CROSSROADS 2017 ՓԱՌԱՏՈՆ. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԻ ՆՈՐ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ Զրույցը վարեցՙ ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԼՈՐԱՆՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Այս խաչմերուկին ամենքս մեր ճանապարհով ենք եկել» Ապրիլի վերջին շաբաթը ի թիվս այլ իրադարձությունների նշանավորվեց Խաչմերուկներ 2017 Ժամանակակից Երաժշտության Օրեր (Crossroads 2017 Contemprory Music Days) Հայաստանում կայացած առաջին փառատոնով, որի շրջանակներում դասախոսություններ, բաց դասեր եւ համերգներ կայացան ապրիլի 25-ից 29-ը Երեւանում, Դիլիջանում եւ Գյումրիում: Համերգներում կատարված բելգիացի, ֆրանսիացի եւ հայ երաժիշտների գործերը ընտրված էին փառատոնի նախաձեռնող խմբիՙ հայ երիտասարդ ստեղծագործողների Քառորդտոն (quatertone) միավորման եւ բելգիահայ դաշնակահարուհի Լորանս Անահիտ Մխիթարյանի կողմիցՙ Վալլոնի Բրյուսսել Ինտերնասիոնալ-ի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության(ՀԲԸՄ) աջակցությամբ: Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆ. Լեւոն Չաուշյանի դասարանի եւ Բեռնի կոնսերվատորիայի շրջանավարտ եւ այժմ ՀԲԸՄ ամառային դասընթացի դասախոս Արամ Հովհաննիսյանի կարծիքով փառատոնը, որի անդրանիկ համերգները մեկնարկել են 2015 թ. դեկտեմբերին Բրյուսելում, բոլոր նախադրյալներն ունի ամենամյա եւ առավել ընդգրկուն դառնալու: Նա չի բացառում, որ այդ փառատոնին կարող են մասնակցել նախորդ սերնդի կոմպոզիտորները, սակայն կարծում է, որ փառատոնի ապագան կորոշեն XXI դարի տեխնիկական նորագույն հնարներին տիրապետող եւ նորովի մտածող երիտասարդ ստեղծագործողները: Մի գուցե նրա այդ դիրքորոշումով է բացատրվում տարօրինակ եւ մտահոգիչ այն փաստը, որ փառատոնի շրջանակներում անց կացված բաց դասերն ու դասախոսությունները կայացան միմիայն գիտությամբ եւ նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարների համարՙ Երեւանյան Թումոյում, Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում, Դիլիջանի UWC դպրոցումՙ շրջանցելով Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ հանրապետության երաժշտական այլ հաստատությունները: Ճի՞շտ է այդ մոտեցումը թեՙ ոչ - ցույց կտա ժամանակը : Ստորեւ ներկայացված է մեր զրույցը դաշնակահարուհի Լորանս Անահիտ Մխիթարյանի հետՙ փառատոնի նախապատմության եւ դրա շրջանակներում Հայաստանում հնչեցված ստեղծագործությունների մասին: - Լորանս, ինչպե՞ս եք դուք ծանոթացել այս համերգում ընգրկված գործերի հեղինակների եւ նախաձեռնող խմբի անդամների հետ, ի՞նչ է դրան նախորդել: - Դա մեկ օրվա եւ նույնիսկ մեկ տարվա գործ չէր: Ամենասկիզբը պարզապես մի լուր էր երիտասարդ տաղանդավոր հայ կոմպոզիտորի մասին, որն ես անսպասելիորեն լսեցի շվեյցարացի մի զբոսաշրջիկ կնոջից, երբ տարիներ առաջ շրջագայում էի Պաղեստինում: - Նա երաժի՞շտ էր, թե՞ երաժշտասեր: - Նա լուրջ երաժիշտ է, դիրիժոր եւ դասավանդում էր Բեռնի կոնսերվատորիայում: Ըստ իր կարծիքի, ի հայտ է եկել մի զարմանալի երեւույթ (phe՛nome՛ne), որը հիացրել է իրեն եւ շատ ուրիշներին իր տաղանդով եւ ինտելեկտով: Ես, իհարկե, հիշեցի այդ երիտասարդի անունըՙ առավել եւս, որ դա հայի անուն էրՙ Արամ Հովհաննիսյան: Դուք գիտեք արդեն, որ իմ հայրը հայ է եւ որ իմ երկրորդ անունը նա Անահիտ է կնքել: - Այո, գիտեմ նաեւ, որ մասնակցել եք Վենետիկյան հայոց լեզվի եւ մշակույթի ամառային դասընթացներից մեկին եւ արդեն փոքր-ինչ տիրապետում եք հայերենին: - Ես դեռ առաջին դասարանն եմ ավարտել այնտեղ, բայց տառերը ճանաչում եւ կարդում եմ (ծիծաղում է): Ավաղ, հայերենով լրջորեն զբաղվելու առիթ չեմ ունեցել: Իսկ ժամանակակից երաժշտությամբ ես երկար տարիներ լրջորեն զբաղվել եմ: Պատկերացնո՞ւմ եք, որքան հաճելի եւ հուզիչ էին իմ հեռու հայրենակցի հասցեին հնչած այդ բարձր գովեստի խոսքերը: Տուն հասնելուն պես ես, իհարկե, ինտերնետի միջոցով փորձեցի գտնել նրան եւ դա ինձ հաջողվեց: Հիմա ինտերնետը շատ լայն հնարավորություններ է ընձեռում: Դրա շնորհիվ է, որ երբ մենք ի վերջո հանդիպեցինքՙ դա տեղի ունեցավ երկու տարի առաջՙ ապրիլի 21-ին Փարիզի Շաթլե թատրոնի (Theatre du Chatelet) դահլիճում Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված համերգումՙ ես արդեն ճանաչում էի ոչ միայն նրա գործերը, այլեւ մի շարք հայ ժամանակակից կոմպոզիտորներիՙ այդ թվումՙ Վաչէ Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի եւ այլոց: Դուք երեւի գիտեք, որ Գլենդելում 2010-ին հրապարակվել է հայ նորագույն երաժշտության Anthologie-ն: - Նկատի ունեք Արթուր Ավանեսովի կազմած Anthology of Piano Pieces by Modern Armenian Composers ժողովածո՞ւն: - Այո: - Դա շատ հետաքրքրական հրապարակում է, որն հետզհետե, համոզված եմ, պատմական արժեք կդառնա: Ձեր կողմից նշված հեղինակներից բացի նրանում ընդգրված են նաեւ Արթուր Աշքելյանի եւ Վարդան Հարությունյանի գործերը: Փաստորեն Ա.Ավանեսովի այդ համարձակ ձեռնարկի միջոցով դուք արագորեն ներգրավվեցիք Հայաստանի այսօրվա երաժշտական կյանքի մեջ: - Հենց այդպես էլ եղավ: Ես մարդկանց հետ հանդիպելու իմ ուրույն ճանապարհն ունեմ, դա տարօրինակ է եւ գրեթե անկանխատեսելի: Նկատել եմ նաեւ, որ իմ ներկայությունը օգնում է ուրիշ մարդկանց ծանոթանալ եւ ընկերանալ: - Որքան գիտեմ, ձեր մայրը շվեյցարուհի է եւ դուք, ապրելով Բելգիայում, բազում բարեկամներ ունեք բելգիացի եւ ֆրանսիացի, այդ թվում նաեւ հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորների շրջանում: Փառատոնի ընթացքում դուք եւ Արամ Հովհաննիսյանը հայ ունկնդիրներին ներկայացրեցիք բելգիացի կոմպոզիտորներՙ Կլոդ Լեդուի, Ժան-Պիեր Դելյոզի, Ժան Լյուկ Ֆաֆշամի, ինչպես նաեւ ֆրանսիացի Օ. Մեսսիանի, ավստրիացի Բեթ Ֆուրրերի եւ ֆրանսահայ Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի դաշնամուրի եւ ֆլեյտայի համար գրված գործերը: Ի՞նչպես եղավ, որ բելգիացի կոմպոզիտորները ցանկացան իրենց մասնակցությունը բերել փառատոնին: - Բելգիայից եւ Ֆրանսիայից հրավիրված ամեն մի մասնակից, բացի, իհարկե, Մեսսիանից, որին մենք պարզապես հարգանքի տուրք մատուցեցինք, մինչ այդ իր ուրույն ճանապարհն է անցելՙ Crossroads 2017-ին հանդիպելուց առաջ: Այսպես, Եզնիկյանի «Որպես մի սեւ հրեշտակ սպիտակ ձյան վրա» գործը 2015-ին կատարել է Փարիզում հայ հայտնի դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը, իսկ ես կատարեցի այն նույն տարվա դեկտեմբերինՙ Բրյուսելում: Դրա հիմքում ընկած է Օ. Մանդելշտամի «ԽՈՍ փԴՐվօռ Ովչպս վՈ րվպչց» բանաստեղծությունը, որի հերոսուհու նկարագրությունը ֆրանկ Քրիստոֆին հիշեցրել է Կոմիտասին: - Մանդելշտամի կերտած կերպարը առհասարակ վերաբերում է հանճարի պայծառ ճակատին տեսած Աստծո նշանին, որն իր տառապանքի եւ անձնական ողբերգության գնով կարող է փրկել ողջ մնացածների հոգիներըՙ այս առումով այդ նույնացումն արդարացված էՙ չնայած հերոսների սեռի տարբերությանը: Մտահղացումը հզոր եւ պարզ է, սակայն տեխնիկական առումով դա, կարծես, ամենաբարդ գործերից մեկն է: - Այո, դրա կատարումը բարդ է, քանի որ դաշնամուրը այստեղ ներկայացված է իր բոլորՙ լարային, հարվածային եւ էլեկտրա-ակուստիկ կողմերով: Դա ամենեւին ինքնանպատակ չէՙ ամեն ինչ ծառայում է նրան, որ ունկնդիրը, հայտնվելով մի նոր, անսովոր տարածության մեջ եւ ապրելով դրա հետ կապված հոգեվիճակը, հաղորդակից դառնա ողբերգության խորհրդին... - Կլոդ Լեդուի «Քարի եւ մեղրի համը» գործը նույնպես շատ խորհրդավոր է, թեեւ այլ կերպով: - Իհարկե: Դրանում դիմակայման եւ արարման մեծ եւ խորունկ խորհուրդ կա: Ես դիմեցի նրանՙ ինձ համար մի դաշնամուրային գործ գրելու առաջարկով, երբ լսեցի նրա կլարնետի, նվագախմբի եւ էլեկտրոն սարքերի համար գրված «Ayl» կոնցերտը, որում նա հնչեցրել է հայկական «Կալի երգի» մեղեդին: «Քարի եւ մեղրի համը» զերծ է որեւէ տեխնոլոգիական նորույթից, այնուամենայնիվ այն թարմ եւ արդիական է հնչում եւ շատ հոգեհարազատ է ինձ: - Որքան ինձ հայտնի է, Կլոդ Լեդուն արեւելյան երաժշտության գիտակ է, նա ուսումնասիրել է Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ այլ ազգերի երաժշտությունը: Լինելով Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ եւ դասավանդելով Բելգիայի եւ Ֆրանսիայի երաժշտական բարձրագույն հաստատություններում, նա մեծ համբավ եւ հեղինակություն ունի: Կարեւոր է, որ նա նույնպես իր ուրույն ճանապարհն է գտել դեպի Հայաստան: Իսկ ինչպիսի՞ն էր Ժան-Պիեռ Դելյոզի ճանապարհը: - Մենք ընկերներ ենք, եւ օրերից մի օր ես պատմեցի նրան Հայաստանի մասին: Նա շատ զարմացավ եւ խնդրեց ինձ տեղեկություններ հաղորդել Հայաստանի մասին: Ես տվեցի մեր տանը եղած մի խուրձ գրքույկներ Հայաստանի տարբեր պատմական հուշարձանների եւ կոթողների լուսանկարներով եւ դրանց նկարագրումներով: Հաջորդ օրը նա զանգահարեց ինձ եւ ասաց, որ ամբողջ գիշեր չի քնել, քանի որ այդ նյութերը դրդել էին նրան ինտերնետում անվերջ նոր նյութեր պրպտելու: «Ես մտածում էի, որ դա անհնար է..., -պատմում էր նա, - Եթե դա իրոք այդպես լիներ, ինչպե՞ս կարող էինք մենք անտեղյակ մնալ այսքան տարիներ այդ մասին, ինչպե՞ս ես կարող էի ոչինչ չիմանալ այսքան դարեր առաջ գոյություն ունեցած քաղաքակրթության մասին: Բայց որքան տեղեկացա, այնքան համոզվեցի, որ դա երեւակայական չէ եւ փաստացի ապացույցներ ունի...»: Հատկապես նա ցնցված էր Անիի Մայր տաճարի ճարտարապետության վեհությամբ: Ճիշտ է, նաՙ ի տարբերություն Կլոդ Լեդուի, դեռեւս չի եղել Արեւմտյան Հայաստանում, բայց նույնիսկ նկարի միջոցով ապրել է այնպիսի մի ներշնչանք, որ նա գրեց իր La Cathedrale d Ani գործը բառացիորեն մի քանի օրվա ընթացքումՙ երկու ամիս առաջ: Դրա առաջին կատարումը տեղի ունեցավ Երեւանում, ապաՙ Գյումրիում: - Շատ հուզիչ է, երբ օտարները սրտին մոտ են ընդունում մեր արժեքները եւ մեր ցավը: Սակայն վերադառնանք հայ հեղինակներին: Ի՞նչ կասեք Antologie-ում զետեղված Վ. Շարաֆյանի «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները» գործի մասին: - Առաջին անգամ ես կատարեցի այն 2015 թ. փարիզյան արդեն հիշատակված համերգում եւ շատ սիրեցի այն: - Ես էլ, թեեւ նրա անվանումը ակնհայտորեն իռացիոնալ է: Իրականում անհնար է իմանալ, թե ինչ գույնի են անտեսանելի թիթեռնիկները, առավել եւս լսել այն էակների ձայները, որոնք նույնիսկ տեսանելի ժամանակ մեր ականջին հասու ձայներ չեն արձակում: Ի տարբերություն դրա, երազային կամ սյուրռեալիստական աշխարհում դա հնարավոր է: Վաչէի երաժշտական աշխարհն, ըստ իս, մոտ է արեւելյան փիլիսոփայությանը: Հիշենք Դզեն փիլիսոփայի աշակերտին ուղղված հայտնի հարցըՙ «Ինչպե՞ս է հնչում մեկ ափի ծափը», կամ մեկ այլ փիլիսոփայի երազը, երբ նա իր երազում թիթեռնիկ դառնալուց հետո երկար մտորում էր, թե ո՞վ է ինքն իրականումՙ փիլիսոփա՞, որ երազում թիթեռնիկ է իրեն պատկերացնում, թեՙ մի թիթեռնիկ, որ քնել է եւ երազում փիլիսոփա է իրեն կարծում: Ի դեպ, Կլոդ Լեդուն դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված մի գործ ունի, որ կոչվում է «Թիթեռնիկի երազը»: Ի՞նչ է Վաչէի այս գործը ձեզ համար, եւ հնարավո՞ր է արդյոք մեկնաբանել այնպես, օրինակ, որ անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները անմեղ զոհերի ոգիների ձայներն են, որոնք կոմպոզիտորը լսել է իր երազում... - Այո, երբ նման անվանումների ես հանդիպումՙ հանկարծակիի ես գալիս, եւ կարելի է ամեն բան երեւակայել: Ձեր բերած