ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆ Կարմեն ԱՀԱՐՈՆՅԱՆ Վարպետության դասեր Սեպտեմբերի 23-ին Երեւանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսահայ սիրված դերասան, բեմադրիչ, թատերագետ Ժիրայր Փափազյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանողներ, թատրոնի աշխատակիցներ, հյուրեր: Հանդիպման առաջին մասում Ժիրայր Փափազյանը պատմեց իր անցած դերասանական ուղու մասինՙ սկսած բեմական առաջին փորձերիցՙ Կահիրեի հայկական սիրողական թատրոնում, մինչեւ մեծ բեմերՙ Փարիզի Իրինա Բրուկի թատրոն, որտեղ նա խաղում եւ միաժամանակ ներկայացումներ է բեմադրում 2003 թվականից: Դեռեւս մանկուց Ժիրայր Փափազյանը հաճախում էր Կահիրեի հայկական գաղութի սիրողական թատրոն, որտեղ նրա մայրը դերասանուհի էր: 14 տարեկանից պատանի Ժիրայրը հայերեն թարգմանում էր մանրապատումներ եւ խաղում իր հասակակիցների համար: Նա սիրով ու հպարտությամբ է հիշում այն տարիները, երբ մեծ խանդավառությամբ եկավ հայրենիք եւ իր դերասանական կրթությունը ստացավ Երեւանիՙ այն ժամանակվա Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժնումՙ անվանի բեմադրիչ Մարատ Մարինոսյանի կուրսում: Հանդիպման երկրորդ մասում Ժիրայր Փափազյանը վարպետության դասեր տվեց ապագա դերասաններին: Բեմի վրա ճիշտ շարժվելու, բեմական տարածությունը եւ խաղընկերներին զգալու վարպետությանը տիրապետելու համար փորձված դերասանը ուսանողներին սովորեցրեց վարժանքներ կատարել երկար փայտիկների օգնությամբ: Ուսանողները լսեցին նաեւ վարպետի բեմական խոսքը: Կենդանի խոսքի մեջ վարպետանալու, խոսքի արվեստին տիրապետելու համար Ժիրայր Փափազյանը ուսանողներին խորհուրդ տվեց խոսել պարզ ու անմիջական: Նա կարդաց հատվածներ հայ դասական արձակից եւ չափածոյիցՙ ուսանողներին ուղղորդելով հնարավորինս բնականին մոտ շեշտադրությամբ եւ հնչերանգով խոսել, պատմել դերը եւ ոչ թե վերամբարձ տոնով ասմունքել: Բեմադրիչը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին: Ժիրայր Փափազյանը այս տարի երկար ժամանակով է վերադարձել Հայաստան եւ համագործակցում է հայկական թատրոնների եւ հատկապես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ, որտեղ Ժիրայր Փափազյանին վստահվել է գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանիՙ բեմադրական հարցերով խորհրդատուի առաքելությունը: Ժիրայր Փափազյանի բեմադրությամբ եւ բնագրի նոր մեկնաբանությամբ այս տարվա հոկտեմբերի 10-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա հայ դասական դրամատուրգ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության առաջնախաղը: Դերերումՙ Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Ալլա Սահակյան, Գեորգի Հովակիմյան, Լեւոն Ղազարյան, Վալենտինա Ջուլհակյան, Աննա Զաքարյան, Պողոս Գույումջյան: Հաջողություն մաղթենք բեմադրիչին եւ դերասանական խմբին: |