ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ. "ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԳԻՇՏԻ I ԱՐՔԱՅԻՆ ՀԱՆԻՐԱՎԻ ՆՍԵՄԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ" Պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանը իր 19-էջանոց հոդվածում [Ե.Գրեկյան, Արգիշտի I արքայի գահակալության տարիների վերաթվագրության հարցի շուրջ, ՊԲՀ, 2016, № 3, էջ 178-196:] շոշափում է ըստ էության մեկ հիմնական խնդիր, այն էՙ Էրեբունի ամրոցի եւ Երեւանի հիմնադրման թվականը 1 տարով ճշգրտելու անհրաժեշտությունը: Քանի որ ամենայն հայոց մայրաքաղաքի հիմնադրումը համազգային հետաքրքրության առարկա է, ուստի ես նպատակահարմար գտա «ԱԶԳ» թերթի խմբագրության հետ միասին այդ հարցը դուրս բերել մասնագիտական ամսագրերի ոլորտից եւ քննության առարկա դարձնել այնպիսի համազգային արձագանք վայելող լրագրում, ինչպիսին է «ԱԶԳ» շաբաթաթերթը: Մենուան, որ իր հայր Իշպուինիի հետ է սկսել իր գահակալությունը, իշխել է 43 տարի (մ.թ.ա. 828-786)ՙ ներառյալ իր հայր Իշպուինիի տարիները, իսկ 810 թվականից իշխել է միանձնյա: Հեղինակը առանց որեւէ հիմքի Արգիշտի I-ի գահակալության սկիզբը դնում է 791 թվականինՙ մինչ այժմ ընդունված 786 (785) թվականի փոխարեն, որի պատճառով անհիմն 5 տարով կրճատվում են Մենուայի գահակալման տարիները: Միանգամայն բնական է կարծել, որ Մենուան կյանքի վերջին տարիներին իրեն գահակից կամ զորավար է ունեցել իր կորովի Արգիշտի որդունՙ թերեւս հենց 791-786 թվերի ընթացքումՙ մինչեւ հայր Մենուայից միանձնյա գահ ժառանգելը: Ուստի Գրեկյանի կողմից Մենուայի գահակալության վերջին տարիները 5 տարով կրճատելը ոչ մի հիմք չունի, իսկ Արգիշտի I-ի միանձնյա գահակալման սկիզբը 5 տարով ետ տանելու համար նա բազմաթիվ հարցական նշաններ է շարում, առանց չափազանցման, Արգիշտի արքայի բոլոր տարիների կողքին, որ ինքը վկայակոչում է: Գրեկյանի հոդվածը կարդացողը, գիտնական, թե շարքային ընթերցող, ամենեւին չի հասկանա, թե ինչո՞ւ Էրեբունի-Երեւանի հիմնադրման տարեթիվը ընդամենը 1 տարով հետաձգելու համար պետք է անհրաժեշտ լիներ նրա հիմնադիր Արգիշտի I թագավորի գահակալության տարիները ետ տանել 5 տարով եւ կասկածի տակ առնել բոլոր 20 տարիների իսկությունը: Եվ իսկապես, մի առ մի հարցական նշաններ են դրված Արգիշտիի բոլոր այն տարիներին, որոնք հիշատակված են հոդվածում (էջ 180-184): Ի պատասխան այդ բազմաթիվ հարցականների, պետք է տեղեկացնեմ արգո հետազոտողին, որ կանադացի ասուրագետ Գրեյսոնից նրա ընդօրինակած ասորեստանյան էպոնիմատի թվականներով Էրեբունի ամրոցի հիմնադրման տարին 1 տարով ճշգրտելը անտեղի գործ է: Գրեյսոնը հաշվի չի առել 1916 թվին հնագետ Ֆորրերի առաջարկած ասորեստանյան թագավորների էպոնիմատի նոր կանոնակարգը մեկական տարով առաջ շարժելուՙ ուշ հաշվարկելու մասին (սկսած մ.թ.ա. 885 թվականից) [Forrer. Zur Chronologie der neuassyrischen Zeit (Mitteilungen der Vorderasiatischen Gesellschaft, Bd. 20, Heft 3, 1916), S. 1-16.], որի հետեւանքով ի չիք է դառնում Էրեբունիի հիմնադրման հոբելյանը 1 տարով ետ տանելու Գրեկյանի հարցադրումը, իբր 2800-ամյակը լրանում է ոչ թե այս տարիՙ 2018 թվին, այլ 2019-ին: Այսպիսով, Գրեկյանի 19-էջանոց հոդվածում շոշափած հիմնախնդրին կարելի էր պատասխանել այս մեկ նախադասությամբ, եթե չլինեին շարադրման ընթացքում թույլ տրված մի շարք սկզբունքային բացթողումներն ու շեղումները: Արգիշտի I-ին Գ.Մելիքիշվիլու տված գահակալության տարիները (786-764) Ե.Գրեկյանը ընդամենը «աշխատանքային վարկած» [Ե.