ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ Ն.ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Հովհ. Թումանյան-Խրիմյան Հայրիկ Թումանյանի ինքնագրերի մեջ մի բանաստեղծություն կաՙ վերնագրված «Հայ ուխտավորին» ,1893թ. Գնաս բարով, այ ուխտավոր, Երանի քեզ, հայ ուխտավոր, Որ կարոտով ու սիրառատ Ուխտ ես գնում դեպ Արարատ: Աղջիկըՙ Նվարդը հիշում է, որ հայրը «Հայ ուխտավորին» էքսպրոմտ է անվանել եւ ներկայացրել ստեղծման պատմությունն այսպեսՙ «Խրիմյանի ընտրության առթիվ չորս հոգի քեֆ սարքեցինք Օրթաճալայում, էն քեֆին գրեցի» : Սա թերեւս Թումանյանիՙ մեծ հոգեւորականին եւ ազգային գործչին առնչվող առաջին հիշատակումն է: Նրանք դեռ միմյանց անձնապես չէին ճանաչում: Հանդիպման հրատապ անհրաժեշտությունն առաջացավ Համիդյան կոտորածների ժամանակ: Հասարակական-քաղաքական իրավիճակը ստիպեց Թումանյանին ակտիվ քայլեր ձեռնարկելՙ երբեմն բացահայտ, երբեմն էլ գաղտնիության քողի տակ: 1895թ. նոյեմբերին նա կատարեց մի երկար ուղեւորությունՙ Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Երեւան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրը հիշյալ վայրերում «Հանգանակող եւ գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կազմակերպելն էրՙ իբրեւ Արեւմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականության նպաստամատույց կառույցներ: «1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երեւաց Ալեքսանդրապոլում: Իջել էր հյուրանոց, ես տեղափոխեցի մեր տունը: Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում: Գալիս էր Թիֆլիսիցՙ Ախալցխայի եւ Ախալքալաքի վրայով, գնում էր Երեւան, Էջմիածին: Ինչ որ միսիայով էր շրջում նա: Հայ կյանքը ալեկոծված էր արեւմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով եւ ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով: Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արեւմտահայերի եւ հայկական հարցի ճակատագրի նկատմամբ: Օհաննեսի ուղեւորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ....Նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի եւ հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով եւ տետրակներ էր լրացնում նրանց պատմածներով: Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երեւան» : (Ավ. Իսահակյան): Ճանապարհը երկար էր, ցուրտ, ծանր, բայց առաքելության կարեւորությունը արտաքին պայմանների մասին մտածել թույլ չէր տալիս: Երեւանից նա անցավ Էջմիածին եւ առաջին անգամ հանդիպեց Խրիմյան Հայրիկին: Արեւմտահայության եւ Կովկաս տեղափոխված գաղթականության ճակատագրի մասին առանձնազրույցների եւ քննարկումների մանրամասները մնացին Վեհարանի պատերից ներս: Մեծ հոգեւորականն ու մեծ բանաստեղծը մեկընդմիշտ դարձան լավ բարեկամներ: Մի անգամ Խրիմյան Հայրիկը Ավ. Իսահակյանին ասել է. «Ես Կովկասին մեջ երեք բանաստեղծ գիտեմ, մեկը մեր ուսուցիչ Հովհ. Հովհաննիսյանն է, մեկն ալ Թիֆլիս Հովհ. Թումանյանն է. անոնց անձամբ կճանչնամ ու շատ կսիրե՜մ: Ըշտե մեկն ալ դուն ես....» : Թումանյանի դուստրերից Նվարդը պատմում է Թիֆլիս ժամանած Վեհափառի հետ իրենց ընտանիքի հանդիպման զվարճալի դրվագի մասին. «Զույգ-զույգ մտանք կաթողիկոսի մոտ: Բոլորիս տեսավ, օրհնեց, ծիծաղեց: Հետո մայրիկին ասաց.