RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-06 21:30:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2196, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԵՍ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ալբերտ Շարուրյանի հիշատակին

Գրականագետ Ալբերտ Շարուրյանը (1939-2007) վերջին տասնամյակների մեր լավագույն բանասերներից մեկն էր, իր գործի հմուտ ու բանիմաց գիտակը, գրականության իսկական մշակը: Գիտական բարձր աստիճան եւ կոչում ուներՙ գիտության դոկտոր, պրոֆեսոր, բայց դրանք ոչինչ են իր կատարած մեծածավալ եւ հարգեւոր աշխատանքի, մոտ երեք տասնյակ գրքերի եւ հարյուրավոր հոդվածների համեմատ:

Ալբերտ Շարուրյանը արեւտմահայության կյանքի, արեւմտահայ իրականության, մշակույթի, գրականության եւ արվեստի ու մանավանդ մամուլի սակավաթիվ գիտակներից մեկն էր եւ լավագույն գիտակ: Ասվածի լավագույն վկայությունն են Սրբուհի Տյուսաբին, Պետրոս Դուրյանին, Դանիել Վարուժանին, Միսաք Մեծարենցին նվիրված իր մենագրություններն եւ ուսումնասիրությունները: Մեր գրականության համար առանձնապես կարեւոր է իր կատարած բարձրակարգ եւ մասնագիտորեն շատ բարեխիղճ բնագրագիտական աշխատանքը: Նա գիտական հրատարակության է պատրաստել Պետրոս Դուրյանի (երկու հատորով), Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի (վեց հատորով) գրական ժառանգությունըՙ բնագրերը օժտելով քննական ու գիտական ճշտումներով, արժեքավոր եւ տարողունակ ծանոթագրություններով, արեւմտահայ կյանքի եւ իրականության հետ կապված բազմաթիվ իրակությունների, դեպքերի եւ իրադարձությունների հանգամանալից մեկնաբանություններով:

Ես դեռ չթվարկեցի իր մյուս արժեքավոր գործերըՙ «Դանիել Վարուժանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը», «Գրիգոր Զոհրապի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը» եւ այլ ծավալուն գրքերն եւ ուսումնասիրությունները: Այդպիսի հիմնավոր աշխատանքը կարող էր կատարել միայն նյութին եւ առարկային կատարելապես տիրապետող գիտնականը: Այսօր մեզանից ո՞վ կարող է նման լուրջ ու ծանրակշիռ ուսումնասիրական աշխատանք կատարել:

Ես առանձնակի հարգանք եմ ունեցել իր անձի եւ գործի հանդեպ: Մենք իրար ճանաչում էինք իմ ուսանողության տարիներից: Ճիշտ է, նա ինձ չի դասավանդել, բայց ես նրանից շատ բան եմ սովորել: Լավ զրուցակից էր. նրա հետ շատ հաճելի էր զրուցելը: Բանասիրության ֆակուլտետում նրան շրջանցում կամ անտեսում էին, բայց դա ուրիշ օրվա ուրիշ պատմություն է: Եվՙ երկար պատմություն: Կարճ ասեմՙ մեր գրականության մեջ ճառային գրականագիտության եւ գավառական գեղեցկախոսության, գեղջկական (նաեւՙ կանեփային, տնահյուս ու վաղեմի) ռեալիզմի եւ մանավանդ, սոցիալիստական ռեալիզմի մոլի ջատագովների ժամանակն էր: Ալբերտ Շարուրյանն, իհարկե, նրանցից չէր:

...Ես ասպիրանտ էի, տանը աշխատելու հնարավորություն չունեի եւ վաղ առավոտից միշտ պարապում էի հանրային գրադարանում: Հետագա տարիներին էլ մշտապես պարապել եմ հանրային գրադարանում: Հազարից մեկ համալսարանի որեւէ դասախոս կհայտնվեր գրադարանի գիտական աշխատողների սրահում: Ալբերտ Շարուրյանը միշտ այնտեղ էր իր ազատ բոլոր օրերին ու ժամերին, միշտ նույն տեղում նստած, միշտ հակված մամուլի հավաքածոների եւ իր թղթերի վրա: Աշխատանքը ընդհատում էր միայն, երբ դուրս էր գալիս միջանցքՙ ծխելու: Շարուրյանը մոլի ծխող էր:

Ասպիրանտությանս օրերին Շարուրյանը մի անգամ գրադարանի միջանցքում ինձ ասաց.

- Այ տղա, դու եվրոպական գրականությանը ավելի ծանոթ ես: Միսաք Մեծարենցի հետ կապված երկու-երեք անուն կա, որ չեմ կարողանում պարզել: Միգուցե դու կիմանաս...

Եվ տվեց այդ անունները: Ես, անկեղծ ասած, շոյվեցի, որ ճանաչված գրականագետը եւ համալսարանի փորձառու դասախոսը ինձ է դիմում նման հարցով, բայց ես, իհարկե, պատասխանները չգիտեի:

Ժամանակ անցավ: Տարիներ անց, կարծեմ թե 1980 թվականին, մենք արդեն աշխատակից-գործընկերներ էինք,- Շարուրյանը նորից դիմեց ինձ նույն անունների հարցով: Երեւի թե մոռացել էր, որ ինձ մեկ անգամ արդեն հարցրել է: Համոթ ինձ, ես նորից չգիտեի: Ինքը տխրեց.

- Գիտեսՙ քանի հոգու եմ հարցրել: Էլ մարդ չմնաց: Բա ի՞նչ անեմ...

Միսաք Մեծարենցի Երկերի ժողովածուի ակադեմիական հատորը, որ ինքն էր պատրաստել հրատարակության, լույս տեսավ 1981 թվականին: Գրքում այդ երկու-երեք անունները մնացել էին առանց մեկնության եւ ծանոթագրության:

Մեկ-երկու տասնամյակ անց ես աշխատանքի բերումով առավել խորությամբ զբաղվեցի եվրոպական գրականությամբ: Եվ քանի որ Միսաք Մեծարենցը ինձ պատանությունիցս ուղեկցած բանաստեղծներից մեկն է, մի օր մեջս Շարուրյանի հարցերին պատասխանելու անզուսպ ցանկություն առաջացավ: Կարող էի, բայց չարեցի, մեր կյանքի խելագար ժամանակը, մեր ապրած վայրիվերո ու հեղհեղուկ կյանքը տեղ չէր թողնում շատ բաների համար:

Այսօր ես ուզում եմ պատասխանել Ալբերտ Շարուրյանի հարցերին:

Այսպես.

1. Միսաք Մեծարենցը «Վայրկեաններ» բանաստեղծության համար բնաբան է ընտրել Ռեյմոն Պույեեռի (Միսաք Մեծարենցի տառադարձությունն է.- Ե. Տ.-Խ.) երկու տողը: Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու»ի ակադեմիական հրատարակության (Երեւան, 1981) «Ծանոթագրություններ» բաժնի 377-րդ էջում գրված է. «Մեզ հայտնի չէ, թե ո՞վ է Ռեյմոն Պույեեռը (Պույեռը) եւ որտեղի՞ց է վերցված բնաբանը» :

Լուի Ռեյմոն Բույերը (Louis Reymond Bouyer, 1867-1935) ֆրանսիացի գրող է, արվեստի եւ երաժշտության տեսաբան եւ քննադատ: Բնաբանը առնված է Նիցշեին նվիրված էսսեից:

2. «Աղեղ ու կապարճ» հոդվածում Մեծարենցը գրում է. «Բարեկամս, առանց որեւէ դիտողության մը, ինծի ներկայացուց Le Journal թերթեն կտրոն մը, «Illusion...» վերնագրով եւ «Maurice Level ստորագրությամբ»... (Մեծարենց, էջ 278):

«Ծանոթագրություններում (էջ 421) գրված է. «Maurice Level- ֆրանսիական հանրագիտարաններում այս հեղինակի մասին որեւէ տեղեկություն չկա» :

Մորիս Լըվելը (Maurice Level, 1875-1976) ֆրանսիացի գրող է, լրագրող եւ դրամատուրգ:

3. Մեծարենցի ակադեմիական հատորում տպագրված է Մեծարենցի թարգմանած մեկ կտորըՙ «Երկարաձիգ խավային երկիրը» խորագրով: Ծանոթագրություններում (էջ 427) այդ թարգմանության շուրջ գրված է հետեւյալը.

Առաջին անգամ «Անտիպ էջ մը Միսաք Մեծարենցե» ընդհանուր խորագրի տակ տպագրվել էՙ Մ. Չուհաճյան եւ Թ. Ազատյան, «Ընդարձակ տարեցույց» Կ. Պոլիս, 1929, էջ 52-53: Զետեղվել է միայն «Ոսկի արիշին տակ» ժողովածուում:

«Ընդարձակ տարեցույցում» ծանոթագրված է. «Մ. Մեծարենց 1907-ին անգլիերեն (Թելմա) բնագրեն հայացուցած է այս նկարագրական անտիպ էջը, զոր խմբագրությանս տրամադրած է իր բժշկուհին տքթ. Օֆելիա Տ. Գասապյան»: Իսկ «Ոսկի արիշին տակ» ժողովածուի ներածության մեջ ասված է. «1922-ին ալ տքթ. Օֆելիայի քով գտնվեցավ էջ մը (Երկարաձիգ խավային երկիրը) Թելմայի անգլ. բնագրեն» (էջ ԻԲ): Թ. Ազատյանն իր ուսումնասիրության մեջ օգտվելով Տ. Գասապյանի օրագրից, պատմում է .

«Խոսք կու գա Օֆելիայի հայացուցած վեպինՙ «Թելմա»ին վրա, զոր Մեծարենց կարդաց վերջերսՙ իր բնագրեն :

Բանաստեղծը կ՛ըսե .

- «Շնորհքով մարդիկ»են (Զապել Եսայանի վեպն է- Ա.Շ.) ետքը անհրաժեշտ պետք մըն է «Թելմա»ին հրատարակությունը, ա՜խ, շո՜ւտ, եւ ինչ աղվոր պիտի ըլլա այս բանը: Օֆելիան դեռ չճանչցածՙ քիչ մը շատ վիպական գտած էի Թելման-հերոսուհին- բայց հիմա կըզգամ որ անո՛ր մեջ Օֆելիան վերագտնելու երջանկությունը ունիմ, կամՙ փոխադարձաբար: Պետք է, բայց շո՛ւտ, պետք է որ ընդհուպ հրատարակվի «Թելմա»ն, հյուսիսի այդ առողջ կյանքին դրվագը: Պիտի գրեմ. պիտի ույժ տամ արդեն Օֆելիային, որ փութացնե իր գործին հրատարակությունը» («Մեծարենց», էջ 31) :

Մեզ անհայտ է, թե «Թելման» ո՞ր գրողի հեղինակություն է»:

«Թելմա»յի հեղինակը անգլիացի գորղ արձակագրուհի Մարի Կորելլին է, բուն անունովՙ Մերի ՄըքՔեյ, Mary MacKay, 1855-1924):

Արձակագրուհին շոտլանդացի հայտնի բանաստեղծ Չառլզ ՄըքՔեյի դուստրն է: Մերին պատանեկությունից տարված է եղել Իտալիայով եւ այս պատճառով էլ իր համար ընտրել է իտալական հնչեղ կեղծանունՙ Մարի Կորելլի: Հեղինակ է մի շարք հանրահայտ վեպերիՙ «Երկու աշխարհների վեպը» («A Romance of Two Worlds», 1886), «Բարաբբա» (Barabbas, 1893), «Սատանայի վիշտը» (The Sorrows of Satan, 1895) եւ այլն: «Թելմա»ն («Thelma», 1887) վիպասանուհու հայտնի երկերից մեկն է:

Ես պատասխանեցի Շարուրյանի հարցերին ոչ թե ասելու համար, թեՙ ես գիտեմ: Ես պատասխանեցի Միսաք Մեծարենցի երկերի ապագա վերահրատարակության համար: Ես պատասխանեցի մանավանդ ուսուցչի հանձնարարած դասը սովորած, դասը պատասխանող պատրաստակամ աշակերտի պես:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