մեկնաբանությունն էլ մի տարբերակ է, որին, ի դեպ, համապատասխանում է գործի միջին հատվածում տեղ գտած կոնտրաստը. հնչողությունները հանկարծ կորցնում են իրենց եթերայնությունը եւ կարծես բիրտ ուժի ազդեցությունն են կրում: Սակայն ես նախ եւ առաջ գնահատում եմ այդ ստեղծագործության հեղինակի նրբազգաց պոետիկ վերաբերմունքը: Դա առանձնահատուկ մի մտահղացում է, որի իմաստը մակերեսի վրա չէ եւ մշտապես նոր մեկնաբանման եւ նորովի բացահայտումների հնարավորություն ունի: - Առհասարակ Վաչէի ոճի նրբին ներդաշնակությունը կատարողից բավականին բարդ մի բան է պահանջում, այն էՙ գտնել եւ պահպանել փխրուն մի հավասարակշռություն կուռ կազմակերպված մտքի եւ անգիտակցական խորունկ եւ նուրբ զգացումների միջեւ: Դա հազվադեպ է հաջողվում նույնիսկ բարձրարվեստ կատարողներին, սակայն համերգի ամենասկզբից դուք պատվով հաղթահարեցիք այդ խնդիրը, ստեղծելով մի մթնոլորտՙ արթմնի եւ երազային վիճակների միջեւ, որում հնարավորինս համապատասխան ընկալվեցին համերգի մյուս գործերը: Մասնավորապես, դա վերաբերում է Ա. Աքշելյանի «Ասանա» եւ Ժան-Լյուկ Ֆաֆշամի «Հայկական թերթիկներ» գործերին: - Շնորհակալ եմ: - Ե՞րբ եք ծանոթացել հայ երաժշտությանը: - Օհ, դա շատ հին պատմություն է (ժպտում է ): Երբ ես դեռ դպրոցական էի, հայրս ստանում էր Կոմիտասի երգերը առանձին թերթիկներով: Ես այդպես էլ չիմացա, թե ումից, հիշում եմ միայն, որ երբ երաժշտության դասի էի գնումՙ միայն իմ պայուսակում կար մի բան, որ չուներ ոչ մեկը իմ շրջապատում: Դա առանձնահատուկ մի զգացում էր: - Փաստորեն, դուք դեռ այն օրերին երաժշտական բովանդակությամբ հայկական թերթիկներ եք ունեցել... - Կարելի է այդպես ասել: Հետո, երբ մեծացա եւ տիրապետեցի դաշնամուրինՙ ծանոթացա եւ շատ սիրեցի Ռոբերտ Անդրիասյանի կատարած Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երգերի մշակումները: - Ռ. Անդրիասյանի մասին բարի խոսքը միշտ հաճույքով եմ լսում, սակայն հիմա կուզեի փոքր-ինչ պարզաբանեիք Ժան-Լյուկ Ֆաֆշամի գործի անվանման մեջ ակնարկված հայկական թերթիկները... - Դա դաշնամուրային մի սյուիտ է, որը բաղկացած է 4 մասիցՙ ա) Թուրքի գլուխ, բ) Արյան անապատ, գ) Հազար-հազարավոր ջնջված անուններ եւ, վերջապես դ) Ինչ տեսավ Կոմիտասը : - Ի՞նչ է նշանակումՙ «Թուրքի գլուխ»: - Ֆրանսերենում այն համարժեք է «զոհ» բառին: - Ահա թե ինչ, ուրեմն նաեւ ֆրանսերենում թուրքի վայրագ վերաբերմունքը զոհերի նկատմամբ իր հետքն ունի... Իսկ ի՞նչ է նշանակում «Հայկական թերթիկներ»: - Դա շատ բարակ անուշահոտ թղթե թերթիկներ էին, որոնք պատրաստում եւ վաճառում էին Եղեռնից հետո Եվրոպա գաղթած հայերը: Երբ դրանք վառում էիրՙ անուշահոտությունը տարածվում էր շուրջ բոլորը: - Լորանս, դուք ասացիք, որ մշտապես հետաքրքրվել եք ժամանակակից երաժշտությամբ: Ե՞րբ է կայացել ձեր առաջին փորձըՙ ժամանակակից երաժշտության