ԵՐԵՔ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ Նաիր ՅԱՆ Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը 14 տարի եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Նրա մահից կարճ ժամանակ անց շշուկով ու բարձրաձայն քննարկվում էրՙ ով է լինելու միության հաջորդ նախագահը: Նախ շրջանառվում էր Ռուբեն Գեւորգյանցի որդուՙ կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի անունը: Ասում էին, թե նա է ուզում փոխարինել հորը: Վերջին մեկ-երկու անմսվա ընթացքում կարծես հող էր նախապատրաստվում, որ Վահե Գեւորգյանցից բացի, կինոմիության նախագահի այլ թեկնածուներ էլ առաջադրվեն: Դեռ անցյալ տարվանից էր շրջանառվում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին պաշտոնից հեռացնելուՙ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մտադրությունը: Այդպես էլ եղավ. մոտ երկու ամիս առաջ նախարարը ներկայացրեց կինոկենտրոնի նոր ղեկավարինՙ Շուշանիկ Միրզախանյանին. Գեւորգ Գեւորգյանի գործունեությունը որակվեց անարդյունավետ ու թերի: Նա առաջադրվեց կինոմիության նախագահի թեկնածու, վաղը` հոկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ընտրություններում: Այնուհետեւ հայտարարվեց, որ Հարություն Խաչատրյանն այլեւս չի ստանձնելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնը. այն հանձնվել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանին: Հարություն Խաչատրյանը տեղեկացրց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել կինոմիության նախագահի ընտրություններում: Եվ այսպես, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը նախագահի երեք թեկնածու ունի: Մինչեւ հիմա միության նախագահը մեկ թեկնածու է ունեցելՙ հանգուցյալ Ռուբեն Գեւորգյանցը: Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը պատմում է. «Ես ինչքան ինձ հիշում եմ, համագումարների ժամանակ պարտիական տոմսի պես կարմիր գրքույկս բարձրացրել եմ, ընտրել Ռուբեն Գեւորգյանցին ու խելոք գնացել տուն: Բացի նրանից, ուրիշ թեկնածու չի էլ եղել, որ մտածեիՙ ո՛ր մեկին ընտրեմ: Քվեարկությունն անցել է միաձայն»: Նրա սերնդակից կինոռեժիսոր Արման Երիցյանի կարծիքովՙ ստեղծագործական բոլոր միությունները, այդ թվումՙ կինեգործիչներինը, պետք է վաղուց լուծարված լինեին որպես սովետական մնացորդներ: Իսկ եթե չեն փակվել, ուրեմն կինոմիությունը պետք է լուրջ ու ծանրակշիռ տեղ ունենար, նրա հենքի վրա պիտի կինոդպրոց ունենայինք, կինոմթնոլորտ ստեղծվեր: Մինչդեռ կինոյի մարդիկ չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են եղել կինոմիությունում, առավել եւսՙ բացել դահլիճի դուռը: Մինչդեռ այդ նույն դահլիճում ժամանակին քննարկումներ, կինոդիտումներ են կազմակերպվել: Նոր նկարահանված յուրաքանչյուր ֆիլմ առաջինն այդ էկրանին է ցուցադրվել, որպեսզի նախ - առաջ ոլորտի մասնագետները տեսնեն ու գնահատեն թարմ աշխատանքը: Ցավալի է, բայց փաստ. կինեմատոգրաֆիստներից ոչ ոք մեկը մյուսի ֆիլմով չի հետաքրքրվում, անգամ տեղյակ չեն, թե ով ինչ կինո է նկարել: Իրենք իրենց ֆիլմերը նայելուց բացի, այլ ֆիլմեր չեն նայում: Նույն իրավիճակն է կինոգետների ու կինոքննադատների շրջանում: Նախ սկսենք նրանից, որ քչերն են տեղյակ լինում, թե ո՞վ ֆիլմի ի՞նչ նախագիծ է ներկայացրել, երբ է սկսել ֆիլմի նկարահումներն ու ինչ ֆիլմ է առհասարակ: Ո՞վ եւ ի՞նչ սկզբունքով է ընտրում սցենարներն ու որոշում, թե ո՞րն է արժանի նկարահանման, որըՙ ոչ: Իսկ եթե նկարահանվելուց հետո պարզվում է, որ ոչ թե կինո է, այլ ուղղակի խայտառակություն, ո՞վ է պատասխան տալիս դրա համար, ո՞վ է պատասխանատվության ենթարկվում մսխված, վատնված միլիոնների համար: Բայց քանի որ առաջիկայում կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններն են, կենտրոնանանք ֆիլմարտադրության, կինոյի ոլորտի խնդիրների վրա: Թող որեւէ մեկը հիշի, թե պետական փողերով նկարահանված արժեքավոր, միջազգային փառատոներում մրցունակ, հանդիսատես հավաքած ու հանրային հնչեղություն ստացած ինչ ֆիլմ է տեսել: Ժամանակ առ ժամանակ կարող է կինոազդագիր աչքներովս ընկած լինի: Լավագույն դեպքում ֆիլմի պրեմիերան է տեղի ունենում, հետո դահլիճի լույսերն անջատվում են, հանդիսատեսը քոռուփոշման դուրս է գալիս. ո՛չ նա ասելիք ունի, ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ հատուկենտ երեւացող կինոգետները: Ինչպես ֆիլմն աննկատ նկարվեց, այնպես աննկատ էլ ցուցադրվեց ու այդպիսով ավարտվեց նրա էկրանային կյանքը: Անցանք հաջորդին... հաջորդն էլ է նույնը, ու այդպես քսան-երեսուն տարի: Էկրանային թանկարժեք խոտանի համար ո՞վ է ենթարկվել պատասխանատվության. ոչ ոք: Ոչ սցենարը հաստատողը, ոչ փող տվողը, ոչ էլ նկարահանողը: Մեռնեմ օրենքին. որտե՞ղ է օրենքը, օրենք ունե՞նք, որ մեղավորներին պատժի ու անտաղանդին հովանավորող ձեռքը մեկընդմիշտ մոտ չթողնի պետական գանձարանին: Կինոքննադատություն ունե՞նք, որ անտաղանդի ապաշնորհությունը ճակատին շրխկացնի, մուր քսի երեսին: Ընդհակառակը, ապաշնորհն էլ, նրան փող տվողն էլ տապալված ֆիլմից հետո այնպես հպարտ են քայլում, ասես առնվազն «Օսկարի» հավակնորդ են: Մինչեւ հիմա ի՞նչ է արել կինոգործիչների միությունն այս ախտածին երեւույթների դեմ պայքարելու համար, մինչեւ հիմա որեւէ մեկը որեւէ խնդրի մասին բարձրաձայնե՞լ, մտահոգություն, բողոք, ընդվզում հայտնե՞լ է: Ոչ, երբեք: Ու ոչ թե այն պատճառով, որ ոչ ոք չի ուզում վատամարդ դուրս գալ, արդար դատավոր լինել, այլ որովհետեւ մենք ազգովին ապրում ենք ամենավտանգավոր մթնոլորտում, որն է անտարբերությունը: Թքած ամեն ինչի վրա, ինչ լինում է, թող լինի: Եթե անտարբեր չլինեինք ու ամեն ինչի վրա թքած չունենայինք, կինոգործիչների միությունը տասը տարուց ավելի նախագահի մեկ թեկնածու չէր ունենա: Դրական տեղաշարժ անելու, գործ անելու, առաջ մղվելու բնական ձգտումով գոնե մեկ-երու թեկնածուներ էլ առաջադրված կլինեին, բայց բացի Ռուբեն Գեւորգյանցից, այլ թեկնածու չի եղել: Որովհետեւ ոչ ոք պատրաստ չէ ազնիվ մղումներով առաջնորդվել ու աշխատել հանուն հայ կինոյի զարգացման, առաջընթացի. թե՛ եղած, թե՛ լինելիք ցանկացած նախագահ արեւի տակ իր տեղն ապահովելուց բացի, ուրիշ մտահոգություն չունի: Նշանակում էՙ ստեծագործող մարդուն բնորոշ բնական ձգտումն անգամ չի եղել: Սա իսկապես ողբերգական է, նույնքան ողբերգական, որքան այն, որ երեսուն տարվա ընթացքում մեր կինոռեժիսորներն այդպես էլ չկարողացան գոնե մի ֆիլմ նկարել, որը միջազգային շուկայում, կինոփառատոներում մրցունակ լիներ կամ գոնե հետաքրքրեր մեր հասարակության բարձր ճաշակ ունեցող, կինոարվեստը գնահատող հատվածին: Սերիալային, սիթքոմային էժանագին ժանրը դարձել է մարտնչող ու թելադրող: Իսկ այլընտրանքը չկա ու չկա: Մինչեւ հիմա կինոյի մասին օրենք չունենք. սա էլ մյուս թերությունն է: Կինոռեժիսորներն ասում են. «Եթե օրենք լիներ, այն կհամակարգեր դաշտը, թացը չորից կտարբերակեր, կինոարտադրողն իր իրավունքներն ու պարտականությունները կիմանար, պրոդյուսերնՙ իր, կինոթատրոննՙ իր, դիստրիբյուտորն էլՙ իր: Տարերային, չհամակարգված, ցաքուցրիվ իրավիճակում փողեր են մսխվել, անարժաններն ու ապաշնորհներն առաջին գծում են կանգնել, լավ սցենարներն էլ մնացել են փոշոտ դարակներում: Հիմա կինոյի մարդիկ մեծ հույսեր են կապում, թե իրենց թեկնածուն հենց որ միության նախագահ դառնա, օրենքին էլ է տեր կանգնելու, կինոյի տանն էլ, կինո նկարողին էլ: Համենայն դեպս նրանց հույս է ներշնչում այն, որ տասնամյակներ շարունակ արմատացած անտարբերությունը ցրվել է. նախագահի մեկ թեկնածուի փոխարեն երեքն ունենք: Այդպես կարծելու հիմքն այն է, որ բացի Ռուբեն Գեւորգյանցի որդուց, միության նախագահ դառնալու համար պայքարում են նաեւ Գեւորգ Գեւորգյանն ու Հարություն Խաչատրյանը: Ի դեպ, Հարություն Խաչատրյանի շանսերն անհամեմատ մեծ են. համենայն դեպս, կինոգործիչների մեծ մասը հայտարարում է, թե նրան է ընտրելու: Կինոգործիչները ցուցադրական հավատարմություն են արտահայտում նրա նկատմամբ: Ի՞նչ է եղել մինչեւ հիմա: Մինչեւ հիմա ով ինչպես կարողացել է, ում ձեռքն ինչքան հասել է, ապրել ու արել է: Շատերի ոսկե տարիներն են անպտուղ անցել, մյուսների պարագայում, ընդհակառակը, հնարավորությունները ներքին պոտենցիալից ու շնորհքից առաջ են անցել. ֆիլմոգրաֆիայում պոչ-պոչի բռնած, հնչեղ վերնագրերով, բայց դատարկ բովանդակությամբ ֆիլմերի շարք ունեն. երբ խոսեցնում եսՙ Փելեշյանն ու Փարաջանովը շատ հին ու հնացած են, իսկ իրենք սյուր, աբստրակտ, ավանգարդ մտածողությամբ ռեժիսորներ են, որոնց հանճարեղ գլխում ամեն Աստծո օր մի նոր, ֆանտաստիկ ֆիլմի գաղափար է ծնվում: Միայն թե պետությունը տեր չի կանգնում իրենց նման բացառիկ հանճարներին, ու ընդամենը երկու տարին մեկ են պետական գանձարանի դռները բացվում: Եթե համակարգն ու օրենքն այնպիսին լինեին, որ ֆիլմի հեղինակները ստիպված լինեին վատ, անհաջողության դատապարտված էկրանային խոտանի բոլոր ծախսերը կոպեկ առ կոպեկ վերադարձնել պետությանը, եթե բացի ֆինանսական տույժից, նրանց «աշխատանքը» գրաքննական հոդվածներով, ելույթներով որակազրկվեր, շատերը չէին համարձակվի մտքի ծայրով անգամ անց կացնել ֆիլմ նկարելու գաղափարը: Եթե այդպես լիներ, տեղից վեր կացողը ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ չէր դառնա ու մեզ կրակը գցեր: Եթե այդպես լիներ, չէր լինի այնպես, որ կինոարտադրություն, կինորավեստ չունենք, բայց միջազգային կինոփառատոն ունենք, դրսից բերած ֆիլմերը նայում ենք ու ինքներս մեզ հարց տալիսՙ լավ, իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում այսպիսի ֆիլմ նկարել: Չկա Ա կարգի մի փառատոն, որտեղ Վրաստանը երեք-չորս ֆիլմով չներկայանա: Մերոնք ասում են. «Մեր օրենքի նախագիծը, որ օնլայն քննարկման է դրված, թերի է, պաշտպանում է ոչ թե հայրենի, այլ դրսից եկած կինոարտադրողի շահերը, նրա համար հրաշալի պայմաններ է ստեղծում: Այդ օրենքը չի խթանում ազգային կինոն: Եկեք վրացիների օրենքը թարգմանենք ու օգտագործենք. փորձված, իրեն արդարեցրած օրենք է»: Մերոնք օրենքի հետ են հույսները կապում, կամ` կինոմիության ընտրվելիք նախագահի: Մտածում են, թե միգուցե ֆիլմարտադրության գործընթացում հեղաշրջում լինի. կինոնախագծերն ընդունեն ու կարդան պրոֆեսիոնալները, գնահատվեն ու ֆինանսավորվեն ըստ արժանվույն, մտածում ենՙ ի վերջո կհստակեցվի՞ՙ կինոկենտրոնը ֆո՞նդ է, թե ֆիլմարտադրող: Մտածում ենՙ կինոսցենարների քննարկումները բաց ու թափանցի՞կ կլինեն, թե՞ էլի ներքին կարգով, փայ մտնելով, ծանոթ-բարեկամին փող տալով, իսկ ոչ յուրայինին մերժելու արմատացած սկզբունքով կնկարահանվեն ֆիլմերը: Մտածում ենՙ կարո՞ղ է այնպես լինել, որ կինոթատրոնները մեկ օրվա կյանք ունեցող ֆիլմերից բացի, պարտավորված լինեն ցուցադրել պետբյուջեով նկարահանված, հազար քննություն անցած ու որակ ապահոված ֆիլմեր, ու նույնն անեն նաեւ հեռուստաընկերությունները: Մտածում են... Մենք էլ մտածելու շատ բան ունենք: Օրինակՙ երկնքից երեք խնձորի փոխարեն երեք տաղանդավոր ռեժիսոր ընկներ, երեք տաղանդավոր սցենարիստ, երեք տաղանդավոր կինոօպերատոր: Այդ դեպքում միջակություններն ու ապաշնորհները կինոմիության ապագա նախագահի քաղցր ժպիտին արժանանալու համար հրապարակավ ելույթներով միավորներ հավաքելու փորձ չէին անի: Ու նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում պատերի տակ քչփչում ու օձիք էին թափ տալիս: |