ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ. «ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԲԱՐՁՐԱՆԱԼԸ ԵՎ ՇԱՏ ԴՅՈՒՐԻՆ` ԸՆԿՆԵԼԸ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ - Սիրելի՛ տիկին Անահիտ, կցանկանայի ձեզ հետ զրուցել մեր կինոյում հայ կնոջ կերպարի ու հայ կինոդերասանուհու մասնագիտության մասին` հենվելով ձեր իսկ փորձառության վրա: Երբ պատանի էի, մի անգամ «Սովետսկի էկրան» հանդեսի շապիկին տեսա մի գեղեցիկ եվրոպուհու լուսանկար եւ զարմանքով կարդացի, որ նա հայ դերասանուհի Անահիտ Թոփչյանն է: Որպես կինոսիրող եւ որպես հայ` ամբիցիաներս է՛լ ավելի գոհացան, երբ որոշ ժամանակ անց ձեր լուսանկարը տեսա նաեւ լեհական կինոամսագրի շապիկին, գոհ մնացի, որ նաեւ հայուհու ա՛յդ կերպարն է ներկայանում աշխարհին: Դուք այն դերասանուհին եւ այն տիպաժն եք, որին հաճախ կցանկանայինք տեսնել մեր էկրանին: Սակայն այդպես չի եղել: Հասկանալի է, երբ խոսքը տարեկան չորս խաղարկային ֆիլմ նկարահանող «Հայֆիլմի» մասին է: Բայց գուցե ա՞յլ պատճառներ էլ են եղել: - Շնորհակալ եմ Ձեր գնահատականների համար: Թույլ տվեք ավելացնել, որ իմ դիմանկարը երեւաց նաեւ ուրիշ հեղինակավոր հանդեսների շապիկներին, օրինակ, մոսկովյան հեղինակավոր «Տեատր», «Սպուտնիկ կինոզրիտելյա» հանդեսները, «Սովետսկայա ժենշչինա» ամսագիրը, որ տարբեր լեզուներով տարածվում էր քառասուն երկրներում, էլ չեմ ասում օտարալեզու մի շարք հանդեսների շապիկներն ու հոդվածներն իմ մասին: Կամ «Սովէքսպորտֆիլմի» տարբեր տարիների շքեղ օրացույցները, որտեղ խորհրդային տասներկու դերասանի փառահեղ լուսանկարներ էին ներկայացվում, եւ դրանցից մեկը ես էի: Եվ նման ուրիշ բազմաթիվ փաստեր... Այդ օրերին ես դա ընդունում էի որպես սովորական մի երեւույթ, բայց հիմա, տասնամյակներ անց, փաստում եմ, որ իրոք բացառիկ պատիվ էր` խորհրդային նշանավոր կինոդերասանների կողքին հայտնվել: Հավանաբար ես վաստակել էի այդ իրավունքը: Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին` հայ կնոջ կերպարը հայ կինոյում, ապա դա մեր ցավոտ խնդիրներից է... Եվ ոչ միայն կինոյում... Չվարանենք ասել, որ գեղեցիկ, լիարժեք կինը մեր մշակութային մտայնության մեջ, ըստ էության, գոյություն չունի: Մենք մեզ եվրոպացի ենք համարում, եւ մեր անցյալով իրոք այդպիսին ենք: Բայց ո՛չ ներկայով: Եվրոպական բարձր մշակույթը ցույց է տալիս, որ ոչ մի արվեստ չի կարող մեծ հաշվով կայանալ, եթե չունի գեղեցիկ եւ լիարժեք կնոջ իդեալ: Ես վաղուց եմ ասել այդ մասին եւ բազմիցս, քսան, երեսուն, քառասուն տարի առաջ, եւ այս ընթացքում ոչինչ չի փոխվել: Ավելի է վատացել: Մենք գլորվել ենք պարզունակության, գռեհկության