ԼԵՎՈՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում հունվարի 19-ին կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը : Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է: Բացի այդ, միաձայն քվեարկությամբ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը : Հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը: Ըստ մամուլի տեղեկություններին, Մատենադարանի տնօրենի պաշտոնի հավանական թեկնածուն տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն է: Նա եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: |