ՀԱՆԻՐԱՎԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԳՈՐԾԻՉԸ ԵՎ ՌՈՒՍԹԱՎԵԼԻԱԳԵՏԸՙ Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ Մեծ գոհունակությամբ հյուրընկալում ենք վաստակաշատ բանասեր, գրականագետ եւ թարգմանիչ դոկտոր Հենրիկ Բախչինյանի ստորեւ ներկայացվող հոդվածը, որը նոր լույս է սփռում հայ-վրացական գրական կապերի եւ մասնավորապես «Վագրենավորի» առաջին ամբողջական թարգմանության հեղինակի կյանքի ու գործունեության վրա: Գոհունակության մեկ այլ առիթ է նաեւ այն, որ հենց այսօր լրանում է Հենրիկ Բախչինյանի ծննդյան 70-ամյակը, որի առիթով ջերմորեն շնորհավորում ենք նրան եւ մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ: «ԱԶԳ» Կան մարդիկ, որոնք թեեւ ծավալել են ազգանպաստ բեղմնավոր գործունեություն եւ թողել պատկառելի ժառանգություն, սակայն այսօր լիովին մոռացվել են: Պատճառները կարող են շատ լինել. թերեւս եղել են չափից ավելի համեստ եւ չեն զբաղվել ինքնաթմբկահարմամբ, թերեւս ժամանակին չեն ունեցել ըստ արժանվույն գնահատողներ եւ կամ պարզապես, ինչպես ասում են, «բախտը չի բերել»: Այդպիսին է եղել Գեւորգ Մուրադյանը. անուն-ազգանուն, որ այսօրվա մեր ընթերցողին, ցավոք, ոչինչ չի ասում, մինչդեռ նա որոշակի դեր է ունեցել մեր ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Ազգային արխիվում պահպանվող Գ. Մուրադյանի բավական հարուստ թողոնի եւ որոշ այլ աղբյուրների հիման վրա, մի համառոտ ակնարկ կնետենք նրա կյանքի ուղուն, ապա կանդրադառնանք նրա գործունեությանը հատկապես ռուսթավելիագիտության բնագավառում եւ «Վագրենավորի» նրա թարգմանության հանգամանքներին: Գեւորգ Մուրադյանը ծնվել է 1864-ին Ախալքալաքում, որն այդ ժամանակ գյուղաքաղաք էր Վրաստանի Գորիի գավառում: Հայրըՙ Ռոման Մուրադյանը, ճորտ գյուղացի էր եւ բազմանդամ ընտանիքի տեր: Չափահաս դառնալով, Գեւորգն ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Ուսման ընթացքում մահացել է հայրը, եւ նա ստիպված է եղել մասնավոր դասեր վերցնելՙ օժանդակելու մորը, եղբայրներին ու քույրերին: Ավարտելով Ներսիսյան դպրոցը, ձեռք է բերել հարուստ գիտելիքներ: Մայրենիից զատ, փայլուն տիրապետել է նաեւ վրացերենին ու ռուսերենին եւ արդեն դպրոցական տարիներից սկսել է ստեղծագործել: Գրել է բանաստեղծություններ (նաեւ վրացերեն), պատմվածքներ, պիեսներ, տարաբնույթ հոդվածներ եւ ուսումնասիրություններ (նաեւ վրացերեն եւ ռուսերեն), կատարել գիտական եւ գեղարվետական գործերի թարգմանություններ (ռուսերենից եւ վրացերենից, նաեւ հայերենից վրացերեն): Ըստ երեւույթին, դպրոցական տարիներից ծանոթ է եղել Հովհաննես Թումանյանի հետ: Նրա դստերՙ Սոֆյա Մուրադյանի (Իսրայելյան) վկայությամբ, մեծ բանաստեղծը երբեմն-երբեմն այցելել է իրենց տուն: Մինչեւ 1890 թ. Մուրադյանն ուսուցչություն է արել Գորիում, Զաքաթալայում եւ իր ծննդավայրում: Մանկավարժությունը եղել է նրա գործունեության կարեւոր բնագավառներից մեկը: Ընդսմին, նա կատարել է նաեւ մանկավարժական բնույթի ուսումնասիրություններ: 1890-ին ընդունել է