Գրեկյան, էջ 190 ծան. 69:] է համարում: Մինչդեռ Նիկողայոս Ադոնցը , որի անունը երբեւիցե չի հիշատակում Գրեկյանը իր հրապարակումներում, շատ ուշագրավ մեկնակետ է նշում Արգիշտի I-ի գահակալման 1-ին տարվա համար իր կյանքի վերջում ստեղծած ֆրանսերեն «Հայաստանի պատմություն» հիմնարար աշխատության մեջ. «Եթե Արգիշտիի առաջին արշավանքը իր գահակալության վեցերորդ տարում համապատասխանում է Սալմանասար IV-ի 781 թվականի առաջին պատասխան արշավանքին, Արգիշտիի գահակալության առաջին տարին, ուրեմն, 785 թվականն է: Սա ուրարտական թագավորների ժամանակագրության հաստատուն կետ է հանդիսանում» [Ն. Ադոնց. Քննական պատմություն Հայոց (Երկեր հինգ հատորով), Դ, ԵՊՀ հրատ., 2009, էջ 218:]: Այնպես որ Մելիքիշվիլու նշած տարեթիվը ոչ թե սոսկ «աշխատանքային վարկած» է, այլ շատ ավելի վաղ է հիմնավորվել եւ ընդհանուր հավանության արժանացել եվրոպական ուրարտագիտության մեջ: Գրեկյանը Արգիշտիի վերջին տարին դնում է 770 թվին, երբ իբր նա այլեւս գահին չէր [Ե.Գրեկյան, էջ 183 ծան. 33:]: Իրականում նրա գլխավոր հակառակորդ Սալմանասար IV-ը ավելի վաղՙ 772 թվին արդեն հեռացել էր կյանքիցՙ չդիմանալով Ուրարտու-Ասորեստան ռազմական կատաղի բախումներին: Գալով Արգիշտի I-ին, թե՛ Լեհման-Հաուպտը եւ թե՛ Ադոնցը նրա գահակալության տարիները երկարաձգում են մինչեւ 755 թ. եւ ավելի այս կողմ: Դիրքորոշման հարց էՙ նայած, թե այսինչ հեղինակը ի՞նչ նպատակ է դրել իր առջեւ, դրան հարմար էլ վկայակոչում է որեւէ համապատասխան օտար աղբյուր, որը որոշակի միտումնավոր եւ հաճախ շինծու մեկնաբանված «պատմական» հաղթանակներ է վերագրում Ուրարտուի դարավոր հակառակորդ Ասորեստանին եւ նրա զորավարներին: Այդպես է վարվում Գրեյսոնը իր շատ կողմերով պակասավոր եւ քմայամիտ աշխատություններում [A.K.Grayson. Assyrian Rulers of the Early First Millennium B.C. (858-745 B.C.). The Royal Inscriptions of Mesopotamia: Assyrian Periods, vol. III, Toronto-Buffalo-London, 1996:]: Մասնավորապես, Արգիշտի I-ի հետ ունեցած բախումներում Գրեյսոնը ոչ թե անաչառ հետազոտող է, այլ Ասորեստանի գլխավոր հրամանատար Շամաշ-իլուին հեշտ հաղթանակներ պարգեւող կողմնակալ մեկը, որի անհիմն վկայությունները հարազատորեն Գրեկյանը փոխանցում է հայ ընթերցողին, երբեմն էլ Արգիշտի I-ի ձեռք բերած հաղթանակները սքողելով անորոշ արտահայտություններով: Շամաշ-իլուին Գրեյսոնը եւ որոշ մեկնաբաններ մեկ կամ երկու կասկածելի հաղթանակ են շնորհում Ուրարտուի հզոր թագավորի դեմ մղած երկար կռիվներում եւ այդ փաստը բազմակի կրկնելով թվում է, թե ցանկանում են բազմապատկել Ասորեստանի հաղթանակները: Քննարկվող ուսումնասիրության մեջ նույն կերպ է վարվել եւ մեր հեղինակըՙ սկսած 180 էջի սկզբից, որտեղ կարդում ենք. «Արգիշթի Մենուայորդին ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է ասորեստանյան բանակի գլխավոր զորավար Շամշի-իլուի արձանագրություններում, ով հայտնում էր ուրարտական արքային հաղթելու մասին» [Ե. Գրեկյան, էջ 180:]: Այնուհետեւ դարձյալՙ «Արգիշթիի նկատմամբ ձեռք բերված հաղթանակը տեղի է ունեցել նրա (Շամշի-իլուի) էպոնիմատի տարում» (էջ 180): 2 էջ անց նորիցՙ «Արգիշթիի նկատմամբ Շամշի-իլուի ձեռք բերած հաղթանակը, ինչպես վերը նշվեց, թվագրվում է Ք.ա. 780 թ.ՙ զորավարի առաջին էպոնիմատի տարով» (էջ 182): Հաջորդ նախադասության մեջ նորիցՙ «...Ք.ա. 779 թ. թվագրվող Կալխուի դիվանի տեքստերում ուրարտացի գերիների հիշատակության փաստը կարող է հավաստել ոչ միայն Շամշի-իլուի խոսքերըՙ Արգիշթիին հաղթելու մասին, այլեւ վկայել, որ այդ հաղթանակը տեղ է գտել հենց նախորդՙ Ք.ա. 780 թ.» (էջ 182-183): Եվ վերջապես այս շարքը ամփոփելով, Գրեկյանը եզրակացնում է, թե դեպի Ուրարտու կատարած ասորեստանյան վեց արշավանքներից երեքը (779, 776, 774 թթ.) «իրենց արտացոլումը չեն գտնում ուրարտական տեքստերում» [Ե. Գրեկյան, էջ 182:], ուստի կարծում է, թե «Արգիշթիի կրած պարտությունները Շամշի-իլուից պարզապես տեղ չեն գտել տարեգրության մեջ» [Ե. Գրեկյան, էջ 183:]: Իսկ ի՞նչ է այդ մի հատիկ հաղթանակը, որ բազմապատիկ կրկնվում է այստեղ - Աշշուրի զորքը անակնկալ ներխուժում է Ուրարտու երկիրը եւ ի պատասխան Արգիշտին ասում է իր արձանագրության մեջ. «Ասուրական զորքը իմ երկրում ես ջախջախեցի: /.../ Ես նրանց ետ շպրտեցի, 22.439 պատանի գերի վերցրի, զորքը հետապնդեցի, արտաքսեցի իմ երկրից: Նույն տարում մեկնեցի Մենաբշունի քաղաքը, /.../ նվաճեցի երկրի թագավորական քաղաքը, անցա Բաբիլունի երկիրը /.../ կողոպտեցի, քաղաքները հրկիզեցի /.../ Նույն տարում Ասորեստանի զորքը ետ շպրտեցի, կոտորեցի, արտաքսեցի իմ երկրից /.../ Անցա Արխիլի երկիրը /.../ թագավորական քաղաքի եւ 60 այլ քաղաքների մարդկանց գերեցի» [Н. В. Арутюнян. Корпус урартских клинообразных надписей (КУКН), Ереван, 2001, № 173, II - III:] եւ այսպես շարունակ: Ո՞րն է այստեղ Ասորեստանի հաղթանակը: Շամաշ-իլուի մի պարապ հաղթանակ էլ Արգիշտի I-ի դեմ հայտնագործում են Գրեյսոնը եւ նրան հետեւող Գրեկյանը վերինեփրատյան գոտում, մատնանշելով, իբր «Շամշի-իլուն ասորեստանյան տերության ողջ արեւմտյան հատվածի եւ մասնավորապեսՙ սիրիական տարածքների փաստացի տիրակալն էր եւ իրեն անվանում էր «Խաթթի երկրի կառավարիչ»» [A.K.Grayson. Assyrian Officials and Power in the Ninth and Eighth Centuries. State Archives of Assyria Bulletin, 7/1, 1993, էջ 27: Ե. Գրեկյան, էջ 184 ծան. 34:]: Այն ինչ իր արձանագրության մեջ պատմում է Արգիշտին, պարտավոր էր ընթերցողին ներկայացներ ինքը հեղինակը, բայց ստիպված է եղել լռության տալ այդ արձանագրությունը սոսկ այն պատճառով, որ պարզապես հօդս կցնդեր իր եւ Գրեյսոնի փառաբանած Շամաշ-իլուին Ասորեստանի արեւմտյան տիրակալ հռչակելու առասպելը, ուստի ստիպված եմ ինքս մեջբերել Արգիշտիի արձանագրության այդ հատվածը, մանավանդ, որ հենց այդտեղ է հիշատակվում Էրեբունի-Երեւանի հիմնադրման եզակի փաստը: Առանց որեւէ «Խաթթիի կառավարչի» կամքը հարցնելու մ.թ.ա. 783/2 թ. Արգիշտի I-ը անցնում է Եփրատ գետը եւ նվաճում անդրեփրատյան տարածքը. «Ես զորք հավաքեցի, մեկնեցի Խատինիլի երկիրը, նվաճեցի Նիրիբի հովիտը ... Ուրմանի թագավորի քաղաքը, որը ամրացված էր, ես նվաճեցի ճակատամարտում, նվաճեցի Խիլարուադա արքայի թագավորական քաղաքը: /.../ հպատակեցրի Տուատեխի ցեղի երկիրըՙ Մելիտեայի հարեւանությամբ: Հասա մինչեւ Պիլաինի քաղաքը ..., մինչեւ Մելաս գետի ավազանը, մինչեւ Մարմուանի երկիրը, մինչեւ Քալա'նի երկիրը, գերեցի տղամարդկանց եւ կանանց (ընդամենը 29.284 մարդ մեկ տարում), ավերեցի ամրոցները, հրկիզեցի քաղաքները» [Н.В.Арутюнян. КУКН. № 173, II, տող 12-19:]: Այստեղ մի պահ ընդհատենք արձանագրությունը եւ հարցնենք մեր ընթերցողին. - այդ ինչպե՞ս է, որ քիչ վերեւ Գրեկյանի վկայակոչած 779 թվի Կալխուի դիվանի տեքստերում ուրարտացի գերիների սոսկ հիշատակումը հավաստում է Շամաշ-իլուի հաղթանակը Արգիշտիի դեմ [Ե.Գրեկյան, էջ 182-183:], բայց անդրեփրատյան արշավանքի ժամանակ Արգիշտիի վերցրած շուրջ 30.000 գերիները վկայում են Արգիշտի արքայի ոչ թե հաղթանակը, այլ պարտությունը: Եվ հետո, ինչպե՞ս կարողացավ պարտված Արգիշտի արքան ջախջախված զորքով եւ 30.000 գերիներով անցնել Եփրատ գետի ձախակողմը, հասնել մինչեւ Սեւանա լիճը, գրավել Քի(ե)խունի (=Գեղունի) եւ Ալիշտու քաղաքները եւ դարձյալ տղամարդկանց ու կանանց գերի վերցնելով բարձրանալ հյուսիսՙ Արարատյան դաշտ, ամայի տեղում հիմնել Էրեբունի բերդաքաղաքը եւ այստեղ բնակեցնել անդրեփրատյան Խաթեից եւ Սուպանիից (=Ծոփք) բերած գերիներից 6.600 ռազմիկների [Н. В. Арутюнян. КУКН. №173, II, տող 30-36:]: Իրար հաջորդող փաստերը, որոնք իրենց արտացոլումն են գտնում Էրեբունիի հիմնադրման եւ բնակեցման պատմական դրվագում, լավագույն ապացույցներն են դրանց ճշմարտացիության: Եթե որոշ ասուրագետ-մեկնաբաններ գաղափար չունեն Արգիշտիի հիմնած Էրեբունի-Երեւան մայրաքաղաքի մասին, ապա մենք է՞լ Շամաշ-իլուի պատվին քամի անելով, ապերախտորեն մոռացության տանք հայոց մայրաքաղաքը