«ԵՐԱԺԻՇՏՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԼԻՆԻ ՊԱՏՇԱՃ ԲԵՄԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՎԱՐՁԱՏՐՎԻ». ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ Հարցազրույցըՙ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ Ստեղծագործող անհատներից շատերին երբեմն ի վերուստ մի քանի շնորհներ են տրվում. մենք ունեցել ենք եւ ունենք գրողներ, ովքեր նաեւ նկարել են, նվագել որեւէ գործիք եւ հակառակըՙ գրող ու նկարող երաժիշտներ... Հիրավի, անքննելի են գործերն Աստծո: «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր, դաշնակահար Սեդրակ Երկանյանը մեկն է այդ օրհնյալներից, ում հետ ունեցած հարցազրույցս նման էր եկեղեցում հնչող պատարագի, ժամերգությանՙ խաղաղություն պարգեւող եւ ի բարձունս առաքվող աղոթքի: - Պարո՛ն Երկանյան, սկսենք Ձեր արմատներից. գնանք դեպի դարերի խորքերը: - Կա մի վարկած, ըստ որի, մեր նախնիները Խարբերդից են տեղափոխվել Էրզրում: Փաստացի, Երկանյանները 1830-ից համարվել են էրզրումցի. այդ թվին Էրզրումում ծնվել է իմ պապի պապ Իսրայել Երկանյանը: Երկանյաններն Էրզրումից դուրս են եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ ամեն մեկը գնացել է մի ուղղությամբՙ Ղարաքիլիսա, Ղարաբաղ, Թիֆլիս, Տավուշ, Երեւան... Իմ արմատները սերում են երկու ճյուղերիցՙ հայրական կողմս Կարնո շրջանից է, մայրական կողմսՙ Մադենի շրջանից (Գամիրքից): Հայոց ցեղասպանությունից փրկվելովՙ հայրական կողմս հաստատվել է Ֆրանսիայում, մայրական կողմսՙ Եգիպտոսում: Ծնողներիս հանդիպումը տեղի է ունեցել «բոլշեւիկյան ծրագրերի» շրջանակներում. բացատրեմՙ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փրկելու հարց է առաջանում եւ որոշում են ներգաղթ կազմակերպել: Հայրական կողմս Հայաստան է գալիս Ֆրանսիայից, մայրական կողմսՙ Եգիպտոսից: Այդ հայրենասիրական ալիքի վրա նրանք նավով հասնում են Բաթում, որից հետո ճանապարհը շարունակում են գնացքով եւ Լենինականում, այսպես ասած, նրանց վագոններից դուրս են թափում դաշտերում կառուցված Նորավան կոչվող տխուր թաղամասումՙ անլույս, անջուր, առանց հիգիենայի տարրական պայմանների, ցեխոտ, մռայլ... Եթե հանկարծ փորձեին դժգոհել, գիշերը կհայտնվեին բեռնատարների մեջ եւ ուղիղՙ Սիբիր: Պատկերացրեք, Ֆրանսիայում քաղաքակիրթ միջավայրում, տան աշխատողներով, ծառայողներով ապրած պապիս վիճակը: Այդ ցեխոտ ու մռայլ բնակավայրում էլ հանդիպել են ծնողներս, ամուսնացել, եւ ծնվել ենք քույրս, եղբայրս ու ես: Ես տան «ամենաշփացածն» էի, ում շատ էին երես տալիս, սիրում, հանդուրժում կամակորությունները: Սկզբնական կրթությունս ձեռք եմ բերել այդ ցեխոտ թաղամասում, որը, մեր հաստատումից ի վեր, կամաց-կամաց զարգանում էր: Այդ թաղամասում էին գտնվում Նիկողայոս Տիգրանյանի երաժշտական դպրոցը, Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը: Մեր նախնական կրթությունն այդ կրթօջախներում ենք ստացել: Լավ ուսուցիչներ ենք ունեցել, ովքեր մեզանում դասական երաժշտության հանդեպ սերն էին շատացնում, ուղղորդում դեպի համաշխարհային երաժշտության գանձարան: Ծնողներիս եւ մեր ուսուցիչների շնորհիվ դասական ոչ մի համերգ բաց չէինք թողնում: - Որտեղի՞ց Ձեզանում երաժշտական հակումները: - Աչքերս բացել եմՙ մորս երգն եմ լսել, դեռեւս չոչ էի անում, երբ եղբայրս սկսեց ջութակ նվագել: Հայրս