կուսակրոնություն, հանդես եկել Եղիշե եկեղեցական անունով եւ հասել է մինչեւ ծայրագույն վարդապետի աստիճանի: Կրոնավորության սկզբնական տարիներին նա Սանկտ Պետերբուրգում եւ Օդեսայում հետեւել է հիդրոլոգիայի (ջրաբանության) դասընթացներին, խորացել երկրաբանության եւ գյուղատնտեսության մեջ: Այս բնագավառները եւս եղել են Մուրադյանի գործունեության կարեւոր ոլորտները: Ընդ որում, հատկապես երկրաբանական խնդիրների վերաբերյալ նա հեղինակել է բազմաթիվ հոդվածներ եւ ուսումնասիրություններ: Մասնագիտական որակավորում ստանալուց հետո Եղիշե Մուրադյանը գործել է Մայր աթոռում, եղել է Խրիմյան Հայրիկի անձնական թարգմանիչը, դասավանդել է հոգեւոր ճեմարանում, ընդգրկվել «Արարատ» ամսագրի խմբագրակազմում, տպագրել որոշ գիտական գործերի թարգմանություններ: Միառժամանակ վարել է Կարսի մարզի կաթողիկոսական տեղապահի պաշտոնը: 1894-1897 թթ. արեւմտահայությանը պատուհասած ջարդերի օրերին նա մի ընդարձակ հոդված է տպագրել Սանկտ Պետերբուրգի «Новое время» թերթում (1897, հունվարի 2), որտեղ ըստ ամենայնի բնութագրելով հարազատ ժողովրդի արժանիքներըՙ ակնկալել է քրիստոնյա ազգերիՙ մասնավորապես ռուս ժողովրդի աջակցությունը (հոդվածի հիմնական մասը վերահրատարակվել է նույն թվականին Մոսկվայում լույս տեսած «Братская помощь пострадавшим в Турции армянам» նշանավոր հատորում): Եղիշե վարդապետի ջանքերով 1900 թ. Կարսում կառուցվել է երկհարկանի դպրոց 900 աշակերտների համար: Սակայն գոլիցինյան ռեժիմի օրոք, մյուս հայկական դպրոցների հետ միասին, փակվել է նաեւ այդ դպրոցը: Այդ կապակցությամբ նա բողոքի նամակներ է հղել անգամ Նիկոլայ I ցարին, հանդիպումներ ունեցել Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի հետ: Անշուշտ, ազգանվեր վարդապետն իր որոշակի լուման է ներդրել ցարական իշխանության կողմից հայկական դպրոցների վերաբացման գործում: Խրիմյան Հայրիկի կոնդակով Եղիշե վարդապետը 1902 թ. հաստատվել է Ատրպատականի Հայոց հոգեւոր առաջնորդ: Այդ պաշտոնը նա վարել է մինչեւ 1904 թ. եւ շահելով պարսից արքունիքի համակրանքըՙ բավական աշխուժացրել է թեմի հոգեւոր, կրթական ու մշակութային կյանքը: Առաջնորդանիստ Թավրիզում նա 1903 թ. հիմնել է տեղի առաջին հայերեն մամուլըՙ «Գործ» պաշտոնական, գրական, գիտական, առեւտրական շաբաթաթերը, որը, ցավոք, երկար կյանք չի ունեցել: Այստեղ նա նույն թվականին տպագրել է նաեւ գրքեր. նրա թարգմանությամբ լույս են տեսել Լ. Տոլստոյի «Կարմա» եւ «Մարդիկ ինչո՞ւ են հարբում (անմտանում)» գործերը: Վերադառնալով Ս. Էջմիածին, Եղիշե վարդապետը կաթողիկոսական կոնդակով նշանակվել է «Արարատ»ի խմբագիր: Տպագրել է տարաբնույթ գիտական հոդվածների, ուսումնասիրությունների եւ գեղարվեստական գործերի թարգմանություններ, հրապարակախոսական հոդվածներ: Մայր աթոռի հրատարակչությամբ եւս տպագրել է գրքեր, որոնց թվում նաեւ իր նախասիրած ռուս գրողիՙ Լ. Տոլստոյի նշանավոր «Կրեյսերեան սոնատը» (այլ գործերի հետ. 1905): Այս ժամանակաշրջանում Եղիշե վարդապետը շարունակել է նաեւ իր բուռն ազգային գործունեությունը: Այսպես, Մկրտիչ Խրիմյանի հրամանով նա 1905 թ. հատուկ առաքելությամբ ուղարկվել է Երեւանՙ ազգամիջյան խաղաղությունն ամրապնդելու համար: Իսկ հաջորդ տարի, որպես «Արարատ»ի խմբագիր եւ Կարսի ներկայացուցիչ, մեկնել է Թիֆլիսՙ մասնակցելու Կովկասի փոխարքայի գումարած հայ-թուրքական համաժողովի նիստերին: 1907-1910 թթ. Եղիշե վարդապետը գործել է Ուկրաինայում եւ Ղրիմում: Հոգեւոր ծառայությունից զատ, որպես հիդրոլոգ-ջրագետ, զբաղվել է երկրաբանությամբ ու գյուղատնտեսությամբ: Օդեսայում եւ Թեոդոսիայում կատարել է ջրաշինարարական կարեւոր աշխատանքներ: 1910 թ. լինելով Յալթայումՙ ծանոթացել է իր ապագա կնոջՙ Թագուհի (Տատյանա) Սարգսյանի հետ, սիրահարվել է եւ, կաթողիկոսի թույլտվությամբ, թողել է կուսակրոնությունն ու ամուսնացել: Ձգտելով ծառայել հարազատ ժողովրդին, նա ի վերջո եկել է Անդրկովկաս, ապա հաստատվել է Հայաստանումՙ կարեւոր երկրաբանական ու գյուղատնտեսական աշխատանքներ կատարել Ղարաքիլիսայում (Վանաձոր) եւ Ելենովկայում (Սեւան): Հանդես է եկել այդ ոլորտներին վերաբերող դասախոսություններով ու զեկուցումներով: Շարունակել է գրել երկրաբանական եւ մանկավարժական բնույթի ուսումնասիրություններ: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Գ. Մուրադյանին խոչընդոտել են պաշտոնավարելու իր մասնագիտական բնագավառներում. Հիմնական պատճառը եղել է այն, որ նեղ կուսակցական գաղափարներից վեր կանգնած ազատամիտ մտավորականը հրաժարվել է մտնել Դաշնակցության շարքերը: Ընտանիքի գոյությունն ապահովելու համար նա զբաղվել է միայն մանկավարժությամբ: Խորհրդային Հայաստանի առաջին տարիներն առավել անբարենպաստ են եղել ազգասեր եւ ուղղամիտ մտավորականի համար: Ռուս մոլոկանների դեմ սոցիալական բնույթի մի արդարացի բողոքի, այլեւ Կոմիտասին նվիրված մի երեկույթ կազմակերպելու պատճառով նրան բանտարկել են: Բանտից ազատվել է Ասքանազ Մռավյանի շնորհիվ, որը նրա նախկին աշակերտներից է եղել: 1922 թ. մանկավարժական աշխատանքի է ուղարկվել Նոր Բայազետ (Գավառ), որտեղ Մռավյանի առաջարկով հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան եւ հինգ տարի աշխատել այնտեղ: 1927 թ. վերադարձել է Թիֆլիս եւ աշխատել որպես երկրաբան ճարտարագետ: Շարունակել է գրել երկրաբանական բնույթի հոդվածներ եւ ուսումնասիրություններ, հանդես եկել զեկուցումներով ու դասախոսություններով... Իր գործունեության ողջ ընթացքում Գ. Մուրադյանը շարունակել է նաեւ գրական աշխատանքները: Հիշատակելի են հատկապես Սայաթ-Նովայի վրացերեն երգերի նրա թարգմանությունները եւ հատկապես Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր»ի թարգմանությունը եւ ռուսթավելիագիտական աշխատանքները: 1927-ից նա զբաղվել է Ռուսթավելու անմահ ստեղծագործության ուսումնասիրությամբ եւ կատարել նրա առաջին ամբողջական հայերեն թարգմանությունը: Ինչպես գրել է նա, «Այդպիսի մի գործ թարգմանելու համար հարկավոր էր քաջ տեղյակ լինել Ռուսթավելու լեզվին, նրա գրելու չափին ու շեշտին, ճիշտ գիտենալ պոեմի բովանդակությունը: Ուրեմն հարկավոր էր նախապատրաստական