հիմնած Ուրարտուի ռազմագետ արքայի հիշատակը: Ընդ որում, ի հակադրություն Գրեյսոնի եւ Գրեկյանի, որոնք Արգիշտի արքային նսեմացնելու համար շարունակ նշում են, իբր Արգիշտին Ասորեստանի հետ ունեցած իր ռազմական բախումներում գրեթե միշտ գործ է ունեցել Աշշուրի իշխանների, առավելագույնըՙ Շամաշ-իլուի հետ, տեղին է հիշել գերմանացի ուրարտագետ Լեհման-Հաուպտի գնահատականը, ըստ որի Ասորեստանի թագավոր Սալմանասար IV-ը դեպի Ուրարտու կատարած իր վեց արշավանքների ժամանակ մշտապես իր հակառակորդն էր համարում Ուրարտուի Արգիշտի արքային: Գերմանացի ուրարտագետը բացահայտում է նաեւ, որ ասուրա-ուրարտական ռազմական պայքարի գլխավոր նպատակը Մանա եւ Խուբուշկիա երկրներին տիրելն էր: Արգիշտիի հայր Մենուան գրավել էր Մանա ցեղի երկիրը (MannՊerland), որը նրա հետաքրքրության ոլորտում էր գտնվում եւ Ասորեստանն ամեն կերպ ուզում էր ետ խլել այն [C.F.Lehmann-Haupt, Das urartՊisch-chaldische Herrscherhaus, Zeitschrift fՖr Assyriologie und verwandte Gebiete, Bd. 33, 1921, էջ 33: Թարգմանությունը իմն է:]: Ըստ Լեհման-Հաուպտի այդ ռազմական բախման ամբողջ ծանրությունը բաժին ընկավ գրեթե միաժամանակ գահ բարձրացած Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ին եւ Աշշուրի թագավոր Սալմանասար IV-ին: Այստեղ արժե բերել Նիկողայոս Ադոնցի տեսակետը, որը հմուտ պատմաբան-աշխարհագրագետի հայացքով է ներկայացնում Ուրարտու-Ասորեստան ավելի քան 10-ամյա անողոք ընդդիմակայության ճշմարիտ պատկերը եւ երկուստեք հետապնդած ռազմա-քաղաքական նպատակը: Այդ ասուրա-ուրարտական ընդդիմակայությունը Ադոնցը պատկերավոր անվանում է երկու արքաների մենամարտ: Տեսե՛ք, թե ինչպես է նա ներկայացնում վերը նշված վերջին իրադարձությունները. «Մենամարտը բորբոքվում է Սալմանասար IV-ի (782-772) ժամանակ: Յոթ տարում տեղի է ունենում յոթ արշավանք Ուրարտուի դեմ, որոնք նշված են էպոնիմների ցուցակում: /.../ Մենք կտեսնենք, որ այդ նույն տարիներին Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ը նույնքան արշավանքներ ձեռնարկեց ընդդեմ Մանայիՙ այն երկրի, ուր երեւան եկավ ասուրա-ուրարտական մրցակցությունը: Այստեղ Մանան Ասորեստանի փոխարեն է, իսկ Սալմանասարի մոտՙ Ուրարտուն Մանայի փոխարեն» [Ն.Ադոնց. Դ, էջ 119:]: Այսպիսով Լեհման-Հաուպտը եւ հատկապես Ադոնցը երեւան են հանում Ասորեստանի արքայի սնապարծությունը, որը իր արշավանքներին ավելի մեծ կշիռ տալով անպայման նշում է, թե դրանք ուղղված էին Ուրարտուի դեմ, մինչդեռ իրականում երկուստեք պայքարը մղվում էր Մանա երկրին տիրելու համար: Հենց միայն Խորխորյան տարեգրության № 173 արձանագրության III-V սյուներում ավելի քան 10 անգամ նշված է, թե «Արգիշտին զորք հավաքեց եւ արշավեց Մանա երկիրըՙ գրավեց, կողոպտեց, այրեց» եւ այլ պատժիչ գործողություններ, որոնք ուղղված էին հերթական անգամ ներխուժած Աշշուրի զորքի դեմ: Ուստի եւ ի չիք է դառնում Գրեկյանի այն հետեւությունը, իբր ասորեստանյան զորավարի առնվազն վեց արշավանքներից երեքը, որ ներկայացնում են նրա կրած նոր պարտությունները, չեն արտացոլվել Արգիշտի I-ի արձանագրություններում: Սակայն Գրեյսոնի եւ Գրեկյանի փառաբանած Շամաշ-իլուի խայտառակ նվաստացումը դեռ առջեւում է: Գրեյսոնը Շամաշ-իլուին պանծացնելու միտումով ընդգծում է, իբրՙ «ասորեստանյան զորավարն իր հաղթանակը հավերժացրել էր թողնելով երեք կոթող: Դրանցից երկուսը հայտնաբերվել են Թիլ-Բարսիպից (ներկայիս Թելալ-Ահմար հնավայրը հյուսիսային Սիրիայում) եւ արձանագրված են առյուծների երկու հսկայական արձանների վրա [A.K.Grayson. էջ 231 եւ հաջ.: Ե. Գրեկյան, էջ 183:], իսկ երրորդը, որն արձանագրվել է քարակոփ կոթողի վրա, գտնվել է Դոհուկի [Գրեյսոնը եւ նրանից օգտվող Գրեկյանը այս տեղանունը գործածում են աղավաղվածՙ «Դոհուկ», ըստ Լեհման-Հաուպտի պետք է լինի «DehՒk»: Վերջինիս հետեւելով Ն.