ՀԱՅ ՖՐԻԴԱ ԿԱԼՈՆ Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ Մարիամ Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին Օգոստոսի 28-ին Մոսկվայի Արեւելքի թանգարանում բացվեց ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի (1907-2006) «Արեւոտ գույների պատմություններ» անհատական ցուցահանդեսըՙ նվիրված նրա 110-րդ հոբելյանին: Անվանի նկարչուհու վերջին անհատական ցուցահանդեսը Մոսկվայում տեղի է ունեցել 20 տարի առաջ, իսկ Հայաստանում անգամ չեմ մտաբերում, թե երբ: Սակայն դա բնավ չի խամրեցնում մեծ արվեստագետի փայլը: 18 գլուխգործոց կտավներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայլն ու պարծանքն են, տեղափոխվեցին Մոսկվաՙ նորովի ներկայացնելու ռուս արվեստասերին քաջածանոթ, նաեւ անսպառորեն հետաքրքրական հայ նկարչուհուն, որի անունը թնդում էր Խորհրդային Միությունում եւ նրա սահմաններից շատ հեռու: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների, Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի, Մոսկվայի Արեւելքի թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի համագործակցությամբ, սակայն այն անհնար կլիներ իրականացնել առանց Գայանե Նիկողոսյանի ջանքերի եւ անհատական ներդրման: Գայանե Նիկողոսյանը երկու խոշորագույն արվեստագետների գերդաստաններիՙ Ասլամազյանների եւ Նիկողոսյանների, նվիրյալ ժառանգն է, որն իր կյանքը նվիրել է նրանց գեղարվեստական ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը: Նրա ջանքերով նաեւ լույս է ընծայվել ցուցահանդեսի պատկերագիրքը (դիզայնըՙ Սարգիս Հովհաննիսյանի, ներածականըՙ տողերիս հեղինակի): Այս հոդվածը հատուկ պատկերագրքի համար գրված ներածականի փոքր-ինչ խմբագրված հայերեն թարգմանությունն է, որն ամբողջությամբ ներկայացնում ենք արվեստասեր ընթերցողին: Երբ արվեստագետի ստեղծագործական կերպարը սերտորեն միահյուսվում է նրա անհատականությանը, ապա նա ընկալվում է իբրեւ մի ներդաշնակ ամբողջություն` իր որդեգրած հավատամքին հարազատ: Այդպիսին է Մարիամ Արշակի Ասլամազյանը: Նրա բնավորությունը, սկզբունքները, հակառակ բոլոր կարծրատիպերին, ծառայում էին բացառապես մեկ հավատամքիՙ արվեստին եւ սեփական ստեղծագործության զարգացմանը: Հակասություններով լի այս դժվարին ճանապարհին ոչինչ եւ ոչ ոք չկարողացավ արգելակել հայկական նահապետական արմատներից սերող խորհրդային առաջադեմ այդ կնոջ ստեղծագործական ընթացքը: Նկարչուհու բանավոր պատմություններից եւ հիշողություններից պարզ է դառնում, որ նա դաստիարակվել է բավական զարգացած, առաջադեմ, մեծ հարգանք վայելող մի ընտանիքում եւ դեռ վաղ մանկությունից ստացել է այն հիմնական խթաններն ու արժեքները, որոնցով պայմանավորվել է ոչ թե պարզապես տաղանդավոր, այլեւ ինքնուրույն, անկախ եւ ազատագրված կին նկարչի կայացումը: Երբ փորձենք բնութագրել նկարչուհու ստեղծագործական եւ անհատական ամբողջական կերպարը, ապա այն կներկայանա որպես հզոր կամքի, ուժի եւ կրակոտ խառնվածքի, կենսական անսպառ էներգիայի, էկզոտիկայի հետ համեմված անհավանական գեղեցկության տեր մի էակ: Տղամարդուն ներհատուկ ուժն ու հզորությունը Մարիամ Ասլամազյանի արվեստում ձեռք են բերել այն