մի մեծ աշխատանք. պոեմի մանրազնին ուսումնասիրություն եւ ճշգրիտ ըմբռնումն, առանց որպիսի հանգամանքների անխուսափելի էր ձախորդությունը»: Ուստիեւ Մուրադյանը մի քանի տարի բարեխղճորեն կատարել է այդ նախապատրաստական աշխատանքը եւ մանրազնին քննել Ռուսթավելու ստեղծագործությունը: Իր ուսումնասիրությունների եւ թարգմանության համար նա կազմել է ասքի վրաց-ռուսերեն բառարան, կատարել դիտարկումներ վրացերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Արդյունքում 1927-1936 թթ. ստեղծել է այդ երեք լեզուներով ուսումնասիրություններ եւ հոդվածներ: Գ. Մուրադյանը բավական ինքնատիպ եւ համարձակ վարկածներ ու տեսակետներ է առաջադրել Ռուսթավելու անձի եւ ապրած ժամանակի, նրա ստեղծագործության հնագույն ատաղձի, գլխավոր հերոսների դիցաբանական ծագման եւ մի շարք այլ խնդիրների շուրջ: Ցավոք, նրա ռուսթավելիագիտական աշխատանքները մնացել են անտիպ: Իր եզրահանգումները նա ներկայացրել է հրապարակային դասախոսություններովՙ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն: Այսպես, 1934 թ. ապրիլի 10-ին Թբիլիսիի Արվեստի պալատում նա կարդացել է «Շոթա Ռուսթավելին եւ նրա «Վագրենավորը» թեմայով վրացերեն դասախոսություն, որը բավական բարձր է գնահատվել ժամանակի վրացական մամուլում: Վրացի հոդվածագիը ցանկալի է համարել, որ «Գ. Մուրադյանի ուսումնասիրությունը լույս տեսնի առանձին գրքույկով, որը հնարավորություն կտա հասարակության լայն խավերին ավելի մոտիկից ծանոթանալու նրա արծարծած խնդիրներին»: Վրացի նշանավոր գրականագետ Շալվա Նիցուբիձեի գնահատմամբ, Գ. Մուրադյանը «նոր լուսաբանությամբ է հրամցնում մեզ անմահ Շոթա Ռուսթավելու ստեղծագործության դրվագները»: Ծանոթանալով հայ ռուսթավելիագետի ռուսերեն ելույթներից մեկին, նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը այն համարել է «չափազանց հետաքրքրական» եւ խորհուրդ է տվել հեղինակին իր ռուսերեն ուսումնասիրությունն ուղարկել Ն. Մառին եւ, վերջինիս հավանության դեպքում, հրատարակել: Վկայված է, որ Մուրադյանը Ն. Մառին տեղեկացրել է, թե իրեն հաջողվել է պարզել ասքի հերոսների դիցաբանական ծագումները: Գ. Մուրադյանի ռուսթավելիագիտական պրպտուների արդյունքն է լինում նաեւ «Վագրենավոր»ի առաջին ամբողջական հայերեն թարգմանությունը: Իր այդ աշխատանքը թարգմանիչը համարել է իր «հայացող զավակը»: Սակայն, ցավոք, նա չի տեսել իր այդ «զավակի» լույս աշխարհ գալը: Թե ինչն է խոչընդոտել թարգմանության հրատարակությանը, կտեսնենք ստորեւ: Գ. Մուրադյանը մահացել է 1939 թվականին իր ծննդավայրում: Մարմինն ամփոփվել է Թբիլիսիի Խոջիվանք հայկական գերեզմանատանը, սակայն այստեղ, մեր բազմաթիվ այլ երախտավորների շիրիմների հետ միասին, նրա շիրիմը եւս կորսվել է: *** «Վագրենավոր»ի թարգմանությունը Գ. Մուրադյանը, իր իսկ վկայությամբ, ավարտել է 1930 թ.: Այդ մասին նա Թբի-լիսիից նամակով տեղեկացրել է Պետհրատին եւ ստացել գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի առաջարկըՙ թարգմանությունն ուղարկել Պետհրատ, ինչը եւ անմիջապես կատարել