ԲԵԹՀՈՎԵՆԸ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Այս տարի լրանում է գերմանացի երաժշտական հանճարներից Լյուդվիգ վան Բեթհովենի մահվան 190-ամյակը: Այս առթիվ ավելորդ չենք համարում ի մի բերել մեր պրպտումների ժամանակ ի հայտ բերած քիչ ծանոթ փաստեր մի ուշագրավ իրողությանՙ Բեթհովենով հայ բանաստեղծների ներշնչումների վերաբերյալՙ ամբողջությամբ հղելով ժամանակի մամուլում մնացած այդ գործերից երկուսը: Իսկ առհասարակ, «Բեթհովենը հայ իրականության մեջ» թեման կարոտ է ուսումնասիրության: Երբվանի՞ց են հայ ժողովրդի զավակները ծանոթացել հանճարեղ կոմպոզիտորի երկերին: Մի կողմ թողնելով այն փաստը, որ թիֆլիսահայ (հետագայումՙ Հայաստանում հաստատված) ականավոր երաժշտագետ Վասիլի Կորգանովը (Ղորղանյան) առաջինն է ռուսերենով մենագրություն հրատարակել Բեթհովենի մասին, հիշենք, որ 1919-ին կովկասահայ թերթերը գրել են չորսամյա հայ դաշնակահար Ռոբերտ Անդրեասյանի մասին: Չնայած իր փոքր տարիքինՙ այդ կրակոտ եւ հարցասեր մանուկը բավական անուն է հանելՙ վաղ հասակում արդեն ճանաչելով Բեթհովենին, Լիստին եւ երաժշտության մյուս դեմքերին (1): Ռոբերտ Անդրեասյանը (1912-1971) հետագայում դարձել է ճանաչված երգահան, դաշնակահար եւ մանկավարժ: Իսկ 1920-ին գրվել է, որ Երեւանում նախատեսվել է Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ս. Մ. Չեմոդանովայի համերգը, որտեղ, ի թիվս այլ երկերի, պետք է հնչեր նաեւ Բեթհովենի «Լուսնի սոնատը» (2): 1927 թվականին Բեթհովենի մահվան 100-ամյակի առթիվ համերգներ են կազմակերպվել Բուլղարիայի հայ համայնքում, Ֆիլիպեում (3) եւ Վառնայում, որտեղ Ազգային Միության մասնաճյուղի մշակութային հանձնախմբի կազմակերպած համերգին Բեթհովենի մասին խոսք է ասել Էսթեր Ամիրխանյանը (4): Հիրավի, բացառիկ երեւույթ էՙ գերմանական դասական կոմպոզիտորի ոգեկոչումը Ցեղասպանության արհավիրքները նոր կրած եւ առօրյա հոգսերով ապրող հայ գաղթականության շրջանում... Իսկ հայ բանաստեղծներից առաջինը, որքանով կարողացել ենք պարզել, Բեթհովենին անդրադարձել է մեծանուն Վահան Թեքեյանը , որը բանաստեղծության եւ բարձր արվեստի համար բնավ ոչ նպաստավոր մի ժամանակաշրջանումՙ 1919 թվականին, պոլսահայ «Ճակատամարտ» օրաթերթում, հրատարակել է Բեթհովենի մենուետից ներշնչված «Պէթովէնի մընիւէն» բանաստեղծությունըՙ նվիրված իր բարեկամ, գրող-խմբագիր Շավարշ Միսաքյանին, որ բերում ենք ստորեւ. Գարնան աղւոր գիշեր է, Հովն ըղձանքներ կը բերէ: Ծաղիկներն ալ կոյսերու պէս ըզգալով, Կը սարսռան ցօղունին վրայ սիրախռով. Բարտիներէն լուսնին շողերը մաղուած Կը փայփայեն գուրգուրանքովՙ սգազգեաց Դամբանն անշուքՙ սիրոյ զոհուած քերթողին. Թաւ ճիւղերուն մէջէն սոխակ մ առանձին Մահանուագներ կ երգէ տրտում, դալկահեր