անդունդը, եւ կարծես գոհ ենք այդ վիճակից: Նայե՛ք մեր սերիալները... Եվ ո՛չ միայն... Դրանք, անշուշտ, համեմատելի չեն «Հայֆիլմի» անցած տարիների արտադրանքի հետ, բայց այնտեղ էլ հայ կինը` որպես անհատականություն, երկրորդ պլան էր մղված: Այո, ես շատ չեմ նկարահանվել, ընդամենը 20 ֆիլմում, եւ նեղվում էի դրանից, բայց հետո հասկացա, որ իմ տիպաժը չէր տեղավորվում հայ կինոռեժիսորների գեղագիտության, հայ կնոջ մասին նրանց պատկերացումների մեջ: Ես, հավանաբար, ընկալվում էի որպես եվրոպացի կամ, կներեք, այլմոլորակային: Ի դեպ, ինձ հրավիրել էին հենց այլմոլորակայինի դերի համար, Ուկրաինայից: Հայտնի դերասան եւ ռեժիսոր Լեոնիդ Բիկովը, հանրահայտ «Զայչիկը», մի սցենար էր գրել` «Եկվորը» վերնագրով, որտեղ այլմոլորակային Էյլուրիայի` 900 թե 1000 տարեկան անմարմին մի արարածի կերպարը կար: Երբ ես «այլմոլորակայինի» իմ պատկերացրած շարժուձեւով մտա նկարահանման տաղավար, Բիկովը բացականչեց. «Վե՛րջ, գտել ենք արդեն Էյլուրիային»: Շարունակությունը ողբերգական էր: Երեւան վերադառնալովՙ Բիկովից շնորհավորական հեռագիր ստացա, որ ինձ հաստատել են այդ դերում: Քիչ ավելի ուշ իմացա, որ հենց նույն օրը նա զոհվել է ավտովթարի պատճառով: Իսկ իմ մասնակցությամբ արված փորձնական նկարահանման դրվագները հետագայում զետեղվեցին Բիկովին նվիրված վավերագրական ֆիլմում: - 1960-70-ականների խորհրդահայ իրականության համար դուք, թերեւս, ինչ-որ առումով այլմոլորակային էիք... Հիշեցի կինոգետ Կարեն Քալանթարի դիտարկումը, որ դերասանուհի Հասմիկի կինոդերերը մտնում էին սոցիալապես եւ պատմականորեն պայմանավորված հայ կնոջ որոշակի տիպի մեջ: Մինչդեռ ոչ բնութագրական հայկական դիմագծերով, մտավորական, արիստոկրատ հայ դերասանուհին կարծես առանձնապես պահանջարկ չի ունեցել մեր կինոյում: - Ի դեպ, ժամանակին այդ մասին շատ է գրվել: Օրինակ. «Անահիտ Թոփչյանը հեռու էր ստերեոտիպ դարձած հայ հերոսուհու կերպարից: Նրա արիստոկրատիզմը եւ «անհարկի» ինտելեկտը որոշակիորեն չէին մերվում մեր ռեժիսորներիՙ հայուհու կերպարի պատկերացումներին» (Արմեն Վաթյան, «Ռեսպուբլիկա Արմենիի», 10.11.1998): Այնուհանդերձ, ես դարձա մեր երիտասարդության իդեալը: Եվ ոչ միայն: Իմ արխիվում պահպանվել են Երեւանի դպրոցներից մեկում գրված շարադրություններն իմ դերակատարումների մասին: Այսօր ինձ զարմացնում է ոչ միայն այն, որ ապրող, դեռեւս դասական չդարձած դերասանի մասին շարադրություն էր գրվում հանրակրթական դպրոցում, այլեւ տասներորդ դասարանցի աշակերտների` հասուն մտքով, բարձր ճաշակով արված վերլուծությունները: Վերջերս էլ փողոցում ինձ մոտեցավ արդարադատության ասպարեզի բարձրաստիճան մի տիկին եւ ասաց. «Դուք մեր ուղեցույցն էիք` ճաշակի, մտքերի, արտաքինի, զգացմունքների... Վերադարձե՛ք, մեզ հոգեւոր սնունդ է պետք»: Իսկ ճանաչված գրականագետ Աելիտա Դոլուխանյանն այսպես գրեց. «Ես դարձա Անահիտ Թոփչյանի ստեղծագործության հետեւողը: Հիացած եմ նրա գեղեցկությամբ եւ կնոջ ներաշխարհը բեմում ներկայացնելու ձիրքով: Առանց չափազանցության կարող եմ համեմատել նրան հոլիվուդյան աստղ Մերիլ Ստրիպի հետ: Միայն թե Անահիտը Հոլիվուդ չի ընկել» («Ազգ», 7.11.2008): Ստացվում է, որ ես սերունդներ եմ դաստիարակել, որ ինձ համեմատում են աշխարհի մեծագույն դերասանների հետ, սակայն մեր ռեժիսորներից շատերի ստեղծագործական կարողությունները եւ մանավանդ ճաշակը, հավանաբար, թույլ չէին տալիս ըստ արժանվույն գնահատելու իմ երեւույթը: Մինչդեռ նրանց ստեղծած կանանց որոշ կերպարներ պարզապես ի վնաս մեզ էին «աշխատում»: Հիշում եմ, թե ինչ եղավ, երբ Թբիլիսիից ինձ հրավիրեցին ազնվական հայուհու դերի համար: Նկարահանումից առաջ սկսեցին հոնքերս հաստացնել ու իրար միացնել, բեղիկներ «նկարել»: Երբ զարմացա, ինձ ասացին. «Հայուհիները բոլորն էլ բեղավոր են, ինքներդ եք ձեր ֆիլմերում այդպիսի դերասանուհիներ նկարում, ինքներդ եք ձեզ աշխարհին այդպես ներկայացնում, ումի՞ց եք դժգոհում»: Ինձ մնում էր անմիջապես վեր կենալ եւ լքել ստուդիան: - Աղասի Այվազյանի վկայությամբ` Վարդուհի Վարդերեսյանը երկար ժամանակ մեղադրել է սցենարիստներին, որ չեն ստեղծում հայ կնոջ կերպար: Մասամբ համաձայնելով դերասանուհու հետ, գրողը հարցրել է, թե, այնուամենայնիվ, ո՞ր հայ կնոջ մասին է խոսքը... - Այդ մասին ես խոսել եմ դեռեւս տասնամյակներ առաջ, գրեթե իմ բոլոր հարցազրույցներում ու հոդվածներում, եւ հատկապես նշել, որ հայ կինը մեր կինոյում եւ ընդհանրապես գրականության մեջ գերազանցապես ֆունկցիոնալ դերակատարում ունի: Նա չի ներկայացված իր ամբողջ խորությամբ եւ հոգեւոր հարստությամբ: Ինչ վերաբերում է մեր կինոռեժիսորներին, ապա եթե պատմության խորքերը գնային` թերեւս «գտնեին» ինձ: Ես սիրով կխաղայի Լեւոն Շանթի բոլոր հերոսուհիների դերերը, թագուհիների, իշխանուհիների դերեր, եւ խաղացե՛լ եմ մենաթատրոնում` Փառանձեմ թագուհու դերը` Ալեքսանդր Թոփչյանի «Արտագերս» մենաներկայացման մեջ, աշխարհով մեկՙ շուրջ հիսուն անգամ, եւ ոչ միայն թագուհիների: Օրինակ, Վասկանույշի` կրոնավորուհի դարձած իշխանուհու հրաշալի դերը Ծերենցի «Հովնան Խութեցի» հեռուստաներկայացման մեջ: 70-80-ական թվականներին արդեն պահանջ կար արվեստում, գրականության մեջ, վերջապես կյանքումՙ տեսնելու արդիական, բարձր արժանիքներով օժտված կանանց, եւ, կարծում եմ, ես առիթ էի տալիս իմ դերակատարումներով տեսնելու այդ կնոջը, ձերբազատվելու անցյալի կարծրացած պատկերացումներից: Ի դեպ, մի անգամ Փարաջանովն ինձ ասաց. «Բայց ի՜նչ վատն են հայերը... Ես նրանց հարցնում եմ` կարո՞ղ է Անահիտ Թոփչյանը խաղալ մորս դերը իմ «Խոստովանություն» ֆիլմում, իսկ նրանք ասում են. «Ո՛չ»: Ես հարցնում եմ. «Ինչո՞ւ, երբ նա ժպտում է, մորս եմ հիշում»: Ասում են. «Քո մայրը կլորիկ էր ու գեր, իսկ Անահիտը բարձրահասակ է, ձիգ եւ արիստոկրատ...»: Տես ինչ չար են, չեն ուզում, որ իմ մայրը գեղեցկուհի լինի...»: Ի թիվս այլոցՙ նաեւ Կարեն Քալանթարն է վկայում, որ Ս. Փարաջանովն ուզում էր նկարել ինձ. «Ինչպես վերջերս իմացա, «Խոստովանություն» ֆիլմում, ռեժիսորն իր մոր դերում երազում էր նկարել հրաշալիորեն օժտված կնոջ, բացի այդ` գեղեցկուհի, դրամատիկ դերասանուհի Անահիտ Թոփչյանին: Փարաջանովը, որն առավել քան ոչ ոք, գիտեր գնահատել ու հիանալ գեղեցկությամբ, հատուկ վերաբերմունք ուներ նրա հանդեպ: Չեմ կասկածում, եթե նկարելու լիներ «Սասունցի Դավիթը» եւ «Արա Գեղեցիկն ու Շամիրամը», իր համար պատիվ կհամարեր Անահիտին դերեր առաջարկել այդ ֆիլմերում: Ես նրան հրաշալի պատկերացնում եմՙ ասորական իշխանատենչ եւ քմահաճ տիրուհու դերում» («Նովոյե վրեմյա», 9.02.1999): Իսկ մեր հայ կինոն ասես չէր ուզում ունենալ գեղեցիկ մայրեր, քույրեր, կանայք, սիրուհիներ... - Վերջերս կրկին դիտում էի ըստ արժանվույն չգնահատված մեր կինոնկարներից մեկը` Արման Մանարյանի «Վերադարձը» Ձեր դերակատարմամբ: Պատկերված միջավայրը, կինոնկարի սեւ-սպիտակ լինելը մի կողմից, ձեր հերոսուհու կերպարը մյուս կողմից զուգահեռներ էր ստեղծում ֆրանսիական «Նոր ալիքի» գեղագիտության հետ: Ծանո՞թ էիք, ներշնչվա՞ծ էիք «Նոր ալիքով»: - Այդ տարիներին մենք շատ բան չգիտեինք ֆրանսիական կինոյի մասին: Ես միայն Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը» ֆիլմն էի դիտել: Բայց լեհական «Կինո» ամսագիրն էի ստանում, որտեղ հոդվածներ էին լույս տեսնում համաշխարհային կինոարվեստի նորությունների մասին: Որպես երիտասարդ դերասանուհի` ես հետաքրքրված էի նոր գեղագիտությամբ: Իսկ «Նոր ալիքը» ԽՍՀՄ-ում գրեթե ամբողջովին անհայտ էր, այնպես որ դժվարանում եմ ասել, թե կարող էի նմանվել Աննա Կարինային կամ Ռոմի Շնայդերին: Եվ մի՞թե պարտադիր էր, որ ներշնչվեի նրանցից: Ես երբեք չեմ նմանակել ուրիշներին, օգտագործել եմ իմ ներքին եւ արտաքին ռեսուրսները: Բացի այդ, տարբեր երկրներում, մշակութային տարբեր միջավայրերում, իրարից անջատ, առանց միմյանց ծանոթ լինելու, կարող են ստեղծագործական միեւնույն պրոցեսներն ընթանալ, գրեթե միանման գեղագիտությամբ: Այդ երեւույթն, ի դեպ, հաստատված եւ ուսումնասիրված է ոչ միայն կինոյի, այլեւ գրականության եւ մյուս արվեստների պարագայում: - «Վերադարձի» ձեր հերոսուհի Անահիտը (ի դեպ, որքան գիտեմ` էկրանին տաբատով հանդես եկած առաջին հայ հերոսուհին), որոշ չափով հիշեցնում է ձեզ, նա նույնպես բանասիրական եւ դերասանական կրթություն է ստացել: Առնոլդ Աղաբաբովն արդյոք ձե՞զ է նկատի ունեցել այդ կերպարում: - Այդ մասին չեմ մտածել, բայց շատ հավանական է, որ ես եմ ներշնչել նրան այդ կերպարն ստեղծելիս: Ալեքսանդրըՙ ամուսինս եւ ես, շատ մտերիմ էինք Աղաբաբովի հետ: - Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպե՞ս եղավ, որ հայ դերասանուհուն վստահվեց ավստրուհու դեր` շիկահեր գեղեցկուհիների պակաս չունեցող ռուսական կինոյում: - Երբ Վենիամին Դորմանը Գորկու անվան կինոստուդիայում նկարահանում էր «Երկիր ցպահանջ» կինոնկարը, Հայաստան էին եկել դերասանուհի փնտրելու իտալացի հերոսուհու համար: Կարդալով սցենարըՙ ավելի հավանեցի Ինգրիդի` ավստրիացի կոնսերվատորիայի ուսանողուհու կերպարը, որն ինձ ավելի մոտ էր, ավելի խորն էր: Լուսանկարչական փորձերը դիտելիս բոլորը միաբերան ասել են. «Բայց սա Ի՛նգրիդն է»: Հավանելով այդ կերպարըՙ ես ներքնապես փոխվել, դարձել էի Ինգրիդ, ուստիեւ ա՛յդ դերը «խաղացի» ֆոտոփորձերի ժամանակ եւ համոզեցի նկարահանող խմբին: Հետո Օլեգ Ստրիժենովը գեղարվեստական խորհրդի հետ դիտել է կինոփորձերը եւ հավանել իմ խաղը: Նրա կարծիքի հետ հաշվի են նստել: «Եթե նկարահանել, ապա Անահիտին», ասել է նաՙ նկատելով իմ կարողությունները: Այնպես որ, ռուսները Հայաստանում իտալուհի փնտրեցին, բայց ավստրիացի Ինգրիդին գտան: Ի դեպ, ֆիլմի միութենական էկրան դուրս գալուց հետո, «Սպուտնիկ կինոզրիտելյա» հանդեսում Դորմանը գրեց. «Անահիտ Թոփչյանը, որ կինեմատոգրաֆիկ մեծ փորձ չուներ, պիտի նկարահանվեր փորձառու, մեծատաղանդ դերասան Օլեգ Ստրիժենովի հետ, ինչը հեշտ չէր: Բայց երբ նկարում էինք ֆիլմի ամենաբարդ տեսարանը, առաջին իսկ դուբլից նա խաղաց այնպիսի լիցքավորումով, թրթիռով եւ ողբերգականությամբ, արտահայտչամիջոցների այնպիսի զսպվածությամբ ու չափավորությամբ, երբ ամենաաննշան դիմախաղը, շարժումները, ձայնի ելեւէջները հագեցնում էին տեսարանը մանրամասներով եւ հարաբերությունների խորությամբ»: - Մենք բավական անդրադարձանք դերասանի համար այդքան էական արտաքինի գործոնին: Քչերը գիտեն, որ ձեր ոչ բնորոշ հայկական արտաքինի համար դուք, այնուամենայնիվ, պարտական եք ձեր մայրական գեներին: - Հայրս հայ էր` գյումրեցի, ի դեպ, ավելի շատ նրան եմ նման, իսկ մայրս լեհուհի է: Այս միությունից միջին եվրոպական մի տիպ է ստեղծվել: Չնայած, օրինակ, տաջիկներն էլ ասում էին (տաջիկական