RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018



ԱՆՑԵԼԱՀՈՒՇ

Տեղադրվել է` 2018-06-14 23:17:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3605, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՂՆԱՐ ԱՂԲՅՈՒՐԸՙ 47 ՏԱՐԻ ԱՆՑ

Նաիր ՅԱՆ

1970 թվականին կինոռեժիսոր Արմեն Մանարյանը նկարահանեց «Հեղնար աղբյուր» գեղարվեստական ֆիլմը: Գյումրեցիները մինչեւ հիմա հպարտանում են. իրենց քաղաքն ու միջավայրը շատ անգամ են դարձել ֆիլմի թեմա, որպես առանձնահատկություն, համ ու հոտՙ կիրառվել կինոյում: Անշուշտ, գյումրեցիները հպարտանալու իրական պատճառներ ունեն: Հիմա էլ հին գյումրեցիները հիշում ենՙ իրենց քաղաքի որ հատվածում, որ բակում ու փողոցում են նկարահանվել «Կտոր մը երկինքը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» ու մյուս ֆիլմերը:

Գյումրիից քիչ հեռուՙ Վահրամաբերդ գյուղի ձորում են նկարահանվել «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրի տեսարանները: 47 տարի առաջ էլ Վահրամաբերդի ձորումՙ Մարմաշենի վանական համալիրի մոտ, ուռենիներ կային, այսօր էլ պատկերը գրեթե նույնն է մնացել: Հենց այդ տարածքումՙ Շիրակ աշխարհի գողտրիկ գրկում, Վարպետ Մկրտիչը կառուցեց իր կյանքի ամենակարեւոր ու ճակատագրական աղբյուրըՙ աղբյուրի հրաշքի գաղտնիքով ամրագրելով ընտանեկան հավատարմության, սիրո, ակնածանքի հավերժականությունը:

Նկարահանումներից ընդամենը 2 ամիս անց աղբյուրի քարը, որի վրա Վարպետ Մկրտիչը գրել էր. «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է. ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն», հանել-տարել են, վրայի արձանագրությունը ջնջել ու այլ նպատակների համար օգտագործել: Աղբյուր-հուշարձանն էլ կամաց-կամաց քանդվել է, ու որոշ ժամանակ անց անգամ տեղը չի մնացել: Այսպես, Հեղնար աղբյուրի մասին հիշողությունները տասնամյակների ընթացքում մաքրվել են այնպես, որ վահրամաբերդցիների նոր սերունդն անգամ չի էլ իմացել, որ իրենց գյուղի հանդերում ֆիլմ է նկարվել, ֆիլմի նպատակով հատուկ աղբյուր կառուցվել:

Ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանը բոլորովին վերջերս դիտում է «Հեղնար աղբյուր» ֆիլմը, նկատում այն ծանոթ վայրերը, որտեղ անցել է իր մանկությունը: Հարցուփորձ է անում ու պարզում. մանկության ոտնահետքերի տեղում աղբյուր է եղել: Փնտրտուքները բերում-հասցնում են հայրենի Վահրամաբերդ ու այն մարդկանց մոտ, ովքեր Հեղնար աղբյուրի մասին պատմություններ ու հուշեր ունեն, գիտենՙ ով է աղբյուրը կառուցողը, աղբյուրի հրաշքն ստեղծողը: Արթուր Գալստյանին օգնում է աղբյուրի քանդակագործի որդին: Նա խորհրդակցում է նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմի հետ:

4 ամսվա հետեւողական ջանքեր, եւ Արթուր Գալստյանը Հեղնար աղբյուրի ճիշտ տեղում կառուցում է նույնօրինակըՙ պահպանելով աղբյուրի հրաշքը: Եթե ֆիլմում աղբյուրից անընդհատ ջուր էր գալիս, բայց հենց մոտենում էիր, որ խմես, ջուրը կտրվում էր, հիմա հակառակն էՙ աղբյուրից ջուր է գալիս այն ժամանակ, երբ մոտենում ես, որ խմես: Աղբյուրը վերականգնողները չեն ուզել անցորդներին ծարավ թողնել: Հուշարձանը կառուցված է նույն քարից, ինչ ֆիլմում էՙ նույն չափսերով ու տեսքով:

Վահրամաբերդցիները մեծ շուքով նշեցին Հեղնար աղբյուրի բացումը: Հրավիրվել էին ֆիլմի օպերատոր Լեւոն Աթոյանցը , Երանոսի դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը , ֆիլմի երաժշտության հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանը , Սոս Սարգսյանի դուստրըՙ դերասանուհի Անուշ Սարգսյանը : Արթուր Գալստյանի համառ ջանքերըՙ գտնել Հեղնարի դերակատարուհի Յուլյա Ռուստամյանին , հաջողությամբ են պսակվել: Փնտրտուքները հասել են Եվրոպա. աղբյուրի բացումից ընդամենը 5 օր առաջ պարզվել է, որ Յուլյա Ռուստամյանը Ֆրանսիայում է: Կապվել են նրա հետ ու հրավիրել Հայաստան: Պատվավոր հյուրերը Վահրամաբերդի ձոր են իջել Գյումրվա ֆայտոնով: 47 տարի հետո նրանք նորից ոտք են դրել այն վայրերում, որտեղ «Հեղնար աղբյուրի» նկարահանումներից բացի, քաղցր ու հիշարժան օրեր են անցելՙ կադրից դուրս: Բոլորը հուզված էին, արտասվախառն ժպիտներով գրկախառնվում էին. բոլորի համար անակնկալ էրՙ ոտք դնել այնտեղ, որտեղ մոտ կես դար առաջ են եղելՙ երիտասարդ, սիրուն, խորհրդավոր:

«Չորս ռեժիսոր փոխվեց, մինչեւ Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը» գտավ իր ճիշտ ռեժիսորինՙ Արման Մանարյանին : Այդ փոփոխությունները շատ ժամանակ էին վատնել, իսկ ֆիլմը պետք էր կարճ ընթացքում նկարել ու ժամանակին հանձնել. այդպես էր պլանը: Մի օրում 4 օրվա նկարահանում էինք անում: Մանարյանը մեծ դժվարությամբ գտավ Հեղնարի դերակատարուհուն, շատերին փորձեց, վերջը կանգ առավ Յուլյայի վրա: Հրաշալի օրեր էին. մեզ հետ Վարպետ Սոս Սարգսյանն էր խաղում. ափսոս, նա այս օրը, այս պահը չի տեսնում»,- անցյալը հիշեց Հակոբ Ազիզյանը:

Բարերար Արթուր Գալստյանն էլ էր ափսոսում, որ ավելի վաղ չի տեղեկացել Հեղնար աղբյուրի մասին. կուզենար այն կառուցել տարիներ առաջ, երբ Սոս Սարգսյանը ողջ էր: Արտիստի դուստրըՙ Անուշ Սարգսյանը, չէր զսպում հուզմունքը. «Վարպետ Մկրտչի կերպարը հորս, մեր ընտանիքին, մեր գերդաստանին շատ հարազատ է: Պապս հենց այդպիսին էր, իսկ հորս «Հեղնար աղբյուրի» հետ ջերմ հուշեր էին կապում: Հավատացեք, կարծես երազում լինեմ. սա իսկական հրաշք է: Նույն աղբուրն է, ինչ ֆիլմում, կարծես հորս ձեռքերը կպած լինեն այս քարերին»,- ասաց Անուշ Սարգսյանը:

Տոնակատարության բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում Հեղնար-Յուլյա Ռուստամյանն էր: Ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումներից հետո նրան երբեւէ չէր տեսել: Աննկարագրելի էր նրանց հանդիպումը... մոտ կես դար հետո: Դերասանուհին ֆիլմում շատ երիտասարդ էր, բոլորից երիտասարդ ու տարիքին համահունչՙ կայտառ, արկածախնդիր, չարաճճի: Յուլյա Ռուստամյանը երկար ժամանակ արեւային ակնոցը չէր հանում ու չէր համաձայնում իրեն մոտիկից նկարել: Իհարկե, նա անվիճելիորեն գեղեցիկ էրՙ գեղեցկուհի առաջացած տարիքում: Յուլյա Ռուստամյանն արեւային մուգ ակնոցը այնուամենայնիվ հանեց. լուրթ աչքերը նույնն էին, ինչ ֆիլմումՙ խորունկ, ապրած, երազող, սիրահարված:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