RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2363, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՇԱՆՆԵՐԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Արա Հայթայանի գեղանկարչական արտահայտչաձեւը աբստրակցիան է, արտաքին աշխարհի երեւույթների ու իրերի վերացարկումըՙ ներքին կոնցեպտուալ խնդիրների բնույթից ելնելով: Առհասարակ գեղանկարչության այս ուղղության սուբյեկտիվ ընկալման մոտեցումը զանց առնելովՙ այն կրող լուրջ արվեստագետները իրականում ավելի գաղափարներ ներմուծողներ, խնդիրներ առաջադրող եւ դրանց պատասխաններ որոնողներ են նաեւ. այս առումով նրանց արվեստը ոչ միայն ակտուալ, նաեւ ակտիվ է, քանի որ առնչվում է ժամանակի խոցելի, ցավոտ կամ հրատապ խնդիրներին: Այն կառուցվում է իհարկե արվեստագետ-մտավորականիՙ սեփական ինքնության ճանաչման գիտակցականության, կյանքի փորձառության վրա, որի գեղարվեստական մարմնավորումը որեւէ ձեւի կամ ուղղության մեջ, ընդամենը նախապատվության հարց է, ասել է թեՙ պայմանական: Եթե կարդում ես արվեստագետի կոդերը, հաղորդակցվում ես նրա ներքին կյանքին ու մտաշխարհինՙ ամենը ավելի հստակ է դառնում:

Ժանրային առումով նկարչին ավելի մոտ միջոցները բնանկարը եւ նատյուրմորտն են: Այն ինչից սնվում է նրա արվեստը, իրականության վերապրումներ են, որոնց ազդակները նա գտնում է իր իսկ միջավայրում, այստեղ, քաղաքային կյանքի խճողված բազմազանության եւ բնության այն վայրերի մեջ, որտեղ նա ներքին խաղաղության ու ներդաշնության մեջ է: Դա մեր հայկական բնաշխարհն է, չնայած իր փորձառությունը վաղուց դուրս է եկել այս սահմաններից` ծավալվելով աշխարհագրորեն բավական լայն շառավիղներովՙ Ճապոնիայից, Եվրոպա, Ամերիկա, ինչը մեզանում այնքան էլ ոչ հաճախ հանդիպող նկարչական փորձառություն է, որն իր մեջ զուգահեռում, համադրում է աշխարհի տարբեր մշակութային երեւույթների զգայություններ, վերապրումներ:

Գեղանկարչի համար իրերի ընտրությունը կապվում է դրանց պատմության հետ, կյանքի, որ անցնում է երեւակայության, այլաբանության սահմաններն ու կտավին վերաձեւվում, արտահայտվում իբրեւ կենսագրության էջ, որոնց անընդհատական հաջորդումները ձեւավորում են նկարչական շարքեր, ու երբ մեկտեղվում, ամբողջանում են, նոր են միայն ի հայտ բերում արվեստագետի ընթացքը, դրանց առանձնահատկություններն ու զարգացումները, կրած փոփոխությունները:

Իրերը, քաղաքներն ու բնության պատկերները կտավին դառնում են նշաններ. դրանք ձեւի, գույնի, բույրիՙ տվյալ տեղանքին ամենաբնորոշ ու գտնված վիճակի խտացումներ են, որ նկարչական այս ձեռագրումՙ ձերբազատված ավելորդաբանությունից ու գունազարդումից, արտահայտվում են հնարավորինս սեղմ, անգամ ժուժկալ, պարզության մեջ խորհրդաբանական: Կյանքն իր ռիթմով ու օրենքներով, բնությունն իր խորհրդով ու գաղտնիքներով, թանգարաններն իրենց հագեցած լռությամբՙ այն ինչ հարստացրել, գուցե եւ փոխել նրա գեղանկարչական մտածողությունը. այն, ինչ տեսել է գեղանկարչի աչքը, հայել միտքն ու հոգին իր միջավայրում եւ օտար հորիզոնականներով անցնելիսՙ ձեւակերպված է «Մերօրյա առասպել» արտահայտությամբ:

Շատ հաճախ է պատկերների վերացարկումը դժվար ընթեռնելի դարձնում արվեստագետի մտածողությունը, այս առումով շահեկան են հեղինակային մեկնաբանությունները, ավելի շուտ գաղափարական - կոնցեպտուալ մոտեցումների նրա որոշակի պարզաբանումները, մանավանդ Արա Հայթայանի պարագայում, որովհետեւ նա հավասարապես նաեւ արվեստաբան է:

- Արա, իրականությունն ու արվեստը ինչպե՞ս են գոյակցում միմյանց հետ: Այն ինչ պատկերում ես քո կտավներումՙ վերապրումի ու փորձառության արդյունք է, որ ներկայացնում ես իբրեւ պատկերագրություն, նշաններՙ երբեմն հանելուկներ առաջադրող:

- Ես իրերը աբստրահանում, բայց չեմ կտրում իրենց նախնական արխետիպից, սակայն փլուզման ընթացքը միշտ ապահովում եմ: Ինձ համար կարեւոր է ակունքը, այդ առումով ճանաչելի են դրանք, շոշափելի կամ առարկայական են, ունեն ձեւ, գույն, նյութականություն, ապաառարկայնացված չեն, բայցՙ ի՞նչ առարկաներ են դրանք, խնդիրը սա է. առարկան պիտի ունենա կենսագրություն: Ես չեմ կարող հենց այնպես, զուտ ֆորմալ, որ ասենք գեղեցիկ է, որեւէ իր ներքաշել իմ արվեստի մեջ, դրա հետ կապված պատմություն պետք է լինի, իրը պետք է ուժը ունենաՙ իրեն տրանսֆորմացնելու:

- Երկու կյանք ենք տեսնումՙ ուրբանիզացված, մի փոքրՙ խիստ, եւ մյուսըՙ կարծես ավելի մեղմ, զգայական, որոնք տարբեր միջավայրերում են դառնում:

- Այսօրվա մարդու գոյության կերպն է, որ երկվության մեջ է, պատեպատ է անընդհատ խփվումՙ քաղաքային կյանքի եւ բնության միջեւ, իր տեղը չի գտնում այդ երկուսի արանքում:

- Դա ի՞նչ կերպ է արտահայտված քո նկարներում:

- Ես փորձում եմ մերկ ընդգծել երկուսի հատկանիշներըՙ քաղաքն իր բետոնով, ռացիոնալությամբ, շարժումով, ֆունկցիոնալ իր ապարատի գործողությամբ եւ բնությունը, որպես կենսատու ուժ, որն իռացիոնալ հատիկ ունի, բայց ապրեցնող է: Երկու դեպքում էլ դիտարկվում է ներքին եւ արտաքին աշխարհների միջեւ ներդաշնակություն ստեղծելու մարդու ձգտումը: Բնության հետ կապված շարքերը արել եմ կյանքի հրճվանքով, ուզում եմ փոխանցել բնության տվածը եւ քաղաքային մամլիչը, որ միայն քամում ու չի տալիս: Այսօրվա մարդը, որ զգացել էՙ որտեղից են գալիս կենսական ուժերը եւ որն է իրեն սպառում: Ես ոչ թե պեյզաժիստ եմ, դրա համար եմ գնում Շորժաՙ նկարելու, այլ որովհետեւ այդ տարածքը ինձ տալիս է հղումներ:

- Հատկապես ա՞յդ տարածքը: Այդպիսի մի բնանկարի առիթով ասել ես, որ դա քո դիմանկարն է, ինչպե՞ս հասկանալ:

- Կա այդպիսի բան, որ տեղանքը դառնա ավտոպորտրետ: Ինչո՞վ են տարբերվում այն նկարիչները, որոնք յուրացնում են իրենց բնությունը, այդ նույն բնությունը նկարող եկվորներից: Առաջինները ուրիշ ձեւով են դա տեսնում, տեղանքի ողջ էքզիստենցիալ կոդը տեսնում են այդ բնության տարատեսակների հետ աշխատելով, որովհետեւ նա այնտեղից է գալիս, տուրիստի նման պատկերելու կարիք չունի: Ես քաղաքային ծնունդ եմ, բայց բնության առումով ես էլ եմ փնտրում ինձ հարազատ վայրը: Ինչ-որ տեղում մարդու ներքին կամերտոնը, ներքին զարկերակը վերջապես գտնում է այդ կետը: Գուցե փոքրուց այդտեղ նկարել եմՙ այ՞դ պատճառով է: Բայց եկավ մի պահ, երբ տարբեր վայրերում, տարբեր երկրներում նկարելով, այդ վայրը սկսեց աշխատել ինձ հետ, եւ ես հասկացա, որ իմ կառուցվածքը հենց այդ պեյզաժի կառուցվածքն է:

- Այսի՞նքն: Ինչո՞վ է այն մոտ քո էությանն ու նկարչական մտածողությանը:

- Պեյզաժի միմինալությունը, սարերի գծային շարժը էմոցիոնալ խառնվածքդ են զարկերակի պես նշում: Ծառի մի հատ լինելը, ոՙչ անտառ, այլ մեն մի հատ ծառ, բացի սաՙ սարերի հետեւում Արեգունի լեռներից այն կողմ Ադրբեջանի գոյությունըՙ այս վերջին 20 տարիների մեր կյանքը, երբ մի ողջ սերունդ ապրում է պատերազմական վիճակներ, մի գեղեցկություն, որից այն կողմ պատերազմ է, այնտեղ մարդիկ են զոհվում, մենք ենք զոհվում... Տեղանքը շատ ակտուալ է դառնումՙ որպես մեր այսօրվա էքզիստենցիալ պատերազմ: Այդ բնանկարը իր գեղեցկութան մեջ վտանգներ ունի, գեղեցկությունն ու մահը անընդհատ իրար հետ են: Մի ամբողջ սերունդ 20 տարի ապրում է էքզիստենցիալ այդ վիճակը: Ստիպված ես այդ գեղեցկությունն ընկալել պատերազմի լարվածության տակ...

- Փաստորեն քո այս բնանկարները արձագանքնե՞ր են մեր կյանքի քաղաքային ու քաղաքական, սոցիալական ու հոգեբանական վիճակների:

- Այո, հոգեբանական քարտեզագրություն է, պեյզաժըՙ հոգեբանական քարտեզ...

- Օտարՙ ամենատարբեր մշակույթների հետ քո շփումները, բազմաթիվ ճամփորդություններն ու դրանց զուգահեռ ցուցահանդեսները, հանդիպումները ի՞նչ ազդեցություններ, տպավորություններ են թողել ստեղծագործությանդ, մտքի ու մտածողությանդ վրա:

- Որքան ավելի ես շփվում, այնքան ձեռք ես բերում սերեր տարբեր մշակույթների հետ, եւ այդքան կարեւորվում է տեղային ֆենոմենը: Որքան ճամփորդեցի, այնքան տեղային ֆենոմենի կարեւորությունը ավելի խորացավ, որովհետեւ հասկացա, որ այն արվեստները, այն ժողովուրդները, որ ինձ հետաքրքրում են, հատկապես այն պատճառով է, որ իրենց տեղային ֆենոմենի ուժը բավականին բարձր է, եւ մեծ է էքզիստենցիալ կապը իրենց տեղի հետ: Այդ հնչեղությունը նրանք կարողացել են հասցնել ինչ-որ մակարդակի, եւ նույնիսկ նրանք, ովքեր վաճառում են իրենց ինքնությունը ուրիշ շրջանակներում, օրինակ ծնվել է Թայվանում, բայց Նյու Յորքում է ցուցադրվում, վճռորոշը դարձյալ հնչեղությունն էՙ տեղային էքզիստենցիալ տարբերության, որքանով այդ բեմերը թույլ են տալիս:

Ինչ վերաբերում է տպավորություն - ազդեցություններին, կարող եմ ասել, որ իմ նատյուրմորտները փորձ են կորեական (18-19-րդ դարեր) եւ հոլանդական (17-րդ դար) նատյուրմորտիՙ երկուՙ իրարից տարբեր զարգացումների ուսումնասիրության, որոնց մեջ, բացահայտ տարբերություններով հանդերձ, առեղծվածային ընդհանրություններ նկատեցի, որ հետագայում փնտրումներիս համար նոր մեկնակետ հանդիսացավ: Ես փորձեցի այն իմի բերել եւ մտցնել 20- 21-րդ դարեր: 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ֆլորիս վան Սխուտենիՙ Լուվրում ցուցադրվող մեկ գործ, որ տեղում գծագրեցի եւ երկար ժամանակ ուսումնասիրում էի, հիմք հանդիսացավ մի ամբողջ շարքի: Այդ մեկ գործը խթան հանդիսացավ առհասարակ հասկանալուՙ ինչո՞ւ եմ ես զատում առարկաները, ո՞ր առարկաներն են խոսում իմ խնդրի մասին: Ինչ սկզբունքներով է արել նա. հոլանդացի նկարիչը գտել է իր կոդերըՙ ասելիքը տեղ հասցնելու: Ես սկսեցի ավելի պատասխանատու վերաբերվել նատյուրմորտին եւ փնտրել իմ կոդերը, որոնք գտնել կարող էի միայն իմ միջավայրում:

- Այն իրե՞րը, որոնց մասին քիչ առաջ խոսեցիր:

- Այո:

- Եվ վերջումՙ գեղանկարչության հոգուՙ գույնի մասին: Քո նկարչությանը առավել բնորոշ,- գուցե դա՞ ենք հաճախ տեսել,- գունային պասիվությունը, կոնտրաստային անցումները շատ նկարներում բավական փոխված ենՙ ակտիվ, տաք, կենսական երանգներ են առկա:

- Գույնը երբեմն որպես առարկա եմ ներքաշում նկարի մեջ, այն ոչ թե նկարագրող է, այլ հենց ինքն է դառնում կրողՙ առարկան, գաղափարը բացահայտող:

Իրերն ունեն գերիշխող գույն, որ առավել նշաններ են, քան նյութականացված վիճակներ: Այդ նշանների ամբողջությունը իրականության հիմնական տարրերն ենՙ ձեւակերպված մերօրյա առասպել արտահայտությամբ: Եվ այնՙ որպես թիրախային բնորոշում, ինձ դրդեց սեղմել գեղարվեստական միջոցներըՙ հասնելու պարզագույն արտահայտչամիջոցիՙ պատկերի վերջնական կառուցվածքին համահունչ:

Հ.Գ. Շուրջ 160ՙ տարբեր տարիների նկարներից ընտրված 90 աշխատանք, ներկայացված էր Երեւան քաղաքի մշակութային հրաշալի մի օջախում, որտեղ աշխատանքի պրոֆեսիոնալ մոտեցումը եւ հոգատարությունը արվեստին անմիջապես է զգացվումՙ Հարություն Կալենցի տուն-թանգարանի երկու հարկերի բավական մեծ մի քանի սրահներում, որտեղ կար մթնոլորտ, նկարչության շունչ ու ոգի, արվեստի իրական հետաքրքրություն ու տրամադրություն, կարծիքների, տպավորությունների անկեղծություն: Մի տեսակ ներքին ազատություն կա այստեղ, որտեղ էլ կայացավ այս զրույցը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