է թարգմանիչը: 1931 թ. հուլիսի 8-ին նա Չարենցից ստացել է հետեւյալ գրությունը. «Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր»ի ձեռագիրը ստացել ենք: Խնդրում ենք գալ Երեւանՙ պայմանագիր կնքելու համար: Գեղարվեստական բաժնի վարիչՙ Եղիշե Չարենց, քարտուղարՙ Ա. Հայրապետյան»: 1932 թ. հունվարի 29-ին Պետհրատի (ի դեմս Չարենցի) եւ Գ. Մուրադյանի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն, թարգմանիչը պարտավորվել է Պետհրատին հանձնել «Շոթա Ռուսթավելու «Վագրի մորթավոր»ի լիակատար թարգմանությունը 6400 տողՙ խմբագրելու եւ հրատարակելու համար»: Թարգմանիչը պարտավորվել է նաեւ թարգմանությունը «միանգամայն պատրաստի վիճակում ներկայացնելուՙ ոչ ուշ, քան 1932 թ. փետրվարի 25-ը». թարգմանությունը խմբագրելու էր ինքըՙ Չարենցը: Գ. Մուրադյանը ներկայացրել է թարգմանության պահանջված օրինակը, որի վրա Չարենցը մակագրել է. «Դնել քննության. Եղիշե Չարենց, 1932, մարտի 15»: Այդ քննությունը բավական ձգձգվել է: Ավելի քան մեկ եւ կես տարի անց (1933-ի հոկտեմբերին) թարգմանիչը հեռագրով հարցրել է Պետհրատին, թե ինչու է ուշանում տպագրությունը: Նրան հաղորդել են, թե թարգմանության հրատարակումը հարմար չեն համարում եւ կցանկանային օգտագործել այն որպես հում նյութՙ թարգմանչին խոստանալով վճարել սահմանված ողջ հոնորարը: Մուրադյանը դեմ է եղել Պետհրատի այդ ցանկությանը: Այդուհետեւ, ինչպես վկայել է նա, թարգմանության ձեռագիրը հինգ օրինակ մեքենագրվել է եւ 1934 թ. այն, խմբագրելու համար հանձնվել է Տիգրան Հախումյանին, որը, սակայն, չի տիրապետել վրացերենին: Ուստիեւ թարգմանիչը խնդրել է իր թարգմանությունը «հանձնել վրացերեն գիտցողի»: Հարմար են գտել Գեւորգ Ասատուրին, որը ոչ միայն տիրապետել է վրացերենին, այլեւ որոշ հատվածներ էր թարգմանել «Վագրենավոր»ից: 1935 թ. փետրվարի 26-ին Պետհրատը (ի դեմս Ռաֆիկ Աթայանի) Գ. Ասատուրի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի վերջինս հանձն է առել խմբագրել Գ. Մուրադյանի թարգմանությունը եւ, հնարավորինս հարազատ մնալով բնագրին, վերածել այն բանաստեղծական բարձր ոճի եւ հանգի: Այդ աշխատանքը Գ. Ասատուրը պետք է ներկայացներ Պետհրատին «ոչ ուշ, քան 1936 թ. հունվարի 1-ը»: Թարգմանիչը նախկին քննադատությունն ընդունելով եւ նոր խմբագրին օգտակար լինելու նպատակով, վերանայել է թարգմանությունը, չորս անգամ արտագրել այն եւ Գ. Ասաատուրին ներկայացրել վերամշակված 745 քառատողեր: 1934-1936 թթ. Վրաստանի, Հայաստանի եւ անգամ սփյուռքահայ մամուլը հաղորդումներ է տպագրել, որ Ռուսթավելու գալիք հոբելյանի առթիվ (1937) Պետհրատը հրատարակության է պատրաստում «Վագրենավոր»ի ամբողջական թարգմանությունը, որ կատարել է Գ. Մուրադյանը: 1935 թ. մարտ-ապրիլ ամիսներին Գ. Ասատուրը խմբագրել է թարգմանությունը: Նույն թվականի մայիսին նա կաթվածահար է եղել եւ բուժման մեկնելով, Գ. Մուրադյանին է հանձնել նրա թարգմանության ձեռագրերը: Այնուհետեւ որոշ չափով ապաքինվելուց հետո, նա թարգմանության մեքենագիր օրինակի հիման վրա շարունակել է