«ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» Հ.Ծ. Բոստոնի գեղարվեստի պատկերասրահում Հովանավորությամբ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) Նյու Ինգլենդի մասնաճյուղի, սեպտեմբերի 4-ից մինչեւ 30-ը Բոստոնի հարավում գործող «Ղալաթիա գեղարվեստի պատկերասրահում» բացվելու է «Ճկունություն եւ դիմադրություն» խորագրով չորս հայ կանանց կտավների, լազերային կտրանքների եւ խառը տեխնիկայով կատարված ստեղծագործությունների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացված են լինելու Թալին Մեղրյանի (գուաշ, ջրաներկ), Մարշա Նուրիցա Օդաբաշյանի (սոխի կեղեւի եւ ակրիլիկ), Ջեսիկա Սպերանդիոյի (փայտի եւ ակրիլիկի լազերային կտրանքների) եւ Արեւիկ Ծերունյանի խառը տեխնիկայով արված ստեղծագործությունները, որոնք առնչվում են ինքնության, պատմության, տեղահանման հետ: Թալինն ու Ջեսիկան, ըստ լրատվության, ծանոթ անուններ են Նյու Ինգլենդի հայ համայնքին 2015-ին Ուոթերթաունի Հայկական թանգարանում ցեղասպանության 100-ին նվիրված իրենց «Համբուրիր հողը: Նոր Հայաստանը» ցուցահանդեսով: Մարշան էլ նույն թանգարանում վերջերս ցուցադրել է «Մաշկեր» խորագրով իր կտավները, որոնք քննարկում էին մարդկանց, կենդանիների եւ տեղանքի փոխհարաբերությունները: Իսկ Արեւիկը այդ թանգարանում վարպետության դասեր է տալիս, սովորեցնելով ապագա նկարիչ-նկարչուհիներին խառը տեխնիկայով աշխատելու գաղտնիքները: Ցուցահանդեսի ընթացքում վաճառքի են հանվելու արվեստի գործեր, բացիկներ, պլակատներ եւ շարֆեր, որոնցից ստացված եկամուտի մի մասը հատկացվելու է Հայաստանի կանանց աջակցության կենտրոնին: Նկար 1. Արեւիկ Ծերունյանի խառը տեխնիկայով «Ամպեր» ինստալացիան: |