գեղագիտորեն հղկված տեսքը, որը միայն կինը կարող է հաղորդել նյութին ու երեւույթին: «Ես միշտ ցանկացել եմ տղամարդ լինելՙ միայն թե ուժեղ եւ ամուր բնավորությամբ», խոստովանել է նկարչուհին: Իր այս անկեղծ խոստովանությունը նա վստահել է խոշորագույն քանդակագործ ու նկարիչ, իրեն լավ ճանաչող, նորոգ հանգուցյալ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանին, որի հավաստմամբ «նա օժտված էր այդ բնավորությամբ»: Մարիամ Ասլամազյանի արվեստն ամբողջությամբ հենվում է հզորության եւ գեղեցկության համադրության վրա: Մարիամ Ասլամազյանի արվեստը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ եւ խորհրդային գեղանկարչության ամենավառ էջերից է: Նրա անվան հետ անքակտելիորեն կապված է հետպատերազմյան, իսկ հետագայում նաեւՙ հետստալինյան կերպարվեստի կայացումը: Ռուսաստանի հետ ճակատագրով կապված խորհրդային դարաշրջանի շատ նկարիչների նման Մարիամ Ասլամազյանը եւս ներկայացնում է երկու մշակույթՙ հայ ազգայինը եւ ռուսական-խորհրդայինը: Մարիամ Ասլամազյանը ծնվել է 1907 թվականին, Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում, որտեղ եւ անց է կացրել մանկությունը: 1878 թվականից մինչեւ 1917 թվականը մշակութային ավանդույթներով հարուստ այդ հայկական մարզը Ռուսական կայսրության մի մասն էր, իսկ 1918 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների «մեծ քաղաքականության» հետեւանքով անցավ Օսմանյան կայսրությանը: Ապագա նկարչուհին իր միջնակարգ եւ նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է Ալեքսանդրոպոլում (այժմՙ Գյումրի), որն այդ ժամանակ նույնպես Ռուսաստանի կայսրության կազմում էր: Գյումրին մի յուրահատուկ քաղաք էՙ հայտնի իր հարուստ կոլորիտով, մշակութային ավանդույթներով եւ նկարչական դպրոցով: Գյումրին կորսված Կարսից հետո Հայաստանի վերջին ամրակետն էր, որը 1918 թվականին ազգային ուժերի անհավատալի համախմբման ուժով հնարավոր եղավ պաշտպանել զավթումից: Այն նաեւ Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոնն էր, որտեղ ապաստան էին գտնում կարսեցի փախստականները: Նրանցից շատերը, այդ թվումՙ Մարիամ Ասլամազյանը, հետագայում դարձան հայ մշակույթի եւ արվեստի երախտավորներ: Պատահական չէ, որ հենց Գյումրիում է գտնվում Հայաստանի լավագույն գեղարվեստական թանգարաններից մեկըՙ Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որն ապաստանել է կարս-գյումրվա եւ ռուսական կայսերական ճարտարապետության ավանդույթների համակցությամբ սեւ քարից կառուցված մի հնաոճ առանձնատանը: Հարկ է նշել, որ Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների անունները սովորաբար միասին են հիշատակվում, քանզի նրանք ոչ միայն հարազատ քույրեր էին, այլեւ միմյանց փոխլրացնող գործընկերներ: Մարիամ Ասլամազյանի հետագա ստեղծագործական ուղին Գյումրիից հետո ընթացավ Երեւանում, որտեղ նրան լուրջ մասնագիտական կրթություն էր սպասում: Նկարչուհու կայացման տարիները համընկան Հայաստանի խորհրդայնացման տարիներին (1920-ական թվականների սկիզբ), երբ զուգահեռաբար հայրենի հողի վրա ամրապնդվում էին գեղարվեստի ազգային դպրոցիՙ մինչ այդ արտերկրում զարգացող հիմքերը: Կերպարվեստի