RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 19:11:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3585, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՋՅԱՆԻ ԿՈՐԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Ժիրայր ՓԱՓԱԶՅԱՆ, Փարիզ

Այս տարվա մարտ ամսին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի 180-ամյակը: Հոդվածի հեղինակըՙ դերասան, երաժշտաթատերագետ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանը, «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի» տնօրենն է Փարիզում: Տիգրան Չուխաջյանըՙ հայկական առաջին օպերայի հեղինակ, տաղանդավոր կոմպոզիտոր եւ երաժիշտ, ապրել եւ ստեղծագործել է Օսմանյան կայսրությունում: Չուխաջյանի ամբողջական գործերը, նրա կենսագրությունն ու ստեղծագործությունը դեռեւս մնում են անհայտ հայ եւ օտար հանրությանը: Կարեւորելով Չուխաջյանի գործի տեղը եւ դերը հայ երաժշտության պատմության մեջ, ինչպես նաեւ մեծ կոմպոզիտորի 180-ամյա հոբելյանի առիթով, հոդվածագիրը կատարել է արժեքավոր ուսումնասիրություններՙ երաժշտասեր հասարակայնությանը Չուխաջյանին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Հոդվածը հրատարակում ենք երկու մասով, վստահՙ որ կարդացվելու է չթուլացող հետաքրքրությամբ, քանի որ գրված է տեմպային խաղ սիրող վարպետ ռեժիսորի ձեռքով, ճշմարտությունը մինչեւ վերջ հետապնդող հետաքննիչի խորաթափանցումով:

Տ. Չուխաջյանի սիրված եւ հաճախ ներկայացված օպերա-բուֆֆան եւ դրա «կորուսյալ» նվագամասը

Չուխաջյանի ստեղծագործությունների մեջ «Լեբլեբիջի Հորհոր աղա» (հայերենՙ «Կարինե») օպերա-բուֆֆան թերեւս ամենահայտնի եւ ամենասիրված գործն է: Գրվել է 1875 թվականին Կոստանդնուպոլսում: Իր ստեղծման առաջին իսկ օրվանից բազմաթիվ անգամ ներկայացվել է Օսմանյան կայսրությունում եւ նրա սահմաններից դուրս: Այն առաջին անգամ խաղացվել է Չուխաջյանի սեփական երաժշտական թատերախմբի կողմիցՙ 1874-1876 թթ., ապա դերասանապետներ Սերովբե Բենկլյանի (1878-1888թթ.) եւ Արշակ Բենլյանի (1910-1923 թթ.) խմբերում եւ բազմաթիվ այլ հայկական, հունական, թուրքական, գերմանական եւ այլ խմբերի կողմից տարբեր լեզուներով: Վերջին ներկայացումները տեղի են ունեցել Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայումՙ ֆրանսերեն եւ անգլերեն, ամբողջական, առանց երաժշտական կրճատումների:

Արդեն 21-րդ դարում ՙ 2010-2015 թթ. ընթացքում, Չուխաջյանի ներկայացումը բեմադրելու նախաձեռնությունը ստանձնեց սույն հոդվածի հեղինակը: Պետք է նշեմ նաեւ, որ 2016 թ. Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բեմադրեց օպերա-բուֆֆանՙ իր սեփական «մշակմամբ», որը, իմ կարծիքով, չէր արժանանա Չուխաջյանի հավանությանը, եթե անվանի կոմպոզիտորը ողջ լիներ:

Սակայն այս պատմության ամենազարմանալի եւ տխուր կողմն այն է, որ օպերայի բնագիրըՙ 1875 թվականի նվագամասը, այնպես, ինչպես ստեղծվել է կոմպոզիտորի կողմից (դիրիժորի նվագամասըՙ պարտիտուրան, նվագախմբի գործիքների ամբողջական նոտաները, այդ թվում նաեւ բնագիր ամբողջական լիբրետոները), կարծես թե լիովին անհետացել էին աշխարհի երեսից:

Սկզբում «Լեբլեբիջի Հորհոր աղա» օպերայի ամբողջական նվագամասի բնօրինակը պատկանել է մի մեծահարուստ պոլսահայիՙ Եղիազար Մելիքյանին, որի սեփականության իրավունքները նա գնել էր Չուխաջյանից եւ պահում էր իր մոտՙ Կոստանդնուպոլսում: Օպերայի յուրաքանչյուր կատարման համար Մելիքյանը ստանում էր համապատասխան գումար (ռոյալթի): Վերջին անգամ այդ նվագամասի վերաբերյալ մենք կարդում ենք ժամանակակիցների հուշերում եւ հոդվածներում, որոնք մեզ տեղեկացնում, թե ինչպես Սերովբե Բենկլյանի օպերետի խումբը Եգիպտոսում իր երկրորդ շրջագայության ընթացքում (1888թ.) գումար է կորցրել եւ ստիպված է եղել գրավ դնել օպերայի այդ նվագամասերը, որպեսզի ինքը եւ խմբի բոլոր անդամները կարողանան վերադառնալ Պոլիս:

«Բարեբախտաբար», Բենկլյանը, թեեւ ապօրինի, բայց գաղտնի կերպով, Մելիքյանին պատկանող նվագամասերը մինչ 1888 թվականը ընդօրինակել էր տվել: Այդ տարիներից անմիջապես հետո սուլթան Աբդուլ Համիդի տիրապետության սարսափելի ժամանակահատվածում բազմաթիվ գործեր, այդ թվում նաեւ «Լեբլեբիջին», արգելվել էին Պոլսում:

Փոխարենը, Բենկլյանը օպերան բեմադրում է Զմյուռնիայումՙ առանց հրապարակելու օպերայի անվանումը: Բենկլյանը օպերան բեմադրում է երեք անգամՙ 1892-ին, 1894-ին եւ վերջին անգամ Եգրպտոսումՙ 1900 թվականին, մինչեւ իր մահկանացուն կնքելը: Ամենայն հավանականությամբ այդ վերջին երեք ներկայացումները պետք է որ բեմադրված լինեն Բենկլյանի «գողացված» օրինակի հիման վրա: Մելիքյանը ստիպված էր լռելՙ վախենալով համիդյան գրաքննության դաժան օրենքներից: Մելիքյանի նկատմամբ Բենկլյանի այս ապօրինությունը մի ռիսկ էր, որը Մելիքյանը չէր հանդգնի անել, եթե նվագամասերը հետ վերցրած լիներ Եգիպտոսից: Ենթադրվում է, որ գրավ դրված նվագամասերը դեռ մինչեւ այսօր գտնվում են ինչ-որ տեղ Եգիպտոսում: Հայտնի չէ նաեւ, թե ինչ է պատահել Բենկլյանի ընդօրինակած պատճենների հետ: Միգուցե դրանք էլ են կորել մի տեղ բուրգերի երկրում:

Պահպանված նվագամասերը

Տ. Չուխաջյանի «Լեբլեբիջի Հորհոր աղա» օպերայից մեզ են հասել չորս դաշնամուրային կլավիրներ (այսինքնՙ վոկալ նվագամասերՙ առանց նվագախմբային գործիքավորման), որոնք Չուխաջյանի մահից հետո (1898թ.) ընդօրինակվել են նրա աշակերտներ Հարություն Սինանյանի եւ Սմբատ Քեսեջյանի կողմից: Սինանյանի օրինակը թվագրված է 1910 թվական. ընդօրինակված է Կոստանդնուպոլսումՙ հանձնարարված Բաքվի Հայկական մշակութային մի միության կողմից: Քեսեջյանի 3 օրինակները թվագրված են հաջորդաբար 1911, 1916 եւ 1920 թթ.ՙ պատրաստված Լոնդոնում:

Հայաստանում 1943 թվականից ի վեր «Լեբլեբիջի» օպերայի բեմադրությունները հիմնված են եղել բացառապես Սինանյանի դաշնամուրային նվագամասի վրա, որը կատարվել է Բաքվի Հայկական մշակութային միության պատվերովՙ Բաքվում ներկայացվելու համար եւ գործիքավորվել խորհրդային հայտնի հայ կոմպոզիտորների կողմից:

Քեսեջյանի եւ Սինանյանի օրինակների մեջ կան տարբերություններ, սակայն այդուհանդերձ, երեւում է, որ դրանք հիմնված են միեւնույն սկզբնաղբյուրի վրա: Բացի այն, որ որոշ երաժշտական համարներ բացակայում են կամ փոփոխվել են մեկ այս, մեկ այն նվագամասից, հիմնական տարբերությունն այն է, որ Սինանյանի տարբերակը հնչում է որպես ավելի «եվրոպական», իսկ Քեսեջյանինըՙ ավելի «արեւելյան» երաժշտական գործ:

Քեսեջյանի նվագամասերը ուշ են հասել Երեւան (ուղարկվել են Ռիո դե Ժանեյրոյից), եւ ոչ ոք չի մտահոգվել ուսումնասիրել դրանք, բացահայտել ու տեսնելՙ կա՞ն արդյոք հետաքրքրական տարբերություններՙ հետագա բեմականացումներում ավելացնելու կամ փոփոխություններ կատարելու համար: Այդ չորս օրինակներն այժմ գտնվում են Երեւանի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Ամբողջական պարտիտուրաներ

Ինչ վերաբերում է Չուխաջյանի օպերայի դիրիժորական ամբողջական գործիքային նվագամասերին (պարտիտուրաներ), մեզ հայտնի են գոյություն ունեցող երկու օրինակ, որոնք, սակայն, մինչ օրս «անմատչելի» են հետազոտության համար:

Դրանցից առաջինը պատկանել է պոլսահայ երաժիշտ Ժիրայր Արսլանյանցին, ով պնդում էր, որ իր մոտ գտնվող նվագամասը 1875 թվականի օրիգինալ պարտիտուրան է: 1997-ին, Ստամբուլում, տողերիս հեղինակին նա հայտնեց, որ պարտիտուրան նա գնել է տարեց դիրիժոր Ժորժ Ուկնադյանից, ով աշխատել է Արշակ Բենլյանի խմբում 20-րդ դարի առաջին տասնամյակներին: Ցավոք, Արսլանյանցը կտրականապես հրաժարվեց ձեռագիրը հանձնել որեւէ մեկին: Չնայած համոզելու բազմաթիվ ջանքերինՙ նրա մահից հետո, 2009 թ. դեկտեմբերին, պարտիտուրան վերջնականապես «անհետացավ»: Հուսանք, որ նրա այրին բարի կգտնվի եւ մի օր մեզ իմաց կտա, թե ինչ է արել նա այդ նվագամասի հետ: Հետաքրքրական կլինի տեսնել, թե դա, ըստ էության, իսկապե՞ս Չուխաջյանի ձեռագիրն է, թե՞ անհայտ ձեռքով կատարված մեկ այլ ընդօրինակություն:

Առայժմ կարող ենք ասել հետեւյալը. մեզ մոտ գտնվող 1975 թվականին Թուրքական ազգային հեռուստատեսության համար արված մի տեսագրության շնորհիվ, որ Արսլանյանցն է ղեկավարել, կարելի է եզրակացնել, որ այդ «անհետացած» նվագամասը ավելի մոտ էր Քեսեջյանի «արեւելյան» տարբերակին:

Երկրորդ ամբողջական դիրիժորական նվագամասը ընդօրինակված է 1920-ին, ընդամենը մեկ օրինակՙ արված Եղիազար Մելիքյանի որդուՙ Արամ Մելիքյանի կողմից: Այն գտնվում է Լոս Անջելեսումՙ երաժիշտ Վաչե Պարսումյանի մասնավոր հավաքածուում եւ առայժմ շարունակվում է մնալ անմատչելի: Ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու Մելիքյանի օրինակը, որը ավելի նման է Սինանյանի «եվրոպական» տարբերակին:

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 10-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