ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՀՈԳԵՆՎԻՐՈՒՄԸ ՄԱՅՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ Այվազովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 17-ին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատյանում գրանցվել է. «Գեւորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Հայկական շրջանում այդ անվամբ է ծովանկարիչը միշտ նշվել: Նկարչի նախնիները 17-րդ դարում Արեւմտյան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարավային Լեհաստան` Գալիցիա, որն եղել է Եվրոպայում առաջին հայկական գաղութը: 19-րդ դարի սկզբին նկարչի վաճառական հայրը, վեց լեզուներ տիրապետող եւ քրիստոնեական կյանքին ծառայող, տեղափոխվել է Ղրիմ` Թեոդոսիա, ամուսնացել նուրբ ձեռագործուհի Հռիփսիմեի հետ, ունեցել երկու դուստր եւ երեք որդի: 1812-ին տարածված համաճարակի պատճառով ընտանիքը սնանկանում, ծանր վիճակ է ապրում: Նույն թվին ծնված եւ Ալեքսանդր անվանված որդին պատանի հասակում ուղարկվում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն, եւ որպես կրոնական անվանվում Գաբրիել: Իսկ Հովհաննեսը, երբ պատանի էր, հաճախում է հայկական դպրոց, աշխատում հունական սրճարանում, օգնում մորը, ինչպես եւ սովորում երաժշտություն, ջութակ էր նվագում եւ իր նկարչական տաղանդը շփում պատերին: Ճարտարապետ Կոխի առաջարկով քաղաքապետ Կազնաչեեւը տեսնում, հավանում է այդ գործերը: Նշանակվելով Ղրիմի նահանգապետՙ նա արտակարգ բարեսրտությամբ Հովհաննեսին իր ընտանիքի հետ Սիմֆերոպոլ է տանում, նրան դարձնում գիմնազիստ: Շարունակելով իր ջերմ վերաբերմունքը, 1833-ին նամակ է ուղարկում Պետերբուրգի ակադեմիա, նշելով, որ Հովհաննեսը հայի որդի եւ տաղանդավոր է: Այվազովսկին ընդունվում է ակադեմիա, ապա ավարտում ոսկե մեդալով եւ 1840-ին ուղարկվում է Իտալիա կատարելագործման: Եղբայրներ Գաբրիելն ու Հովհաննեսը ողջագուրվում են Վենետիկի կղզումՙ Սուրբ Ղազար հայկական վանքում: Այն հիմնվել է 18-րդ դարի սկզբին եւ իտալացիները անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Գաբրիելն իր եղբորը ծանոթացնում է տարիների ընթացքում հավաքված միջնադարյան մատյաններին, հինավուրց նկարներին, նաեւ պատմում կրոնական-եկեղեցական պատմության տարբեր դրվագներ: 1841-ին քսանչորսամյա նկարիչն ստեղծում է «Քաոս. Աշխարհի արարումը» հիասքանչ պատկերը, որը գնահատվում է եւ մտնում Վատիկան: Ցուցահանդեսներ նաեւ Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Փարիզում, Ամստերդամում: Նրան սիրով են վերաբերվում Վ. Թյորները, Ս. Վերնին, Է. Դելակրուան... Ոսկե մեդալների արժանացած «ծովի երգիչը» մտահղացել է նաեւ արեւի եւ լույսի ստեղծման հրաշքը նկարել, հոգեկան ապրումների ինքնատիպ ներապրմամբ: 1844-ին ժամկետից շուտ Այվազովսկին վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ էլ ընտրվում է ակադեմիայի անդամ եւ ցարի հրամանով նշանակվում է ծովային գլխավոր շտաբի նկարիչ: Նա սիրով կապվում է ռուս արվեստագետներին, հայտնի գրողներին: Ուշագրավ է, որ 1845-ին Թեոդոսիա հասնելուց առաջ, նա Սբ. Էջմիածին, Ներսես կաթողիկոս Աշտարակեցուն նամակ գրելով նշում է. «Ես ծառայելու եմ մեր ժողովրդին եւ մեր մշակույթին...»: Ի դեպ, նաեւ նրան ընտրել են Հայկական միացյալ Միության նախագահության անդամ: Փոքր տարիքում տաղանդավոր երկու եղբայրները շարունակել են ապրել ոգեշնչմամբ: Ծովանկարչի կտավներում ակնհայտ են կոլորիտային բազմազանությունը, օդային տարածքի խոր թափանցումը, լուսային հնչողությունը: Այս զարմացնող առանձնահատկության ակունքը բխում է իր երազկոտ, ռոմանտիկ էությունից եւ որոշակիորեն կապված է գեղեցկության խորհրդանիշՙ երգող գունակառույցին: Այդ գեղեցկությունն ընկալվում է իբրեւ ծովանկարչի պոետիկ ներաշխարհի պարգեւ... Այվազովսկու նկարների կեսից ավելին փոթորկահույզ տեսարաններ են: Այդ ահեղ պահերը նա պատկերում է տարերքի դեմ պայքարող, միմյանց օգնող մարդկանցով: Մարդը չի հանձնվի, մարդը կհաղթի... Նրա ռոմանտիկայի հենքը մարդու խորը հավատն է բնության ու կյանքի նկատմամբ: Այդ գաղափարի ամենահայտնի խտացումը «Իններորդ ալիքն» է: Հանրահայտ այդ նկարը բացառիկ խոհամտության հիմք է ծառայել աֆրիկյան ջրերում խորտակված արաբական նավը, որով նավաստիներից ոմանք կարողացել են մի քանի օր դիմանալ, ապա ողջունում են թուխ ամպերը ակոսած, փրկության հույս պարգեւող արեւին... Այդ առիթով Այվազովսկին գրել է. «Իմ գործերից լավագույնները նրանք են, որոնք առանձնանում են լույսի ուժով...»: Եղբայրը` Գաբրիելը, նույնպես տաղանդավոր էր: Նա խորացել էր տասը լեզուների ուսումնասիրության մեջ եւ երեսուն տարեկան հասակում արդեն հեղինակ էր երկհատոր «Պատմություն Օսմանյան պետության» եւ «Ռուսաստանի պատմությունը» ծավալուն գործի: Նա բարձր էր գնահատվել որպես պատմության եւ գրականության խոր գիտակ: Իր ուսուցիչներից նշանավոր Մ.Ավգերյանի հետ նա համագործակցել է «Հայկազյան» բառարանի ստեղծման գործում: 1840-ին Վենետիկում եղբայրներն հանդիպելով որոշում են Գայվազովսկի ազգանունը փոխարինել Այվազովսկի, նաեւ Այվազյան: 1843-ին Գաբրիելը հիմնում է «Բազմավէպ» հանդեսը, որը դառնում է Սուրբ Ղազար միաբանության հպարտանքը մինչեւ օրս: 1848-ին Գաբրիելը ուղարկվում է Փարիզ, որպես Մուրադյան վարժարանի տեսուչ: Նա սկսում է հրատարակել «Մեսրոպ Աղավնի» հայերեն եւ ֆրանսերեն ամսագիրը: Տարիներ անց, 1857-ին, Փարիզում է հայտնվում ծովանկարիչը եւ մնում ամիսներ: Գաբրիելը ընդունում է եղբոր առաջարկը եւ նրանք գալիս են Կ.Պոլիս, ապա մեկնելով ծննդավայրՙ ակտիվ սկսում են իրենց գործունեության երկրորդ շրջանը: Շտապ կառուցված Խալիբյան դպրոցում տարբեր երկրներից ամեն տարի ընդունում են շուրջ 150 ուսանողների, որոնք սրտամոտ են դառնում ազգային ներապրումների: Հրատարակած ազգային դաստիարակման նվիրված գրքերի առթիվ Գաբրիելը կոչվել է Լուսավորության առաքյալ: Միասին ապրելով եղբայրները միմյանց օգտակար են դառնում: Ի դեպ, Գաբրիելը լեհ պատմաբան Բարոնչու խնդրանքով նամակ է ուղարկում 1875 թ. փետրվարի 7-ին, ճշտորեն նշելով, որ իրենց հայրը ծնվել է 1765-ին, կամ 1766-ին Ստանիսլավ քաղաքում (դա Լվովի մոտ գտնվող Իվանո-Ֆրանկովսկն է): 1872-ին Գաբրիելը հրավիրվում է Հայաստան` Սբ. Էջմիածին, պաշտոնապես փոխում է դավանանքը եւ աշխատում որպես հոգեւոր ճեմարանի տնօրեն: Ձեռնադրվում է եպիսկոպոս, ապա որոշ տարիներ անց նշանակվում է հայոց թեմի առաջնորդ Վրաստանում: Անսպասելի մահանում 1880-ին: Ծովանկարչի պատկերի գաղափարական կենտրոն է ընկալվում քարափին դրված կարմրավուն գիրքը` Ավգերյանի