չի սպասել անգամ, որ եղբայրս 7 տարեկան դառնաՙ նոր հաճախի երաժշտական դպրոց. նա զգալով եղբորս երաժշտական հակումներըՙ մասնավոր ուսուցիչ է վարձումՙ տանը պարապելու: Դաշնամուր ունեինք տանը, եւ մթնոլորտը լեցուն էր երաժշտությամբ: Ֆրանսիայում հայրս շատ լավ դերձակ է եղել եւ կարողացել է հոգալ իր ընտանիքի բոլոր կարիքները ու, դեռեւս Մարսելում, իր աշխատասիրության շնորհիվ մեծ կարողություն ուներ: - Պարո՛ն Երկանյան, ասացիք, որ Ձեր տանը, դեռեւս մանուկ հասակից, տիրում էր երաժշտական մթնոլորտ. դրա՞նք էին Ձեզ երաժշտության աշխարհ ուղղորդող մղիչ ուժերը: Դաշնամուր, դիրիժորություն. ո՞րը հաղթեց... - Ե՛վ երաժշտական մթնոլորտը, ե՛ւ ծնողներիս սերը երաժշտության հանդեպ, ե՛ւ իմ մեջ ի վերուստ դրված «բանալիները», Վան Կլայբերնին նմանվելու հարազատներիս երազանքը, երաժշտական արմատներից եկող կանչը, Վալերիա Օսիեւսկայայի դասերը կարեւոր դեր խաղացին: Երաժշտական դպրոցի 7-րդ դասարանում դիրիժորություն անցա, դպրոցի նվագախումբը ղեկավարող տնօրենը երկու հոգու ընտրեց, որոնցից մեկը ես էի: Ինձ հետ պարապեց ողջ տարին: Դաշնամուրը, բնականաբար, գլխավորն էր իմ կյանքում. շատ համերգներ եմ ունեցել, այդ հաջողությունների համար ես պարտական եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հզոր հիմնաքարերին. այդ դպրոց ընդունվեցի քրոջս ու եղբորս շնորհիվ, ովքեր արդեն կոնսերվատորիայի ուսանողներ էին: Դա մի հզոր դպրոց էրՙ իր տված տաղանդավոր շրջանավարտներով: - Ունեցե՞լ եք այդ աշխարհում դժվարություններ: - Այո՛, շատ... հաջողություններինՙ զուգահեռ. նույնըՙ նաեւ կոնսերվատորիայում սովորելու տարիներին եւ... մի՛շտ: Կյանքում հաճախ եմ առիթ ունեցել բախվելու դառն իրականությանը: - Մոռացա հարցնելՙ ինչպե՞ս հայտնվեցիք Երեւանում: - Քանի որ մյուս երեխաներն արդեն պետք է սովորեին Երեւանի կոնսերվատորիայում, հայրս մտածեց, որ պետք է տուն վարձել. ես էլ արդեն ընդունվել էի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Լենինականի տունը հանձնեցինք պետությանը եւ հաստատվեցինք Երեւանում: Չայկովսկու դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երեւանի պետական կոնսերվատորիա: - Մաեստրո՛, պատմեք, խնդրեմ, Ձեր հայրիկիՙ Վահան Երկանյանի մասին: - Դժվար մանկություն եւ երիտասարդություն է ունեցել հայրս: Ծնվել է փախեփախի տարիներինՙ Էրզրումից դուրս, թուրքական Զոնգուլդակ քաղաքում: Ջարդի ժամանակ Երկանյանների մի ճյուղը գնում է դեպի Սեւ ծով, տարիներ անց գնում է Պոլիս եւ հենց այդ դեգերումների ժամանակ էլ ծնվում է հայրս: Մինչեւ նրա 5 տարեկան դառնալըՙ ապրել են Պոլսում, որից հետո, ընտանիքը չվստահելով Քեմալի կառավարությանըՙ 1922-ին տեղափոխվում է Ֆրանսիաՙ Մարսել: Հայրս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Ֆրանսիայի բանակում, ֆրանսիական կառավարությունը գնահատել է նրա վաստակը, իսկ խորհրդային պետության համար դա նշանակութուն չունեցավ... - Եթե այդպես էր, ինչո՞ւ Ձեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: - Հայրս չափազանց հարգված ու ճանաչված դերձակ էր այնտեղ, սակայն վիրավորված էր Ֆրանսիայի կառավարությունից միայն նրա համար, որ իրեն մերժել էին քաղաքացիության հարցում. պատճառը հիմնականում դա էր եւ հայրենիքը տեսնելու, այնտեղ ապրելու երազանքը: Երբ տեղափոխվում էինք, հայրս իր հետ բերեց բոլոր կարի մեքենաները, սակայն Բաթումում արդեն նրա կարի մեքենաներից ընդամենը երեքն էին մնացել... Հայաստանում եւս հորս անունը թնդում էրՙ որպես հմուտ եւ հրաշալի դերձակի: - Պարո՛ն Երկանյան, ես գիտեմ, որ Ձեր երաժշտական աշխարհում կա եւս մեկ գողտրիկ աշխարհ, որը կոչվում է բանաստեղծություն. ե՞րբ բացահայտեցիք Ձեր մեջ գրողին: - 75-76թթ. կարծես թե մի նոր շնչառություն բացվեց, եւ ես սկսեցի գրել. երբեմն լռում էր այդ շնչառությունը եւ մեկ էլ նորից այցի էր գալիս... Ունեմ տպագրելու գրքեր, սակայն ֆինանսական վիճակը թույլ չի տալիս իրագործել այդ երազանքս: Բայց աղջիկսՙ Կամիլան, անակնկալ մատուցեց եւ ստեղծագործություններս տպագրեց Բեյրութի «Կամար» հանդեսում: - Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալՙ դարձյա՞լ երաժիշտ... - Ասեմ, որ փոքր ժամանակ, որքան էլ կապված էի երգին ու երաժշտությանը, եւ մեր տան մթնոլորտը հագեցած էր այդ արվեստով, սակայն ես ունեի քիմիկոս դառնալու երազանք եւ տանն ու դպրոցում քիմիական չարաճճի փորձեր էի կատարում: - Այժմ անդրադառնանք «Տաղարան» համույթի ստեղծման պատմությանը: - Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հիմնադրվել է 1981թ. սկզբնապեսՙ «Շարական» անվամբ, եւ իր գործունեությունը ծավալել է մինչեւ 1985թ.: «Շարականի» հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը Դանիել Երաժիշտն է եղելՙ Գրիգոր Դանիելյանը: 1985-87թթ. գործել է առանց գեղարվեստական ղեկավարի: 1987թ. եղբայրսՙ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձնել է համույթի գեղարվեստական ղեկավարի պարտականություններըՙ նոր շունչ հաղորդելով «Տաղարան» խմբին, կարճ ժամանակում ստեղծելով մոտ 300-ից ավելի հայ հոգեւոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի բարձրաճաշակ մշակումներ: 1994-ից խումբը ղեկավարում եմ ես: Ի սկզբանե «Տաղարան»-ը («Շարականը») կոչված է եղել բեմ բարձրացնելու եւ տարածելու հայ միջնադարյան հոգեւոր երգարվեստի գանձերը: «Շարական»-ն իր անունը փոխել է ԽՍՀՄ-ի տարիներինՙ կուսակցական բարձրաստիճան գործիչների առաջարկով... կարծում եմՙ Ձեզ հասկանալի են պատճառները: - Պարո՛ն Երկանյան, ինչպե՞ս է կատարվում սերնդափոխությունը «Տաղարան»-ում: - Ցավոտ հարցերից մեկն է. գաղտնիք չէ, որ այսօր երաժիշտները մեզանում չունեն այն վարձատրությունը եւ այն կարգավիճակը, որը հնարավորություն է ընձեռում մարդկանցՙ զբաղվելու միայն այդ գործով: Այսօր էլ, ցավոք, այդ երթը շարունակվում է: Այս 24 տարիների ընթացքում 100-ից ավելի լավ երաժիշտներ են գնացել եւ ծաղկեցնում են ուրիշ երկրների արվեստը... Շարունակ սպասում ենք, որ երաժիշտների վարձատրությունը կավելանա, սակայն ոչինչ չի փոխվել... Շատերը գնում են արտերկիր, գալիս են նորերը, կատարվում է անհամաչափ սերնդափոխություն: Հիմնականում լարայիններն են գոյատեւում, բայց դաշնամուրային բաժին ավարտածները, եթե փայլուն ձեռք չունեն, այստեղ դատապարտված են չգոյության: Ունենք պլան կոչված բոլշեւիկյան սիստեմը եւ տարին մոտ 15-17 համերգ էինք տալիս, բայց մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք բազմացավ համերգների թիվը, պետք է իրականանար տոմսերի վաճառքը, եւ շատ այլ խնդիրներ կային... - Ի՞նչ կասեք այսօրվա երաժշտական աշխարհի տարաբնույթ խճանկարի մասին: - Խճանկար պե՛տք է լինի, բայց ամեն ինչ եւ ամեն մեկնՙ իր տեղում, գեղադիտակի