենաէժան տոմսերը մենք չենք թանկացրել արդեն 15 տարիՙ 600 դրամ էլ մնացել է: Մեծ դահլիճում տոմսերը 4 տարբեր արժեքների ենՙ 600, 800, 1000 եւ 1200 դրամ: Վերջին հինգ տարում ընդհանրապես չենք թանկացրել գները:

- Եթե նկատի ունենանք, որ երեխան մեծերի ուղեկցությամբ կամ ամբողջ ընտանիքով է գալիս թատրոն, նաեւ եթե նկատի ունենանք, որ առհասարակ թատրոն հաճախում են արվեստի հարգն իմացող, նշանակում էՙ ոչ ապահովված ընտանիքները, ապա տոմսերը մատչելի չեն:

- Եթե պետությունը հանձն առնի սուբսիդավորել տոմսերի արժեքի որոշ մասը, այդ դեպքում միայն գները կիջնեն: Շատ երկրներ այդ սկզբունքով էլ հենց աշխատում են, բայց նույնիսկ այդ դեպքում մանկական ներկայացումների տոմսերն արժեն 10-15 եվրո:

- Դուք երբեք չեք խուսափում հասարակությանը հուզող որեւէ խնդրի նկատմամբ հայտնել Ձեր կարծիքը: Այդ կարծիքն իշխանավորներին հաճախ հաճելի չէ: Նրանք ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այդ ըմբոստ կեցվածքին:

- Լեզուս ատամներիս հետեւում չեմ կարողանում պահել: Եթե ես ինձ զգում եմ այս երկրի տերը, ուրեմն լռելու իրավունք չունեմ: Իշխանության սպառնալիքներին ավելի հեշտ է դիմակայելը, քան հասարակության: Եթե դու պատրաստ ես կարծիք հայտնել, ուրեմն պետք է պատրաստ լինես նաեւ, որ շատերը կարող են չհամաձայնել քեզ հետ: Ես ոչ մշակույթի նախարարությանն եմ ծառայում, ոչ կառավարությանն ու Ազգային Ժողովին, ոչ էլ ՀՀ նախագահին: Իմ գործունեությունը մի քանի ուղղություն ունիՙ այս թատրոնը դարձնել մշակութային լավագույն օջախը, իմ հնարավորությունների սահմաններում փակել անճաշակության ճանապարհը: Բոլորը գիտեն, որ ես հեշտությամբ եմ հրաժարվում պաշտոններից, որովհետեւ ունեմ զավակներ, ուսանողներ, եւ իմ կենսագրությունն ինձ համար շատ ավելի կարեւոր է: Կարեւոր է նաեւ իմ աշխարհը:

- Հաճա՞խ եք այդ աշխարհը նորոգում:

- Փորձում եմ: Մի կարեւոր պայման ունեմՙ սեփական անձս երբեք լուրջ չընդունել: Ֆրանսիական ասացվածք կաՙ սեփական անձի հանդեպՙ հումորով, գործի հանդեպՙ լուրջ:

- Ձեր դիտարկմամբ Դուք ո՞վ եք:

- Էստոնացի ռեժիսոր Ռեյն Ագուրն ասում էր. «Տիկնիկային թատրոնի ռեժիսորը փիլիսոփա է:... Բայց մյուս կողմից էլՙ փիլիսոփան ինչո՞ւ պիտի զբաղվի տիկիկային թատրոնով»:

- Նրա ասածի ո՞ր հատվածն է Ձեզ վերաբերում:

- Կարծում եմՙ երկուսն էլ:

- Այսինքնՙ ե՛ւ ռեժիսոր եք, ե՛ւ փիլիսոփա՞:

- Ուրիշներն են այդպես ասում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