այդպիսի դպրոցներից առաջինը դարձավ Երեւանի «Գեղարդ» արդյունաբերական-գեղարվեստական ուսումնարանը (ներկայումսՙ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան), որտեղ նկարչուհին 1926-1928 թվականներին սովորում էր 20-րդ դարի հայ գեղանկարչության այնպիսի նահապետների մոտ, ինչպիսիք են ռուսական դպրոցով անցած իմպրեսիոնիստ Սեդրակ Առաքելյանը եւ իրապաշտ Ստեփան Աղաջանյանը: Մարիամ Ասլամազյանն իր բարձրագույն ակադեմիական կրթությունն ստացել է երկրի եւ նրա արվեստի համար բնավ ոչ բարենպաստՙ ստալինյան շրջանում, սակայն լավագույն ուսուցիչների մոտ: Սկզբում նա սովորել է Մոսկվայի Վխուտեմասում (1928-1930 թթ.), ռուսական ավանգարդի այնպիսի ականավոր գործիչերի մոտ, ինչպիսիք են Ն. Ուդալցովան, Ա. Դրեւինը, ինչպես նաեւ Վ. Ֆավորսկին, Ա. Գոնչարովը, Ս. Գերասիմովը, Մ. Ռոդիոնովը, Կ. Իստոմինը: Այնուհետեւ Վխուտեմասի գեղարվեստի բաժանմունքը Լենինգրադ (այժմՙ Սանկտ Պետերբուրգ) տեղափոխելու պատճառով Մարիամ Ասլամազյանը բնակություն է հաստատել հյուսիսային մայրաքաղաքում, որի հետ են կապված նրա ակտիվ գեղարվեստական, մանկավարժական եւ հասարակական կյանքի բեղմնավոր տարիները: Այստեղ, Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում (ներկայումսՙ Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա) նկարչուհին սովորել է Կուզմա Պետրով-Վոդկինի մոտ (1930-1932 թթ.), իսկ արդեն 1932-1934 թվականներին նա Ալեքսանդր Սավինովի ասպիրանտն էր: Այսպիսով, իր հայ եւ ռուս ուսուցիչների շնորհիվ Մարիամ Ասլամազյանը յուրացրել է ռուս-եվրոպական գեղանկարչության ինչպես մոդեռնիստական, այնպես էլ ակադեմիական ավանդույթներըՙ դրանք միահյուսելով հայկական, որոշակի իմաստովՙ արեւելյան գեղարվեստական մտածողության ավանդույթների հետ (գլխավորապես հայ միջնադարյան հոյակերտ մանրանկարչությանըՙ գույնի դեկորատիվ արտահայտչականության իր անսահմանափակ հնարավորություններով): Մարիամ Ասլամազյանի արվեստի վրա այդքան մեծ ազդեցություն թողած 19-20-րդ դարագլխի արեւմտյան գեղանկարչության մեջ (հետիմպրեսիոնիզմ, ֆովիզմՙ Գոգեն, Վան Գոգ, Մատիս) մեծ տեղ ունի արեւելյան գեղարվեստական ավանդույթների սինթեզը եւ էկզոտիկայի շեշտադրումը: Նրա մոտ այս ամենն արտահայտվում է վառ, կոլորիտային պատկերավորությամբ, հարթայնությամբ, օրնամենտալիզմով, բայց ոչ իբրեւ լոկ ազգագրական հատկանիշներ շեշտելու միտում, այլ առավելապես առանձնահատուկ պլաստիկական մտածողության հետեւանք. գեղանկարչական մակերեսը որպես գեղարվեստորեն կարգավորված տեկտոնիկ հարթություն կերտելը, հաստոցային ձեւաչափին մոնումենտալություն հաղորդելը, մաքուր դեկորատիվ գույնի գերակայությունը, ներկերի հակադրական համակցությունը: Հարկ է ընդունել, որ սոցռեալիզմի համընդհանուր գերիշխանության եւ «ֆորմալիստների» հալածման պայմաններում ձեւավորված նկարչուհին պետք է ոչ թե պարզապես խիզախ ու ինքնաբավ լիներ, այլեւ` անսահման նվիրված իր ստեղծագործական համոզմունքներին եւ մաքուր արվեստի պատգամներին, որպեսզի դրանք կարողանար պահպանել իր ողջ ստեղծագործական ուղու ընթացքում: Իսկ այդ պատգամները, ինչպես արդեն ասացինք, նա փոխառել էր մոդեռնիստական անցյալ ունեցող իր