ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Ապրիլի 6-ին Երեւանի պատմության թանգարանում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարչի` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի եւ երկու քանդակագործի` Դավիթ Սարգսյանի ու Հայկ Հակոբյանի թվով 60 աշխատանքներ: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, ՀՀ մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների եւ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում: «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Երեւան քաղաքի պատմության թանգարանում կգործի մինչեւ ապրիլի 17-ը: Նշենք նաեւ, որ այս հավաքածուի առաջին ցուցադրությունը կայացել է 2016թ. դեկտեմբերին Թեքեյան Կենտրոնում, երկրորդըՙ ս.թ. փետրվար-մարտին Ազգային Ժողովի ցուցասրահում, իսկ ապրիլի 21-ից այն կցուցադրվի նաեւ Վրաստանումՙ Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: |