երկու ֆիլմում եմ նկարվել), որ ես հիշեցնում եմ իրենց որմնանկարներում պատկերված կապույտ-կանաչ աչքերով եւ օվալաձեւ դեմքով կանանց... - Ձեր մայրը խորհրդային ճանաչված դերասան Իգոր Իլյինսկու ազգականն էր: Ձեր դերասանական ձիրքը նույնպե՞ս պայմանավորված է տոհմական գործոնով: - Իլյինսկին տատիկիս զարմիկն էր: Բայց ես չեմ ցանկացել գնալ ներկայանալ որպես ոմն «աղքատ ազգականուհի»: Ուզում էի նախ հայտնի դառնալ: Բայց հետո, ավա՜ղ, արդեն ուշ էր: Վերջերս միայն իմացա, որ լեհ պապիկս, լինելով մեծ գործարանի տնօրեն, խաղացել է թատերական խմբում: Մայրս կիթառ էր նվագում ու երգում, իսկ հայրս Գյումրիում որոշ ժամանակ խաղացել է Արմեն Արմենյանի թատերախմբում: Քույրս էլ դպրոցական թատրոնում խաղացել է Գորկու «Մայրը»` լացացնելով ողջ դահլիճը: Այնպես որ, չեմ բացառում, որ դերասանական կարողությունս ընտանիքիցս ժառանգած լինեմ: - Իսկ ինչպե՞ս է, որ դուք բանավոր ու գրավոր ռուսերենին տիրապետելով հայերենին հավասարաչափ` նախապատվությունը չտվիք ռուսական թատրոնին, ինչը կարիերայի համար շատ ավելի նպաստավոր կլիներ: - Հավանաբար կարիերայի մասին չէի մտածում, այլ հետաքրքիր աշխատանքի: Դեռ դպրոցական տարիներին որոշել էի, որ պետք է կինոդերասանուհի դառնամ, սովորեմ ՎԳԻԿ-ում եւ խաղամ ոչ ավել ոչ պակաս` Օլեգ Ստրիժենովի հետ: Տեսնո՞ւմ եք, երբ մի բան շատ ես ուզում` իրականանում է... Դպրոցի վերջին դասարանում էի, երբ հրավիրեցին նկարվելու «Լալվարի որսկանը» ֆիլմում: Նկարահանումների ընդմիջումներին, Սանահինում, պատրաստվում էի ընդունելության քննություններին: Սակայն այդ տարի ուշացա: Պարզվեց, որ քննություններն արդեն ավարտվել էին: Որպեսզի ամբողջ տարին անգործ չլինեմ, գրականության ուսուցչուհուս խորհրդով ընդունվեցի համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետ: Նա ասաց, որ ուսումն ինձ չի խանգարի, ավելին, դերասանը պետք է գրագետ եւ կիրթ լինի: Այնուհետեւ, երբ համալսարանի առաջին կուրսում էի, Հրաչյա Ղափլանյանն ինձ հրավիրեց իր նորակազմ դրամատիկական ստուդիան` միանգամից առաջարկելով Եվայի գլխավոր դերը Ի. Շտոկի «Աստվածային կատակերգության» մեջ: Դա եղավ իմ առաջին դերը Դրամատիկականի բեմում: Թեեւ արդեն սովորում էի համալսարանում ու խաղում, այնուամենայնիվ, բոլորից թաքուն մեկնեցի Մոսկվա եւ մասնակցեցի ՎԳԻԿ-ի ընդունելության քննություններին: Հաջողությամբ ընդունվեցի դերասանական բաժին, սակայն անհեթեթ պատճառով (չկարողացա ատեստատս հանել համալսարանից եւ ներկայացնել նոր ԲՈՒՀ), անունս չընդգրկվեց առաջին կուրսեցիների ցուցակում: Ինձ համար դա սոսկալի հարված էր: Բայց ես չնահանջեցի: Որոշեցի հաջորդ տարի