ուսուցիչներից, ինչպես նաեւ յուրացրել Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանի Նոր արեւմտյան արվեստի սրահներում եւ ժառանգել էր հարազատ Հայաստանի գեղարվեստի հարուստ ավանդույթներից, հատկապես դրա նահապետ Մարտիրոս Սարյանից: Հեռավորարեւելյան, նաեւ հայկական եւ ռուսական մոտիվները նկարչուհին ներկայացրել է էկզոտիկ, օրիենտալիստական հայացքով: Աշխատանքների այդ նույն շրջանակին կարելի է դասել նաեւ նկարազարդ խեցեղենըՙ նրա ստեղծագործության այն ուրույն ոլորտը, որով նա սկսեց զբաղվել 1958 թվականից եւ որը սիրեց մինչեւ իր կյանքի վերջը: 1960-ականներին էթնո-մոդեռն նորաձեւության շնորհիվ դեկորատիվ խեցեգործությունը Հայաստանում եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում լայն տարածում գտավ: Ինչպես արդարացիորեն նշել է Ա. Սարաբյանովը ՙ «Մարիամ Ասլամազյանի խեցեգործությանը բնորոշ է ազգային ավանդույթների հետ զուգորդվածՙ արդիականության կենդանի զգացումը»: Մարիամ Ասլամազյանը բազմաժանր նկարչուհի է: Նրա հարուստ գեղարվեստական ժառանգության մեջ իրենց տեղն ունեն գեղանկարչության գրեթե բոլոր հիմնական ժանրերըՙ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, թեմատիկ նկար... Հայտնի է, որ բնանկարը հայկական գեղանկարչության մեջ միշտ էլ եղել է գլխավոր ժանրը։ Մարիամ Ասլամազյանի արվեստի գրեթե բոլոր ուսումնասիրություններում նշվում է հայկական բնաշխարհի առանձնահատուկ դերը որպես ներշնչանքի գլխավոր աղբյուրի։ Արվեստաբանների ուշադրությունից չի վրիպել նաեւ նատյուրմորտի նշանակությունը Մարիամ Ասլամազյանի գեղարվեստական ժառանգության մեջ, սակայն, հարկ է ընդունել, որ այս թեման անվերջանալի է ու դեռեւս մինչեւ վերջ բացահայտված չէ։ Հենց նատյուրմորտի մեջ են առավել ամբողջականությամբ եւ ազատությամբ արտահայտվել նկարչուհու գեղարվեստական հայացքները, հենց նատյուրմորտն է որպես «փոքր» ժանր ազատ ձեւակերտության լայն հնարավորություններ ընձեռել նրան: Մարիամ Ասլամազյանն իրավամբ համարվում է դեկորատիվ-հարթային նատյուրմորտի ոլորտում իր ժամանակների առաջատար վարպետներից մեկը: Դրանում կարելի է համոզվելՙ դիտելով նկարչուհու լավագույն նատյուրմորտները: Դրանք պարզապես կտավի հարթության վրա գեղարվեստորեն համադրված առարկաների կույտեր չեն եւ հեռու են բնօրինակի միմետիկ վերարտադրումը լինելուց: Նատյուրմորտում պատկերվող յուրաքանչյուր առարկաՙ լինեն հյութալի պտուղներ թե խայտաբղետ ծաղիկներՙ հայոց արեւոտ հողի պարգեւները, պղնձե ազգային կահ-կարասի, կախարդական զարդանախշերով գորգերՙ ազգային ավանդական կենցաղի խորհրդանիշները, թե հեռավորարեւելյան էկզոտիկ դիմակներ (այստեղ անհնար է չհիշել Սարյանին), այդ ամենը ներկայանում է իբրեւ պարզ ու ներդաշնակ տեկտոնիկ ամբողջություն: Այստեղ յուրաքանչյուր տարր դադարում է լինել պարզապես «միրգ», «բանջարեղեն», «բույս», «զարդապատկեր», «կարասի», «դիմակ» եւ այլն, այլ դառնում ինքնաբավ տիեզերական մասնիկՙ իրեն ներհատուկ ձեւով եւ գույնով: Եվ նկարչուհին, իրական արվեստագետի ճկուն հմտությամբ, ազատորեն «խաղում» է իրական առարկաներին ներհատուկ վերացական այդ ձեւերովՙ դրանցից կերտելով անքակտելի կառուցվածքներ: Մարիամ Ասլամազյանի