Ուռիներէն կը կաթկըթին արցունքներ... Սըրահին մէջ լուսողող Թեթեւ նուագ մը գգուող Թունդ կը հանէ հոգիները երազուն, Ճառագայթները բազմաճրագ ջահերուն Շողակներու բոցերուն հետ կը կռուին. Շուշաններն ալ անօթին մէջ թանկագին Կը դալկանան բուրումներով նըւաղուն, Կոչնակներն անշարժ յենած սիւներուն Կը դիտեն զոյգ մ որ կը պարէ հմայուած Դաշնակութեամբը ջութակին սիրարծած: Մարգարտասփիւռ ու ճերմակ Շըղարշներու մէջ համակ: Աղջիկն աղւոր, ճակտին վարսերը ոսկի Ուրկից թերթեր կը թափթըփին յասմիկի Ճըկւուն մարմնովնՙ անըրջային, յուլաբար Կը տատանի փետուրի պէս հողմավար, Տեսիլքներու պէս ըզգըլխիչՙ տարփագին Գգուանքի պէս, ու հոգեզմայլ պատանին Հազիւ դըպած անոր քնքոյշ մատներուն Զայն կը վառէ երանութեամբ դողդոջուն: Այլ ողորկուած տախտակին Վըրայ, ուր մեղք կը սահին: Քայլերն անորՙ փափկիկ թեւեր տատրակի, Արիւնլըւայ առարկայ մը կը գլորի. Որ մերթ կու գայ պաշտամունքով տալ համբոյր, Սընդուսե նուրբ կօշիկներուն ձիւնաթոյր, Մերթ կը հեծէ նուագին մօտ հեշաւէտ... Փոքրիկ ոտներն զայն կը ճզմեն առաթուր Մահն հեռացնել զայն կը ջանայ... այլ ի զուր... Գարնան աղուոր գիշեր է Հովն հեշտանքներ կը բերէ: Կը փայփայեն դալուկ շողերը լուսնին Բլրակին վրայ թարմ հողակոյտ մ առանձին, Ու սոխակն ալ մացառներուն մէջ թաքուն Կու լայ տանջանքն ամէն անբաղդ սէրերուն: Գարնան աղւոր գիշեր է (5): Բեթհովենն, ըստ երեւույթին, եղել է իր պոեզիայում Միքելանջելոյին, Շեքսպիրին, Վեռլենին հիշող Թեքեյանի նախասիրած կոմպոզիտորը: Դրա արտահայտությունն է նաեւ «Պէթովընի սոնաթին վրայ» երեք մասից բաղկացած բանաստեղծական գլուխգործոցը, որն ընթերցողը կարող է գտնել (ի տարբերություն նախորդի) 2012-ին Երեւանում հրատարակված Վահան Թեքեյանի «Բանաստեղծութիւններու հատընտիր» ժողովածուում: Նույն «Ճակատամարտ» թերթում 1924 թվականին «Պէթհովէն» բանաստեղծությամբ հանդես է եկել Վ. Գեւորգյանը Բուխարեստից: Խոսքը հավանաբար Վարդան Գեւորգյանի (1892-1979) մասին է: Այն եւս ներկայացնենք ամբողջությամբ. Անմահութիւնն իր հոգւոյն մէջ կը թաւալի, Աստղերն ինչպէս Արարչի մը ոտքերուն տակ, Իր սիրտն աղբիւր երգի, սիրոյ եւ տարփանքի, Այլ ճակատագիրն է դժնդակ: Խաւարն յանկարծ կապարի պէս կ"իջնէ վրան Գանկին. ու լուռՙ կը մթագնի երազն հոգւոյն, Կոհակն իղձի կ ըլլայ երգ մը թաղմանական, Լճակին մէջ սիրոյ տմոյն... Եւ հանճարը հաւալուսին զերդՙ կ"արբենայ Իր հոգիին խոնջ երազով եւ արիւնով Սրտի՛ն, սրտի՛ն, որ խորհուրդի ծովին վրայ Կ ըլլայ արեւ մը լուսածոր... Կ ըլլայ տեսիլք, կ ըլլայ ճախրանք երկնահզօր Մտածումին եւ իր երգին աստուածային, Կաթիլ-կաթիլ կը հալի սիրտը մինչեւ որ Ցուրտ ծոցին մէջ մութ դամբանին (6)... Իսկ նույն ժամանակաշրջանում, խորհրդային դարձած Հայաստանում