ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր Հայ պարարվեստի երկու հիմնական ճյուղերից` ֆոլկլորային պարից եւ բեմական պարից, ներկա դրությամբ, առավել հետազոտված է ֆոլկլորայինը: Բեմական պարը, որի համակարգին է պատկանում նաեւ բալետը, չնայած 20-րդ դարի 50-ականներից մինչեւ մեր օրերը լույս տեսած մի շարք գիտական հետազոտություններին, քիչ է լուսաբանված: Բազմակողմանի եւ խորը ուսումնասիրման կարիք են զգում թե՛ հայ բալետի պատմությունը, թե՛ առանձին հայ եւ հայազգի պարող-պարուհիների, պարադիրների գործունեությանը նվիրված առանձին մենագրությունների հրատարակումը: Ուստիեւ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքն անգնահատելի ներդրում է հայ պարագիտության ոլորտում: Այն լույս է տեսել անցյալ տարի, «Հայաստան» հրատարակչությունում: Հրատարակության հովանավորն է լիբանանյան բալետի երբեմնի պարուհի, այժմ կանադաբնակ Սոնա Փոլատյան-Օրճանյանը : Աշխատությունը բազմամյա պրպտումների եւ նրանց ամբողջացման արդյունք է: Ինչպես նշում է գրքի հեղինակը. «Սկսած 1991 թվականից Հայաստանի, Սփյուռքի եւ Մոսկվայի մամուլում պարբերաբար հանդես ենք եկել պարարվեստի (մասնավորապեսՙ հայ գործիչների) մասին հայերեն, անգլերեն եւ ռուսերեն հոդվածներով, գրախոսականներով եւ հայ պարողների հետ հարցազրույցներով (ինչն էլ դարձել է սույն աշխատության ատաղձը), ինչպես նաեւ հասարակությանը բալետի աշխարհին ավելի ծանոթացնելու նպատակով կատարել ենք հայ պարողների վերաբերյալ փոքր հոդվածների թարգմանություններ տարբեր լեզուներից: Սրանից բացի, տարիներ շարունակ հավաքել եւ մուտքագրել ենք 1900-1940 թթ. հայ մամուլում բեմական պարի վերաբերյալ լույս տեսած հոդվածներն ու ուսումնասիրությունները: Ավելին, պարարվեստի հանդեպ մեր խորացած հետաքրքրությունը մեզ մղել է գրել նաեւ ավելի լուրջ հետազոտական աշխատություններ, հայ բալետի մասին ավելի լայն լսարան ապահովելու նպատակով հայագիտական մամուլում հանդես եկել բալետագիտական գրքերի անգլերեն եւ ֆրանսերեն գրախոսականներով» (էջ 6-7): Լինելով մասնագիտությամբ բանասերՙ Արծվի Բախչինյանը արդեն շուրջ քառորդ դար զբաղվում է բալետի եւ կինոյի հարցերով: Այսօրվա դրությամբ նրան չի կարելի դասել այսպես կոչված «բալետասերների» կարգին, որոնք հաճախ գրում են ցածր մակարդակի եւ արվեստաբանությունից հեռու անորակ գրախոսականներ եւ հոդվածներ: Տարիների ընթացքում նա ուսումնասիրել է լուրջ պարագիտական գրականություն, իսկ լինելով գիտնականների ընտանիքի զավակ եւ արժանի ժառանգորդՙ ընկալել է առարկայի կամ երեւույթի գիտական լուրջ հետազոտության սկզբունքները: Բախչինյանն ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ` տարբեր լեզուների, թարգմանչական արվեստի տիրապետումը, փայլուն խմբագրական ոճը, ամենակարեւորը` քիչ հայտնի կամ անհայտ փաստեր եւ իրողություններ փնտրելու եւ լուսաբանելու հակումը: Ի նկատի ունենալով Բախչինյանի վերոհիշյալ արժանիքներըՙ զարմանալի է, երբ գիտախոսվող գրքի սկզբնական էջերում կարդում ենք. «Հարկ ենք համարում սկզբից եւեթ նշել, որ սույն գիրքը բալետագիտական կամ պարագիտական ուսումնասիրություն չէ, որտեղ մասնագիտական վերլուծության ենթարկված լինեն ներկայացված գործիչների արվեստը: Թեեւ մենք հատուկ զբաղվել ենք նաեւ ոչ միայն պարարվեստի պատմության, այլեւ տեսության ուսումնասիրությամբ, սակայն բնավ չունենք պարագետի հավակնություններ: Մեր կատարածը հիմնականում բանասիրական հետազոտություն է, որ գլխավորապես առնչություններ ունի մշակույթի պատմության եւ հայագիտության հետ» (էջ 11): Նախ, հայտնի է, որ պատմության եւ տեսության հարցերով զբաղվող բազմաթիվ հանրաճանաչ պարագետներ չեն ունեցել հատուկ պարային մասնագիտական կրթություն: Հիշենք Կուրտ Զակսին, Լյուբով Բլոկին, Սերգեյ Վոլկոնսկուն, Սերգեյ Խուդյակովին եւ իհարկե Սրբուհի Լիսիցյանին, որոնք շատ լուրջ, կարելի է ասել հիմնարար ներդրում են կատարել պարագիտության բնագավառում: Հենց այս նկատառումով եւս համոզված ենք, որ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը լուրջ պարագիտական աշխատություն է եւ ոչ ամենեւին սոսկ հանրագիտարան կամ բառարան: Նախքան աշխատությանը գնահատական տալը պետք է ներկայացնել գրքի բովանդակության քիչ թե շատ մանրամասն ընդհանուր բնութագիրը: Այն պարունակում է հետեւյալ բաժիններն ու ենթաբաժինները. Խոսք երախտագիտության, Ներածություն. ԳԼՈՒԽ Ա. ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ (Պարարվեստի առաջին հայազգի գործիչները). ԳԼՈՒԽ Բ. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԳԼՈՒԽ Գ. ՀԱՅԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԼԵՏՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. 1920-1930-ական թթ., բ. Հայաստանիցՙ համաշխարհային բալետ, գ. «Հզոր զգացմունքները» եւ միջազգային բալետի հայ տղաները, ԳԼՈՒԽ Դ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ. ա. Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բ. Ֆրանսիա, գ. Եվրոպական եւ ամերիկյան այլ երկրներ, դ. Արեւելքի երկրներ. ԳԼՈՒԽ Ե. Հայերը էստրադային պարարվեստում. ԳԼՈՒԽ Զ. Արեւելյան պարը եւ հայուհիները. Վերջաբան. Ամփոփում (անգլերեն), Անվանացանկ: Գրքում ընդգրկված է տեղեկատվություն 740-ից ավելի հայ եւ հայազգի գործիչների մասին, որոնք եղել են բալետի, մոդեռն, ժողովրդա-բեմական, էստրադային եւ, այսպես կոչված, «արեւելյան պարի» գործիչներՙ պարող-պարուհիներ, պարուսույցներ, պարաստեղծներ, նկարիչներ, պարագետներ եւ պարային գործի կազմակերպիչներ: Իրոք, թե՛ պատմական եւ թե՛ հանրագիտարանային բնույթի աշխատություն կերտելու հանդգնություն ունեցող հեղինակները միշտ կանգնել են ընտրության առջեւ. հիշատակե՞լ, օրինակ, այս կամ այն գործչին կամ փաստը, եւ որքա՞ն մանրամասն: Վերջապես, միշտ կգտնվեն ընթերցողներ, որոնք կմեղադրեն հեղինակինՙ որոշ գործիչների չհիշատակելու կամ պակաս ներկայացնելու համար: Նմանատիպ կշտամբանքներից ապահովագրված չէ ոչ մի պատմաբան, առավել եւսՙ հանրագիտարանային աշխատությունների հեղինակ: Ամենից հաճախ կշտամբանքները վերաբերում են այն հարցին (մանավանդՙ այլազգի ընթերցողների համար), թե որքանով է ապացուցված, որ այս կամ այն գործիչն ազգությամբ հայ է: Հայտնի է, որ ամենատարբեր բնագավառներում հայազգի շատ գործիչներ հանդես են եկել այլ անուն-ազգանուններով: Գրքում ընդգրկված գործիչների որոշ մասը հայ է մոր կողմից (օրինակ, մեծանուն պարուհի Թամարա Թումանովան). նման անձանց անդրադառնալը միանգամայն արդարացված է: Ավելի բարդ է որեւէ անձի ազգային պատկանելիությունը հաստատող ապացույցներ գտնելը: Այս հարցում Բախչինյանը զգույշ է եւ նրբանկատ: Մի շարք գործիչների ազգային պատկանելությունը հաստատող նրա բերած ապացույցները հենվում են լուրջ փաստական եւ ստուգաբանական հենքի վրա: Որոշ դեպքերում նա հանգամանորեն քննարկում է անձի ազգային պատկանելիությունը. առաջին հերթին դա վերաբերում է հանճարեղ Ագրիպինա Վագանովայիՙ հայազգի համարելու փաստին: Այս հարցին հեղինակը գրքում տրամադրել է բավական մեծ հատվածՙ բերելով կողմ եւ դեմ փաստարկներ եւ, այնուամենայնիվ, չի հանգել վերջնական եզրակացության: Գրքի ամենակարեւոր արժանիքը Բախչինյանիՙ պարարվեստում հայ եւ հայազգի ներկայացուցիչների ներդրման ուսումնասիրությունն է, որը չափազանց ընդլայնում է մեր գիտելիքները թե՛ հայ բալետի ձեւավորմանը նախորդող ժամանակաշրջանի եւ թե՛ հայ պարարվեստի մասին: Աշխատությունը լրացնում եւ ամբողջացնում է մինչեւ 1920 թ. արեւելահայ եւ արեւմտահայ, ինչպես նաեւ սփյուռքահայ իրականության մեջ ցայժմ քիչ ուսումնասիրված կամ չհետազոտված պարարվեստի պատմությանը վերաբերող մշակութաբանական հետազոտությունները: Այս նպատակին են ծառայում գրքի բոլոր վեց գլուխները, հատկապես` առաջին երեքը: Գրքում ներկայացված գործիչներից ոմանք ծանրակշիռ ներդրում ունեն թե՛ հայ եւ թե՛ միջազգային պարարվեստումՙ լինելով տարբեր ազգերի պարային դպրոցի կամ պարի այլեւայլ ուղղությունների հիմնադիրներ եւ զարգացնողներ (Արմեն Օհանյան, Գեորգի Գուրջիեւ, Սերգեյ Կեւորկով, Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցե, Ադրինա Օտերո, Ալեքսանդր Ալեքսանդրով, Սեդա Սյունի, Օլգա Տարասովա, Թամարա Խանում, Սարգիս եւ Աննա Ջանբազյաններ, Ելենա Ավետիսյան, Անի Դաբա, Անահիտ Սոֆյան եւ բազում ուրիշներ): Թեկուզ հակիրճ ձեւով ներկայացված են նաեւ մեծ նվաճումների չհասած պարողները (օրինակ, խմբապարային արտիստները): Շատ լայն է պարային գործիչների «աշխարհագրությունը». նրանք ստեղծագործել են աշխարհի ամենատարբեր երկրներում, մինչեւ անգամՙ հեռավոր, տարաշխարհիկ երկրներումՙ Ավստրալիա, Չիլի, Բրազիլիա, Թաիլանդ, Չինաստան, Ճապոնիա... Հեղինակը բացահայտում եւ ցույց է տալիս, որ գրեթե ամեն տեղ պարարվեստում հայերը փոքր թե մեծ ներդրում ունեն: Լայն է նաեւ ընդգրկված ժամանակահատվածը` 1783-ից մինչեւ մեր օրերը, այսինքն` մոտ երկուսուկես դար, ինչը վկայում է, որ հայերի առնչությունը մասնագիտական պարարվեստի հետ շատ ավելի հին պատմություն ունի, քան բուն հայկական բալետը: «Հայերը համաշխարհային պարարվեստում» գրքում Բախչինյանը տվել է պարարվեստի հայ եւ հայազգի բազում ներկայացուցիչների ինչպես կենսագրությունները, այնպես էլ նրանց արվեստագիտական կերպարը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում կրկնել, որ Բախչինյանը տարիների ընթացքում դարձել է մասնագիտացած պարագետ: Ընդ որումՙ բարձր մակարդակի, քանի որ նյութը ներկայացված էՙ ժամանակի եւ այսօրվա հայ եւ այլալեզու գրականության, հանդեսների, պարբերական մամուլի եւ արխիվային հարուստ նյութերի հիման վրա: Հղումների համակարգը հստակ է, երբեմն գրավում է գրքի էջի կեսը եւ ավելին, ինչը կրկին վկայում է, որ Բախչինյանը, իրոք, որպես գիտնական բարեխիղճ է եւ պատասխանատու իր գործի հանդեպ: Շատ կարեւոր են եւ կողմնորոշիչ «Վերջաբանում» տրված հստակ, ուսումնասիրությունն ամբողջացնող եզրակացությունները: Մեր հերթին ամփոփելով գրախոսականըՙ պետք է նշենք, որ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային բալետում» գիրքը մեծ ներդրում է հայագիտության, մասնավորապեսՙ պարագիտության ոլորտում: Այն հետաքրքրական է, իհարկե, նաեւ լայն հասարակությանը, բայց, ամենակարեւորը, անհրաժեշտություն է նեղ մասնագետների շրջանակի համար: Իհարկե, շատ ցանկալի է, որ գիրքը հրատարակվի նաեւ այլ լեզուներով: Եվ վերջապես, մենք հույս ունենք, որ Արծվի Բախչինյանն իր գործունության մեջ ավելի մեծ տեղ կտա պարարվեստի բնագավառին եւ կընդլայնի հայ պարագետների, մասնավորապեսՙ հայ մասնագիտական պարի հարցերով զբաղվող հետազոտողների չափից դուրս նեղ շրջանակը: |