Ադոնցը այն տարադարձում է ֆրանսերեն «Dehuk»:] շրջանից (հյուսիսային Իրաք)» [A.K.Grayson. էջ 233 եւ հաջ.: Ե.Գրեկյան, էջ 183:]: Գրեյսոնից բարեխղճորեն հայ ընթերցողին փոխանցելով այս վերջին նորությունը [Ե. Գրեկյան, էջ 183:], Գրեկյանը չի նկատել իր վստահած աղբյուրում թույլ տրված լուրջ սխալները: Հիմնովին անտեղի է Գրեյսոնի հրճվանքը, իբր Շամշի-իլուն իր հաղթանակն է հավերժացրել երկու հսկայական առյուծների արձաններով: Առյուծը արքայի խորհրդանիշն էրՙ անցյալում թե ներկայումս, արեւելքում թե արեւմուտքում: Պատմությանը դեռ հայտնի չէ որեւէ դեպք, երբ թագավորը թույլ տար, որ իր զորքի ձեռք բերած հաղթանակը որեւէ զորավար վերագրեր իրեն եւ ինքն իր պատվին հսկայական առյուծների արձաններ կանգնեցներ: Այդպիսի հանդգնության համար Աշշուրի մսագործ թագավորները ոչ թե նրան անմիջապես կգլխատեին, այլՙ ըստ իրենց սովորության ողջ-ողջ կաշին կհանեինՙ մի ոտքի ներբանից փուքսով օդ փչելով: Մտացածին է նաեւ, որ հյուսիսային Սիրիայում (Ասորիքում) կանգնեցրած զույգ առյուծները իբր խորհրդանշել են Արգիշտիի դեմ տարած ենթադրյալ հաղթանակը, մինչդեռ Աշշուրի թագավորը դրանք կանգնեցրել էՙ սաստելու համար շարունակ ապստամբող արամեական ցեղերին, որոնք ապրում էին Մայրիների լեռներում (Լիբանանում): Ինչ վերաբերում է Դեհոկի քարակոթողին, ապա այստեղ, ինչպես ասացի, Շամաշ-իլուին սպասում է խայտառակ նվաստացում: Մինչ ասուրագետները իներցիայի ուժով տարփողում էին, իբր Շամաշ-իլուն երրորդ քարակոթողն է կանգնեցրել Դեհոկի շրջանումՙ Արգիշտիի դեմ տարած իր հաղթության առթիվ, նշանավոր իրանագետ եւ հնագետ Ֆ.Ֆորրերը հանդես եկավ Արգիշտի արքայի աներեւակայելի սխրանքը հաստատող վարկածով. «Անհավանական չէ, որ այդ արձանագրությունը ոչ թե ասորեստանյան որեւէ թագավորի, այլ հենց Արգիշտիին է պատկանում, որը հրամայել է այն կանգնեցնել իր նվաճած ասորեստանյան տարածքում: Անհնար չէ, բայց եւ շատ աներեւակայելի: Ավելի շուտ սպասելի է, որ Արգիշտին իր հաջողությունները պարզապես խալդերեն-աշշուրերեն բիլինգվայում հենց պարտվածների լեզվով ի ցույց դրած լիներ» [Ֆորրերի կարծիքը բերում եմ ըստՙ C.F.Lehmann-Haupt, Das urartՊisch-chaldische Herrscherhaus, էջ 32 ծան. 1:]: Թեեւ Գրեկյանը Դեհոկի մոտ Շամաշ-իլուի կանգնեցրած հաղթական քարակոթողի մասին իր հաղորդած տեղեկությունը հաստատելու համար վկայակոչում է Լեհման-Հաուպտին, սակայն գերմանացի ուրարտագետը միանգամայն հակառակ եզրակացություն է հայտնում: Այս կոթողին Լեհման-Հաուպտը հանգամանորեն անդրադարձել է 1921 թվին իր հրապարակած «Ուրարտա-խալդիական իշխող տունը» [C.F.Lehmann-Haupt, Das urartՊisch-chaldische Herrscherhaus, Zeitschrift fՖr Assyriologie und verwandte Gebiete, Bd. 33, 1921.] ուսումնասիրության մեջ, այնուհետեւ 1926 թվին «Հայաստանը անցյալում եւ այժմ» [Armenien einst und jetzt, Reisen und Forschungen von C.F.Lehmann-Haupt, Zweiter Band, Erste HՊlfte, Berlin und Leipzig, 1926.] գրքի 2-րդ հատորում (գերմաներեն վկայությունները բերում եմ իմ թարգմանությամբ): Արգիշտի I-ի այս դեհոկյան հաղթական կոթողը հարուցեց Լեհման-Հաուպտի անձնվեր նախանձախնդրությունըՙ գիտարշավներով եւ նոր տվյալներով բացահայտելու վարկածի վերաբերյալ պատմական իրողությունը: Ժամանելով Վան նրա արշավախումբը ոտքով, ձիով եւ սայլով (Araba) անցավ Ուրարտուի ռազմավարական արշավուղին Վանից մինչեւ մինչեւ Դեհոկի լեռնանցքը: Առաջին իսկ գիտարշավի ժամանակ Լեհման-Հաուպտին հաջողվեց գտնել կոթողի մի համեմատաբար մեծ բեկորից զատված ավելի փոքր ֆրագմենտ, որի վրա Աշշուրի լեզվով հիշատակված էին «Argištօ», «Šamaš-ilu» եւ «Sartennu [Փոխարքա, գլխավոր դատավոր:] Musallim-Ninurtu» [C.F.Lehmann-Haupt, Das urartՊisch-chaldische Herrscherhaus, էջ 32:] անունները: «Ինչպես արդեն ընդգծել եմ, - նշում է Լեհման-Հաուպտը, - այն