RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



40-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3832, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՇՆԱՆ ԱՐԵՎ»

Վ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Այս տարի լրանում է հայ կինոյի ինքնատիպ բեմադրիչներից մեկիՙ Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արեւ» կինոնկարի ստեղծման 40 տարին: Այդ առթիվ հրատարակում ենք Երեւանի «Կոմունիստ» թերթում 1979-ի օգոստոսի 26-ին հրատարակված մի շահեկան կինոխոսական:


Կան շարժանկարներ, որոնց շուրջ ծավալված քննարկումը շարունակվում է այն ժամանակ նույնպես, երբ դրանք այլեւս չեն ցուցադրվում:

Այդպիսի ֆիլմերից է «Հայֆիլմում» նկարահանված «Աշնան արեւը»:

Էկրանին մենք տեսնում ենք կնոջ մի դեմք, լսում ենք նրա մենախոսությունը, «դու ինձ դուր չես գալիս, խեղճ ես դու, ինձ դուր չես գալիս, տղաս, արյունս, առաջնեկս, հույսս... ոչ մի չարություն չկա մեջդ: Ում հարցնում եմՙ գովում է քեզ ու ծիծաղում, թեՙ հա՛մ բարի ես դու, հա՛մ էլ խեղճ ես: Հա՜, ու այդ ծիծաղըՙ ոնց որ դանակՙ սրտումս, վիրավորում է ինձ»:

Վերնագրային, խորագրային այս դրվագը սցենարի հեղինակ Հրանտ Մաթեւոսյանի եւ բեմադրիչ Բագրատ Հովհաննիսյանի համարձակ հայտն է ոչ միայն ոչ երիտասարդ հայ գեղջկուհի Աղունի կերպարի, այլեւ ամբողջ ֆիլմի համար:

Կինոնկարի տեւողությունը մեկ ժամ քսան րոպե է: Մեկ ժամ քսան րոպե հեռավոր լեռնային գյուղի մի կնոջ կյանքից: Մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ կինը պատրաստվում ուղեւորությանՙ գնում է քաղաք, տղայի հետ տեսակցության, որը, ասում են, պատրաստվում է ամուսնանալ: Ընդամենը մեկ ժամ քսան րոպե տեւող մենախոսություն, մի երկու ակնարկ ու կարծես թեՙ այլեւս ոչինչ, վերջ: Նոյնիսկ տղան այդպես էլ չի երեւում էկրանին: Տեսաբանները կասեինՙ ժամանակի եւ տեղի միասնություն, գործողության թերեւս: Ինչ վերաբերում է ժամանակին, ապա այս իմաստով բեմադրիչին հաջողվել է հրաշալի կերպով այն դարձնել ընդգրկուն, ընդլայնել էկրանային ժամանակի սահմանները, թափանցել խորքերը: Աղունը վերհիշում է իրեն բոլորովին երիտասարդ, իսկ ամուսնունՙ Սիմոնին, այնպիսին, ինչպիսին նա վերադարձավ ռազմաճակատից: Նրա աչքերով մենք տեսնում ենք ե՛ւ հին, աղքատ գյուղը, ե՛ւ ետպատերազմյան, ե՛ւ ժամանակակից գյուղը: Մենք բախվում ենք զուգորդական մեթոդի հետ, որը մեր օրերում հաճախ է օգտագործվում թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյում, թե՛ արվեստում ընդհանրապեսՙ ընդարձակելով, լայնացնելով ստեղծագործության կիրառական հնարավորությունները, գեղարվեստական արտահայտչականությունը:

Ինչո՞վ է հետաքրքրական ֆիլմի հերոսուհին: Հնի ու նորի սահմանագծին, երբ հինը դեռեւս վերջնականապես անցյալ չէ, իսկ նորը տակավին չի հաստատվել, 15-ամյա աղջնակին ամուսնացրին Սիմոնիՙ մի շեկ, անդուր, չսիրված տղայի հետ: Ամուսնացրին կամքին հակառակ, անօժիտ, մի շորով:

Նա այստեղ բոլորովին միայնակ է, օտար, քաղաքացի: Իսկ գյուղացիների գիտակցությունը դեռեւս սահմանափակվում է գյուղական ցանկապատի շրջանակով:

Մենք հիշում ենք այն հուզիչ դրվագը, երբ հեղեղը, կատաղած ցուլի հետ, ներս է խուժում գոմ, որտեղ ապրում էին Աղունը, Սիմոնը եւ նրանց առաջնեկը: Իսկ նաՙ Աղունը, թվում է, թե ողբում է. «Սիմոն, տո՛ւն ենք կառուցելու... Հա՛, տո՛ւն ենք կառուցելու»: Եվ այդ համառ կինն ստիպեց անտարբեր Սիմոնին տուն կառուցել: Մենք տեսնում ենք այդ տունը, որ նա կառուցել է Սիմոնի հետ: Եվ ոչ միայն տունն ու գյուղը: Նորը...