Բեթհովենին այլ կերպ են անդրադարձել. Բեթհովեն մի ստվեր է անուժ մեր վաղվա երգերի դեմ հսկա.... ամենայն անպատասխանատվությամբ հայտարարեց պրոլետբանաստեղծ Ազատ Վշտունին իր «Մենք» բանաստեղծության մեջ (7): Բեթհովենը պարբերաբար եղել է հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի (1885-1969) գրական մտասեւեռումների կենտրոնում: Նապոլեոնի մահվան 100-ամյակի առթիվ նա գրել է «Նապոլեոն, Բեթհովեն, Դանտե» հոդվածը (8), որտեղ մեկ ընդհանուր հայեցակարգի մեջ դիտարկել է մարդկության այդ երեք եւ միմյանց հետ կապ չունեցող ականավոր անձանց: Կյանքի վերջում էլ «Լիտերատուրնայա գազետային» տված հարցազրույցում Զարյանն ասել է. «Հիշեցե՛ք Ռոմեն Ռոլանին: Դժվար տարիներին նա դիմեց Բեթհովենի կյանքին, լավատեսություն եւ մարդկայնության աղբյուր գտավ այնտեղ» (9): Հայտնի է նաեւ, որ Կոստան Զարյանի գրած վերջին բանաստեղծությունը, 1969-ին, նվիրված էր Բեթհովենին, որը, սակայն, մնացել է անավարտ (10): 21-րդ դարում եւս հայ բանաստեղծը ներշնչվել է Բեթհովենի երաժշտությամբ: Խոսքը պոլսահայ հանրահայտ բանաստեղծ Զարեհ Խրախունու (1926-2015) մասին է, որը 2006-ին գրած իր «Մեկնաքերթուածներ» շարքում ընդգրկել է նաեւ «Հարց առ երկնաւորին» բանաստեղծությունը (11): Այն ունի «Մեկնութեան փորձՙ ԼՈՒՏՎԻԿ վան ՊԷԹՈՎԷՆԻ դաշնամուրի 4-րդ քոնչէրթոյի (Օփուս 58) երկրորդ մասին» ենթավերնագիրը: Իր ծավալի եւ, ի տարբերություն նախորդ մեջբերված գործերի, երեւանյան մատչելի հրատարակության մեջ ընդգրկված լինելու պատճառով այն այստեղ չենք ներկայացնում: Հայ բանաստեղծության անդաստանում թերեւս կլինեն այլ ստեղծագործություններ եւս, որոնցում հիշված կլինի գերմանացի հանճարեղ կոմպոզիտորի անունը: Սույն ակնարկով պարզապես ցանկացանք ոգեկոչել մեծ կոմպոզիտորի մահվան 190 տարին եւ գրականագետներին ու երաժշտագետներին հուշել այս հետաքրքրական ու չուսումնասիրված թեման... Ծանոթագրություններ 1. Տեսՙ Չորս տարեկան հայ դաշնակահար մը, «Ժողովուրդ», Թիֆլիս, 1.08.1919: 2. Տեսՙ «Յառաջ», Երեւան, 31.07.1920: 3. Տեսՙ Հայկ. նուագահանդէս մը ի պատիւ Պէթհովէնի, «Պուլկարահայ ձայն», Սոֆիա, 16.04.1927: 4. Ալ. Պալապանով, Պէթհովէն կամ անմահ սէրը, նույն տեղում: 5. «Ճակատամարտ», Կ.Պոլիս, 29.05.1919: 6. Նույն տեղում, 28.09.1924: 7. Ազատ Վշտունի, Հուզանք ու զանգ, Ալեքպոլ, 1923, էջ 45: 8. Տեսՙ «Հայկաշէն տարեգիրք գրականութեանց եւ գիտութեանց», կազմեց Յակոբ Սարգիսեան, Ա. տարի, 1922, Կ.Պոլիս, էջ 247-261: 9. Կոնստանտին Սերեբրյակով, Շարժման իմաստությունը, Երեւան, 1977, էջ 119: 10. Տեսՙ Թորոս Թորանեան, Կոստան Զարեան (կեանքը եւ գործը), «Նայիրի», Պէյրութ, 15.03.1970: 11. Զարեհ Խրախունի, Տօնականչ, Երեւան, 2010, էջ 280-282: |