-Ապահարզան տալը դժվար գործ է, հեշտ չենք տալիս, բայց եթե դու ուզես, քեզ կտանք: Բանաստեղծին պահելը, դիմանալը դժվար գործ է: Տասը երեխան մեկ դժվարություն, բաանստեղծըՙ մյուս, բայց բանաստեղծ պահելն ավելի դժվար է» : Ահա այդ դժվարությունը փոքր ինչ մեղմելու մասին Վեհափառը չէր մոռանում անգամ հիվանդության ժամանակ: Հիշում է Իշխանուհի Մարիամը. «Մի անգամ, երբ ինքըՙՀայրիկը, հիվանդ պառկած էր Կրծանիսում, կույս Թայիրյանի տանը, ես գնացի նրան այցելելու: Բավական երկար խոսեցինք զանազան հասարակական եւ ազգային հարցերի մասին, հետո խոսք ընկավ եւ Թումանյանի վիճակի մասին: Հայրիկը մանրամասնորեն հետաքրքրվեց նրա նյութական հարցով եւ թե ոնց է կառավարում այդպիսի մեծ ընտանիք: Երբ ես վեր կացա հրաժեշտ տալու Հայրիկին, նա ձեռքը տարավ բարձի տակ ու ինչ-որ հանելով այնտեղից, իմ բուռը դրեց, ասելովՙ այս կտաս Թումանյանին: Ես զգացի, որ ձեռքիս մեջ ոսկիներ են, ամուր սեղմեցի բուռս, որ չթափվեն, բայց միայն դուրսը կարողացա հաշվելՙ 15 հատ տասանոցներ էին, որ հենց նույն օրը ես հանձնեցի Թումանյանին : 1896-ին Թումանյանը գրեց Հայրիկին նվիրված «Կաղնի» բանաստեղծությունը: «Բաքվի կոտորածի օրերինՙ հենց այդ սարսափի թարմ ժամանակ, Թիֆլիսում ժողովարանում մի ժողով արին, ինձ ու բժիշկ Մուրադյանին պատգամավոր ղրկեցին Էջմիածին, կաթողիկոսին խնդրելու, որ գա: Խեղճ ծերուկին գտանք անկողնում պառկած: Երբ որ պատմեցի, վրա նստած էր անկողնում ,- բավական էր...բավական էր,-աղաղակեց ու գլուխը ցած գցեց: Այդ աղաղակը ես չեմ մոռանում: Այդ կարծես մեր ազգի, տանջված, ջարդված, հոգնած, ուժասպառ եղած ազգի աղաղակ լիներ,-բավական էր, բավական էր... : ...վերջը համոզեցի. համաձայնվեց: Հայրիկին հագցրին, սարքեցին...Վագոնում պառկած ենք բերում: Կծկված, կուչ եկած, կատարյալ դիակ էր դարձել...Եկանք հասանք Թիֆլիս, կայարանում ահագին բազմություն էր հավաքվել, գորգերը փռած, ծաղիկներ, դրոշներ եւ այլն, ամեն ինչ կարգին: Գնացքը կանգնելուն պես ժողովուրդը սկսեց գոչելՙ Կեցցե՜ Հայրիկը, կեցցե՜ Հայրիկը: Վագոնի դռան մոտ էդ ծով բազմությունը տեսնելուն պես Հայրիկը կենդանացավ, ջահելացավ, իրեն թափ տվեց, ուղղվեց, դիք կանգնեց ու մի ճառ ասաց, որ մենք մնացինք ապշած, հրաշք բան...Ա՛յ, ինչ է անում մարդուն ժողովրդի ձայնը...» : (Հովհ.Թումանյան): 1907թ. Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը ննջեց: Նոյեմբերի 5-ին նրան թաղեցին Էջմիածնի Մայր տաճարի բակում: Թումանյանը ինչ-ինչ պատճառներով չկարողացավ մասնակցել թաղմանը, բայց «Նոր Ալիք» թերթում տպագրեց մի շատ հուզիչ մահախոսական. «Այն անսահման սերը, որ նա վայելում էր աշխատավոր տարրերի կողմից, չէր պայմանավորվում նրա կղերական, պատրիարքական, կաթողիկոսական կոչումով: Ժողովուրդը նրան սիրում էր իբրեւ իր ազատագրության անձնվեր պաշտպանին: Հարգանք հեղափոխական ռահվիրայի հիշատակին, հարգանք աշխատավոր գյուղացիության, արհեստավորների ու մշակների առաջին պաշտպանի անվանը» : Թումանյանը հեղափոխական ռահվիրային ձոնեց երկու պատմվածքՙ «Երկու հայր» եւ «Խրիմյան Հայրիկի օրերից մինը»: Իսկ 1910թ. Մկրտիչ Խրիմյանին հաջորդած Վեհափառիՙ Մատթեոս Իզմիրլյանի մահվան կապակցությամբ գրեց «Ազնիվ մարդը» հոդվածը. «Մարդիկ կան, որոնց միմիայն գոյությունը, ներկայությունն ավելի շատ գործ է տեսնում, քան թե հազարավորների գործը: Այդպիսի դեմքեր էին հայոց ժողովրդի մեջ Խրիմյանն ու Իզմիրլյանը: Խրիմյանը իր անձի հոյակապ մեծությամբ, Իզմիրլյանն իր արտասովոր ազնվությամբ» : |