RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-02-23 21:51:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2496, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՐՊԵՏ

ՆԱԻՐ ՅԱՆ

Գիտեմ, որ հարցազրույցների հետ գլուխ չունի: Անգամ եվրոպական մամուլին հարցազրույց տալուց հետո հաճախ զղջացել է. հասկացել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել, որ իր ասածն ուղիղ իմաստով են հասկացել:

Հայաստանյան լրատվամիջոցները, հատկապես փորձված լրագրողները լավ գիտենՙ հարցարույցի համար Արտավազդ Փելեշյանին մոտենալն անհեթեթություն է: Մշակութային միջոցառումների ժամանակ մեկ էլ կտեսնես նորաթուխ լրագրողները թռվռալով մոտենում են Վարպետին, ձայնագրիչը կամ խոսափողը համարձակ մոտեցնում նրան ու լայնժպիտ հարցնում. «Կարելի՞է մի հարց»: «Ոչ»,-կտրուկ պատասխանում է Փելեշյանըՙ ջահել աղջնակների դեմքներից ջնջելով լայն ժպիտները:

Ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակման համար նրանից որեւէ հատուկ խոսք սպասելը եւս անիմաստ է. փակված թեմա է: Ու այդ պատճառով էլ լրատվամիջոցների, նաեւ հասարակության շրջանում կարծիք է ձեւավորվել, թե Արտավազդ Փելեշյանը մարդախույս է. չլսված, չտեսնված բան է նրա հետ զրույցի բռնվելը կամ մի երկու բառ փոխանակելը: Իրականում շարքային համերգներից կամ ներկայացումներից հետո առաջինն Արտավազդ Փելեշյանն է մտնում կուլիսներՙ շնորհավորելու - շնորհակալություն հայտնելու դերասանին, ռեժիսորին կամ երաժշտին: Իրականում Վարպետը չափից դուրս նրբանկատ ու նրբազգաց է, դիմացինին մեծարող ու արժեւորող: Իրականում Վարպետի լռությունը կռիվ էՙ միայն ու միայն իր դեմ:

Ապրիլյան պատերամի օրերին խնդրեցի. «Վարպետ, այս օրերին մեր ժողովուրդը կշիռ, հեղինակություն ունեցող Հայի խոսքի, քաջալերման կարիքն ունի: Գոնե հիմա խոսեք»: «Երբ այդպիսի խոսքի կարիք կար, ես նկարեցի «Մենք» ֆիլմն ու լռեցի, հիմաՙ այս օրերին էլ ես կնկարեի մեր մասին ֆիլմ ու դարձյալ կլռեի»,-պատասխանեց ու լռեց:

Ոչ մի հանդիպում, ոչ մի խոսք, ոչինչ ու ոչ մեկը նրա ամենատես աչքից չի վրիպում. գեղարվեստական վավերագրողի աչքը նկատում ու նկարում է ամեն ինչ: Հասարակ մահկանացուն քանի՞ զգայարան ունի, նրանը դրա հազարապատիկն է: Իսկ երբ տեսածի ու զգացածի մասին հանկարծ արտահայտվում է, սկսում ես տեսնել պատրաստի կինոՙ մոնտաժված, անգամ երաժշտությունը տեղադրված: Տեսնում ես կերպարների, որոնց քեզ թվացել է, թե նախկինում ճանաչել ես, տեսնում ես պատկերներ, որոնց մեջ ես ամեն օր, բայց որոնց խորքային իմաստին ուշադրություն չես դարձրել երբեք:

Մատների վրա կարելի է հաշվել այն ֆիլմերը, որոնք Արտավազդ Փելեշյանը ժապավենին է հանձնել, իսկ քանի՜ ֆիլմ է կորել, քանի՜սը չի նկարվել: Շատերի հուշերն եմ լսել Փարաջանովի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի մասին. պատմողներից շատերը մի տեսակ սրբացնելու, ֆետիշացնելու, պաթոսախեղդ անելու ձգտում ունեն: Փելեշյանի հուշերում նրանք բոլորն էլ մարդ են, այնքան պարզ ու մարդկային մարդ, որ թվում էՙ դու էլ ես նրանց կողքին, նրանց հետ եղել, ուղղակի մոռացել ես դրա մասին: Մինչ- չլսես Փելեշյանի պատմությունները, չես կարող լիարժեք հասկանալ, թե ինչքան մարդկային ու պարզ են նրա ֆիլմերը: Այդքան, այդչափ, այդկերպ, այդպես պարզ. այդ պատմություններից հետո շունչդ կտրվում է, շուրջդ անընդհատ փնտրում ես նրա ֆիլմերի կերպարներին: Մի վայրի, սիրունիկ աղջնակի տեսնելովՙ քեզ թվում է Փելեշյանի կադրն աչքիդ առաջով անցավ, գնացքի վագոնում նստածՙ Փելեշյանի ֆիլմի ծանոթ կերպարներին ես փնտրում շուրջդ, գյուղում հունձ անողների մեջ խոտի դեզերը սարի լանջով գլորող փելեշյանական հնձվորներին ես փորձում գտնել: Ամեն կադրի հետեւում նա էՙ Վարպետը:

Շատ են խոսում Փելեշյանի լռության մասին. նրա լռելուց հազար անգամ շատ են խոսում նրա լռության մասին: Եթե էկրանից, թերթերից, ամբիոններից չի խոսում, ֆիլմ չի նկարում, ուրեմն լռո՞ւմ է: Ամենեւին... Նա խոսում է, ով պետք է, նրան լսում է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 24-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