RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018



Տեղադրվել է` 2018-02-15 22:29:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2332, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Նաիր ՅԱՆ

Մեր մտավորականներին ու արվեստագետներին մեկ-մեկ հիշում ենք. հիշում ենքՙ երբ նեղն ենք ընկնում, երբ անճարակությունից ուզում ենք նրանց կարծիքները համախմբել ու հակամշակութային այս կամ այն երեւույթի դեմ ընդվզել: Իհարկե, մեր մշակույթի բախտը որոշողների մի խումբ կա, բայց, որպես կանոն, անկողմնակալ, անաչառ, սկզբունքային ու ճաշակավոր արվեստագետներն այդ խմբում երբեք չեն ընդգրկվում: Նրանց ենք դիմում, երբ պետք է լինում բողոքելՙ ընդդեմ պետական կոչումների կամայականությանը, այս կամ այն արձանի տեղադրմանը, օդանավակայանի շենքի քանդման-չքանդմանը, մշակութային արժեքները սուպերմարկետի վերածելուն եւ այլն:

Գիտենք, որ ոչինչ չի փոխվելու, իրենք էլ գիտեն, որ ոչինչ չի փոխվելու. ինչպես որոշված է, այնպես էլ լինելու է, թեկուզ Աստված իջնի երկնքից: Բայց սիրտ է, պայթում է, լեզու է, չի դիմանում -խոսում է, ինքնասիրություն է, վիրավորվում է: Մինչեւ մայիսի 28-ը Արամ Մանուկյանի արձանի շուրջը ծավալվող տարակարծությունները թեժանալու առիթներ դեռ շատ կունենան: Ինչո՞ւ է հաստատված ընթացակարգից դուրս առաջարկվել քանդակագործ Դավիթ Մինասյանի էսքիզը. այսինքնՙ սկզբում այն չի եղել, հետո մրցույթի ընթացքում նոր-նոր ի հայտ է եկել եւ նախապատվությունը նրան է տրվել: Սա հարցի մի կողմն է: Ինչո՞ւ հենց Դավիթ Մինասյանի Արամ Մանուկյանը: Անկախ արվեստագետների ու մտավորականների մի ստվար խումբ էսքիզին, մեղմ ասած, հավանություն չի տալիս: Անգամ հանձնաժողովի անդամները չեն թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք հրապարակավ են հայտնում իրենց կարծիքըՙ քանդակի էսքիզը վատն է, ոչ գաղափարական, ոչ ստեղծագործական, չի արտահայտում Արամ Մանուկյան քաղաքական գործչի կերպարային նկարագիրը, արձանը բովանդակային եւ արտահայտչական իմաստներով հում է, հապճեպ արված, անճաշակ, անհեթեթ: Իրականում որպես այդպիսինՙ մրցույթ չի էլ եղել. քաղաքապետարանում կազմված հանձնաժողովը մրցույթի փուլերում տեսել է այլ քանդակագործների այլ էսքիզներ, բայց ոչ Դավիթ Մինասյանինը: Նրանը հայտնվել է հետո: Մոնումենտալ արձանի կառուցման ու տեղադրման նկատմամաբ այս տարերային, լղոզված, հապճեպ վերաբերմունքն առաջինը չէ, ոչ էլ վերջինն է լինելու: Սա արդեն հստակ որդեգրված գործելաոճ էՙ ամեն ինչին վերաբերվել ու ամեն ինչ անել մոտավորապես, մատների արանքով նայելով. սղացնենք թող գնա, մեկ էՙ խոսելու են, խոսելու ու մի օր համակերպվածՙ լռելու են: Այդպես եղավ Գարեգին Նժդեհի, Ալեքսանդր Մանթաշյանի, մարշալ Բաբաջանյանի արձանների, այդպես է լինում նաեւ պետական գումարներով նկարահանված ֆիլմերի, բեմադրված ներկայացումների, օպերաների դեպքում. հասարակական բողոքի ալիք է բարձրանում. իրենք բողոքում, իրենք էլ լսում են, անցնում-գնում է. մարսվում ու ներվում է ամեն բան, որովհետեւ աչքներս էլ, հոգիներս էլ վարժվել են մոտավորապեսին: Մոտավորապեսն ամենուր էՙ մեր կրթական համակարգում ու մշակույթում, մեր տնտեսության ու քաղաքականության մեջ, մոտավորապեսը դոգմա է ու մարտնչող իրականությունՙ գաղափարականիզմ, կուսակցական ստրատեգիա: Մայիսի 28-ին պետք է արձանը տեղադրված լինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի հարակից տարածքում: Սկզբունքի հա՞րց է, թե՞ գրազ եք եկել, որ հենց այդ օրը պիտի արձանն անպայման պատրաստ-տեղադրված լինի: Ծանրութեթեւ անել, լրջորեն քննարկել, նորից մրցույթ հայտարարել, ամեն մանրուք հաշվի առնել, գաղափարական ու ստեղծագործական ոճը հստակեցնել. այս ամենը ժամանակ ու ջանքեր է պահանջում ու առնվազն մեկ-երկու տարի կքաշի: Բայց եթե դարձյալ մոտավորոպեսի ոճով է արվելու ամեն ինչ, ուրեմն մայիսի 28-ը նորմալ ժամկետ է, միգուցե շատ էլ է:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանին վրդովեցնում է Արամ Մանուկյանին ոտքից գլուխ պարուրող եռագույնը: «Բա որ Գարեգին Նժդեհը դուրս գա ու ասիՙ ո՞ւր է իմ դրոշը, պիտի ասենքՙ Արամ մանուկյանի՞ն ենք տվել: Այդ դրոշի համար արյուն է թափվելՙ ժողովրդի արյունը: Դրոշը, հիմնը, զինանշանը պետական խորհրդանիշեր են, դրանք ոչ մեկինը չեն, ոչ մեկին չեն պատկանումՙ ո՛չ Արամ Մանուկյանին, ո՛չ Նժդեհին: Դրանք ազգինն են, դրանց պետք է լուրջ վերաբերվել: Ո՞վ է թույլ տվել, որ եռագույնը հագուստ սարքեք: Հագուստ չէ, բաղնիքի խալաթ: Ի վերջո, Արամ Մանուկյանը հակասական կերպար է, նա շատ սայթաքումներ է ունեցել: Ինչո՞ւ եք դրոշը նրան տալիս: Եվ առհասարակ ինչո՞ւ եք շտապում, թե ինչ էՙ արձանը մայիսին հասցնե՞ք: Թող ուշ տեղադրվի, բայց արվեստի գործ տեղադրվի»,- նկատում է Ֆերդինանտ Առաքելյանը:

