ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ ՇՔԱՆՇԱՆ Հ. Ծ. Նյու Յորքի հայտնի Կառնեգի ընկերության նախագահ Վարդան Գրիգորյանին վերջերս շնորհվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետի շքանշան առ ի գնահատանք ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման եւ Ամերիկայում ֆրանսիական մշակույթի եւ լեզվի տարածման ասպարեզում իր գործադրած երկարամյա ջանքերի: Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802-ին սահմանված շքանշանը Գրիգորյանին է հանձնել Ամերիկայում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն , նշելով որ Գրիգորյանը տեսլականի տեր, տիպար անձնավորություն է, ում համար կրթությունն ու գիտելիքը հիմնական ազդակներն են աշխարհում խաղաղություն եւ իրարհասկացողություն հաստատելու: Իր հերթին Գրիգորյանը ասել է, որ Ֆրանսիային եւ ֆրանսիական մշակույթին շատ բան է պարտական, որովհետեւ սկսած Բեյրութում ուսանած տարիներիցՙ լուսավորության ժամանակաշրջանի գաղափարներն ու ֆրանսիական հեղափոխության խորհրդանշանները միշտ էլ ներշնչման աղբյուր են հանդիսացել իր համար: Վարդան Գրիգորյանը, որ նախկինում եղել էր Նյու Յորքի հանրային գրադարանի, եւ այնուհետեւ Բրաուն համալսարանի նախագահը, 1986-ին արժանացել էր արվեստի եւ գրականության գծով ֆրանսիական պատվավոր շքանշանին, իր ակադեմիական մակարդակի նշանակալի հրատարակումների համար: |