կոթողը, որի մասն է կազմում [գիտարշավի ժամանակ ձեռք բերած] բեկորը, հավանաբար Դեհոկի շրջակայքից է գտնվել եւ գաղափար է տալիս մի շատ հեռագնա, Նինվեին ուղղակի սպառնացող արշավանքի մասինՙ Վանից մինչեւ /.../ Դեհոկ եւ Մալթաիյա» [C.F.Lehmann-Haupt, Das urartՊisch-chaldische Herrscherhaus, էջ 32 ծան. 1:]: Ավելի ուշ, Լեհման-Հաուպտը եւս մի նոր դժվարին գիտարշավ ձեռնարկեցՙ բացահայտելու այս վիճելի քարակոթողի վերաբերյալ այլ մանրամասներ. «Երկրորդ անգամ Մոսուլում իմ գտնված ժամանակ ես ձեռք բերեցի արձանագրության մի բեկոր, որի վրա առաջին իսկ հանդիպման ժամանակ սեւեռվել էր իմ ուշադրությունը: Դա 20 սմ հաստությամբ սեւ-մոխրագույն, կարծր, (սեպագրում գործածվող) դիորիտ քարի ստորին աջակողմյան հատվածի մի բեկոր էրՙ նոր ասուրական նուրբ սեպագիր նշաններով, որին դրոշմված էր Ar-giš-tu-(u) (իմաՙ Արգիշտի) անունը եւ մենք դրան առանձնահատուկ կարեւորություն տվեցինք. սկզբից եւեթ աչքի զարնեց, որ խոսքը Արգիշտի I-ի մասին է եւ դա հաստատվեց հետագա վերծանումով. արձանագրությունը հետաքրքրություն առաջ բերեց նաեւ նրա ասորեստանցի ժամանակակցիՙ Սալմանասսար IV-ի (Շամիրամի թոռան) նկատմամբ: Խոսքը վերաբերում է ծանր կորուստներով լի ճակատամարտերին, որ ասուրական կողմից վարում էր Շամաշ-իլուն: Վկայություններ կային, որ բեկորը գտնվել էր Դեհոկի շրջանում, որը Մոսուլում խոսակցական լեզվում կոչվում էր Կոյլան: Մի ուրիշ ֆրագմենտ էլ նույն նյութից եւ նման սեպագրերով, բայց այլ տեսակի, քան մեր ձեռքին եղածը եւ հետեւաբար ոչ նույնատիպ, բայց շատ հավանական է դրան պատկանող, տեղացիները, ըստ նրանց վկայության, տեսել էին Դեհոկի շրջակայքում: Դա հետագայում հաստատեցին եւ ամերիկյան միսիոներները ...» [C.F.Lehmann-Haupt, Armenien einst und jetzt, էջ 374:]: Ահա թե ինչու գերմանացի ուրարտագետը վերստին պնդում է իր նախկին եզրակացությունը, թե Դեհոկից հետո «միայն Մալթաիյա նեղ միջանցքն էր մնում վերջին պաշտպանունակ խոչընդոտը Նինվեի հյուսիսում ընդդեմ Վանից եկող հարցակումների: Եթե Սալմանասսար IV-ի եւ Արգիշտի I-ի միջեւ եղած ճակատամարտերը այս տեղանքի շրջակայքում են մղվել, ապա Նինվեն լուրջ սպառնալիքի տակ է եղել, իսկ Ասորեստանի գոյությունըՙ վտանգված» [C.F.Lehmann-Haupt, Armenien einst und jetzt, էջ 374:]: Ցավալի է, որ մեր ժամանակակից մասնագետները որեւէ կողմնապահ աղբյուր հիմք ընդունելով բացարձակ լռության են մատնում Լեհման-Հաուպտի խիզախ հանձնառությունը եւ այս բացահայտումները: Այս ամենից զատ պետք է ընդգծեմ, որ Խորխորյան տարեգրության 9-րդ տարվա արձանագրության մեջ [Н. В. Арутюнян. КУКН. №173, IV, տող 34-36:] եւ նրա դուբլիկատում [Н. В. Арутюнян. КУКН. №174 B2, տող 6-8:] Արգիշտի արքան ինքն է բառացի հայտնում Ասորեստանի նշված տարածքը հասնելու մասին, որով կողմնակիորեն հաստատում է Դեհոկի քարակոթողի իրողությունըՙ «Խալդիի վեհությամբ ես մեկնեցի Մանա երկիրը, նվաճեցի Իրկիունի երկիրը, հասա մինչեւ Ասորեստանի Ալգանի երկիրը (KUR/Algani)»: Ի.Մ.Դյակոնովը Ալգանի բառը բացատրում է «սահման» (Ասորեստանի), որ ըստ իս միանգամայն սխալ է, քանի որ Արգիշտին, ինչպես ասվեց, Ասորեստանում նվաճած տարածքումՙ Դեհոկ բնակավայրի բարձունքին էր կանգնեցրել երկլեզվյան քարակոթողը: Լեհմանն-Հաուպտի հետեւյալ հաղորդումը եւս հակադրվում է «սահման» իմաստին. «Malthai բառը արամեերեն է - ասորիները (Syrer) այն գրում են սովորաբար Ma"allthՉ ձեւով (իմաՙ միջանցք, մուտք)» [C.F.Lehmann-Haupt, Armenien einst und jetzt, էջ 372:]: Ուրեմն իսկապես, KUR/Algani տեղանքը (-ni ուրարտերեն վերջածանցով) Դեհոկից դեպի Նինվե տանող Malthai լեռնանցքն է կամ նեղ միջանցքը, Նինվեից ոչ հեռու, բուն Ասորեստանի տարածքում եւ ոչ թե «Ասորեստանի սահմանը»: Թերեւս պետք է ենթադրել Malthai եւ (M)Algani տեղանունների նույնացման