Գաղտնիք չէ, որ Արամ Մանուկյանի արձանի պատրաստման ու տեղադրման ամենաշահագրգիռ կողմը ՀՅԴ-ն է: Քանդակագործ, հանձնաժողովի անդամ Լեւոն Թոքմաջյանի ՙ դաշնակցական Աղվան Վարդանյանին ուղղված հարցին, թե ի՞նչ կարիք կա շտապելու, վերջինը պատասխանել է. «Ժամանակ չունենք, արձանը պիտի մայիսի 28-ին տեղադրված լինի»:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին այլեւս ոչինչ չի զարմացնում. «Անսեր, բարոյազուրկ միջավայրում ենք ապրում: Սաքուլիկները նաեւ մշակույթի ոլորտում են. տգիտությունը, անճաշակությունը դարձել են լոկոմոտիվ: Ես կոռուպցիա եմ տեսնում էսքիզի ընտրության մեջ: Չկա հարգանք պետական խորհրդանիշերի նկատմամբ. եթե ոստիկանը կարող է իր երկրի դրոշը գետնին նետել, ապա այդ նույն դրոշն ինչո՞ւ չի կարելի այլ կերպ օգտագործել»:

Արվեստագետներից շատերն ընդհանրապես համաձայն չեն, որ Հայաստանի առաջին հանրապետության կերտման պատմությանհ մեջ առանձնացվի հենց Արամ Մանուկյանը: Չէ՞ որ նրանից ոչ պակաս կարեւոր գործիչներ էլ են եղել: Ի վերջո, մեր մայիսյան հաղթանակները կերտել է հայ ժողովուրդը, ուրեմն պետք է 100 ամյակին նվիրված ոգեղեն, խորհդրանշական, հավաքական հուշարձան պատրաստվի, ոչ թե որեւէ անհատի կերպար այդ ամբողջից առանձնացվի ու տեղադրվի:

Արվեստագետների մի խումբ էլ ոչ այն է անտարբեր է, ոչ այն է մտահոգ է խնդրով: Մի քանի հոգու որոշմամբ առաջին անգամ չէ, որ անարժան, թերի, բովանդակազուրկ էսքիզ է հավանության արժանանում ու ընտրվում: Վերջին 20-30 տարում Երեւանի ճարտարապետական դիմագիծը թեթեւ ձեռքով աղավաղվել է: Այդ աղճատված համայնապատկերում մի անարժեք արձան ավել կամ պակասՙ ոչինչ չի փոխում:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը պետական խտացված մոտեցման ու վերաբերմունքի այլ օրինակներ է բերումՙ ոչնչացված Երիտասարդական պալատը, թիրախավորված Զվարթնոցի շենքը, Գյումրու օդանավակայանի կառույցը: «1976-ին Փարիզում լույս է տեսել մի հեղինակավոր ամսագիր, որտեղ անդրադարձ կա աշխարհի 11 լավագույն օդանավակայանների շինություններինՙ որպես ճարտարապետական արժեքներ: Դրանց շարքում են Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Աբու Դաբիի, Սան-Ֆրանցիսկոյի, Տեխասի, նաեւ Գյումրու օդանավակայանների շենքերը: Ու հիմա ինչ-որ մարդիկ որոշել են այդ կառույցը չպահպանել, ինչ-ինչ միջամտություններ, փոփոխություններ անել: Անպատժելիությունը որքա՞ն դեռ պետք է շարունակվի: Ո՞վ է տեսել մշակութային արժեքը քանդեն, թե ինչ է պահպանելը դժվար է»,- զարմանում է վաստակավոր ճարտարապետը:

Ի դեպ, հայրենասիրության, մեր արժեքները պահպանելու, վեր հանելու, մեր պատմության կերտողներին գնահատելու բոցաշունչ ելույթներում ոչ ոք չի անդրադառնում հենց Արամ Մանուկյանի տան խնդրին: Իսկ հայտնի է, որ տունն ուղղակի քանդվում է: Մի կողմից քափուքրտինքի մեջ մտածՙ արձան են կառուցում-կանգնեցնում, մյուս կողմից պատմամշակութային արժեք ներկայացնող նրա տունն է ձեռքից գնում: Էլի մոտավորապեսի հետեւանքով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 16-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