տակ, որովհետեւ ամեն մարդ մի ճաշակի տեր է. ռաբիսն իր տեղում, դասականնՙ իր, էստրադան ու ժողովրդականն էլՙ իրենց տեղերում: 1988-ից հետո բեմ բարձրացան այսպես ասածՙ «սոված տղերքը», որոնցից ոչ մեկը չի փայլում, նրանց համար կարեւորը դարձավ անվան հնչեղությունը, կարողություն դիզելը, բայց ոչՙ բարձրաճաշակ արվեստ մատուցելը: Ցավոք, այս երեւույթը շատ արագ կարողանում է վատ ճաշակ ձեւավորել: - Ի՞նչ անել, որ բարձր արվեստը թագավորի ու նրա երկրպագուները շատանան: - Ինչպես որ դա անում էր Ելիզավետա թագուհինՙ դեռեւս դարեր առաջ. կազմակերպելով բացօթյա մեծ համերգներ, առանց տոմսերի, համերգներՙ որոնց առաջին շարքերում արքաներն էին նստում, բարձրաստիճան պաշտոնյաները: Այս դեպքում հասարակությունն անպայման կհետեւի նրանց օրինակին: - Պատմեք, խնդրեմ, «Տաղարան»-ի երաժշտական ուղեւորությունների մասին: - Խումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում, ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում, Կիպրոսում, Լիբանանում եւ այլուր: Հիմա չկա նման համերգների հնարավորություն: - Քանի՞ հոգի է ընդգրկված համույթի կազմում եւ ի՞նչ գործիքներ: - Խմբի կազմում 14 հոգի են, 2 տղամարդ երգիչՙ Պերճ Քարազյանն ու Հովսեփ Նշանյանը, եւ երգչուհի Լուսինե Մարկոսյանը: Համույթը մասնակցել է միջազգային մի շարք փառատոների, մասնակցում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպած համերգներին: Գործիքներըՙ ֆլեյտա, ֆագոտ, բլուլ, դուդուկ, հոբոյ, լարային քառյակ, ուդ, սանթուր, երգեհոն կամ կլավեսին, դաշնամուր: - Մաեստրո՛, Ձեր երաժշտական գործունեությունն ի՞նչ ճանապարհ է անցել: - Իմ երիտասարդության 22 լավագույն տարիները ծառայեցրել եմ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Պետական ակադեմիական երգչախմբին եւ չեմ ափսոսում, սակայն ունեցել եմ շատ հիասթափություններ. 1994-ից ղեկավարելով «Տաղարանը»ՙ շարունակել եմ իմ համագործակցությունը ակադեմիական երգչախմբի հետ... 2000-ից այլեւս չէի կարող աշխատել այդ խառնարանում: Աշխատել եմ Սիրիայի «Զվարթնոց» երգչախմբի հետ, Համազգայինի, Երուսաղեմի հոգեւոր ճեմարանի երգչախմբումՙ որպես դիրիժոր, մի կարճ ժամանակ համագործակցել եմ Ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային երգչախմբի հետ: Գործիքավորել եւ մշակել եմ «Հարսանեկան» եւ «Հորովելներ»-ի շարքերը: - Արտերկրից կանչ չե՞ք ունեցել: - Անշո՛ւշտ, եղել են աշխատանքային հրավերներ, սակայն չէի կարող թողնել, որ զավակներս անհայր մեծանան, չէի կարող թողնել Արագածը, Արարատը, իմ աշխատանքը, իմ դաշնամուրը, իմ միջավայրը... - Ո՞ր աշխարհում եք Ձեզ ավելի լավ զգումՙ երաժշտությա՞ն, պոեզիայի՞, նկարչությա՞ն... ո՞րն է Ձեր թագավորությունը: - Նայածՙ որ պահին, նայածՙ ինչ տրամադրություն ունեմ... երեք աշխարհներն էլ սիրում եմ եւ, ի վերջո, դրանց շաղախը նույնն էՙ ստեղծագործական ոգին, տիեզերքից եկող ձայները, գույները... - Մաեստրո՛, ո՞րն է Հայաստանի տեսլականը Ձեզ համար եւ հայի լավագույն տեսակը... - Հայաստանի վարդագույն ապագան կախված է մարդուց. եթե մարդն իր առջեւ խնդիր դնի մարդ լինել, անպայման շատ հարցեր կլուծվեն եւ, կարծում եմ, որ այդ ժամանակները շատ հեռու չեն: Իսկ հայի լավագույն տեսակն ինձ համար պապիկիս եղբայրն էՙ հրաշալի մտավորական, մեծ հայրենասեր, բոլորի կողմից ճանաչված Արամ Երկանյանը: |