ԲԱԼԵՏԻ ՄԵՆԱԿԱՏԱՐ ԱՎԵՏԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Հարցազրույցըՙ ԱՆԴՐԵՅ ՇԱՎՐԻԻ, http://rus.lsm.lv, դեկտեմբեր 28, 2017, Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ «Ռիգայի թատրոնը գեղեցիկ է եվ հոգի ունի» Լատվիայի ազգային բալետի նոր թատերաշրջանի բացումը անցած տարվա սեպտեմբերին նշանավորվեց հատուկ իրադարձությամբ. թատերախմբին միացավ եվրոպական համբավի բալետի մենապարող Ավետիք Կարապետյանը: Վերջին գալա-համերգին, որ կազմակերպել էր «Անդրե Ժագարսի մշակույթի աջակցության հիմնադրամը», նա ցնցող կերպով կատարեց «Բուրժուան» պարային համարըՙ Ժաք Բրելի երաժշտությամբ եւ պա-դե-դենՙ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից (մի քանի օրով հայրենիք եկած մոսկովյան մրցույթի հաղթող Էվելինա Գոդունովայի հետ): Ինչի՞ շնորհիվ այն տեղի ունեցավ: Այդ մասին Ավետիքի հետ Rus.lsm.lv-ն զրուցեց նրա առավոտյան փորձից հետո: - Ավետիք, ինչպե՞ս հայտնվեցիք Ռիգայում: - Լատվիայի բալետում պաշտոնապես սկսեցի աշխատել 2017-ի սեպտեմբերից: Մեկ տարի ես պարզապես ապրում էի Ռիգայում, բայց մշտապես գնում էի պարապմունքների, ուսումնասիրում էի թատրոնը... Եղան որոշ ուղ-որություններ, բայց իրականում դրանից առաջ ես այնքան շատ էի աշխատել, որ ուզում էի մեկ տարի հանգստանալ: Պարապելն ու մարզավիճակը պահելն անհրաժեշտ են, բայց մտավոր ու ֆիզիկական հանգիստը նույնպես լավ է: Չէ՞ որ բալետի պարողը նույնպես պիտի հանգստանա, հետո նորից սկսի զրոյից ու շարունակիՙ ինչ որ արել է: Նոր շրջադարձը տալիս է նոր ուժ, նոր ոգի, թարմ հայացք երեւույթների հանդեպ: - Դուք անուն հանած բալետի մենակատար եք եւ հանկարծ ընտրեցիք Լատվիայի բալետի թատերախումբը: Շատերի համար սա անակնկալ էր: Ո՞րն է պատճառը: - Իմ որոշումը կապված է որոշ անձնական հանգամանքների հետ, որոնք ես չեմ ուզում քննարկել: Ինձ համար կարեւոր է, որ Ռիգայի թատրոնը գեղեցիկ է եւ հոգի ունի: Առաջին անգամ այստեղ պարել եմ 2010-ի գալա-համերգին, մի հատված «Կոպելիա» բալետից, որ բեմադրել էր Մարկ Ռիբոնՙ Շվեդական թագավորական Օպերայի բալետի տնօրենը (այն ժամանակ ես այդ բալետի մենակատար էի): Նաեւ ներկայացրի «Փարիզի բոցը» բալետից դասական մի համար: Ինձ դուր եկավ այստեղ. հանդիսատեսը լավն է, բեմըՙ նույնպես, մթնոլորտը շատ գեղեցիկ է: - Հիշում եմ, դուք պարեցիք «Ձինտարի» թատրոնի բալետի ամառային փառատոնին... - Այո, բացի դրանից, 2014-ին պարել եմ նաեւ Լատվիայի օպերայում: Իսկ այս տարի, ահա, չպարեցի, հանգստացա, բայց հաճախում էի բալետի պարապմունքներին. Լատվիայի ազգային բալետի գեղարվեստական տնօրեն Այվար Լեյմանիսը շատ սիրալիր ինձ ընդունեց: Չէի մտածում, որ կաշխատեմ Ռիգայի խմբում, կարծում էի, թե մի տարի էլ այդպես կանցկացնեմ: Բայց արդյունքում Այվարն ինձ գրկաբաց, ուրախությամբ ընդունեց բալետի խումբ: Եվ չորս ամիս էՙ պարում եմ լատվիական բալետում: - Ի՞նչ դերեր ունեք հիմա: - Առայժմ միայն երկուսըՙ Մազետտոՙ Խուլիո Արոսարենայի բեմադրած «Դոն Ժուան»-ում եւ չար կախարդ Ռոթբարթՙ Չայկովսկու «Կարապի լճում»: Նաեւ մասնակցում եմ գալա-համերգների: Քանի որ ծրագրված չէր իմՙ խմբի անդամ դառնալը, ներկայացումների եւ մասնակիցների օրակարգը նախապես պատրաստ է եղել: Հետագայում, կարծում եմ, ավելի շատ կպարեմ: - Այսպես տանք հարցըՙ ի՞նչ կցանկանայիք պարել: - Գիտե՞ք, ես հավատում եմ Այվար Լեյմանիսի որոշմանը, ու դա արդեն նրա՛ որոշումն է, թե ես ինչ կպարեմ: Այնքան էլ հեշտ չէ, թե ե՛ս ինչ կուզեմ պարել: Անհրաժեշտ է, որ պարընկերուհիդ համապատասխան լինի, որպեսզի շատ պարամետրեր համընկնեն: Ես այս խմբում, ինչպե՞ս ասեմ, ստանդարտից դուրս եմ: - Ձեր վառ հարավային արտաքինի պատճառո՞վ: - Ոչ, առաջին հերթին, օրինակ, հասակի: Ստացվում է, որ պոտենցիալ պարընկերուհիներն ինձնից բարձրահասակ են: Ես կարճահասակ չեմ, բայց շատ բարձրահասակ էլ չեմ: Իսկ լատվիական բալետում, եթե նկատել եք, տղաներն ու աղջիկները բավական բարձրահասակ են: Իմ հասակը 1.75 է: - Մեծն Բարիշնիկովի հասակն ընդամենը 1.67 էր: - Իսկ որոշ պարախմբերում այսօր չեն ընդունում բալետի պարողների, որոնց հասակը 1.80-ից բարձր է: Ինչ վերաբերում է Բարիշնիկովին, նա ազդեցություն է ունեցել իմ կյանքի վրա: Նա առհասարակ բոլոր պարողների վրա է ազդել, քանի որ նրա պարի մեջ թեթեւություն կա: Ես գիտեմ, որ նա ծնվել է Ռիգայում եւ վերջերս դարձել է Լատվիայի Հանրապետության քաղաքացի: - Ե՞րբ եք սկսել պարել: - Երեւանում էր, 1994-ին, ինը տարեկանից. հիմա 32 եմ: Իսկ պարարվեստի ուսումնարանում հայտնվեցի այսպես. հորաքրոջս որդին սովորում էր բալետի դպրոցում, եւ նա ուզում էր, որ ես էլ գնամ, ու ծնողներիս հետ գրազ եկավ, թե ինձ կընդունե՞ն պարարվեստի ուսումնարան: Ինձ տարան այնտեղ, տվյալներս ստուգեցին եւ ընդունվեցի երեք ամիս փորձաշրջանով: Երեք ամիս անց ուսուցիչը ծնողներիս ասաց, որ ես շատ լավ պարող կդառնամ: Սկսեցի պարել, իսկ ավարտական տարում բախտս բերեց, որ հայտնվեցի Մյունխենի ակադեմիայում, որտեղ դասավանդում էր Ալեքսանդր Պրոկոֆեւը: Նա շատ մեծ պարողների է դաստիարակելՙ Իրեք Մուհամեդով, Սերգեյ Ֆիլին եւ այլք: Երբ սկսեցի պարապել Պրոկոֆեւի հետ, շատ փոխվեցի: Հայաստանում ինձ շատ էր դուր գալիս ժամանակակից պարը, մոդեռնը եւ այլն, իսկ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի մոտ սովորեցի, թե ինչպես պիտի ճիշտ կատարել դասական պարը, ինչի վրա է այն հիմնված, ինչ կա նրա ներսում: Եվ հետո մրցանակակիր դարձա Ուկրաինայում, Սերժ Լիֆարի անվան հայտնի մրցույթում: Դպրոցից հետո իմ առաջին աշխատավայրը եղավ Վիեննայի օպերան, որտեղ աշխատեցի մեկ տարի: Դպրոցում ունեի պարընկերուհի Շվեդիայից, որն ինձ ասաց. «Մենք կարող ենք միասին պարել, արի՛ Ստոկհոլմ»: Շվեդական արքայական օպերայում աշխատել եմ վեց տարի. սկսեցի կորդեբալետից, հետո դարձա մենակատար: Կային որոշ դժվարություններ, ամեն տեսակ դեր չէին տալիս պարելու: Արդյունքում ես իսկապես սկսեցի իմ կարիերան` մասնակցելով բազմաթիվ մրցույթների: Դափնեկիր եմ դարձել բազմաթիվ միջազգային խորեոգրաֆիկ մրցույթներում, շահել եմ առաջին