RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 19-05-2017



ԱՅԺՄԵԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2017-05-18 19:39:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2042, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՍՅԱՆԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Նաիր ՅԱՆ

Դաշնակահար, ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանը դարձյալ Հայաստանում էր: Մայիսին երկու համերգով նշեց իր նոր սկավառակի շնորհանդեսը: Ի դեպ, մինչեւ 2018 թվականը նույն համերգային ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու աշխարհի տարբեր քաղաքներում: Երեւանյան համերգը 28-րդն էր: Երիտասարդ երաժիշտը խոստովանում է, որ հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը մեծ էներգիա ու ջանքեր է պահանջում իրենից. ամեն համերգից առաջ սթրես է տանում: Միշտ այդպես է եղել: Պատասխանատվությունն է մեծ, պարտքի զգացումը, որի գլխավոր պատճառը հայ լինելն է: Տիգրան Համասյանը հայրենիքում ունի իր հանդիսատեսը, որը հետեւում է նրա համերգների նոր ազդագրերին ու բաց չի թողնում ելույթները: Հայաստանյան երաժշտական խառնիճաղանջությունը Տիգրանը բնական է համարում. ամբողջ աշխարհում է այդպես, Հայաստանն էլ իր չափով անմասն չէ: Նրա մտորումներն ու դիտարկումներըՙ մերօրյա երաժշտության ու այդ համատեքստումՙ հայրենյաց երաժշտական ինդուստրիայի մասին:

Ոչ թե music, այլ musac

Ամերիկայում կա ինդուստրիալ փոփ երաժշտություն, իրենց լեզվովՙ ոչ թե music, այլ musac: Դա ուղեղները լվալու միջոց է, որի տարածման միակ նպատակը փող աշխատելն է. նվազագույն արժեք անգամ չունի այդ «երաժշտությունը»: Սա ամբողջ աշխարհի ու հատկապես Ամերիկայի համար է մեծ խնդիր: Ու ինչքան մեծ է երկիրն, այնքան ավելի մեծ ու խորն է խնդիրը: Չկարծեք, թե միայն հայերս ենք բողոքում անորակ ու ցածրակարգ երաժշտության հեղեղից, որ սրբում-տանում է մարդկանց ուղեղը, հոգին, ճաշակը:

Երբ կրթության պակասն աղաղակում է բեմից

Մեզանում էլ այլ խնդիր կաՙ երաժիշտները չեն ինքնակրթվում, չեն զարգանում, աճում. հասնում են մի վիճակիՙ ու վերջ, բավարարվում են դրանով: Երաժիշտը պետք է իր առաջ խնդիր դնիՙ ոչ թե մի վայրկյանում հայտնի դառնալ, այլ անընդհատ ինքնակրթվել, սովորել, գիտելիքներ ձեռք բերել, ուսումնասիրել երաժշտական աշխարհի շերտերը, խորքերն ու հետո միայն այդ բոլորը համադրել սեփական կատարողական արվեստում: Տքնաջան, ամենօրյա աշխատանք է պահանջվում երաժշտից. սա առաջին խնդիրն է, որը շրջանցում են մերոնք: Բարձրորակ երաժշտություն, արվեստ մատուցելն ինքն իրեն չի ստացվում, դրա համար ճանապարհ է պետք է անցնել:

Երբ կրթության պակասն աղաղակում է դահլիճից

Ամեն տեղ, ամեն երկրում էլ հասարակությունը կրթվելու կարիք ունի: Եվրոպական հասարակությունն ընտրելու հնարավորություն ունի: Իհարկե, որքան բարձրարժեք է նրա ընտրած արվեստը, այնքան այն թանկ արժե: Բայց եվրոպացին լավագույն համերգներին ներկա լինելու միջոցներ ու հնարավորություն ունի: Սա էլ հենց նրա ընտրությունն է, եթե նա ուզում է կրթվել, զարգանալ, բարձր ճաշակ ունենալ: Կարճ ժամանակումՙ մեկ տարում եվրոպացին, հետեւելով համերգների, ներկայացումների ազդագրերին ու հաճախելով մշակութային տարբեր օջախներ, կարող է կրթվել, զարգանալ, ստանալ այնքան հոգեւոր սնունդ, ինչքան մեր երկրում մի ամբողջ կյանք ապրելով չես ստանա:

