«ՍԵՎ» ԹԵՀՐԱՆԸ. ՍԱՄՎԵԼ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԹՐԻԼԵՐՆԵՐԸ Անգլերենից թարգմանեց Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԸ ԷՀՍԱՆ ԽՈՇԲԱԽՏ Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվող «Վերագտնված կինո» փառատոնը, որը ներկայացնում է տարբեր երկրների անցյալի քիչ ծանոթ կինեմատոգրաֆիկ արժեքները, այս տարի հատուկ ծրագիր է նվիրել իրանական կինոյի ճանաչված դեմքերից բեմադրիչ Սամվել Խաչիկյանին (1923-2001): Ծրագիրը համադրել են Էհսան Խոշբաշտը եւ Բեհդադ Ամինին Իրանի Կինոյի ազգային արխիվի համագործակցությամբ: Ներկայացնում ենք Էհսան Խոշբաշտի հոդվածը Խաչիկյանի մասին:
Միայնակ, տարագիր իր իսկ երկրում, Սամվել Խաչիկյանը ձեւ եւ ոճ է տվել անձեւ ազգային կինոյին: Դատարկ ձեռքերով եւ թերի ֆինանսավորմամբՙ նա փրկեց ազգային կինոն, որպեսզի այն չանհետանա ավազների մեջ ծույլ կինոբեմադրիչների ձեռքով: Խաչիկյանի անունը սարսափի եւ անհանգստության հոմանիշ է, նրա կինոն լիովին ցույց է տալիս իրանական սիրված ժանրային ֆիլմերի փառքն ու հիասթափությունները: Ոմանք բեմադրիչին համարել են իրանական կինոյի յուրատեսակ փրկիչ, ուրիշները գտել են, որ նրա ստեղծագործությունն ածանցված է արեւմտյան կինոգործիչներից: Նմանակող կամ նորարարՙ նրան, անշուշտ, շատ ավելի քիչ բեմադրիչներ նմանակեցին: Այս ծրագիրը կենտրոնանում է այն ֆիլմերի վրա, որոնք Խաչիկյանի երկրպագուներն ու ռեժիսորն ինքը համարում են նրա կինեմատոգրաֆիական նվաճումների գագաթնակետըՙ իրանական կինոյի առաջին «վերնագրից առաջՙ անուն»-ի հիմնական աշխատանքները: 1923 թ. Թավրիզում հայ ծնողներից ծնված Խաչիկյանը վաղ տարիքից մուտք է գործել գրականություն եւ թատրոն: Երբ Թավրիզի անհանգիստ քաղաքական մթնոլորտը ստիպեց ընտանիքին տեղափոխվել մայրաքաղաք Թեհրան, նոր աշխարհ բացվեց Սամվելի համար: Նրա հայ ընկերըՙ ազդեցիկ կինոռեժիսոր Սանասար Խաչատրյանը, խնդրեց նրան նկարահանել «Բազգաշթ» ֆիլմը (1953): 1950-ականների վերջին Խաչիկյանը կատարելագործեց իր լեզուն հնչյունի, մութ տոնայնությամբ նկարահանումների, արագ մոնտաժի եւ կինոխցիկների անսովոր դիտանկյունների երեւակայական օգտագործմամբ, որոնք բոլորը գործածվեցին մեղքի եւ հանցագործության աշխարհը պատկերելու համար: Այս պատմություններն, ըստ Խաչիկյանի, կապված են Հայոց ցեղասպանության եղելություններին, պատմված իր հոր կողմից: Նա փոփոխել է ժանրային ֆիլմերը, որպեսզի դրանք գրավիչ դարձնի երկրիՙ հիմնականում մահմեդական ժողովրդի համար: Սակայն 1960-ականների վերջին մոդեռնիստ ռեժիսորների ի հայտ գալով, ինչպես նաեւ Իրանի մեյնսթրիմ կինոյում սեքսի եւ բռնության աճին զուգընթաց, Խաչիկյանն արագ դուրս է եկել նորաձեւությունից: Իր հետագա կյանքը նա բնորոշել է, որ ինքը շարունակել է ֆիլմեր նկարահանել` ցույց տալու համար, որ դեռ գոյություն ունի: Հեղափոխությունից հետո նրա վիճակը չի բարելավվել. Իրանի արեւմտականացված տեսլականը, որ շեշտված էր իր ֆիլմերում եւ աստղային համակարգը, որոնց վրա դրանք ստեղծվում էին, այժմ խստորեն մերժվում էին: Խաչիկյանին դանդաղ եւ կանխամտածված կերպով ասպարեզից հանեցին ու արգելեցին: Երբ նրան վերջապես թույլ տվեցին ֆիլմեր ստեղծել, նրա աշխարհը չափազանց օտար էր իսլամական հանրապետությանը, որպեսզի կարողանար շփոթությունից ավելի ինչ-որ բան բերել: Վաթսուն տարի շարունակ Խաչիկյանը մնում է Իրանի կինոյի ամենակարեւոր ռեժիսորներից մեկըՙ ժամանակային-տարածային տարրերի իր վարպետության, աստղեր կերտելու իր հանճարի եւ միզանսցենի գաղափարն իրանական կինո ներմուծելու իր էական դերակատարության համար: Նաեւ, եթե Խաչիկյանի կարեւոր դերը համարվում է որպես փոքրամասնության անդամ ազգային կինոյի ընթացքը փոխելըՙ դառնալով մեծամասնության ռեժիսորը եւ դրա իրականացումը ճաշակով եւ երեւակայությամբ, ապա նա արժանի է համաշխարհային կինոյի պատմության մեջ նույնպես կարեւոր դեր ունենալու: |