Տեսնում ենք Աղունին նանիՙ Սիմոնի մոր կողքին: Նորըՙ հնի հետ: Ինչի՞ մասին են զրուցում նրանք: Եվ ինչպե՞ս է այդ դրվագը մեզ հիշեցնում գյուղացի երկու կանանց զրույցը Մինասի կտավի վրա:

Դա ոչ միայն զրույց է: Դա բախում է, նորի եւ հնի բախում: Ո՛չ, Աղունը ոչինչ չի մոռացելՙ ո՛չ նանի հեգնանքները, ո՛չ գյուղական հետամնացությունը, լճացումն ու խավարը, որը խանգարում է մարդուն թեւեր առնել, իրեն մարդ զգալ: Ինչ-որ ժամանակ Աղունը իր էր, առարկա: Այդ ժամանակն անցել է անվերադարձ, հիմա նա հողի ու իր բախտի տերն է: Այդ պատճառով էլ նա չարացած է, դեմ է ամեն տեսակ լճացման, անկամության, բռնակալության: Ահա թե ինչու նրան խորթ է այն բարությունը, որը ողորմությունից դառն է: Ահա թե ինչու այդպես դժվար է դասավորվում նրա կյանքը Սիմոնի հետ: Բանն այստեղ այն չէ, որ ինչ-որ ժամանակ Սիմոնը դավաճանել է նրան, ո՛չ: Բանն այն է, որ Սիմոնը ամեն ինչի հետ շուտ է համաձայնվում, շուտ է հաշտվում: Ըստ էությանՙ այս ոչ վատ մարդը կյանքում բռնում է հարմարվողականության ուղին, ինչի հետ երբեք չի հաշտվում Աղունը: Այդպիսին է այդ կնոջ բնավորությունըՙ եզակի, շատ սակավ հայ կինոյում: Եվ նրան թե՛ հոգեբանորեն, թե՛ պլաստիկայով հրաշալի է մարմնավորել Անահիտ Ղուկասյանը , որն առաջին անգամ է նկարահանվում կինոյում:

Աղունի կերպարը միօրինակ, միանշանակ չէ: Նրան այդպիսին է մարմնավորել դերասանուհին: Ահա նա մտածկոտ նայում է Սիմոնին. իսկապես, այս ե՞րբ ծերացավ, եւ շորերն ինչպե՞ս են նստում նրա վրա... Իսկ ի՞նքը, ի՛նքը...

Այս բառերի մեջ ոչ միայն անհաշտվողականություն է, այլեւՙ խոր սեր: Եվ Սիմոնն էլ գիտի դա: «Մայրդ ճիշտ է»,- ասում է Սիմոնը կրտսեր որդունՙ հասկանալով կնոջ հոգեկան բարդագույն իրավացիությունը: Սիմոնի դերակատարումն, անկասկած, Կարեն Ջանիբեկյանի հաջողությունն է: Դերասանը պատկերում է Սիմոնին ե՛ւ երիտասարդ, ե՛ւ առաջացած տարիքում: Մեր աչքի առաջ փոխվում են նրա քայլվածքը, շարժումները, եւ Աղունի կողքին ավելի իմաստուն է դառնում գեղջկորեն կշռադատող նրա աչքերի հայացքը:

Ֆիլմում կա մի տպավորիչ դրվագ: Կինոխցիկն անշտապ շարժվում է, եւ մենք տեսնում ենք դեմքե՜ր, դեմքե՜ր... Տեսնում ենք գյուղացի տղաների արտահայտիչ դեմքերը, ձեռքերը: Երկրի աղը: Այդպես է նրանց հիշում Աղունը: Նրանցից շատերը չվերադարձան պատերազմից: Ո՛չ, այդ տղաները պաշտպանեցին ոչ միայն իրենց, իրենց ընտանիքները, իրենց գյուղը, այլեւ... երկիրը: Եվ նա միշտ չէ արդարացի եղել նրանց նկատմամբ: Նա չի կարող այդ բանը չխոստովանել ինքն իրեն: Միայն թե... միայն թե... Եթե այդ մարդիկ պատրաստ են մեծագույն սխրանքների, նշանակում էՙ նրանք ունեն հսկայական ներքին ուժ եւ կարող են անել ավելին, կարող են ավելի լավը լինել, ավելի գեղեցիկ, անհաշտ չարի հետ, մաքուր, հոգեպես անկախ, ազատագրված...

Այսպիսով, մենք տեսանք մի ֆիլմՙ զուսպ, պլաստիկ, մեծ տակտ եւ ճաշակ ունեցող բեմադրիչի կողմից նկարահանված: Ազնիվ եւ ճշմարտացի ֆիլմ: Մենք տեսանք արտահայտիչ դերասանական խաղ:

Մենք տեսանք ֆիլմ, որը, չնայած իր թերություններին եւ վիճելի կողմերին, բավարար հիմք ունիՙ համարվելու հայ կինոգործիչների ստեղծագործական հաջողությունը:

Թարգմանությունը ռուսերենիցՙ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