RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:17:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 7566, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՂԱՆԿԱՐԻՉ-ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸՙ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՐԴԸ

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Շատերը նրան գիտեն որպես «Նարեկացիի Գարիկը». հատկապես նրանք, ովքեր հաճախ են ներկա լինում «Նարեկացի» արվեստի միության միջոցառումներին, չէին կարող չնկատել հազվագյուտ բարեկիրթ, հանդիսատեսին երբեք չխանգարող, իր գործին լավ տիրապետող լուսանկարչին, որը վերջին տարիներին աշխատում է ՆԱՄ-ումՙ ստեղծելով միության միջոցառումների մշակութային ֆոտոժամանակագրությունը: Սակայն հետեւողական հանդիսատեսը կնկատիՙ սրանք պարզապես ֆոտովավերացում շարքեր չեն, Գարեգին Աղաբեկյանի լուսանկարներում կա մի բան, որ գամում է, շոյում է աչքը, նոր զգացմունքներ է ծնում: Գարեգինի լուսանկարներում կենդանություն ու կյանք կա, ճիշտ ընտրված բացառիկ պահի հավերժություն ու անվերջ շարժում: Գարեգինի ընտրած հերոսները խոսում են լուսանկարից, պատմում են մի իրականության մասին, որից մենք տեղյակ չենք, բայց որի դռները բացելու ցանկություն ենք ունենում: Միջոցառումների ընթացքում նրա կողմից պատահականորեն ընտրված հերոսուհիները դառնում են «մեծ էկրանի աստղեր». նա գեղեցիկ է տեսնում, գեղեցիկ ու խորհրդավորՙ ինչպես Վերածննդի շրջանի գեղանկարիչներն էին կյանքը պատկերում: Իսկ համերգներն ու ներկայացումները, որոնք նա լուսանկարում է, երկրորդ կյանք են ստանում արդեն Գարեգինի ֆոտոշարքերումՙ դրանք դիտելով այնպիսի զգացողություն ես ունենում, ասես համերգը դեռ շարունակվում է:

Քչերը գիտեն նաեւ, որ բնավորությամբ մեղմ ու համեստագույն այս երիտասարդը մասնագիտությամբ գեղանկարիչ է: Իսկ նկարելու շնորհը ընտանիքի անդամները բացահայտել են երեք ու կես տարեկանում, երբ տան պատերին, անկողիններին, տետրերին ու գրքերին նկարելուց հետո ի վերջո ստիպել է նրանց իրեն տանել «մի տեղ, ուր նկարում են»: Այդ մի տեղը սկզբում Գեղագիտության ազգային կենտրոնն էր, երկրորդ հանգրվանըՙ Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, ուր հայտնվում է պատահականորեն. «Հայրիկիս հետ մեծ եղբորս տարել էինք ընդունելու «Կոջոյան», միջանցքում նստած չձանձրանալու համար նկարում էի, երբ մեզ մոտեցավ դպրոցի մասնագետներից մեկն ու հորս հորդորեցՙ տղային բերեք մեր դպրոց: Հաջորդ տարվանից ես էլ դարձա դպրոցի սան,- պատմում է Գարեգինը»: Ապագան արդեն ավելի հստակ էր պատկերվում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մանկավարժական ինստիտուտի (այժմ համալսարան) նկարչա-գծագրական բաժին, որտեղ պատրաստում էին գծագրության եւ նկարչության ապագա ուսուցիչներ, սակայն 1997 թ. մեկնում է ծառայությանՙ Ճամբարակ, այստեղ էլ սերժանտ Գարեգին Աղաբեկյանի անունը կնքվում է Նկարիչ: «Արդյո՞ք բանակային տարիները չընդհատեցին, չխոչընդոտեցին նկարչի գործունեությանը» հարցիս Գարեգինը պատասխանում է. «Տարվա բոլոր օրերն իրար նման են, դրանք հիմնականում անցնում ենՙ ոչինչ չթողնելով, իսկ բանակում անցկացրած երկու տարվա բոլոր օրերը հիշում եմ որպես կյանքի դպրոց»: Նաեւ այդ օրերի մասին երախտագիտությամբ հիշեցնում են այն բանակային ընկերները, որոնց համար Գարեգինը սրբապատկերներ է նկարել: Ծառայությունից տարիներ անց նա քաղաքում հանդիպում է սպաներից մեկին, վերջինս պատմում է, որ տարիներ առաջ իր տունը հրդեհվել էր, եւ միակ բանը, որ չի այրվել տանը, Գարեգինի նկարած սրբապատկերն էր:

Լուսանկարչությամբ տարվելը նկարչի կյանքում տեղի է ունեցել աննկատ, այնպես, ինչպես դպրոցն ավարտելուց հետո փայտարվեստով է սկսել զբաղվել, ինչպես դեռեւս ուսանողական տարիներին Բժշկական ինստիտուտի «Հատիս» ակումբում զբաղվել է ալպինիզմով: Հետո ընկերներով հաճախ գնում էին արշավների, որտեղ էլ նկարչի աչքը որսում էր բնության հրաշքները, նա երազում էր լավ լուսանկարչական սարքի մասին, որով կկարողանար հավերժացնել պահը: Տարիներ անց այդ երազանքն իրականություն կդառնաՙ պրոֆեսիոնալ ժապավենով ապարատից մինչեւ նորագույն թվային տեսախցիկներ, իսկ լուսանկարչությունըՙ Գարեգինի անբաժան ուղեկիցը: Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը վրձնից ֆոտոապարատին. Գարեգինը նկատում էՙ սկզբունքը նույնն է, միայն աշխատանքային գործիքն է փոխվել: Գարեգինը նաեւ շարունակում է, որ լուսանկարչական խցիկը երբեք լիարժեք չի փոխարինի նկարչությանը, քանի որ մատիտը ոչ միայն բնավորությունը, այլեւ քո զգացողություններն է հաղորդում կտավին, նկարիչը միշտ ներկա է: Սակայն Գարեգինի լուսանկարները դիտած հանդիսատեսը այնքան էլ չի համաձայնի նրա հետ, քանի որ վերջինիս լուսանկարներում նույնպես միշտ կա բարձր գեղարվեստականություն ու ճաշակավոր գեղագետի մշտառկա աչք: Ակնհայտ է դառնում, որ Գարեգինը լուսանկարին էլ մոտենում է կերպարվեստի, արվեստի ստեղծագործության բարձունքից` բնատուր տեսողունակությամբ դրանք կառուցելով գրագետ հորինվածքի սկզբունքներով:

Մի շարք խմբակային լուսանկարչական ցուցահանդեսներին մասնակցությունից հետո Գարեգինի առաջին անհատական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում 2017-ի ապրիլի 24-ին էր: Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսում ներկայացրել էր ջահերով երթի տարբեր տարիներից ընտրված կադրեր, ինչպես նաեւ տարբեր տարիներին դեպի Ծիծեռնակաբերդ այցերից տպավորիչ շարք:

Իսկ ահա 2017-ի հուլիսի 3-ին ՆԱՄ-ում բացվեց Գարեգինի լուսանկարների երկրորդ անհատական ցուցահանդեսըՙ «Մշակույթով ապրողը» խորագրով: Երեւանյան թատրոններում, թանգարաններում, համերգասրահներում հաճախ լինող հանդիսատեսի աչքից չէր կարող վրիպել տիկին Մաշանՙ նիհարակազմ, անբարեհամբույր, ու ասես բոլորովին այլ ժամանակներից մի անբացատրելի հրաշքով մեր ժամանակներում հայտնված կերպար, որը ոչ մի մշակութային իրադարձություն բաց չի թողնում քաղաքում, իսկ միջոցառումից հետո անպատճառ մոտենում է հեղինակներին եւ իր վերլուծական կարծիքը հայտնում նրանցՙ մասնագիտությամբ կենսաքիմիկոս արվեստասեր Մաշան: Գարեգինի լուսանկարչական օբյեկտիվի աչքից նույնպես չէր կարող դուրս մնալ տիկին Մաշան. այո՛, սկզբում օբյեկտիվի, հետո միայնՙ լուսանկարչի աչքից: Բանն այն է, որ Գարեգինը մտադրություն չի ունեցել տիկնոջը լուսանկարելու, նա պարզապես վավերացրել է միջոցառումները եւ միայն համակարգչում լուսանկարները թերթելիս նկատել, որ բավական հաճախ կինը նրա կադրերում է հայտնվում: «Այս իրողությունն ինձ սկզբում սաստիկ նյարդայնացնում էր,- պատմում է Գարեգինը,- քանի որ տիկին Մաշան մշտապես առաջին կարգերում էր նստած եւ հավաքների առաջին գծում էր, ինքնաբերաբար կադրում էր հայտնվում եւ իմ կարծիքովՙ խանգարում, սակայն հետզհետե հասկացա, որ խցիկս որսացել է անչափ հետաքրքրական մի կերպարի: Բավական ուշ հայտնաբերեցի, որ Մաշան մի անկրկնելի հատկություն ունի. նա ասես հայելի է, որ անդրադարձնում է դիմացինին. ինչպես նրան մոտենաս, այդպիսի պատասխան կստանաս, եւ ահա ես նրանում հայտնաբերեցի հույզերի ու ապրումների ծով բազմազանություն: Ես նրանում հայտնաբերեցի լքված մորը, մեծ դրամա ունեցող կնոջը, մեր ժամանակների հերոսինՙ միայնակ մարդուն, որը մխիթարություն է գտնում կյանքից արվեստի միջոցով: Այդ պահից սկսած ես սկսեցի նրան հատուկ լուսանկարել»: Ցուցահանդեսի գաղափարն էլ այդ ժամանակ լուսանկարչի մտքում ամբողջացավ: Գարեգինն իրեն հատուկ համեստությամբ նկատում է, որ իր համար էական չէ ցուցահանդեսի մասին լուսաբանումը, քանի որ իր նպատակն արդեն իրագործվել էՙ իր հերոսուհուն գոնե մի պահ ուրախություն պարգեւել: «Տարիներ շարունակ տիկին Մաշան ստեղծագործողներին արժանացնում է իր բծախնդիր ուշադրությանը, նա հենց այնպես չի նայում, նա վերլուծում է տեսածը, գնահատում ստեղծագործողին, ժամանակը չէ՞ր արդյոք այդ վերաբերմունքից գոնե մեկ հատված նրան վերադարձնելու»:

Իրեն նվիրված ցուցահանդեսը տիկին Մաշան նույնպես հենց այնպես չի նայել, սովորության համաձայնՙ ունեցած ամենագեղեցիկ հագուստը հագած շտապել է ՆԱՄՙ հերթական միջոցառմանը մասնակցելու, եւ որքան մեծ է եղել ցնցումը, երբ հայտնաբերել է իրեն որպես հերոս: Գարեգինը պատմում է, որ կնոջ առաջին հակազդեցությունը սրահից զայրացած հեռանալն է եղել: Եվ միայն նրան հետ բերելուց հետո հետագա րոպեներին իրարարամերժ ապրումներով, երջանկության ու հուզումի բուռն ալիքներից հետո նա դարձյալ հավատարիմ է մնացել պրոֆեսիոնալ հանդիսատես լինելու իր սովորությանը. «Թողեք հանգիստ նայեմ»,- ասել է նաՙ դարձյալ նույն խոհուն ու լուրջ հայացքը վերագտնելով: Երկար կանգնել է լուսանկարներից յուրաքանչյուրի առջեւ, հիշել, վերլուծել, ժպտացել, հուզվել, գորովանքով նայել հենց այն լուսանկարներին, որոնցում հագի դեղին ծաղկավոր հագուստով է: «Սիրում եմ այս զգեստը»,- հազիվ լսելի արտասանել է կինըՙ հիշողություններով թեւածելով հավանաբար կյանքի լավագույն ժամանակները: Անգամ մուշտակին է անդրադարձելՙ «Լավ է, որ մութ տարիներին թույլ չտվեցի տղայիս վաճառել մուշտակս»: Հիմա լուսանկարից արվեստի վայրում գտնվելուն վայել հագուստով է իրեն տեսնում կինը եւ հպարտություն ու բավականություն զգում դրանից: Սեփական քննադատությունից չի խնայել նաեւ իր անձըՙ քննադատել է իր անզուսպ էմոցիան ու ժեստը լուսանկարում, իր չոր ու զայրացկոտ դեմքի արտահայտությունը, ամաչել է, ժպտացել: Մոտ մեկ ժամ դիտել է ցուցահանդեսըՙ ինքնաբերաբար դառնալով վավերագրական ակցիա ներկաների համար, ինքն իրեն մենախոսել էՙ հաճախ հնչեցնելով «ես ազատություն եմ սիրում» արտահայտությունը:

«Մշակույթով ապրողը» ցուցահանդեսը բաղկացած էր երկու մասիցՙ առաջինը ռեպորտաժ էր հիշեցնումՙ միջին պլանով արված բազմամարդ կադրերՙ դեմքեր, դեպքեր, իրադարձություններ, որոնց կենտրոնում միշտ տիկին Մաշան է, երկրորդում միմիայն կինն էՙ խոշոր պլանովՙ արվեստի որեւէ գործ դիտելու պահին: Սեւ ու սպիտակ կադրերում Գարեգինը կնոջ հոգեբանական դիմանկարն է բացահայտելՙ խորը, բազմազան ու ողբերգականորեն հուզիչ: Դրանցում կյանքի վաղանցիկության ցավն է, ունայնություն ու սին հույզեր, անցյալի վերհուշը, ներկայի անհուսությունը:

Չէ, արվեստի գործեր դիտելիս բերկրանք կամ բավականություն չի գծագրվում Մաշայի դեմքին, նրա համար արվեստը փախուստ է իրականությունից, սակայն գուցե այն ավելի՞ է ընդգծում կեցության անհեթեթությունն ու ավելի՞ խորացնում բնավ ոչ այնքան ծեր տիկնոջՙ ժամանակից շուտ խորշոմած դեմքի կնճիռները: Գարեգինը էքզիստենցիալ փիլիսոփայության հարթություն է տեղափոխում դիտողինՙ «հոգեբանական թատրոնի» սկզբունքներով:

ՆԱՄ-ը սովորություն ունի իր բեմում ներկայացված արվեստագետներին միության անվան հապավումի ծաղկազարդ գլխատառերով կավե կարմիր նռներ պարգեւելուՙ որպես հիշողություն այդ օրվանից: Առաջին անգամ ՆԱՄ-ի պատմության մեջ միության նախագահ Նարեկ Հարթունյանը նռան արժանացրեց հանդիսատեսի: Հանդիսատես, որն ինքնաբերաբար թե՛ ստեղծագործող, թե՛ հերոս է դարձել:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ցուցահանդեսը շարունակություն կունենա, Գարեգինը պատասխանում է, որ մեծ ցանկություն ունի այն ներկայացնելու նաեւ այլ մշակութային վայրերում, հատկապես որոնցում տիկին Մաշան հաճախ է լինում, որպեսզի այնտեղի հանդիսատեսի համար էլ բացահայտի տիկնոջ իրական էությունը, որպեսզի կնոջը երջանկության եւս մի քանի ակնթարթ պարգեւի մեր անզարդ իրականության մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