տեղեր Հռոմում ու Թուրքիայում, երկրորդ տեղՙ Հելսինկիում, երրորդՙ Լիֆարի անվան մրցույթում, մրցույթի եմ մասնակցել Չինաստանում եւ այլն: Ավելի շատ մասնակցում էի մրցույթների, քան պարում էի Շվեդիայում: Դրանից հետո ուզում էի փորձել մեկ այլ պարախումբ, եւ ինձ հրավիրեցին ԱՄՆՙ Բոստոնի բալետ: Այնտեղ աշխատեցի երկու տարի, պարեցի «Մարդուկ-Ջարդուկը», «Կոպելիա» բալետներում, Իրժի Կիլիանի եւ Ջորջ Բալանչինի բեմադրություններում: Հետո վերադարձա Եվրոպա, անհրաժեշտ էր լուծել որոշ անձնական խնդիրներ, ու երկու տարի էլ պարեցի Թուլուզի բալետի խմբում: Այնտեղ քիչ մնացի, խմբի ղեկավարի հետ մեր հայացքները տարբեր էին: Դրանից հետո որոշեցի մեկ տարի հանգստանալ: Բայց միեւնույն ժամանակ ես միշտ պահպանում եմ խորեոգրաֆիկ մարզավիճակը: Դադարս ոչ թե բալետից էր, այլ մարդկանցից: - 32 տարեկանը բալետի պարողի համար ծաղկման փուլ է, առնվազնՙ մինչեւ 38-40 տարեկանը: Ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: - Լավ արվեստագետը միշտ էլ իր գործում ինչ-որ բան կգտնի անելու: Եթե շատ բան գիտի, միշտ կարող է իր փորձը փոխանցել ուրիշներին: Շատ բան կարելի է անել: Ես շատ եմ ցանկանում ստեղծել իմ սեփական խումբը: Սիրում եմ լավ պարողներին եւ պարուհիներին. եթե լավ են պարում, ես ուրախանում եմ: - Ինչպե՞ս է արեւոտ Հայաստանում ծնվածի համար ամպամած Ռիգայի եղանակը: - Գիտե՞ք, ես վեց տարի ապրել եմ Շվեդիայում, որտեղ եղանակն ավելի վատ է (ծիծաղում է): Այնպես որ ես սովոր եմ: Բայց դրան ուշադրություն չեմ դարձնում, շատ եմ ճամփորդում Եվրոպայում, Ամերիկայում, ամենուրեք եղանակը տարբեր է: - Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ռիգային: - Գիտե՞ք, շատ-շատ գեղեցիկ քաղաք է: Անկեղծ ասածՙ երբ առաջին անգամ եկա Ռիգա, այն զգացողությունն ունեի, որ ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել: Ես շատ արագ եմ ընտելանում նոր քաղաքներին եւ երկրներին, քանի որ շատ եմ շրջել աշխարհում: - Դուք չափազանց գեղեցիկ եք ժպտում: Իսկ չե՞ք վրդովվումՙ հանդիպելով մռայլ դեմքերի: Մեզ մոտ երբեմն դա պատահում է: - Կարծում եմ, դա մնացել է Խորհրդային Միությունից: Ի վերջո, Հայաստանն էլ էր Խորհրդային Միության մեջ, եւ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք ժպտում են կամ չեն ժպտում... Փորձում եմ դա չնկատել: Ի վերջո, կյանքի նկատմամբ վերաբերմունքը միայն մեզնից է կախված: Եթե ցանկանում եք ժպտալՙ ժպտացեք: Կարծում եմ, այստեղ եւս մի քանի տարի անց ամեն ինչ դեպի ավելի լավը կփոխվի: Իսկ գիտե՞ք, երբ Հայաստանում էի, հասակակիցներիցս շատերն էին ինձ նախատում, որ իբր զբաղվում եմ կանանց գործով ... - Ի դեպ, հիշում եմ մեծն Մարիս Լիեպայի ասածը, որ բալետը հե՛նց տղամարդկային գործ է: - Ես էլ, ահա, փորձեցի բոլորին բացատրել, որ դա այդպես չէ: Ինչպես ասում են, պետք է պարզապես ընդունել եւ ներել: - Ասում են, որ «սիրել» հայերենով բառացիորեն նշանակում է «կտանեմ քո ցավը»: - ... եւ դա նշանակում է `շատ թանկագին, արժեքավոր մարդ քեզ համար: |