«ՍԿԻԶԲ» Յուրի ԵՐԶՆԿՅԱՆ Հայ կինոյի եւ հայ ազգի մասին պատմող լավագույն կինոերկերից մեկըՙ Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», այս տարի բոլորում է իր կես դարը: Այս առթիվ թարգմանաբար հրատարակում ենք երեւանյան «Կոմսոմոլեց» թերթում (1969, դեկտեմբերի 7) տպագրված մի հոդվածըՙ ոգեկոչելու համար փելեշյանական գլուխգործոցը, հոդվածի հեղինակինՙ ճանաչված հայ կինոբեմադրիչ Յուրի Երզնկյանին (1924-1996), ինչպես նաեւ այսօրվա ընթերցողին պատկերացում տալու խորհրդահայ կինոքննադատության վերաբերյալ: Սովորաբար ռեժիսորները մի կիսահաջողությունից մինչեւ մյուսն անցնում են երկար ուղի, մինչեւ որ հանդիպում են իրենց իսկական ֆիլմին: Արտավազդ Փելեշյանի մոտ ամեն ինչ այլ կերպ եղավ: Դեռեւս առաջինՙ «Լեռնային պարեկ» ֆիլմում ի հայտ եկավ երիտասարդ արվեստագետի յուրօրինակ, փայլուն տաղանդը, քաղաքացու կոչումը, սեփական թեմայի առկայությունը, նվիրվածությունը ժամանակակից կինեմատոգրաֆի լեզվին: Մի խոսքով, այն ամենը, ինչը դիմակայում է անտարբերությանը, քարացածությանը, շաբլոնին... «Լեռնային պարեկ»-ում ակնառու է տեսածի մեջ խորանալու հեղինակի ձգտումը, նկարագրածի ծայրահեղ ճշմարտացիությունը, գերող հուզականությունը, հեղինակային շեշտադրության ռոմանտիզմը... Փելեշյանական ռեժիսուրայի բոլոր առանձնահատկությունները զարգացում գտան նաեւ «Մարդկանց երկիրը» կինոնկարում: Հեղինակի գաղափարական պարզ դիրքորոշումը, քաղաքացիական պաթոսը (առաջին հայացքիցՙ կիրառական նյութի երեւակայական, «կամայական» ընտրության, մոնտաժի թվացյալ «պատահականության» առկայությամբ) ֆիլմին տալիս են ավարտված եւ ամբողջական տեսք, հանդիսատեսինՙ հնարավորություն տարբերելու գլխավորըՙ առօրեական աշխատանքի խինդը, գեղեցկությունը, միասնականությունը եւ բազմազանությունը... Եվ վերջապեսՙ «Սկիզբը»: «Այս ֆիլմում ես ուզում էի հասնել ժամանակի եւ նկարագրվածի համահնչունությանը, ներդաշնակությանը: Ես փորձում էի հրապարակավ իմաստավորել ամբոխի հոկտեմբերյան շարժում հասկացությունը, շարժում, որի սկիզբը դրեց Վ. Ի. Լենինը»,- այսպես է սահմանել իր խնդիրը երիտասարդ արվեստագետը: «Պատմել այն մասին, ինչը վերաբերում է բոլորին. հեղափոխությունը, 20-30-ական թվականների սոցիալիստական շինարարությունը, բախումը ֆաշիզմին, աշխարհի վրա ֆաշիզմի հարձակումը, այսօրվա պատերազմները. այս ամենի համար պատասխանատու են մարդիկ»: Գեղարվեստական առումով զարմանալիորեն յուրօրինակ, կատարյալ այս ֆիլմը կարող էր ստեղծվել միայն հեղինակի հոգեկան բոլոր ուժերի ներդրման շնորհիվ, հեղինակ, որն ապրում է քաղաքացիական կրքոտությամբ եւ մտահոգ է մարդկության ճակատագրով: Իրար վրա կուտակվող տարբեր տարիների խրոնիկայի մոնտաժված շարքը, որը միահյուսվում է բարդ ու շարժուն հերթականությամբ, բայց եւ խախտում է «մասնագիտական» մոնտաժի մասին եղած ավանդական պատկերացումները, ֆիլմին տալիս է բանաստեղծական, բարձրարվեստ, ակտիվ, վարակիչ, մարտնչող լեզվով շարադրված պատմական կինոնկարի փաստացիություն: «Սկիզբ» ֆիլմը հաստատում է խորհրդային փաստագրական կինոյի լավագույն ավանդույթները: Նա վերածնում է Սերգեյ Էյզենշտեյնի, Ձիգա Վերտովի, Էսֆիր Շուբի հեղափոխական ֆիլմերի պաթոսը, մարտահրավեր նետում անկիրք, նկարազարդ, «անատամ» փաստագրությանը, անտարբեր «անկողմնակալությանը», արհեստավորականությանը: Աշխարհն ընկալելու Փելեշյանի լարված փնտրտուքն իրականանում է արտահայտչական նոր ձեւերի ու միջոցների հայտնաբերմամբ: Այս իմաստով հետաքրքրական է նրա նորՙ «Մենք» կինոնկարը, որտեղ դրսեւորվել է Փելեշյանի մի նոր որակը եւսՙ զարմանալի դիտողականությունը, սուր գեղարվեստական տեսողությունը, դիտարկումների մեծ պահեստից ամենաէականըՙ տիպականն ու կարեւորն առանձնացնելու նրա ունակությունը: «Մենք» կինոնկարը դժվար է դասել ինչ-որ որոշակի ժանրի: Նա զարմանալիորեն բազմահնչյուն է, նրանում փափուկ, ակվարելային երանգներն առավելագույնս ներդաշնակվում են կտրուկ, հատուկ, հրապարակախոսային ձեւակերպումների հետ: Ժապավենն իր մեջ զուգակցում է թեմայի ծավալուն լուծումներն ու նյութի կենդանի, ռեպորտաժային մատուցման կոմպոզիցիոն կատարելությունը: Նրա զգացմունքային կառուցվածքը հիշեցնում է երգչախմբային բազմաձայն երգեցողություն: Ֆիլմի յուրաքանչյուր դրվագ ունի իր թեման, իր «մեղեդիական» պատկերը, իր ներքին, անկրկնելի ռիթմը: Եւ այս ամենը, միեւնոյն ժամանակ, հեղինակի մտահղացմամբ, միակցվում են իրար անբաժան, ներդաշնակ ամբողջականությամբ: Փելեշյանը նկարահանել է ամենասովորականըՙ լեռներ ու գետեր, երեւանյան աղմկոտ փողոցներ ու խաղաղ նրբանցքներ, մեքենաների հոսք ու միայնակ կառքեր, թաղումներ ու հարսանիքներ, հուզիչ հանդիպումներ, մի խոսքով, այն ամենը, ինչով ապրում է այդ յուրօրինակ, զարմանալի քաղաքը, այն ամենը, ինչով ապրում են նրա բնակիչներըՙ երեւանցիները: Այս ամենը նա նկարահանել է հանկարծահաս, անսպասելի ձեւով, բայց ավելացնելով պոեզիա եւ հումոր, կարեկցանք եւ հիասթափություն, ներդրել է խելքի եւ սրտի զգայունություն, այսինքնՙ այն ամենը, ինչի շնորհիվ էլ հանդես է գալիս իսկական արվեստը: Վերջերս ես ակամա վկա դարձա այսպիսի մի փաստի. շռայլ գովեստներից ամոթխած Փելեշյանի հետ հարցազրույց էր վարում մոսկվացի մի երիտասարդ լրագրողուհիՙ Նադյա Կոժեւնիկովան: Նա գործի էր դրել իր «մասնագիտական» ողջ հմայքը, լրագրողի «փորձը», որպեսզի Արտավազդին տրամադրի զրույցի: Խոսակցությունն ակնհայտորեն չէր ստացվում: - Եվ ինչի՞ մասին է, համենայն դեպս, ձեր ֆիլմը... Լրագրողուհին նկատի ուներ «Մենք» կինոնկարը: - ...Դե, Հայաստանի... մեր մասին.... հայերի... Այն մասին, ինչը մեզՙ հայերիս, տարբերում է այլ ազգերից... միաժամանակ երեւի թեՙ մերձեցնում նրանց, բարեկամացնում, միավորում... Լրագրողուհու կարծիքովՙ ֆիլմն ավելի բովանդակալից ու տարողունակ էր թվում, եւ նա չհամաձայնուեց Փելեշյանի հետ: Երեւի թե նա ճիշտ էր... - Դե եթե այդ ամենն այդտեղ չերեւաց... հաջորդ ֆիլմն անպայման կլինի դրա մասին... Չգիտեմ, Փելեշյանի հաջորդ ֆիլմը կլինի հենց այդ մասին, թե ոչ, բայց վստահ եմ, որ նա այս անգամ եւս հանդիսատեսին կուրախացնի իր նոր հայտնությամբ: Արտավազդ Փելեշյանիՙ արվեստագետի, քաղաքացու անցած ոչ շատ երկար ուղին անընդմեջ կապված է մեր երկրի կյանքին, բնորոշվում է խորհրդային ռեալիստական արվեստի առաջավոր միտումներով: Դեռ շատ ասելիքներ ունի երիտասարդ արվեստագետը, եւ ուզում ենք հավատալ, որ նրա յուրաքանչյուր ֆիլմը մեր գործունեության նոր կողմերը բացահայտելով, կբացահայտի նաեւ նրա տաղանդի նոր գծերը: Թարգմանությունը ռուսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ |