RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017



ՀԱՅ ՊԱՐՈՒՀԻՆԵՐ

Տեղադրվել է` 2017-03-02 21:08:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2639, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՄ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՆ Է»

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆԸ, Բելգրադ, փետրվար, 2017

Հարցազրույց սերբական բալետի հայազգի պարուհի ԱՇԽԵՆ ԱԹԱԼՅԱՆՑԻ հետ

1990-ականների սկզբից Բելգրադի ժողովրդական թատրոնի առաջատար պարուհիներից է եղել Աշխեն Աթալյանցը (ծն. 1971, Պանչեւո): Բալետային նախնական կրթությունն ստացել է Բելգրադում: 16 տարեկանում արդեն մենապարերով հանդես է եկել Բելգրադի ազգային թատրոնում: 1988-ին ավարտելով ուսումնառությունըՙ Աշխենը դարձել է Բելգրադի թատրոնի ամենաերիտասարդ մենակատարը: 1990-ին Բելգրադի ազգային թատրոնի 120-ամյակի առթիվ Օդետա-Օդիլիայի դերի համար արժանացել է հոբելյանական մրցանակի: 1991-ին Աշխեն Աթալյանցը ոսկե մեդալ է շահել Օսակայում (Ճապոնիա) կայացած բալետային զույգերի միջազգային մրցույթում, ճանաչվել է տարվա լավագույն պարուհի: 1991-ին դարձել է Բելգրադի օպերային թատրոնի գլխավոր մենապարուհի: 1992-1993 թթ. աշխատել է Իսրայելի բալետում (Թել Ավիվ), այնուհետեւ 1996-ին եղել է Բեռլինի պետական օպերայի մենակատար: 2000-ին Աշխենն ընդունվել է Ռեջո Էմիլիայի (Իտալիա) «Ատերբալետտո» խումբ: 2006-ին արժանացել է սերբական «Բրակա Կարիչ» հիմնադրամի մրցանակին: 2007-ից Աթալյանցը սկսել է աշխատել որպես բալետի ուսուցչուհի: Ֆիզիկական բացառիկ տվյալների շնորհիվ բարձրահասակ, ձիգ մարմնով Աշխենը որպես մոդել աշխատել է «Մաքս Մարա» նորաձեւության ընկերության համար: Նա հայտնի է որպես չափազանց աշխատասեր, ուժեղ, համառ, ինչ-որ տեղՙ ոչ համբերատար, կրքոտ, իր եւ ուրիշների հանդեպ խստապահանջ անձնավորություն: 2011 թվականին Բելգրադում Աշխեն Աթալյանցը բացել է իր անվամբ բալետի դպրոց, որտեղ դասավանդում է դասական եւ ժամանակակից պարեր:

Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գրքից, կրճատ


- Սիրելի՛ Աշխեն, այսօր մեր հանդիպման առիթը Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքն է, որը հեղինակը սիրով ուղարկել է նաեւ ձեզ: Այն լույս է ընծայվել 2016 թ. Երեւանումՙ «Հայաստան» հրատարակչությունում:

- Շնորհակալություն հեղինակինՙ իմ կենսագրությունը եւ լուսանկարը գրքում ընդգրկելու, նաեւ ձեզՙ գիրքը ինձ հասցնելու համար:

- Մեր զրույցը սկսենք ձեր հայ նախնիից: Աշխե՛ն, Ձեր մեծ պապը` Վռամշապուհ Աթալյանցը, ինչպե՞ս հայտնվեց Սերբիայում:

- Նա Շուշիից էր, յոթ երեխաների մեջ լինելով ամենախելացինՙ ուղարկվել է Սանկտ Պետերբուրգՙ բժշկություն ուսանելու հայտնի գիտնական Պավլովի մոտ: Իմ մի ազգականը, որին գտա երկու տարի առաջ, ասում է, որ մեր ազգանվան վերջին ց տառը Վռամշապուհն ավելացրել է Սերբիայում: Նա ամուսնացել է ազնվական ծագումով Իրինայի հետ, որի մասին վստահ չեմՙ ուկրաինացի էր, թե լեհուհի: Նրա ձեռքը խնդրելիս է եղել մի կոմս: Իրինան չի ընդունել ամուսնության նրա առաջարկը: Կոմսը սպառնացել է, որ ինքնասպանություն կգործի եւ այդպես էլ վարվել է: Այդ ծանր դեպքից ազդվածՙ Իրինան Առաջին համաշխարհայինի տարիներին կամավոր մեկնել է ճակատ, որպես գթության քույր: Այդտեղ էլ ծանոթացել է պապիսՙ Վռամշապուհի հետ, որը երիտասարդ բժիշկ էր: Նրանք ամուսնացել են: Իրինայի ծնողները դեմ են եղել ամուսնությանը եւ երբեք չեն հաշտվել այդ իրողության հետ: Երբ Ռուսաստանում հեղափոխություն եղավ, Իրինան եւ Վռամշապուհը, ամեն ինչ թողնելով, ընդամենը մեկ ճամպրուկով, գաղթեցին Սերբիա: Վռամշապուհն ունեցել է երեք զավակ, որոնցից մեկը պապիկս է: Հայրս բաժանվել է իմ սերբ մորից ու գնացել Ֆրանսիա, այնտեղ ամուսնացել ֆրանսուհու հետ, այնպես որ կես-քույր ունեմ Ֆրանսիայում: Պապիս քույրըՙ Միլիցա Արանջելովիչը (Աթալյանց), որ տարիներ առաջ մահացավ Կանադայում, գրել է «Երբ խոսում է հոգին» գիրքը, որտեղ անդրադարձել է ռուս եւ հայ էմիգրանտների ողբերգական վիճակինՙ Ռուսական կայսրության փլուզումից հետո:

- Ձեր տանը պահպանվե՞լ են հայկական սովորույթներ:

- Ոչ մի: Վռամշապուհ մեծ պապս խուսափել է իր ազգային պատկանելության մասին խոսելուց: Նա, հավանաբար, հիասթափված է եղել: Նա աշխատել է որպես թագավորական բժիշկ, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կոմունիստական կարգերի պատճառով, կորցրել է աշխատանքը, եւ ընտանիքի հոգսը ընկել է նրա դստեր ուսերին:

- Գիտեմ, որ չեք խոսում հայերեն, սակայն կրում եք հայ առաջին քրիստոնյա թագուհու անունը: Արդյո՞ք Ձեր հայկական անունն ու ազգանունը ինչ-որ կերպ խանգարել են Ձեր բալետային կարիերայում:

- Ինձ Աշխեն են անվանել իմ պապի քրոջ անունով: Ո՛չ, անուն-ազգանունս երբեք խոչընդոտ չի եղել: Շատ եմ ցավում, որ հնարավորություն չեմ ունեցել հայերեն սովորելու եւ ավելին իմանալու իմ նախապապերի մասին: Իմ դստրիկը եւ որդին նույնպես կրում են հայկական անուններՙ Անի եւ Նոյ, ու իրենց հայրական ազգանվան կողքինՙ նաեւ իմ ազգանունը: Ես փափագում եմ մի օր նրանց հետ այցելել Շուշի, ապա նաեւՙ հինավուրց Անի: Ահա սա է իմ երազանքը:

- Աշխարհի տարբեր երկրներում հայազգի շատ բալետային արտիստներ ունենք: Որեւէ մեկի հետ պարե՞լ եք կամ ծանո՞թ եք:

- Գիտեմ, որ մեր բնագավառում շատ հայազգի արվեստագետներ կան, բայց, ցավոք, բախտ չի վիճակվել որեւէ մեկի հետ ծանոթանալու կամ համատեղ հանդես գալու:

- Հայաստանում չեք եղել, սակայն ունե՞ք այնտեղ ծանոթներ:

- Այո, ցավոք, դեռեւս չեմ եղել: Միայն մի քանի ծանոթ ունեմ, որոնց հետ եւս նամակագրական կապս թույլ է:

- Ի՞նչ կցանկանայիք հայ ընթերցողին:

- Իհարկե, ողջ հայ ժողովրդին կցանկանայի երջանկություն, բարեկեցություն: Կցանկանայի որեւիցե ծրագրով այցելել Հայաստան եւ ժողովրդական լայն զանգվածների համար կազմակերպել սեմինար, պատրաստել ինչ-որ միասնական պարային համար: Ես փափագում եմ, որ աշխարհին ցույց տանք հայ մշակույթը: Ես պաթետիկ չեմ եւ շեշտը չէի դնի տխուր պատմությունների վրա, այն բոլորը գիտեն: Երաժշտություն եւ պար, ահա համընդհանուր արվեստի այս տեսակներով հայ ազգը պետք է աշխարհի հետ հաղորդակցվի:

Իմ միակ ցանկությունն իմ արմատները ճանաչելն է:

Հարցազրույցը վարեց

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 03-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