Չկա մրցակցություն, չկա որակ

Համաշխարհային երաժշտության մեջ մրցակցությունը մեծ է ու իր կանոններն ունի, իսկ մեզանում այն չկա, բացակայում է: Օրինակՙ ջազում չկա մրցակցություն. կան մի քանի երաժիշտներ, որոնք կարծես փոքր ընտանիք կազմած լինեն. իրենց ունեցածով, եղածով բավարարվածՙ ապրում են: Մեր երաժիշտները դուրս չեն գալիս երկրի սահմաններից, ուրիշ բեմերում չեն նվագում, չեն համագործակցում այլ երաժիշտների հետ: Ամեն մի արվեստագետ պետք է դրսում կայանա, ուժերն այնտեղ փորձի: Բայց մեծ մասամբ մերոնք գնում ու այլեւս չեն գալիս, որովհետեւ դրսում ստեղծագործելու հնարավորությունները, դաշտը չես համեմատի այստեղի հետ: Ջազ-երաժիշտները Հայաստանում քիչ են. եթե թիվը մեծանա, միգուցե մրցակցություն էլ լինի: Բացի այդ, ջազ կզարգանա, եթե ավելի շատ համերգներ կազմակերպվեն, դրսից ճանաչված երաժիշտներ հրավիրվեն, փորձի, վարպետության փոխանակում լինի, մեկը մյուսի հետ նվագի, բացվի ու բացահայտվի:

Մեղքը ժողովրդի վրա չգցեք

Բարձրարժեք երաժշտության միջավայր ու մթնոլորտ է պետք, իսկ այդ մթնոլորտը պետք է պահանջված լինի: Ու պետք չէ մեղքը ժողովրդի վրա գցել: Լավ երաժշտությամբ, բարձր արվեստով պետք է կրթել ժողովրդին ու պահել նշաձողը: Եթե հասարակությունը բարձրորակ մշակույթ տեսած ու լսած լինի, կձեւավորվի բարձր պահանջարկ, ու վատն արագ դուրս կմղվի դաշտից: Անընդհատ մատուցում ենք անորակն ու վատը, հետո արդարանում, թե ժողովուրդը դա է պահանջում: Այդ նույն ժողովրդին պետք է այլընտրանքի հնարավորություն տալ, ու միառժամանակ հետո կփոխվի ճաշակը, կփոխվի նաեւ պահանջարկը:

Թող լինի քննադատություն

Այն, ինչը ես նվագում եմ, կոնկրետ ուղղություն է, դպրոց, որը դասավանդվում է Նյու Յորքում, որտեղ ես եմ սովորել: Այդ ուղղությունն ուսուցանվում է եվրոպական այլ հաստատություններում եւս: Մեր երկրում դրա մասին ոչ ոք չի խոսում ու չի դասավանդում: Մեր մասնագետներն ուսուցանում են ընդունված, մինչեւ հիմա եղած ավանդական ջազի ուղղությունները, բայց ամեն օր աշխարհում մի նոր բան է փոխվում, ավելանում: Այդ փոփոխություններն ուսումնական համակարգ չեն մտնում: Չկա համապատասխան գիտելիք ու տեղեկացվածություն, չկա նաեւ քննադատություն, երաժշտագիտական վերլուծություն: Դրա համար էլ ինչ նվագում եմ, անվերապահորեն ընդունվում է: Հենց մի տեղ թեկուզ փոքր քննադատական ակնարկ եմ կարդում, ուրախանում եմ: Դրսում էլ չեն խորանում երաժշտագիտական վերլուծությունների շերտերի մեջ, այնպես որ, այս խնդիրը միայն Հայաստանին չի բնորոշ:

Զգույշ մոտենանք հայկականին

Երբ առաջին անգամ ներկայացրի հոգեւոր երգերի շարքըՙ «Լույս ի լուսո» նախագիծը, որոշ քննադատություններ եղան իմ մշակումների վերաբերյալ: Բայց դրական արձագանքն ավելի շատ էր:Կոմիտասյան, ժողովրդական երաժշտությունը, համամիտ եմ, կարիք չունի մշակման: Այն իդեալական է ու փոփոխությունների պետք չունի: Երբ այդ երաժշտությանը ձեռք ես տալիս, պիտի հիմնավորես ու արդարացնես արածդ: Իսկ դրա համար հարկավոր է տարիներով ուսումնասիրել այդ երաժշտությունը, պետք է այն կրես քո մեջ, ապրես, զգաս նրանով, ոչ թե մի անգամ լսես, դուրդ գա ու ասեսՙ սիրուն մեղեդի է, բեր ջազային հավես ակորդներ ավելացնեմ, դառնա մշակում: Ոչ, չի կարելի այդպես անել: Այդպես ես արել եմ 15 տարեկանում, բայց ոչ մի տեղ չեմ հրապարակել իմ արածը: Կոմիտասին ու ժողովրդական երգերին իրավունք չունենք մակերեսորեն մոտենալ ու ներկայացնել հանրությանը: Դա հայհոյանք ու անարգանք է մեր երաժշտության հասցեին: Պետք չէ վախենալ նոր քայլեր, փոփոխություններ անելուց, բայց նաեւ չպետք է անել մի բան, որի համար հետո զղջաս: Հայկական երաժշտությունը պետք է ինչքան հնարավոր է գլխից վեր բարձրացնել, նորովի մատուցել, բայց ոչ երբեք օգտագործել այն: Հայկական ամեն նոտան պետք է ընդգծել, ցույց տալ նրա գեղեցկության բացառիկությունն ու յուրօրինակությունը: Հենց մի նոր գործ եմ նվագում, անհաբերությամբ սպասում եմՙ երբ է գալու այն օրը, որ մերոնք լսեն սա:

Մեր ու նրանց տարբերությունը

Նույն հայկական երաժշտության մշակումները նվագում եմ. այստեղի հանդիսատեսը մի բան է լսում, դրսինըՙ բոլորովին այլ բան: Հայկական էթնիկ երաժշտության եվրոպացիների ընկալումներն ուրիշ են. նրանց համար դա էկզոտիկա է, իսկ մեզ համարՙ մերն ուրիշ է: Դրսում այդ երաժշտությունն ընդունում են որպես մոդեռն նորամուծություն, իսկ այստեղՙ մաքուր հայկական կատարումներ: Ժողովրդական պարզ մեղեդիներին հաճախ այլ ռիթմեր եմ հաղորդում, որոնք դժվար է միանգամից ընկալելն ու նկատելը: Գեղագիտական հաճույքն ապահովված է, բայց շատերը չեն հասկանում, թե ինչ են լսում: Խոսքս հայ հանդիսատեսի մասին է: Իսկ դրսում ընկալումն ուրիշ է: Դրսում բարձրակարգ դաշնակահարների հարյուրյակ կա, որի նվագածից հանդիսատեսը շատ լավ հասկանում է, թե տվյալ երաժշտության հետ ինչ որակի իմպրովիզացիա արվեց: Շաբաթը մի քանի անգամ այդ դաշնակահարները տարբեր համերգային ծրագրերով ելույթ են ունենում, ու հանդիսատեսին չես կարող մի թեթեւ մշակումով ճանապարհել տուն: Նման համերգը մի անգամ կլինի ու վերջ. կտապալվի:

Տիգրան Համասյանը շարունակելու է ոչ միայն իր նոր սկավառակին նվիրված համերգաշարը, այլեւ տարբեր բեմերում նորից ներկայացնելու է «Լույս ի լուսո» ծրագիրը: Հաջորդ ձայնասկավառակը սոլո չի լինելու. ձայնագրվելու են իրենց տրիոյի նոր համարները: Իսկ «Լույս ի լուսոն» համալրվելու է նոր մշակումներով, որովհետեւ անսպառ նյութ կա. հայ հոգեւոր երգերի գանձարանն անտակ է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 19-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