եւ Գաբրիելի նույն շրջանում ավարտված նշանավոր «Հայկազյան» բառարանը: Այդ նկարը ցուցադրվել է Լուվրում: Այվազովսկին ստեղծել է նաեւ հայկական Սուրբ Ղազար կղզին պատկերող մի շարք ուրիշ գործեր: Օսմանյան պալատական կառույցների գլխավոր ճարտարապետ Սարգիս Պալյանին Այվազովսկին նվիրում է մի ծովանկար: Պալյանն այդ նկարը նվիրում է սուլթան Աբդուլ-Ազիզին: Նկարչասեր սուլթանը հիանալովՙ նրան Պոլսո տեսարաններ նկարել է առաջարկում: Այվազովսկին համաձայնվում է, ստեղծում եւ հանձնում է քառասունից ավելի նկար: Տարիներ անց, 1874-ին, նա հրավիրվում է օսմանյան արքունիք եւ պարգեւատրվում «Օսմանիե» բարձր շքանշանով: 1868-ին Այվազովսկին գալիս է Թիֆլիս, ապրում հայ բարեկամի մոտ: Մտածում է նաեւ Հայաստան գնալ, սակայն Պետերբուրգից հրահանգում են մեկնել Եգիպտոսՙ Սուէզի ջրանցքի բացմանը: Թիֆլիսում կարեւոր մի հանդիպման ժամանակ Այվազովսկին հայտնում է, որ ճիշտ կլինի հուշատուն կառուցել նվիրված գեներալ Կոտլյարեւսկուն, որի շնորհիվ են ազատագրվել Արցախը, Մեղրին, Արաքս գետի հովիտը եւ Ախալքալաքը: Այվազովսկին ոգեւորվելովՙ Թեոդոսիայի լեռան բարձունքին կառուցում է հուշատուն, որն 1942-ին ռմբակոծվել է պատերազմի ընթացքում: Թիֆլիսում Այվազովսկին ստեղծել է վրացական եւ հայկական թեմաներով պատկերներ. բացառիկ է հատկապես «Սեւանա լիճը. Արեւածագ» նկարը: Այդ նկարը վերջերս հայտնի դարձավ եւ վաճառվեց Լոնդոնում: Այժմ նշենք, որ 1860-ականներին, ծովանկարչի անգլիացի կինը բաժանվում է նրանից: Տարիներ անց, 1882-ին, Այվազովսկին ամուսնանում է Աննա Բուռնազյանի հետ, որի մասին գրել է. «Նրանով ավելի նորեն ազգիս մոտիկցա...»: Նույն ժամանակ իր տանը կից նա հիմնում է պատկերասրահՙ երրորդ թանգարանը Ռուսաստանում: Այդ շրջանում է նա ստեղծել նշանավոր «Սեւ ծովը», Պուշկինին նվիրված պատկերները, նաեւ իր կնոջՙ Աննա Բուռնազյանի, արքեպիսկոպոս եղբոր, ադմիրալ Մ. Լորիս-Մելիքովի, Լազարեւի եւ այլոց դիմանկարները: 1890-ին Փարիզի «Դրուան-Ռուել» սրահում Այվազովսկին ցուցադրում է իր նշանավոր «Նոյը իջնում է Արարատից» լուսաշունչ պատկերը եւ հայրենակիցներին ցույց տալով ասել. «Սա է մեր Հայաստանը»: Այդ նկարը չի վաճառում եւ 1895-ին բերելով Նոր Նախիջեւան (Դոնի Ռոստով), նվիրում է հայկական դպրոցին: 15-ամյա աշակերտ Մարտիրոս Սարյանը տեսնելով այնՙ ոգեւորվում է: 1920-ի բարդ օրերին Սարյանն այդ նկարը փրկում է եւ բերում Հայաստան: 1892-ին Այվազովսկին վերհիշելով եղբորը, պատկերում է «Հայ Ժողովրդի մկրտումը. Գրիգոր Լուսավորիչ. IV դար» եւ «Երդում. Զորավար Վարդան Մամիկոնյան . V դար» նկարները, որոնք ժողովրդի շփման, ծանոթացման համար հատուկ ցուցադրվել են Թեոդոսիայի հայկական եկեղեցում եւ հետագայում հանձնվել ծովանկարչի թանգարանին: 1979-ին, Սարյան թանգարանում կազմակերպվեց Այվազովսկու հայկական նկարների ցուցահանդեսը, հավաքելով ՍՍՀՄ շուրջ տաս քաղաքներից: Ի դեպ նաեւ հիշենք, որ պատերազմի սկզբին Թեոդոսիայի թանգարանի տնօրեն Ն.Պարսամովը կարողացավ փրկել եւ Հայաստան բերել Այվազովսկու նկարները, որոնք 1944, որպես հաղթանակի խորհուրդ ցուցադրվեցին Երեւանի նկարիչների միությունում: Նա ապրել է բարեկամական համընդհանուր սիրով: Իր արվեստանոցը եղել է ուխտատեղի, հյուրընկալվել են ռուսական եւ հայկական մշակույթի հայտնի անձեր: Այվազովսկին երազել է նաեւ ստեղծել միություն եւ համախմբել աշխարհում սփռված հայ արվեստագետներին: Ծովանկարիչն իր կյանքի վերջին տարիներին հոգեկան խռովյալ վիճակ ուներ: 1894-96-ին, սուլթան Աբդուլ Համիդը, «Հայկական հարցը» վերացնելու նպատակով, Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում ու Պոլսում կոտորել է տվել շուրջ երեք հարյուր հազար հայերի: Սարսափազդու այդ դեպքերը լսելով Այվազովսկին ցնցվում է: Նա ծովն է նետում իր թուրքական շքանշանները: Ապա պատկերում կոտորածներ, դրանք ցուցադրում Խարկովում, Օդեսայում, Մոսկվայում, հուսալով օգնող վերաբերմունք... Իսկ Էջմիածին, Խրիմյան Հայրիկին գրած նամակում նշում է. «Սրբազնագույն Հայր, Դուք այնտեղ, մենք այստեղ, կուլանք եւ կողբանք մեր թշվառ, կորստյան մատնված Հայոց վրա եւ կխնդրենք Աստվածային գթություն...»: 1898-ին, Այվազովսկին սիրով մասնակցում է լույս ընծայվող, մայր ժողովրդին օգնող պատմական մեծ գրքին: Ինքը նաեւ հոդված է գրում, նաեւ տպագրման տալիս կոտորածի երկու գծանկարներ եւ Տրապիզոնի ծովափին ջարդը ներկայացնող պատկերը: Այդ գործերը ներկայացված են գրքում: Նա նկարել է նաեւ Կարսի գրավման պատկերը, որը հայտնի չէ պահպանմանը: Կյանքի վերջին տարիներին Այվազովսկին մայր ժողովրդի ողբերգությունը ծանր վերապրելով պատկերել է նաեւ փոթորկոտ տեսարաններ: Բացառիկ է նաեւ մահից հինգ ամիս առաջ պատկերած «Բայրոնի այցը Մխիթարյաններին»: Դիմավորողների կենտրոնում նկարիչը մտահղացել է ներկայացնել 19-րդ դարի մեծանուն բանասեր, գրող Ղեւոնդ Ալիշանին, որը Բայրոնի այցին ներկա չէր... Կյանքի վերջին օրը, 1900-ին պատկերել է այրվող թշնամական նավը: Հոգեխռով ծովանկարիչը թաղվում է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ կնքվել ու պսակվել էր: Գերեզմանաքարի վրա արձանագրվել էՙ «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»: Շփվելով միջազգային արվեստի բարձր մակարդակներին եւ ընկալելով Այվազովսկու բարձրամիտ պատկերները` ինքնատիպ կատարելությունն ու հնչող լույսի խորիմաստությունը, կարելի է նշել, որ 19-րդ դարի ծովի մեծ երգչի գործերը հրաշք են,եւ արժանի միջազգային բարձր գնահատականի: Այվազովսկու ծննդյան 200-ամյակին Մոսկվայում կազմակերպվեց մեծ ցուցահանդես: Առաջարկեցին ինձ ազգային նյութերը տպել իրենց գրքում: Առաջին անգամ ցուցադրեցին արքեպիսկոպոս եղբորը, կնոջը ու ծնողներին, մի քանի բարձրամիտ լուսապատկերներ, ներկայացնելով նաեւ որպես հայկական նկարիչ: *** 1979-ին վաստակավոր արվեստաբանը կարողացել է ռուսական տասը քաղաքներից Այվազովսկու հայկական քառասուն նկարներ բերել Երեւան եւ ցուցադրել: Շ.Խաչատրյանը կարողացել է հավաքել Մ.Սարյանի լավագույն նկարներից, նաեւ գրքեր տպագրել նրա արվեստի մասին: Իսկ Այվազովսկու վերաբերյալ նրա գրքերը տպվել են Մոսկվայում, Սամարայում, Երեւանում, Փարիզում, Ամերիկայում եւ Բեյրութում: Շուրջ 75 հայկական նկարներ գտնվել են տարբեր քաղաքներում: Լ. Մ. Նկար 1. Սեւանա լիճը. Արեւածագ. 1869 Նկար 2. Նկարչի եղբայրը` արքեպիսկոպոս Գաբրիելը Նկար 3. Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Էջմիածնում Նկար 4. Գեներալ Լորիս Մելիքով Նկար 5. Բայրոնի այցը Մխիթարյաններին Սբ. Ղազար կղզում. Վենետիկ. 1899 |