մասին: Այս ամենին անտեղյակ Գրեյսոնը, հակառակ դարասկզբին բացահայտված պատմական իրողության, դարավերջին էլ շարունակում է Շամշի-իլուին վերագրել Ուրարտուից շատ հեռու, Նինվեի մոտերքում, Արգիշտի I-ի կանգնեցրած երկլեզվյան աներեւակայելի կոթողը, որի վրա Ուրարտուի արքան ուրարտերեն եւ պարտված Ասորեստանի լեզվով ազդարարում է իր հաղթանակը: Սակայն Գրեյսոնը ոչ միայն տեղյակ չէ եվրոպացի նշանավոր հետազոտողներ Ֆորրերի եւ մանավանդ Լեհման-Հաուպտի վկայություններին, այլ նույնչափ անիրազեկ է նաեւ Սորբոնի նշանավոր հայազգի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի ֆրանսերեն «Հայաստանի պատմությանը», որում մանրամասն անդրադարձ կա Արգիշտի I-ի եւ Ասորեստանի թագավոր Սալմանասար IV-ի ռազմական կատաղի բախումներին: Կանադայի Կվեբեկ նահանգի ժողովուրդը ֆրանսիախոս է եւ այս պատճառով անգլերենի հետ միասին ֆրանսերենը եւս հռչակված է Կանադայի պետական լեզու, ուստի արգո ուրարտագետ Գրեյսոնը պարտավոր էր ի մոտո ծանոթ լինել Ադոնցի ֆրանսերեն աշխատությանը, որպեսզի դրա հրատարակումից (1942 թ.) ավելի քան կես դար հետո թույլ չտար պատմական փաստերի խեղաթյուրում եւ Ուրարտուի հաղթական արքային ներկայացներ պարտվողի դերում: Թեեւ գրում եմ «պարտավոր էր», բայց, խղճի մտոք ասած, ի՞նչ կարելի է պահանջել կանադացի գիտնականից, եթե վաստակաշատ Ադոնցի հայրենիքում ծանոթ չեն նրա ստեղծած կոթողային աշխատությանը, նույնիսկ հայերեն թարգմանությամբ (1972, 2009 թթ.): Դեռ 1930-ական թվերին Ադոնցը հետեւում էր Դեհոկի շրջանում Արգիշտի արքայի կանգնեցրած երկլեզվյան արձանագրության շուրջ ծագած բանավեճին եւ իր ծանրակշիռ տեսակետն է հայտնել այս առթիվ. «Ասորեստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Դեհուկ գյուղում հայտնաբերվել է արձանագրության մի բեկոր, որի վրա հիշատակված են Արգիշտիի, Շամաշիլուի եւ Մուշալլիմ-Նինուրտայի անունները: Խոսքը, անշուշտ, Ուրարտուի եւ Ասորեստանի միջեւ զինված բախման մասին է: Շամաշիլուն թուրթան էր, ասորեստանյան «գլխավոր հրամանատարը» /.../: Նա, այսպիսով, կռվում է Ուրարտուի թագավորի դեմ ոչ թե Հայաստանի լեռներում, այլ Ասորեստանի մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռու գտնվող Դեհուկում: Պետությունը [նկատի ունի Ասորեստանը] լուրջ սպառնալիքի ներքո էր» [Ն. Ադոնց. Դ, էջ 119:]: Մի այլ տեղ իր գրքում Ադոնցը դարձյալ անդրադառնում է Դեհոկին. «Հիշենք նաեւ այն արշավանքը, որի մասին Դեհուկում հայտնաբերվեց մի նոր վկայություն, - շարունակում է Ադոնցըՙ այս անգամ ցույց տալով հակառակ ուղղությունըՙ այդ բնակավայրի հեռավորությունը Ուրարտուից, - Դեհուկը գտնվում է Ասորեստանի մայրաքաղաքի հյուսիսում, մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Դեհուկի արձանագրության մեջ, որը կրում է Արգիշտիի անունը, հիշատակվում են Շամաշիլուն եւ Մուշալիմ-Նինուրտան: Վերջինը կառավարիչն էր Տիգրիս գետի ափին, Դեհուկից ոչ հեռու գտնվող Թիլլե քաղաքի: Անշուշտ, այդ պատճառով է, որ նա հիշատակվում է Շամաշիլուի կողքին: Շամաշիլուն ասուրական բանակի գլխավոր հրամանատարն էր, որ պատերազմական գործողություններ էր վարում ուրարտացի նվաճող Արգիշտիի դեմ: Քանի որ Մուշալիմ-Նինուրտան հիշատակված է որպես 766 թվականի էպոնիմ (անվանադիր), ուրեմն, տրամաբանական է, որ ներխուժումը կատարվել է այդ ժամանակ» [Ն.Ադոնց. Դ, էջ 219:]: Շնորհակալություն Ադոնցին այս կարեւոր տեղեկությունների համար: Բայց Sartennu (փոխարքա - Ա.