ԱՐԱՐԱՏԸ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐՈ՞ՒՄ Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՊՏՀ, տ.գ.թ. Երբ առաջին անգամ առիթ ունեցա ուսումնասիրելու ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի (1760-1849) «Կանագավայի մեծ ալիքը» նկարը, անմիջապես այնտեղ նկատեցի Արարատ լեռան ուրվագիծը: Տեսածս հայտնեցի նկարիչ եւ ոչ նկարիչ իմ ընկերներին, սակայն առանձնապես ոգեւորիչ պատասխան չստանալովՙ առ ժամանակ այդ հարցը մի կողմ թողնվեց: Այս տարի Ճապոնիա կատարած այցի ժամանակ նկատեցի, որ Հոքուսայի նկարներն ամենուր էինՙ հուշանվերների, հովհարների, մատիտ-գրիչների վրա եւ այլուր: Նորից իմ մեջ հետաքրքրություն ծնվեց տեսնել «Մեծ նկարը»: Պարզվեցՙ հեղինակը ստեղծել է նկարաշարՙ «Ֆուջիի 36 տեսարանները» անվանումով, իսկ իմ ենթադրական Արարատով նկարը դրանցից թիվ մեկն է, առաջին անգամ ցուցադրված 1832-ին: Ու նորից տեսա Արարատն առաջին պլանում... Թե՛ իմ հայ լինելը, թե՛ ճապոնական մշակույթի երկրպագու լինելը դրդում էին ինձ տեսնել անտեսանելին: Նկարիչները միշտ էլ ունենում են գաղտնիքներ իրենց նկարներումՙ մեկնաբանությունները թողնելով դիտողի երեւակայությանը: Ինձ համար չափազանց հետաքրքրական էր իմանալՙ եղե՞լ է ուրիշ մեկը, որ տեսած կլիներ Արարատն այդ նկարում: Համացանցում երկար-բարակ փնտրտուքներից հետո պարզեցի, որՙ եղել է, այն էլՙ ոչ հայ, այլ ամերիկացիՙ հայտնի բանաստեղծ Դոնալդ Ֆինքելը (1929-2008): Վերջինս ոչ միայն նկատել, այլեւ 1959-ին բանաստեղծություն է գրել Հոքուսայի մեծ ալիքի մասին: Գտա նաեւ մի էսսեՙ արդեն կատարված Ֆինքելի բանաստեղծության հիման վրա, որտեղ հեղինակըՙ Սթիվըն Մարթինը , անդրադարձել է նաեւ իմ արդեն ոչ երեւակայական Արարատինՙ այսպիսի դիտարկում կատարելով. «Սակայն արվեստի գործի համար նկարիչը, որի աշխատանքներում ընդգրկված են նույն լեռան երեսունվեց տեսարանները, կարծես թե եւս մեկ տեսարան պիտի ընդգրկեր, նույնիսկ եթե այն լիներ արտաքին աշխարհից եւ Արարատ սարի գագաթից»: Ոգեւորությանս չափ չկար, եւ ամենակարեւորն ինձ համար այն է, որ ես տեսել եմ Արարատը, որոնումներ կատարել եւ գտել դրա շուրջ եղած մի պատմություն, ոչ թե հակառակը: Փաստորեն, ուրիշ նկատողներ էլ են եղել: Այս ամենի մասին պատմեցի բանասեր, հայ-ճապոնական կապերի հետազոտող ընկերոջսՙ Արծվի Բախչինյանին , որն էլ թելադրեց հոդված գրել այդ մասին: Հուսով եմ, որ այս թեման կհետաքրքրի ոլորտի մասնագետներին, եւ թե՛ հայկական, թե՛ ճապոնական կողմից կլինեն մարդիկ, ովքեր կհետազոտեն այս ամենն արդեն գիտական հենքի հիման վրա: Չէ՞ որ արդեն կա հիմք, որի վրա կարելի է հենվել: Ինչպես ասում են ճապոնացիներըՙ ցունամիները կգան-կանցնեն, իսկ Ֆուջին միշտ կմնա: Ո՞վ գիտի, միգուցե ցունամին եւ համաշխարհային մեծ ջրհեղեղն է պատկերել Հոքուսայն իր այդ նկարում: Իսկ որտե՞ղ կարող էր նկարիչը տեսած լինել Արարատի պատկերը աշխարհից դարեր շարունակ ինքնամեկուսացած Ճապոնիայում: Այս հարցերի վրա լույս կարող են սփռել պրպտումները ճապոնական արխիվներում: Ներկայացնում ենք Դոնալդ Ֆինքելի բանաստեղծությունըՙ մեր թարգմանությամբ. ՄԵԾ ԱԼԻՔԸ. ՀՈՔՈՒՍԱՅ Քանի որ ծովը կապույտ է, Քանի որ Ֆուջին կապույտ է, քանի որ ոլորանը կապույտ է, Մարդկանց դեմքերը ձյունասպիտակ են Ֆուջիի ձյան պես, Ինչպես ալիքի գագաթը երկնքում, իրենց նավերի գույնը: Քանի որ օդը Լցված է գրությամբ, քանի որ ալիքն անշարժ է, Ոչինչ չի վնասի այս ունայն օտարականներին, Ֆուջիի բարձունքում երկնագույն երկնքում մատները Չեն ընկնի, եւ երկնագույն մարդիկ Ձյան պես հենվել են ծովին, եւ ալիքը լեռան պես հառնում է Երկնքի դեմ: Նկարչի ծովում Բոլոր ձկնորսները պաշտպանված են: Իր միասնության տակ ճկվում է ողջ զայրույթը: Սակայն անմեղ դիտորդը, նա հազիվ «Քայլում է անկյունի շուրջըՙ չմտածելով ոչնչի մասին»: Թաքնված Պաստառի ետեւումՙ լսում ենք իր լացը: Նա կանգնած է կիսով չափ աշխարհի ներսում եւ կիսով չափ աշխարհի դրսում, նա է տեր ու տիրականը, Բայց նա չի կարող տեսնել Ֆուջիի ներքեւը: Ափը, երկնքի գույնը. նա է ալիքը, նա լարում է Իր ճիրաններն օտարականների դեմ: Անվտանգ չէ նա, նույնիսկ ինքն իրենից: Իր աշխարհը հարթ է: Նա օձերով լի ծովում ձկնորսությամբ է զբաղվում, վարում է իր նավը Կուրորեն ալիքից ալիքՙ դեպի Արարատ: |