նատյուրմորտային ժանրի պսակն ու վերը նշվածի խտացումը կարելի է համարել նրա «Պղպեղներ. կրակ» կտավըՙ զգայական, «այրող» մի նկար, որն ապշեցնում է իր պարզությամբ եւ, միեւնույն ժամանակ, կոմպոզիցիայի խիստ ճշգրտությամբ: Հարթային զարդանախշային կոմպոզիցիայի մեջ ասլամազյանական պղպեղները դադարում են բանջարեղեն լինելուց եւ ավելի շուտ վեր են ածվում «հիերոգլիֆների», ինչպես արեւելյան գորգի զարդատարրեր, միահյուսվելով` ինչ-որ գաղտնագիր են կազմում: Նկարչուհու արեւելամետ (օրիենտալ) հայացքը է՛լ ավելի ցայտուն է նրա բնորդուհիներում: Արեւմտյան-օրիենտալիստական արվեստի ավանդույթների համաձայն, այստեղ անթաքույց է նաեւ որոշակի իմաստով «առնական» հայացքը, նկարչուհու հիացմունքն իր բնորդուհիներովՙ նախշազարդ միջավայրին ձուլված. իրենց նախաստեղծ գեղեցկությամբ շքեղ, նրանք ձոն են երկրային գեղեցկությանն ու կենսականությանը: Անշուշտ, նրանք հիշեցնում են գոգենյան թաիթուհիներին: Նկարչուհին խոստովանել է, որ սիրում է նկարել կանանց, եւ, հնարավոր է, դրանում է նրա խիզախությունը: Ասլամազյանի կերտած կանանց կերպարների շարքում հատկապես ուշագրավ են հայտնի նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, իր քրոջՙ Երանուհի Ասլամազյանի հետ համատեղ եւ իր առանձին ինքնանկարներն ու դիմանկարները: Այդ դիմանկարների միջոցով նա ասես իմաստավորում է ինքն իրեն եւ իր գոծընկերուհիներին որպես կամային, տաղանդավոր եւ անսահմանորեն գեղեցիկ ազատ ստեղծագործողների: Նրանց անփոփոխ արծաթե մանյակներն ու պաճուճավոր գլխակապերը, ազգային տարազներն ու ազգագրական այլ էանիշերն է՛լ ավելի են ընդգծում մոդելների ինքնությունը: Հատկապես վաթսունականների մոդեռնացման գործընթացներում, երբ հայ հասարակությունը ազգային ինքնագիտակցության վերելք ապրեց, եւ, հետագայում, այդպիսի էթնոգրաֆիկ նորաձեւության շեշտադրումն անդեմ սոցիալիստական իրականությանը ընդդիմանալու եւ սեփական ինքնությունը հաստատելու ժեստ էր: Ազգային տարազի աննկարագրելի գեղեցիկ տարրեր կրելու եւ իր, գուցե խորհրդային տարիներին իբրեւ այդպիսին չգիտակցված, բայց այսօր հստակորեն ընթերցվող ֆեմինիստական կեցվածքի շնորհիվ Մարիամ Ասլամազյանին հաճախ անվանում են «հայ Ֆրիդա Կալո»: Իրավ: Հիշելով նաեւ ռուս ավանգարդիստ նկարչուհիների հայտնի բնորոշումըՙ «ռուսական ավանգարդի ամազոնուհիներ», կարող ենք վստահաբար ասել, որ վաթսունականները տվեցին հայ կերպարվեստի «ամազոնուհիների» մի հիասքանչ աստղաբույլ, որոնց ամենավառ աստղը Մարիամ Ասլամազյանն էր: Ի վերջո, վաթսունականների «ազգային մոդեռնիզմի» կայացման գործընթացում, որքան էլ գերիշխող էր առնականությունը եւ տղամարդկանց ներկայացվածությունը, առանց կանանց դա անհնար կլիներ: Ընդ որում, ակներեւ է նաեւ, որ հատկապես ազատագրված էին եւ իրենց կեցվածքով շեշտված էթնիկ հատկանիշներ էին դրսեւորում այն հայ նկարչուհիները, ովքեր առավելապես կապված էին ռուսական միջավայրի եւ ռուսական գեղանկարչական դպրոցի հետՙ նույն ինքըՙ Մարիամ Ասլամազյանը եւ հիշյալ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը: Մարիամ Ասլամազյանի մոսկովյան ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 18-ը : |