խմբագրությունը եւ «Վագրենավոր»ի բնագրի մի հրատարակության հետեւությամբ հավելել է մի շարք հետսամուտ տներ եւ դրվագներ: Իր այդ աշխատանքը նա համարել է արդեն ինքնուրույն թարգմանություն եւ հոկտեմբերի վերջին մամուլում հայտարարել է, թե ավարտել է «Վագրենավոր»ի իր թարգմանությունը: Այդպես էլ, անհարկի հավելումներով, այդ թարգմանությունը 1937 թ. Պետհրատը լույս է ընծայել Գեւորգ Ասատուրի անունով (ի դեպ, վերջինս այդ ժամանակ կնքել է իր մահկանացունՙ չտեսնելով տպագրված գիրքը): Գ. Մուրադյանն այդ աշխատանքը համարել է «աղաղակող պլագիատ»: Ամենապարզ զուգադրումները ցույց են տալիս, որ Գ. Ասատուրը մեծապես օգտվել է Գ. Մուրադյանի թարգմանությունից, ավելի ստույգՙ նրա համար հիմք է հադիսացել այդ թարգմանությունը: Գ. Ասատուրի կատարածն, ըստ այսմ, խմբագրություն է, թեկուզեւ փոքր-ինչ ավելի ազատ: Հիշենք, որ նա, ըստ իր կնքած պայմանագրի, եւ Գ. Մուրադյանի համաձայնությամբ, պարտավորվել էր վերջինիս թարգմանությունը վերածել «բանաստեղծական բարձր ոճի եւ հանգի»: Անշուշտ, Գ. Ասատուրի անունով հրատարակված թարգմանության մեջ բացակայում է այդ «բարձր ոճը», ինչը բացատրվում է այդ բնագավառում ունեցած նրա համեստ օժտվածությամբ: Բացի այդ, նրա կատարած աշխատանքում առկա են բազմաթիվ թերացումներ, որոնք մեկ առ մեկ նշել է Գ. Մուրադյանը: Վերջինս, իրավամբ, կտրականապես դեմ է եղել նաեւ Գ. Ասատուրի ներմուծած հետսամուտ տողերին ու դրվագներին: Եթե դրանք դուրս հանենք, ապա կմնա սոսկ Գ. Մուրադյանի թարգմանությունըՙ Գ. Ասատուրի խմբագրությամբ: Վերջինս դա պիտի ազնվորեն նշերՙ ցույց տալով նաեւ խմբագրի իր կատարած աշխատանքը, կամ ամենաշատը պիտի հանդես գար իբրեւ համաթարգմանիչ: Գ. Մուրադյանը այդուհետեւ մինչեւ իր մահը (1939), իր հեղինակային իրավունքի վերականգման համար բազմիցս դիմել է Հայաստանի արդարադատության մարմիններին եւ պատկան անձանցՙ հանրապետական դատախազին, ժողովրդական դատարանին, դատախազի օգնականին, գերագույն դատարանին, գրել է նաեւ նամակ խմբագրությանը: Սակայն այն տխրահռչակ ժամանակաշրջանում, երբ մահվան էր դատապարտվում Եղիշե Չարենցի նման հանճարը, բնականաբար չէին կարող պաշտպանվել ու վերականգնվել Գ. Մուրադյանի եւ նման ազնիվ մտավորականների իրավունքները: Ժողովրդական դատարանի մերժումից, ապա նաեւ թարգմանչի վերահաս մահից հետո կարճվել է գործը: Այսպիսի տխուր վախճան է ունեցել, ահա, «Վագրենավոր»ի հայերեն առաջին ամբողջական թարգմանության հրատարակության ոդիսականը: Ձգտելով վերացնել շուրջ ութսուն տարի շարունակված անարդարությունը, մենք խմբագրել եւ հրատարակության ենք պատրաստել Գ. Մուրադյանի թարգմանությունը: Այս կապակցությամբ մեզ բավական աջակցել է թարգմանչի արժանավոր թոռնուհինՙ Աստղիկ Իսրայելյանը (արժանահիշատակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի դուստրը): Ընդսմին, մեր նպատակն է նաեւ իրագործել վրաց մեծ բանաստեղծի նշանավոր ստեղծագործության առավել պատշաճ հայերեն թարգմանության հրատարակություն, որը, հուսով ենք, շուտով դնել մեր ընթերցողի սեղանին: |