կատարմանը մասնակցելու: - Դա շատ վաղուց էր... չեմ հիշում... Թեեւ, կարծես, հիշեցի: Երբ դեռ շատ երիտասարդ էի, ծանոթացել էի իտալացի կոմպոզիտոր եւ բանաստեղծ-սյուրռեալիստ Ջիասինթո Շելսիի հետ: Ես զարմացած եւ հիացած էի իր երաժշտա-պոետիկ աշխարհով, որում տիրում էր Հնչյունը: Դա մի մոգություն էր, եւ ես հանդգնեցի նրա հետ միասին մի ծրագիր պատրաստել: Նա կատարում էր իր իմպրովիզացիաները, իսկ ես ընդմիջում էի դրանք Կոմիտասի երգերով: Բացի դրանից, հենց ես էի կազմել համերգի ընդհանուր ծրագիրը, ու դրանով զգում էի ինձ ողջ համերգի կոմպոզիցիայի հեղինակ (ժպտում է): Հպարտ էի նաեւ նրանով, որ իմ սիրելի Կոմիտասը հայտնվել էր Հնչյունի գերակայության այդ զարմանահրաշ աշխարհում: - Ե՞րբ է դա եղել: 20 տարի առա՞ջ: - Ոչ, ավելին, մոտավորապես 30... - Դուք պատմե՞լ եք այդ մասին Արթուր Ավանեսովին: - Ոչ: - Զարմանալի է: Նրա «Disperato 1 եւ Չինար ես» գործը կարծես ձեր այդ երիտասարդական մտահղացման խտացումը լինի: Գուցե այն համերգի հուշն է դրդել ձեզ այս համերգի համար ընտրել հենց այդ գործը: - Մի գուցե: Սակայն այն տարրերը, որ մեր համերգում պարզ համադրություն էին կազմում, Ավանեսովի կոմպոզիցիայում ներթափանցում են իրար մեջ: - Այո, եւ դրա շնորհիվ երաժշտությունը այլ որակ է ստանում: Մի կողմից Կոմիտասի երգը հարստացվում է թարմ ու գունեղ հնչողություններով եւ իմաստներով, եւ մյուս կողմիցՙ Կոմիտասի երգի մեջ բյուրեղացած հոգու ամբողջականացման բանաձեւը հասու է դառնում ժամանակակից երաժշտության լաբիրինթոսների մթին արահետներում մոլորված երաժիշտների եւ երաժշտասերների ականջին: Այդ գործում եւս մի անակնկալ կար մեր համարՙ դուք երգեցիք... - Ես երգչուհի չեմ եւ հատուկ չեմ զբաղվել իմ ձայնի մշակմամբ, բացի դրանից, ես հայերեն չեմ խոսում: Հավատացեք, դա բոլորովին էլ դյուրին չէր ինձ համար, սակայն ի վերջո հանդգնեցի երգել Կոմիտասի «Չինար ես»-ըՙ այդ գործի համատեքստում, եւ շատ ուրախ եմ, որ դա ընդունվեց խստապահանջ հայ ունկնդրի կողմից: Եւ երբ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը կես լուրջ-կես կատակ ասաց, որ ահա հիմա հավատում է, որ ես հայ եմՙ դա շատ հաճելի էր, ես վերջապես ինձ զգացի տանը: - Ինչ եք կարծում, Լորանս, կա՞ որեւէ ընդհանրություն նախորդում ձեր ճանաչած հայ երաժիշտների գործերի եւ այս երիտասարդների գործերի միջեւ: - Դժվար հարց է. ավելի հեշտ կլիներ խոսել տարբերությունների մասինՙ տեխնիկաների, տեխնոլոգիաների եւ այլն: Միեւնույն ժամանակ, ինչ-որ ընդհանրություն ես այնուամենայնիվ զգում եմ, եւ ինձ թվում է, որ երիտասարդները ստիպում են նորովի բացահայտել Կոմիտասի հանճարի շնորհիվ ակնհայտ դարձած հայ երաժշտության թաքնված ներուժը: - Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք մեզ: - Ես էլ եմ շնորհակալ: Հուսով եմ, կհանդիպենք մյուս տարվա փառատոնին: |