ԿԱՐՈՏԱԽՏԻ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ԵԳԻՊՏԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Կահիրեում հրատարակվող «Դեյլի նյուս Իջիպտ» օրաթերթում լրագրող Ռանա Խալեդը ներկայացնում է գեղանկարիչ եւ գրող-վիպասան Աբդելազիզ էլ-Սամահիին , որն իր կյանքի նպատակն է դարձրել նոր կյանք պարգեւել եգիպտական հին ավանդույթներին, կենսակերպին եւ արժեքներին: «Մենք կորցրել ենք մեր գեղեցիկ ժառանգությունը, մեր ինքնությունը: Նույնիսկ մեր մշակութային խորհրդանշանները, օրինակ, Ռամադանի ժամանակ օգտագործվող լապտերները սկսել ենք փոխարինել այլազգի ավանդույթներով, տվյալ դեպքում չինական լապտերներով, որոնք ոչ մի կապ չունեն մեր մշակութային եւ կրոնական ավանդույթների հետ: Կերպարվեստի ուսուցումը դպրոցներում անմխիթար վիճակում է: Այդ առարկայի ժամերը վերածվել են ազատ ժամանակիՙ ուտելու եւ խաղալու պահերի: Ինչպե՞ս է նոր սերունդը տարբերակելու գեղեցկությունը տգեղությունից: Արվեստը միայն գեղեցկությունը չէ, որ ներկայացնում է հասարակությանը, այլ մի ամբողջ փիլիսոփայական ներաշխարհ է բացում նրա առաջ: Արեւմտյան կենսակերպը խորտակել է մեր ազգային ինքնությունը: Մենք հեռացել ենք մեր արժեքներից», լրագրողի հետ զրույցի ժամանակ անկեղծացել է արվեստագետը: Հանդիպման դրդապատճառը եղել է վերջերս Կահիրեի Օպերայի դահլիճներում կազմակերպված «Եգիպտոսի ոգին» խորագրով ցուցահանդեսը, որը հազարավոր մարդկանց ուշադրությանն է արժանացել: Ներկայացված են եղել Եգիպտոսի ոչ շատ հեռավոր անցյալի ժառանգությունը եւ մշակութային հարուստ ներկապնակը: «Ավարտել եմ Զամալեքում տեղակայված Գեղարվեստի կրթօջախը, որտեղ ինձ դասավանդել են առաջնակարգ արվեստագետներ, ինչպիսիք են Ֆարղալի Աբդել Հաֆիզը (*), Մուսթաֆա էլ-Ռազազը եւ Սալահ Անանին: Սիրում եմ ընթերցել եւ այցելել թանգարաններ», նշել է նա: Բացի կերպարվեստում ձեռք բերած հաջողություններից, էլ Սամահին նաեւ լավ գրող-վիպասան է կարոտախտի մղումներով տոգորված: Մի շարք վեպերի եւ կարճ պատմվածքների հեղինակ է: Նրա «Թերթը նավակի վրա» հատորը, հրատարակված 2006-ին, շոշափում էր սոցիալական եւ մշակութային փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել երկու համաշխարհային պատերազմների տարիներին: Նրա մյուս հատորը կոչվում է «Միմին, հայկական սպիտակ վարդը» եւ քննարկում է եգիպտացիների եւ հայերի ջերմ հարաբերությունները փաստական նյութերի հիման վրա, որոնք մարդկայնության դրսեւորումներ են: «Հուսով եմ, որ տարբեր բնագավառների մարդիկ միասին կաշխատեն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կիրականացնեն մեր ժամանակների մարդկանց երազանքները», եզրակացրել է նա: *) Դաիրութում (Միջին Եգիպտոս) 1941-ին ծնված Ֆարղալի Աբդել Հաֆիզը նշանավոր արվեստագետ է, որ բացի Եգիպտոսից, ուսանել է նաեւ Հռոմում, Լոնդոնում եւ Հունաստանում: Մասնակցել է միջազգային կոնֆերանսների: 2007-ին Եգիպտոսի ազգային տոնի (հուլիսի 23) առթիվ «Ասուան» խորագրի ներքո նրա ցուցահանդեսը բացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: |