RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-13 23:24:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆ, ԿՈՎԿԱՍԻ ԾԻՐԱՆԸ

ԱՐԻԵԼ ՇՎԱՅՑԵՐ

Այս տարի Երեւանում հյուրընկալված ֆրանսիական կինոգետ Արիել Շվայցերն անդրադարձել է այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆրանսիական հեղինակավոր «Կայիե դյու սինեմա» կինոհանդեսում: Թարգմանաբար ներկայացնելով նրա հոդվածըՙ նկատենք, որ սխալվել է հեղինակըՙ գրելով, թե իբր երեւանյան կինոփառատոնի աշխատանոցներին թուրք ռեժիսորներ չեն մասնակցում: Նա պարզապես տեղյակ չէ, որ Թուրքիայի ներկայացուցիչները ոչ միայն «Ոսկե ծիրանի» զանազան տարածաշրջանային հանդիպումների մշտական մասնակիցներն են, այլեւ տարիներ ի վեր գործում է փառատոնի նախաձեռնած «Հայաստան-Թուրքիա կինոյի հարթակը», որի հանդիպումների արդյունքում արդեն մի քանի ֆիլմեր են նկարահանվել...

Սաստիկ շոգի մեջ (42 աստիճան) եւ չզովացված դահլիճներում տասնհինգերորդ անգամ կայացավ Հայաստանի գլխավոր փառատոնը (հուլիսի 7-14)ՙ «Ոսկե ծիրանը», որն այդպես է կոչվել ի պատիվ ազգային մրգի եւ ստեղծվել է 2003-ին: Նրա նախագահ եւ համահիմնադիր Հարություն Խաչատրյանը փառատոնի մասին արտահայտվում է որպես «մշակույթի, հատկապես ամենաժողովրդական արվեստիՙ կինոյի միջոցով ճգնաժամի մեջ գտնվող մի երկրի վերականգնման նախագծի» : Այս աղքատ երկրում, որտեղ մշակույթը առաջնահերթություն չէ, այս միջոցառումը բախվեց իր ֆինանսական անապահովությունից բխող հազարավոր դժվարությունների, եւ ստիպված եղավ, իր բյուջեի 80 տոկոսի համար դիմել մասնավոր հովանավորներիՙ «այդուհանդերձ չհրաժարվելով փառատոնի անկախությունից», պնդում է Խաչատրյանը: Փառատոնը կարողացավ դառնալ հայ կինոյի հիմնական հարթակըՙ մեծ տեղ տալով սփյուռքահայ կինոգործիչներին (Ատոմ Էգոյանը մի քանի տարի եղել է փառատոնի պատվո նախագահը), ինչպես, օրինակ, պատվեց այս տարի Դավիթ Սաֆարյանին եւ Վալերի Մասադյանին եւ նույնիսկ բացվեց ողջ Կովկասի կինոյի առաջՙ ընդունելով վրացի, ազերի կամ իրանցի կինոգործիչների: Ի դեպ, ստեղծվեց «աշխատանոց»ՙ խրախուսելու համար կինոգործիչների, արտադրիչների, տարածողների եւ տարածաշրջանի կինոփառատոների տնօրենների միջեւ մերձեցումը, նկատելի բացառությամբ թուրքերի հանդեպ, որոնց ֆիլմերը թե- ցուցադրվում են, սակայն հեղինակներին մինչ- օրս չեն հրավիրում:

Ոսկե ծիրանը հպարտությամբ պատվում է հայ կինոյի մեծ անուններինՙ սկսած Սերգեյ Փարաջանովից, որի երեւանյան հրաշալի թանգարանն ամեն տարի ընդունում է փառատոնի հյուրերին, կամ Արտավազդ Փելեշյանից, որը վերջերս վերադարձավ ապրելու հայոց մայրաքաղաքում եւ իր ներկայությամբ այս տարի պատվեց ֆիլմերի մի քանի ցուցադրություններ: Սակայն ինչպիսի՞ն է հայկական կինոարտադրության ներկա վիճակը: «Դժբախտաբար, կինոյին հատկացված հանրային բյուջեն 800 հազար դոլարից չի անցնում. չնչին մի գումար, որով կարելի է տարեկան նկարահանել մեկ կամ երկու լիամետրաժ ֆիլմ - ոչ ավելին» ,- նկատում է Խաչատրյանը: - Խորհրդային Միության ժամանակաշրջանում մենք չունեինք ազատություն, սակայն ֆինանսական միջոցներն առավել նշանակալից էին: Այդ ժամանակ Հայաստանն արտադրում էր տարեկան յոթ լիամետրաժ կինոնկար: Այսօր մենք ունենք ազատություն, բայց ո՛չ գումար» : Հույսն ուստի- ամենաերիտասարդներից է սպասվում է, որոնք արդեն իսկ «աշկերտ-կինոգործիչներ» ենՙ վարժված թվային նկարահանմանըՙ փոքր բյուջեով: Այսպիսով, հիշենք 21-ամյա ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» գեղեցիկ կարճամետրաժը, բանաստեղծական, երաժշտական եւ ռիթմիկ մի դեգերումՙ քամու կամքին տրվածՙ Եր-անի փողոցներում պատկեր ու ձայն հավաքելու որոնման մեջ:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