գալ` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով զինված: Ի դեպ, նույն օրը, երբ մուգ ակնոցով արտասվալից աչքերս ծածկած, մենակ քայլում էի փողոցով, հանկարծ դիմացս հայտնվեց Փարաջանովը` օպերատոր Սուրեն Շահբազյանի հետ միասին: Կանգ առավ եւ բարեկիրթ շարժումով ասաց. «Девушка, пойдемте с нами!»: Ես, իհարկե, իսկույն նրան ճանաչեցի, սակայն բացասաբար շարժեցի գլուխս: Եթե ես նրան պատմեի, թե ինչ է կատարվել ինձ հետ, նա, անշուշտ, կլուծեր այդ հարցը: Նա արդեն մեծ հեղինակություն էր: Սակայն չեմ սիրում գանգատվել եւ, ինչպես միշտ, հույսս ինձ վրա եմ դնում: Կարող էի, իհարկե, հաջորդ տարի դիմել, բայց աշխատանքը Դրամատիկական թատրոնում ինձ կլանեց, եւ ես մնացի հայկական բեմում: Գուցե կարող էի նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն գնալ, սակայն գերադասեցի մնալ ի՛մ թատրոնում, քանի որ այնտեղ ստեղծագործական հետաքրքրական մթնոլորտ էր: Եվ հետո հայերենով գործունեության ավելի լայն ասպարեզ ունեի առջեւսՙ կինո, հեռուստաթատրոն, ռադիո... Տարիներ անց, 1983-ին, երբ Դրամատիկական թատրոնով հյուրախաղերի էինք մեկնել Մոսկվա, իմանալով, որ կատարելապես տիրապետում եմ ռուսերենին, Մայակովսկու անվան թատրոնից ինձ առաջարկեցին խաղալ Բլանշի դերը Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայը» պիեսի բեմադրության մեջ: Սակայն մի շարք պատճառներով ստիպված եղա մերժել այդ առաջարկը: Մտածեցի նաեւ, թե մոսկովյան հյուրախաղերի իմ հաջողությունից հետո ավելի կմեծանա հեղինակությունս թատրոնում: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Կատարյալ մղձավանջ սկսվեց: Ոմանց դուր չեկավ, որ մոսկովյան քննադատները բարձր գնահատեցին դերասանական իմ արվեստը... Բայց այս մասին ավելի լավ է լռենք: - Վերադառնանք կինո: Վաղուց էՙ չեք նկարահանվել: Դարձյա՞լ հարմար դերեր չկան հայ ռեժիսորների ֆիլմերում: - Սերիալներից, եթե դա կարելի է կինո համարել, մի քանի անգամ առաջարկություններ եղան, սակայն մերժվելուց հետո այլեւս չեն առաջարկում: Մի երկու սցենար ստացա երիտասարդ ռեժիսորներից, քննարկեցինք, բայց երբ ցանկացա լրջացնել գործը, իմ փորձառությամբ խորացնել նյութը, անմիջապես անհետացան: Ոմանք էլ փորձում են իմ անունը շահարկելով` իրենց նախագծերի համար ֆինանսներ հայթայթել: Ահա այսպիսի ողբալի վիճակ... Շատ դժվար է բարձրանալը, եւ շատ դյուրին` ընկնելը: Այնպես որ, ավելի լավ է իմ բարձունքում մնամ: Եվ, այնուամենայնիվ, մի հրաշքի եմ սպասում: Հանճարեղ մի սցենար, ռեժիսոր, որտեղ ես էլ հանճարեղ կխաղամ... Նկար 1. Օլեգ Ստրիժենովը եւ Անահիտ Թոփչյանը «Երկիր ցպահանջ» կինոնկարում (1972, բեմադրիչՙ Վենիամին Դորման) |