ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԵՀՈՒԴԻ ՄԵՆՈՒՀԻՆԻ ԱՆՎԱՆ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿ Ներքաղաքական փոթորկալի այս օրերի թոհուբոհում անուշադրության մատնվեց մի կարեւորՙ ազգային հպարտություն պատճառող իրադարձությունՙ մեր երիտասարդ ջութակահարներից Դիանա Ադամյանը արժանացել է աշխարհի ամենահեղինակավորՙ Եհուդի Մենուհինի անվան ջութակահարների մրցույթի 16-21 տարեկան մասնակիցների խմբի դափնեկրի կոչմանը: Երկու տարին մեկ անցկացվող այդ մրցույթը տեղի է ունեցել Ժնեւի Victoria Hall համերգասրահում, ապրիլի 22-ին: 44 մասնակիցների մեջ գրավելով առաջին տեղըՙ հայ ջութակահարուհուն տրվել է նաեւ պարգեւՙ 15000 շվեյցարական ֆրանկ: Այս իրադարձության մեզ տեղեկացնողը պատանի ֆլեյտահար Մերի Մարկոսյանն է, որ «Ազգ»ին է տրամադրել Դիանայի հակիրճ կենսագրականը: Ջութակահարուհին ծնվել է երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, պրոֆ. Պետրոս Հայկազյանի դասարանում: Այժմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան է, սովորում է առաջին կուրսում, ՀՀ ժողարտիստ, պրոֆ. Էդուարդ Թադեւոսյանի դասարանում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ արժանացել տարբեր մրցանակների, ինչպեսՙ 2006-ին Ալ. Սպենդիարյանի անվան մրցույթի 2-րդ, 2010-ին «Վերածնունդ» փառատոնի 1-ին, 2015-ին Չայկովսկու անվան մրցույթում 2-րդ մրցանակներին: Նա մասնակից է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի, կրթաթոշակակիրՙ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի: Մենուհինի անվան մրցույթին ընդառաջՙ Դիանան ունեցել է մենահամերգ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Ալեքսանդր Թոփչյանի ղեկավարությամբ: Բացի մրցանակից ու պարգեւից, Դիանա Ադամյանին առիթ է շնորհվել առաջիկա մեկ տարվա ընթացքում օգտագործել իտալական հին ջութակներից մեկը: Խմբագրության կողմից շնորհավորում ենք մեր երիտասարդ դափնեկրին ու նրա ուսուցիչներին: |