Մ.) տիտղոսը կրող բարձր պաշտոնյան կարո՞ղ էր նստել Տիգրիսի զովասուն ափին այն թեժ ճակատամարտի ժամին, երբ վտանգված էր Ասորեստանի եւ նրա մայրաքաղաքի ճակատագիրը, - իհարկե, ոչ: Մի դիտողություն եւս - ամեն անգամ հետազոտողները հարկ են համարում շեշտել, թե Շամաշ-իլուն 28 տարի շարունակ եղել է Ասորեստանի զորքերի թուրթանըՙ գերագույն հրամանատարը: Բայց դա չի պատասխանում այն հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել Դեհոկի ճակատամարտը: Հենց փոխարքայի մասնակցությունը եւ Սալմանասար IV-ի անվան բացակայությունը արձանագրության մեջ վկայում են, որ Ասորեստանի արքան այդ տագնապալից պահին այլեւս գահին չէր (772թ.): Ուստի, հավանորեն ճակատամարտը տեղի է ունեցել Շամաշ-իլու զորավարի 2-րդ էպոնիմի տարումՙ 770 թ. (հին էպոնիմատով), իսկ Ֆորրերի նոր հաշվարկովՙ 769 թ.: Եվ դարձյալ. նրանք ովքեր Դեհոկի քարակոթողը վերագրում են Շամշի-իլուի փառքին, դրանով իսկ շրջանցում են այն պարզունակ հարցը, թե ինչո՞ւ է բեկորի վրա առաջինը Աշշուրի լեզվով դրոշմված Argištu (Արգիշտի) անունը - որովհետեւ դա հաղթողի անունն էԴ եւ ոչ մի կասկած չի կարող լինել, որ այդ բեկորը եւ ամբողջ կոթողը կանգնեցրել է ինքըՙ արձանագրության վրա առաջինը հիշատակված Արգիշտի արքան իր հաղթության առթիվ: Եվ ուրեմն Արգիշտին, իր անունից հետո, կոթողի վրա դրոշմել է թշնամի երկրի այն երկու զորավարների անունները, որոնց ինքը պարտության է մատնել դեմ առ դեմ մղած թեժ ճակատամարտում: Ի գիտություն Գրեյսոնի եւ մյուսներիՙ անհնար է, որ հաղթանակած Շամաշ-իլուն իրենից առաջ թույլ տար նշել պարտված թշնամու անունը - այդպիսին էր բոլոր արձանագրությունների կանոնակարգը հին դարերից ի վեր: Սալմանասար IV-ի վախճանից հետո Աշշուրի գահին հաջորդաբար նստեցին նրա եղբայրներ Աշշուրդանը (մ.թ.ա. 722-754 թթ.) եւ Աշշուրնիրարին (մ.թ.ա. 754-745 թթ.), «որոնց ժամանակ Ուրարտուի մասին ոչինչ չի լսվում», - դարձյալ մատնանշում է Ադոնցը, - Այդ լռությունը, միայն Ասորեստանի պարտության հետեւանքն է: Ուրարտուն հաղթանակել էր, այսուհետեւ Մանան կախում ուներ Ուրարտուից: /.../ Ուրարտուն հասել էր իր ծաղկման գագաթնակետին: Նա նույնիսկ առաջնորդում էր եփրատյան պետություններին, որոնց միավորելով, ուրարտական թագավորը ուժեղ կոալիցիա էր կազմել Աորեստանի դեմ» [Ն.Ադոնց. Դ, էջ 119:]: Ադոնցի այս եզրակացությունը, թե Արգիշտին միավորել եւ առաջնորդում էր եփրատյան պետությունների ուժեղ դաշինքը ընդդեմ Ասորեստանի, ցայտուն ապացույց էՙ մի անգամ եւս ժխտելու վերեւում իմ արդեն հերքած Գրեյսոնի եւ Գրեկյանի անհիմն փաստարկըՙ վերինեփրատյան գոտում Արգիշտի I-ին վերագրված պարտության մասին: Նշանակում է, պարտված էր ինքըՙ Շամաշ-իլուն, ասուրական բանակի գլխավոր հրամանատարը: Ի վերջո կարեւոր է նշել, որ Արգիշտի I արքան իր որդի եւ հաջորդ Սարդուրի II-ին ժառանգություն թողեց հզոր եւ բարեշեն թագավորություն եւ Ուրարտուի նոր գահակալը առաջին տարիներին հաջողակ ճակատամարտեր էր մղում Ասորեստանի թագավոր Աշշուրնիրարիի դեմ: Այսօր, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը բազմիցս հայտարարում է, թե ոչ միայն Արցախը, այլեւ Երեւանն ու Զանգեզուրն են պատկանում Ադրբեջանին, թվում է, թե այս հոխորտանքը պետք է առիթ տար Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը կասկածի տակ առնող Գրեկյանին անգլերեն եւ հայերեն գրած իր հոդվածներում փոխանակ Արգիշտի I-ի ստահոդ պարտությունները տարածելու, գոնե մեկ անգամ հիշեցնել Ուրարտուի հզոր արքա Արգիշտի I-ի հեռահար խոսքը. «Ես հիմնեցի Էրեբունի քաղաքըՙ Բիայնա երկրի հզորության եւ թշնամի երկրներին սաստելու համար» [Н. В. Арутюнян. КУКН. №173, II, տող 32-34:]: Ավարտելով, կուզեի հայտնել, որ լուրջ բացահայտումներ ունեմ Արգիշտի I-ի Խորխորյան տարեգրության վերաբերյալ: Բայց ինձ հյուրընկալած թերթի հարգարժան գլխավոր խմբագիրը նշան է անում այլեւս ավարտել ասելիքս, եւ ուրեմնՙ այդ մասին հաջորդ դասին: Նկար 1. Արգիշտի Ա - տուֆ եւ բազալտ, հեղինակ` Լեւոն Թոքմաջյան, ճարտարապետՙ Էդվարդ Բասրոյան: Տեղադրվել է 2002 թվականին Էրեբունի հրապարակում, «Էրեբունի» թանգարանի շենքի դիմաց: Նկար 2. Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման մասին: |